▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը պատմել է 8-րդ դասարանում գրած շարադրության մասին

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Գյումրիում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Գյումրիի «Սև բերդ» կոչվող ամրոցում Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների ու հյուրերի հետ ներկա են գտնվել «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը։ Նախագահ Սարգսյանը մրցանակ է հանձնել 13 մրցանակակիրներից մեկին։ Շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ Հանրապետության նախագահն ասել է «Ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել վարչապետին նախ և առաջ այս հոյակապ գաղափարի, դրա իրականացման և այն փաստի համար, որ բոլորս այսօր հավաքվել ենք այստեղ՝ Գյումրիում ու պատվում ենք մեր այսօրվա հերոսներին»։ Մրցանակաբաշխության անվանման հետ կապված հիշելով իր դպրոցական տարիները՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է

«Ուզում եմ խոսել իմ 8-րդ դասարանի մասին: Սրանից մի քանի տասնյակ տարի առաջ ռուսաց լեզվի և գրականության դասի ընթացքում, քանի որ Լերմոնտով էինք անցնում, առաջարկվեց գրել «Մեր ժամանակների հերոսը» վերնագրով շարադրություն: Ես գրեցի շարադրությունը, բայց չհանձնեցի, որովհետև շատ անկեղծ էի գրել: Տասնյակ տարիներ հետո՝ հիմա, ուզում եմ պատմել, թե ինչ էի գրել: Ես գրել էի, որ իմ ժամանակների հերոսն իմ հայրն ու իմ մայրն են, և նրանց հազարավոր ընկերները ու տասնյակ հազարավոր ուրիշ հայեր, ովքեր 1946-1948 թվականներին պատերազմից հետո վերադարձան ավերված Հայաստան: Երկիրն աղետալի վիճակում էր: Նրանք վերադարձան Հայաստան՝ առանց վախենալու, իմ հայրիկի, մայրիկի սերունդը, 1946-47 թթ հայրենադարձության սերունդը, որոնք եկան, բնակվեցին այստեղ՝ Գյումրիում և ստեղծեցին մեծ արվեստ, արդյունաբերություն, մշակույթ, գիտություն: Իմ խորին շնորհակալությունը ուզում եմ հայտնել նաև նրանց և նաև կոչ անել մեր բոլոր հայերին՝ վերադարձեք հայրենիք: Ժամանակն է տուն գալու:

Իսկապես շնորհակալ եմ հայրիկիս և նրա ընկերներին, որովհետև փոքր տարիքից՝ 5 տարեկանից ինձ իրենց հետ տանում էին հանրապետության տարբեր շրջաններ՝ մինչև Արցախ, և փոքր տարիքից ծանոթացնում մեր ճարտարապետությանն ու բնությանը: Գյումրի եմ եկել հենց այդ տարիքից՝ 5 տարեկանից: Առաջին անգամ Սև բերդը, Ձիթողցոնց տունը և Չերքեզի ձորն այդ ժամանակ եմ տեսել: Մտածելով այսօրվա մեր ժամանակի հերոսների մասին՝ ինձ համար մեկ ուրիշ հերոս էլ ունեմ: Այդ հերոսը Գյումրին է և գյումրեցին, որ համբերատար 30 տարի սպասել է այս օրվան: Կորցնելով իր քաղաքի, իր բնակչության կեսը, հասկանալով, որ մեր ժողովուրդը պայքարի է դուրս եկել, և իր ժամանակը չէ, արժանապատվությամբ կրել է իր դժվարությունը: Ժամանակը եկել է, և ես կարծում եմ, պարոն վարչապետ, այսօր առաջին օրն է Գյումրու և գյումրեցու ապագայի, նոր, ազատ և ստեղծագործ կյանքի: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ կառավարությանն այն որոշման համար, որ Անկախության օրը պետք է տոնվի Գյումրիում: Ուրախ եմ, որ մեր ժամանակի այսօրվա հերոսները մի տեղից չեն, որովհետև մեր հայրենիքը միայն Երևանը չէ: Գյումրին, Գորիսը, Վանաձորից մինչև Իջևան, Արցախ, ամեն տեղ է: Ես չգիտեմ, թե իմ հերոսը որտեղից կլինի, բայց վստահ եմ, որ նա հայ է, հայաստանցի է, իր երկրի և ժողովրդին նվիրված և ազատ, անկախ, ամուր մի կին է կամ տղամարդ, որ նվիրված է իր հայրենիքին»:

Մրցանակաբաշխության ծրարը բացելուց հետո նախագահ Սարգսյանը մրցանակ է հանձնել հաղթողներից մեկին՝ մարգահովիտցի փայտագործ Սամվել Գասպարյանին։ Խոսելով մրցանակակիրների մասին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ նրանցից յուրաքանչյուրն իսկապես հերոս է իր գործունեությամբ: «Տարբեր մարդիկ են, բայց նրանցից յուրաքանչյուրն իր գործի վարպետ է և շատ խորն անձնավորություն: Ուրախ էի տեսնել, որ մեր այսօրվա հերոսների մեջ կային նաև հայրենադարձներ»,-ասել է նա: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ այս մրցանակաբաշխությունն ավանդույթ կդառնա։ Գյումրիում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մասնակցել են նաև Անկախության տոնի առիթով կազմակերպված ընդունելությանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին