Մեր ժողովրդի արժեհամակարգի հիմքում՝ վտանգավոր մի բարդույթ կա, պայմանականորեն ձեւակերպենք՝ Ավարայրի սինդրոմ:
Դա բարոյական հաղթանակի բարդույթն է:
Գիտեմ՝ շատերն ինձ մեղադրելու են այս ստատուսի համար, որովհետեւ Վարդան Մամիկոնյանը համազգային ֆետիշացման սուբյեկտ է, եկեղեցու կողմից սրբացված կերպար:
Երբ պատմաբանի հայացքով նայում եմ հինգերորդ դարի իրադարձություններին, Վարդան Մամիկոնյանի գործունեությունը քաղաքական արկածախնդրության տիպիկ դրսեւորում է, Ավարայրը, որ համարում ենք բարոյական հաղթանակ՝ այդ արկածախնդրության դրսեւորումը:
Ահա Ավարայրը դարձել է մեր մտածողության, պատմության առանցքը, քաղաքական, նույնիսկ՝ կենցաղային հարաբերությունների նշաձողը:
Բարոյական հաղթանակի պսեւդո էֆեկտը պատճառ դարձավ, որ Րաֆֆու բերանով հերոսացվի հայրասպան ու մայրասպան Սամվելը:
Էդ նույն մտայնությունը Առաջին հանրապետության հայրերին թույլ տվեց՝ փլատակների վերածված երկրի թշվառության ֆոնին՝ խմել Սեւրի դաշնագրի, իրական քաղաքականության հետ չաղերսվող իրականության կենացը:
Մեր ֆուտբոլի հավաքականը կարող է պարտվել, բայց մենք համարենք, որ տղաները բարոյական հաղթանակ են տարել:
Բարոյական հաղթանակները բնորոշ են անհայրենիք, քաղաքական պատմություն, լուրջ ամբիցիաներ չունեցող ժողովուրդներին:
Բարոյական հաղթանակ կոչվածը վտանգավոր մի բան է, որովհետեւ ոչնչացնում է իրական հաղթանակը գնահատելու, պահպանելու մտածողությունը:
Քսաներորդ դարավերջին մենք ունեցանք իրական հաղթանակ՝ պետության ստեղծում, Ղարաբաղի ազատագրում, բայց այդ ամենը պատրաստ ենք փաթեթավորել Գյուլիստան կոչվող աղբանոցում, որովհետեւ հայ-ռուսական հարաբերությունների ՙբարոյական՚ էֆեկտը կարեւորում ենք բացառիկ այն արժեքից, որ կոչվում է իրական հաղթանակ:
Հայկը հաղթեց Բելին, բայց բարոյական հաղթանակ կոչվող վիրուսը խժռեց այդ հաղթնակը, ու Հայկը պարտվեց...
...Ու ահա եւ վերջ:
Բարոյական հաղթանակների անբարոյական էֆեկտը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet