Մասիսի բժշկական կենտրոնում անաֆիլակտիկ շոկից մահացած 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի եղբայր Վիրաբ Մկրտչյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ցոլակ Մկրտչյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դիմել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` վերացնելու Ց. Մրտչյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը կարճելու քննիչի որոշումը.
«Ի սկզբանե եղբորս մահվան գործով չէին ցանկանում քրեական գործ հարուցել, դա հաջողվեց միայն բողոքների շնորհիվ:
Մենք հույսեր չունենք, որ Հայաստանում այս հարցը լուծում կստանա, շուտով պատրաստվում ենք դիմել Եվրադատարան` այստեղ մեր բոլոր բողոքները մերժվում են:
Ուղղակի չենք հավատում, որ բժիշկները պայաքարել են Ցոլակի կյանքի համար, որովհետև հենց մահվան օրը Ցոլակի գրպանից անհետացել է մոտ 70-80 000 դրամ, էլ ինչպե՞ս վստահենք նրանց:
Բացի դրանից բժիշկները պնդում են, որ հարցրել են Ցոլակին ալերգիա ունի, թե ոչ, սակայն նման բան չի եղել: Այդ մասին փաստում է մայրս, ով Ցոլակի հետ է եղել, երբ նա առաջին անգամ գնացել է հիվանդանոց: Թե մորս, թե Ցոլակին զարմացրել էր, որ բժիշկները ներարկում են արել են առանց Ցոլակին հարցնելու»:
Լուսանկարը` Shamshyan.com-ի