ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության փոխանցմամբ, Արմեն Սարգսյանը կոչով դիմում է ԱԺ բոլոր ուժերին.
«Սիրելի հայրենակիցներ,
Վաղը Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը:
Պահը բեկումնային է եւ պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Բոլորս՝ առաջին հերթի քաղաքական պատասխանատուները, ինչպես նաեւ մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պետք է այս գիտակցումով գնահատենք իրավիճակը եւ կատարենք մեր քայլերը:
Եթե ուզում ենք այս վիճակից դուրս գալ շահած, իսկ մենք պարտավոր ենք շահած դուրս գալ, խնամքով պետք է հունի մեջ դնենք այն վիթխարի եռանդը, որ մեր հասարակությունը կուտակել է այս օրերին, եւ պահպանենք այն վարկը, որ Հայաստանը համաժողովրդական շարժման շնորհիվ ձեռք է բերել միջազգային հանրության առջեւ:
Ակնկալում ենք, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը որոշումներ ընդունելիս կդրսեւորեն առավելագույն խոհեմություն եւհեռատեսություն եւ կառաջնորդվեն հասարակության բարօրության ու համազգային շահերով:
Համոզված եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել ազգային համաձայնության ոգով:
Մեր ժողովուրդն այս է սպասում իր քաղաքական պատասխանատուներից:
Վստահ եմ, որ հանրօգուտ լուծման շնորհիվ Հայաստանում կստեղծվի հանրային վստահության մթնոլորտ, եւ մեր քաղաքացիները, համայն հայության հետ միասին, կլծվեն Մայր Հայրենիքի վերաշինման գործին:
Ուրեմն ի գործ՝ հանուն Նոր Հայաստանի»: