Հայտնի բան է, որ երբ Սերժ Սարգսյանը ժամանում է որեւէ տեղ, հարակից փողոցներում երթեւեկությունը կաթվածահար է լինում, իսկ մուտքը տվյալ վայր դառնում է անհնար:
Ինչպես հայտնի է, այսօր Սերժ Սարգսյանը Երեւանի պետական համալսարանում էր՝ մասնակցում էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին:
Երեւանի պետական համալսարանի դոցենտ Սամվել Կարաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում նկարագրել է, թե ինչպես է բուհում ընթացող նիստի ժամանակ փորձել աշխատավայր հասնել (ԵՊՀ մեկ այլ մասնաշենքում) եւ ինչպես են իրենց պահել անվտանգության աշխատակիցները:
Դասախոսի գրառումը ստորեւ.
«Այսօր սովորականի պես գնացի համալսարան (դե ես աշխատում եմ այնտեղ՝ արդեն 33 տարի)։ Տարածք մտնելու պահին առջեւումս հայտնվեց անվտանգության (ոչ իմ անվտանգության, պարզ է) աշխատակիցը եւարգելեց մուտքս։ Գլխի ընկա՝ անսովոր ամայությունը եւ հեռվից երեւացող սեւ ու հսկա մեքենաները, ինչպես նաեւ հատուկ ջոկատայինների ավտոբուսը հուշեց, որ համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստն է ընթանում (զվարճալի զուգորդություն է, չէ՞)։ Այնուամենայնիվ փորձեցի՝ ներկայանալով եւ ասելով այն, ինչից այս գրառումս սկսեցի։ Անվտանգության (ոչ իմ) աշխատակիցն ինձ առաջարկեց՝ «Ա՛խպեր դե Ալեք Մանուկյանով գնա»։ Հանգիստ խնդրեցի ինձ նման կերպ չդիմել։ Ասաց՝ ես «ա՛խպեր» չեմ ասել։ Շրջվեցի դեպի իր կողքին կանգնած ոստիկանության ենթասպան՝ նա անվտանգության (ոչ իմ) աշխատակիցների նախանձելի համերաշխությամբ հաստատեց, որ նման բան չի ասվել (այո, այո, դուք է՞լ հիշեցիք ոստիկանների ցուցմունքով դատապարտվածներին)։ Զսպելով նողկանքս հեռացա։
...Իսկ մենք այս օրերին լուրջ-լուրջ քննարկում ենք բարձրագույն կրթության նոր օրինագծում բուհական ինքնավարության եւ ակադեմիական ազատությունների ընդլայնման մասին կետերը։ Չի բացառվում, որ շրջափակման օղակում ընթացող նիստում հենց այդ պահին էլ խոսվում էր դրա մասին...
Դե ինչ ասեմ՝
Vivat academia!
Vivant professores!»