ՀՀ քաղաքացիներից մեկը վերջերս գրառում էր կատարել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարևանությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից 2005 թվականին տեղադրված հուշատախտակի վերաբերյալ՝ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ Մայր աթոռը, ի դեմս կաթողիկոսի, ի զորու չեղավ Ցեղասպանության 100–ամյակին ընդառաջ մի մատուռ կառուցել:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որոշումն ինչպես և վկայում է հուշատախտակը, վաղուց ի վեր կայացվել է, սակայն թե երբ դա կիրագործվի՝ հստակ ոչինչ չի կարող ասել:
Ինչ վերաբերում է պատճառներին՝ պատասխանեց. «Այդ առնչությամբ չեմ կարող այս պահին որևէ պատասխան տալ»:
Փորձեցինք պարզել նաև, թե որքանո՞վ է նպատակահարմար հուշահամալիրի հարևանությամբ մատուռ կառուցելը.«Առայժմ նման հարց չի քննարկվում»,-ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ հավելելով, որ հուշահամալիրում ամեն ինչ ավարտուն է, ամեն ինչ լավ է լուծված.
«Ամեն մեկը աղոթատեղի է»,-եզրափակեց մեր զրուցակիցը: