▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատաշենի մաքսակետում ԱԱԾ սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն

armtimes.com-ը գրում է. Նոյեմբերի 19-ի երեկոյան Բագրատաշենի սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու:

Մեր տեղեկություններով՝ այդ օրը Բագրատաշենի սահմանային անցակետում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ստուգման նպատակով կանգնեցվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, սահմանապահների պահանջով ուղեւորը բացել է մեքենայի բեռնախցիկը: Մեքենայի վարորդը՝  34-ամյա Ա. Կիրակոսյանը տեսնելով, որ ընկերոջ հետ սահմանապահները կոպիտ են խոսում, իջել է մեքենայից եւ փակել մեքենայի բեռնախցիկը:

Նույն այդ տեղեկություններով, վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել վարորդի ու սահմանապահների միջեւ, վարորդն էլ զանգահարել է աներորդուն՝ Կ. Շիվանյանին եւ կանչել մաքսակետ՝ օգնության: Երբ վարորդի աներձագը ժամանել է «դեպքի վայր» եւ հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում, սահմանապահները՝ 15 հոգի, դրսում նրան դաժան ծեծի են ենթարկել, ապա գրկելով տարել մաքսակետից ներս եւ շարունակել դաժան ծեծի ենթարկել՝ աշխատասենյակից աշխատասենյակ տեղափոխելով:

Ծեծից հետո տղամարդն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով վնասել է սահմանապահներից մեկի կոկորդը, վերջինս, սակայն թեթեւ քերծվածք է ստացել: Նրան համապատասխան բուժօգնություն  է ցուցաբերվել: Սահմանապահների կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով տղամարդը  մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Ի դեպ, ծեծկռտուքին բազմաթիվ անձինք են ականատես եղել:

Այժմ կա հարուցված քրեական գործ՝ սակայն ոչ թե ԱԱԾ-ականների գործողությունների փաստով, այլ նրանցից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու: Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ տվյալ անձին (Կ. Շիվանյանին) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով): Նա կալանավորվել է:

Ինչ վերաբերում է ԱԱԾ սահմանապահների կողմից մեղադրյալին դաժան ծեծի ենթարկելու հանգամանքին, ապա Տռուզյանը միայն ասաց, որ մեղադրյալի նկատմամբ եւս նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է բազմակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշենք նաեւ, որ ավտոմեքենայի մեջ մաքսանենգ ապրանք չի հայտնաբերվել։ Մեքենայի վարորդն ու ուղեւորը հենց ծեծկռտուքի պահին փախուստի են դիմել: Թե ինչն է եղել սահմանապահների եւ նրանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի պատճառը դեռ պարզ չէ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին