▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասեք, որ ամեն ինչում մեղավոր են Փաշինյանն ու Արևմուտքը». Meduza-ն գաղտնազերծել է Կրեմլի ուղեցույցը լրատամիջոցների համար

Ռուսական Meduza ընդդիմադիր կայքի տրամադրության տակ է հայտնվել ուղեցույց, որը սեպտեմբերի 19-ին ՌԴ նախագահականից ուղարկել են պետական ու Կրեմլի քարոզչությանը ծառայող այլ ԶԼՄ-ների աշխատակիցներին։

Ուղերձում Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և Արևմտյան երկրներին։

Շեշտը պետք է դրվի այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», և որպես այս թեզի հաստատում` Վլադիմիր Պուտինի աշխատակազմը խորհուրդ է տալիս մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում արած հայտարարությունները։

«Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին այս հայտարարությունը դրդել են արևմտյան «գործընկերները», որոնք պետք է հետևանքների պատասխանատվությունը ամբողջությամբ կիսեն նրա հետ։ Հայաստանի ղեկավարության որոշումը, որն ինքնին արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, ազդանշան դարձավ Ադրբեջանի գործելու համար, այժմ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում է` որպես իր սեփականը»,- ասվում է ձեռնարկի տեքստում։

Կրեմլում խորհուրդ են տալիս ռուս խաղաղապահներին բնութագրել` որպես դիտորդների։ Բացի այդ՝ իշխանամետ ԶԼՄ-ներին էլ հորդոր կա՝ պատմել այն մասին, թե ինչպես են խաղաղապահներն օգնում «խաղաղ բնակչության տարհանման հարցում»։

Մասնավորապես, խորհուրդ են տալիս նշել, որ մարդիկ «ապաստան» են գտնում ուղղափառ եկեղեցում, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի բազայում։ Ըստ Meduza-ի՝ այս ամենը ԶԼՄ-ները արդեն իսկ ակտիվորեն կիրառում են։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին