hraparak.am-ն, անդրադառնալով «Անահիտ» լիամետրաժ հայկական մուլտֆիլմին, նշում է, որ լրագրողը այն դիտելուց հետո պարզել է, որ անտանելին այն էր, ինչը մուլտֆիլմի հեղինակները փորձել էին ներկայացնել որպես արդիականի, ժամանակակիցի ու ավանդականի միաձուլում: Միայն մի քանի արտահայտություններ նշենք հայկական ավանդական հեքիաթի հիման վրա նկարահանված եւ մանուկներին դաստիարակելու նպատակ ունեցող այդ մուլտֆիլմից. «Վերացրու՛ նրան к чертевой матери», «արագացրա՛» (ոչ թե արագացրո՛ւ), «աչքիս վայթեմ…», «անամոթ լակոտ», «գնաց կաշը», «լսի՛, ա՛յ балван несщастный», «էդ թղթաբանություն ա, բան ա, պրակատից աման ա, չաման ա, էդ սաղ ես եմ արել», ու էսպես շարունակ: Ոչ մի գրական խոսք ու արտահայտություն: Եվ այս ամենը՝ մանուկների համար նախատեսված մուլտֆիլմում, որտեղ ձին ու շունը խոսում են, բայց միայն իրենց մեջ են հայերեն խոսում, մարդկանց հետ իրենց՝ կենդանական «լեզվով» են հաղորդակցվում: Մուլտֆիլմ, որտեղ ձին հանդես է գալիս որպես լատիներեն հայտնի արտահայտությունների քաջ գիտակ: Օրինակ՝ նույն այդ ձին իր վանդակում հարկադրաբար փակվելուց հետո կարող է միանգամայն «տրամաբանված» իր տիրուհու՝ Անահիտի վրա զայրանալ հետեւյալ խոսքերով՝ homo, homini, lupus est, այսինքն՝ մարդը մարդու դեմ գայլ է: Մի կողմ թողնենք ձիու փիլիսոփայական լատիներենի հանդեպ անսպառ սերը, բայց ի՞նչ կապ ունի մարդը մարդու դեմ գայլ լինելը գեղեցկուհու՝ ձիուն վանդակում փակելու հետ: Մեկ այլ դրվագում էլ ձին բացականչում է. Post Skriptum. զը՛զ-վո՛ւմ ե՜մ: Ու այսպես բազմաթիվ անտեղի կիրառվող լատիներեն արտահայտություններ, որոնք միայն դրա մասնագետները կարող էին հասկանալ, եթե պարզ լսեին արտաբերված բառերը: Մեկ ուրիշ դրվագում էլ ներկայացվում են շան ու ձիու «կայֆերը»՝ արեւի տակ պառկած, ձողիկով ձմերուկ խմելիս, «չափալախ» ակնոցով եւ այլ «ջահելական» ատրիբուտներով:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում