Սահմանամերձ Չինարիում Ամանորը խաղաղ են դիմավորել.
«Կրակոցներ չէն եղել, Չինարիում տեղակայված՝ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները բարձր մարտական պատրաստությամբ իրականացրել են իրենց առաքելությունը: Հրամանատարն անձամբ ամբողջ գիշեր եղել է հենակետերում»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը՝ հավելելով.
«Հավանաբար տեղյակ եք, այս տարեվերջին մենք մեծ կորուստ ունեցանք, զինվոր կորցրեցինք: Սակայն ես խոնարհվում եմ Վանիչկա Հովակիմյանի ծնողների առաջ, ովքեր շատ ուժեղ գտնվեցին: Իհարկե ամբողջ գյուղը սատար կանգնեց նրանց:
Մենք ավանդույթի համաձայն Ամանորը նշեցինք ամբողջ համայնքով միասին՝ գյուղի տոնածառի մոտ: Մեր սրբազան պարտքն է Ամանորը յուրաքանյուրս մեր օջախում դիմավորելուց հետո գնալ մեր զոհվածների հուշարձանի մոտ, մոմ վառել, խոնարհվել, ապա շարունակել մեր ուրախությունը: Չինարին երբեք իրավունք չունի կոտրվելու, գլուխը խոնարհելու: Մենք պիտի ամուր լինենք, որ պետության հիմքերն էլ ամուր լինեն»: