Մենք ամեն օր ստանում ենք բազմազան ինֆորմացիա, որն ունենում է մեծ ազդեցություն մեր առողջության վրա: Մարդու հոգեկան աշխարհի վրա ինֆորմացիայի ազդեցության մասին Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Հոգեբանականական գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանի հետ:
«Դրական ու բացասական ինֆորմացիան այնպես, ինչպես դրական ու բացասական իրադարձությունները ազդեցություն ունենում են: Դրականը դրական տրամադրություն է ստեղծում, բացասականն էլ՝ բացասական.այն մինի սթրես է: Դրական ինֆորմացիան բուժման, հատուկ թերապիայի համակարգ է: Դրական ինֆորմացիան նույնիսկ կենսաբանական մակարդակում է փոփոխություններ կատարում: Բացասական ինֆորմացիան ծնում է բացասական մտքեր: Այն մարդիկ, ովքեր պաշտպանական մեխանիզմներ ունեն և կարող են կարդալ ու անցնել, նրանք ավելի քիչ կազդվեն: Շատերը, զգալով, որ ստացած ինֆորմացիան վատ ազդեցություն է թողում, փորձում են պաշտպանվել: Հատկապես տպավորվող մարդկանց համար այն կարող է լուրջ սթրես լինել, առողջական բացասական հետևանքներ ունենալ: Բացասական ինֆորմացիան նաև հեռահար ազդեցություն է ունենում, հուսահատություն, տրամադրության անկում է առաջացնում, որը կարող է մի քանի հանգամանքների հետ միավորվել և նույնիսկ որոշ դեպքերում լուրջ հոգեբանական խնդիրներ ստեղծել: Օրինակ՝ ընտանիքում, աշխատավայրում կարող են կոնֆլիկտներ առաջանալ, խմիչքը կարող են շատ օգտագործել՝ առանց գիտակցելու, որ դա բացասական ինֆորմացիայի կուտակումից է լինում»,-ասաց հոգեբանը՝ խորհուրդ տալով խուսափել բացասական ինֆորմացիայից.
«Եթե գիտես, որ քեզ վրա վատ է ազդում, պետք է խուսափես, ուրիշ թեմաներ կարդաս, այլ աշխատանք կատարես: Քիչ չեն դեպքերը, երբ մարդը բացասական ինֆորմացիայից ինֆարկտ է ստացել: Մարդիկ կան, ովքեր հակված են բասացական ինֆորմացիային, ուշադրություն են դարձնում դրան.դրանք սովորաբար այն մարդիկ են, ովքեր իրենց ներաշխարհում ներդաշնակ չեն, ովքեր հոգեբանական լուրջ խնդիրներ, դեպրեսիվ հակումներ ունեն»:
Հոգեբանից հետաքրքվեցինք նաև, թե ինչո՞ւ է մարդկանց մեծ մասը լուրջ, մտածելու տեղիք տվող, ինչ-որ բան սովորեցնող նյութի փոխարեն գերադասում սկանդալը, մերկ մարմինները...
«Մարդկանց հետաքրքրում են ուրիշի կյանքի բացասական երևույթները՝ հատկապես հայտնիների: Սա նրանց լիցքաթափում է: Կապված է նաև հայտնիների նկատմամբ ունեցած նախանձի հետ: Հատկապես չինքնահատատված մարդկանց համար այն նույնիսկ դրական ինֆորմացիա կարող է համարվել:
Իսկ մերկ մարմինները կամ նման կարգի ինֆորմացիաները մի կողմից գրգռում են, մյուս կողմից յուրահատուկ լիցքաթափում կարող են առաջացնել: Ամբողջ աշխարհում էլ այս երկուսը ուշադրություն են գրավում: Մի անգամ հոգեբանական ամսագիր էինք տպագրել, գրախանությում նայեցին ու ասացին՝ մերկ աղջիկ չկա, չեն գնի»:
Անի Կարապետյան