Ավետիսյանների հարազատների խոսքը և այն եթերով պտտելը պակաս վհատեցնող չէր, քան ողբերգությունը շահարկելու մեջ մեղադրվողների պահվածքը: Չնայած անկեղծորեն չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է քաղաքական չլինել ողբերգությունը, երբ այլ պետության զինծառայող այդքան զարհուրելի հանցանք է գործել մեր երկրի ներսում: Այն պետության զինվորը, որի ռազմաբազան հոծ զանգվածները շարունակում են համարել մեր անվտանգության երաշխիք: Քաղաքականությունը , ուզենք-չուզենք, կա.... այն երբեմն գալիս է, երբ դու խաղաղ քնած ես քո տանը: Քաղաքականությունը երբեմն անքաղաքավարի է՝ առանց դռան զանգը տալու է գալիս:
Լավ կլիներ՝ մարդիկ հասկանային, որ քաղաքացիները ոտքի էին ելել մեր հայրենակիցների ցավը կիսելու, նաև նոր ողբերգություններ թույլ չտալու, մեր ոտնահարված արժանապատվությունը պաշտպանելու համար:
Ավետիսյանները, որ քնից այլևս չարթնացան լույսի մեջ, արժանի են, որ վթարից կամ մի այլ պատահարից զոհվածների հետ չշփոթեին իրենց և , այո, ոչ թե քաղաքականացնեին պատահածը, այլ հենց քաղաքական համարեին: Անկախ այն բանից, թե սպանդի ինչ դրդապատճառ կհրապարակվի, անգամ անկախ այն բանից, թե ինչ շղթա կբացահայտվի, միևնույն է...
Նրանց կիսատ մնացած երազները բոլորիս են այցելելու: