Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույցի Ս. Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին:
Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել:
Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:
Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
Հունվարի 5-ի երեկոյից մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց», «Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» ավետիսով:
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո մարդիկ դուրս են գալիս պահեցողությունից:
Ս. Պատարագի ավարտին կկատարվի Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը:
Ս. Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց:
Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:
Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին