«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով վաղը կայանալիք «Ընդդեմ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հավաք-երթին` գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ 2014 թվականի մեր առաջին միասնական հանրահավաքը, որի հասարակական մեծ ճնշումն ի վերջո հանգեցնելու է հաղթական ավարտի։ Այսօր իշխանության լծակներից օգտվողներն արդեն բացահայտ ու պարտադրանքով են մտնում յուրաքանչյուր աշխատող երիտասարդի ու նրա ընտանիքի գրպանը, և դրա նպատակներից մեկն էլ հուսալքության առաջացման միջոցով մեր հայրենիքից կարող ուժերի մի նոր արտագաղթի ալիք ստեղծելն է։ Սակայն դա թույլ չենք տալու և չենք հանդուրժելու։
«Ժառանգության» և հանրահավաքին մասնակցող խորհրդարանական մյուս կուսակցությունների միացումը ձեր արդար և օրինական պահանջին վկայում է, որ միայն համահասարակական ըմբոստության տևական դրսևորման շնորհիվ կարող ենք ապահովել վճռական բեկում 2014 թվականին։ Հետևապես՝ դիմադրում ենք, պարտադրում ենք և ստեղծում օրինականը։ 2014-ը՝ ազատ, հայակենտրոն Հայաստանի համար»: