▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգար Կոստանդյան. «Որբանոց»

Asekose.am-ն անակնկալ է մատուցում իր բոլոր ընթերցողներին, հատկապես այն մարդկանց, ովքեր չեն հասցրել կարդալ տարվա ամենասկանդալային գիրքը`Էդգար Կոստանդյանի «Որբանոց»-ը: Ի դեպ, գիրքն այլեւս գրախանութներում չի վաճառվելու: Գրքի էլեկտրոնային տարբերակի հրապարակման բացառիկ իրավունքը պատկանում է Asekose.am կայքին:

 

 

 

  1. 1.                  Մերոնք

                                                    Հեռանում եմ, որ մնացյալն

                                                    ապրեմ խախուտ իմ ներսում.

                                                    Էլ չեմ լինի էս կարծեցյալ

                                                    կյանքում` ձեր էս կրկեսում

                                                                                    Արմեն Շեկոյան

 

Օդանավակայանում ամենասովորական խառնաշփոթ է: Ես արդեն մի ժամից ավելի նստած եմ էս գրողի տարած սրճարանում, որտեղ ծխել, չգիտես ինչու, չի կարելի: Ոտքի վրա հազիվ եմ կանգնում. ողջ գիշեր չեմ քնել, իսկ էդ անտեր Պրահան չի իջնում ու չի իջնում...

 

-       Դառը սուրճ,- ասում եմ մատուցողուհուն, հետո էլի հիշում եմ, որ էստեղ չի կարելի ծխել,- չէ... ջուր, սառը, առանց գազ...

 

Ուսանողական ընկերս` Ֆրեդը, գալիս է Պրահայից: Չգիտեմ` ինչի համար էր գնացել, բայց մի ամիս մնաց: Մենք երբեք չենք իմանում` Ֆրեդն ինչով է զբաղվում, դա ոչ ոք չի իմանում` նույնիսկ Ֆրեդը...

 

Քանի Ֆրեդի ինքնաթիռը վայրէջք չի կատարել, մի փոքր պատմեմ մերոնց մասին: Կուրսում տասնյոթ ուսանող կար: Ավարտելուց հետո յուրաքանչյուրն ընտրեց իր գնալիք ճանապարհը, ընկերներ մնացինք յոթս` Սոնան, Ֆրեդը, Եվան, Սամոն, Անդոն, Գուգոն ու ես:

Սոնան քաղաքի ամենահաջողված ու ստացված սցենարիստներից էր… Նա կարեւորագույն տեղ ուներ իմ կյանքում: Կյանքիս ամենանեղ ու դժվար պահերին առաջինն է թիկունքիս եղել: Ես երբեք նրան չեմ պատմել իմ խնդիրների մասին, նրան բավական էր նայել աչքերիս, երկու նախադասություն փոխանակել հետս ու վերջ` <<դիագնոզս>> ստույգ տալիս էր…

Ֆրեդը, որին Սոնան առաջին կուրսից <<դառմայեդ>> էր ասում, երբեք ոչ մի բանով չի զբաղվել, բայց միշտ կարողացել է գլուխը պահել: Ինչպես արդեն ասացի, մենք երբեք չենք իմացել` Ֆրեդն ինչ է անում, բացառությամբ այն մի դեպքի, երբ երկրորդ կուրսն ավարտելուց հետո` ամառային արձակուրդներին, գնաց Թուրքիա, հագուստ բերեց, փոքրիկ խանութ վարձեց, ներկրած հագուստը լցրեց խանութում, դարձավ անհատ ձեռներեց ու բնականաբար, <<տակ տվեց>>… Թրուայա էր կարդում ու Մորիս Ուեստ, բայց ասում էր, որ մեկը մեկից էշ են…

Եվան երկրորդ կուրսից մեզ միացավ. ուրիշ բաժնից տեղափոխեցին: Սոնան, մարդկանց մականուն տալու իր վաղեմի սովորության համաձայն, Եվային <<տոռմուզ>> էր անվանել, քանի որ Եվան մեր գինարբուքների ժամանակ առաջինն էր դադարեցնում խմելը, ու դա դեռ բավական չէ, մեզ էլ վայրկյանը մեկ չխմելու կոչ էր անում: Եվան քաղաքի կենտրոնի բակերից մեկի բարձրահարկի նկուղային հարկում ակումբանման մի բան ուներ, որի անունը <<E pub>> էր դրել, հավանաբար իր անվան առաջին տառով: Մենք հաճախ էինք այնտեղ լինում, երաժշտությունը որակյալ էր ու ճաշակով, պատերին փակցված էին Եվայի սիրած երաժիշտների, դերասանների, ռեժիսորների ու գրողների նկարները: Պատերին գրադարակներ կային, որտեղ այն գրքերն էին, որ ինքն էր սիրում կարդալ (Մարկես, Հենրի Միլլեր, Հրանտ Մաթեւոսյան…): Ֆրեդը միշտ ասում էր, որ Եվան իր ճաշակը փաթաթում է հաճխորդների վզին, իսկ Եվան պատասխանում էր, որ փաբը միայն իր երաժշտությունն ու իր գրականությունը հասկացողների համար է…

Սամոյի մասին առանձնապես պատմելու բան չունեմ: Ինստիտուտը կիսատ թողեց երրորդ կուրսից` անվճարունակ լինելու պատճառով: Մի քանի տարի տարբեր գործեր անելուց հետո բացեց փոքրիկ շինանյութի խանութ: Ի դեպ, ես Սամոյի երեխաների կնքահայրն եմ…

Անդոն ուրիշ պատմություն է: Ինստիտուտ էր ընդունվել մի բանով զբաղված լինելու համար: Հայրը նրան ապահովել էր ամեն ինչով: Իսնտիտուտի տարիներին սրճարան ուներ Օղակաձեւ այգում, ինստիտուտից հետո բավականին լուրջ ներդրումներ արեց մի քանի խոշոր գործարաններում ու դարձավ բաժնետեր, հետո` նաեւ դրանցից մի քանիսի սեփականատեր (ինչպես սովորաբար լինում է): Այնուհետեւ, ինչպես ցանկացած իրեն հարգող խոշոր բիզնեսմեն, որոշեց պատգամավոր դառնալ ու թեկնածությունն առաջադրեց, բնականաբար, իշխող կուսակցության ցուցակով (ինչպես ցանկացած իրեն հարգող չափից դուրս խոշոր բիզնեսմեն):

Գուգոն մեր թույլ կողմն էր… Հենց խոսում էինք նրա մասին, բոլորիս աչքերը լցվում էին, կյանքի հանդեպ չարություն էինք ապրում… Ինստիտուտն ավարտելուց հետո մեկնեց բանակ` պարտադիր ծառայության ու կես տարի հետո վերադարձավ` հաշմանդամ դարձած… Նրան սահմանին չէին կրակել` հայրենիքը պաշտպանելու ժամանակ, սեփական հրամանատարն էր ծեծելով անդամահատել Գուգոյին: Անդոն նրան տեղափոխեց Գերմանիա` բուժվելու, բայց ոչինչ դուրս չեկավ… Գուգոն ամբողջ կյանքում պիտի գամված մնար էդ գրողի տարած սայլակին… Կազինո դարձած էս երկրում Գուգոն մեր առաջին լուրջ պարտությունն էր...

 

 

... Պրահայի ինքնաթիռը վերջապես վայրէջք կատարեց: Ֆրեդը երկրորդը դուրս եկավ: Ճամպրուկները դրեցինք մեքենայի բեռնախցիկում ու շարժվեցինք:

Իմ տանջված ու ինձ դեռ դիմացող մոխրագույն <<KIA>>-ն սլանում էր դեպի Երեւան, բավականին արագ էինք գալիս, որովհետեւ դեռ էլի գործեր ունեի:

 

-       Ի՞նչ նորություն կա,- հարցրեց:

-       Դու չգիտե՞ս, որ էստեղ վաղուց նորություններ չեն լինում,- ասացի,- դու պիտի ասես, դու ես քաղաքից գալիս:

-       Սովորական, մի հատ գործ էր կպել, էդ հարցերով էի:

-       Չեմ հարցնում` ինչ գործ էր, մեկ ա` չես ասելու:

-       Ժողովրդից ի՞նչ կա, ո՞նց են:

-       Նույնը… չես խոսե՞լ հետները:

-       Չէ, ժամանակ չկար, Սամոյին էի զանգել մի քանի օր առաջ, ասեց` Մանեն մոտ օրերս կծննդաբերի:

-       Հա, էն օրը Սամոյենց տանն էինք հավաքվել:

-       Քշի տուն, էս էղած-չեղածն իջացնենք, գնանք մի տեղ նստենք, մի բաժակ բան խմենք:

-       Շուտ չի՞, լույսը նոր ա բացվել:

-       Շուտ չի, քշի…

 

Ֆրեդին իջեցրի տուն, բայց խմելու չգնացի: Մյուս գործերս էլ հետաձգեցի ու գնացի` քնելու: Երեկոյան արթնացա, սրճեցի ու որոշեցի այդ երեկոն տանն անցկացնել: Ինն անց կես կլիներ, Անդոն զանգեց.

 

-       Խառն ե՞ս,- հարցրեց:

-       Չէ, տանը նստած եմ:

-       Մենակ ե՞ս:

-       Հա:

-       Էլի տվել ե՞ք իրար:

-       Անցած լինի:

-       Լավ, գալիս եմ, մի կես ժամից մոտդ կլինեմ: Ի՞նչ բերեմ:

-       Բան պետք չի, արի:

-       Սիգարետ ունե՞ս:

-       Չէ, բեր…

 

Անդոյին վերջին ամիսներին հազվադեպ էինք հանդիպում, պատճառը հասկանալի էր, ընտրություններով էր ընկած, պատգամավոր էր ուզում դառնալ... Սոնան այնքան վիրավորված էր, որ նույնիսկ ծնունդը չէր շնորհավորել: Մեր ընկերության հարցում ամենախստապահանջը Սոնան էր, չէր հանդուրժում, երբ մեզնից որեւէ մեկն իրեն հեռու էր պահում կամ կորում էր իր <<տեսադաշտից>>:

Անդոն եկավ ոչ թե կես ժամ հետո, ինչպես ինքն էր ասում, այլ մեկուկես:

 

-       Կներես, ապեր, գործեր պատահեցին, շտաբից էին կանչել:

-       Էս ժամի՞ն:

-       Հա, սա դեռ ի՞նչ ա, էն օրը մինչեւ գիշերվա երեքը շտաբում էինք,- ասաց` ռոմի շիշը սեղանին դնելով:

-       Սիգարետ բերել ե՞ս:

-       Հա, տոպրակի մեջ ա:

-       Ասում ես մինչեւ գիշերվա երեքն ի՞նչ եք անում էդ շտաբում:

-       Խելքիդ բանը չի, գնա բաժակներ բեր:

-       Նստի, կբերեմ:

-       Կոլա ունե՞ս, մոռացա առնեմ:

-       Պիտի որ լինի:

 

Անդոն ժամանակին հաճախ էր գալիս ինձ մոտ, ասում էր` ինձ հետ <<լավ է խմվում>>, բայց ինչ սկսել էին էս նախընտրական քաշքշուկները, Անդոյի հետ միայն հեռախոսով էի խոսել:

 

-       Անդո,- ասացի,- նախարարներից հետո էլ հետս լավ չի խմվում, չէ՞:

-       Չհասկացա ասածդ:

-       Լավ էլ հասկացար... ու՞ր ես կորել:

-       Էշ նամյոկ էր... Էդ ես ե՞րբ մինիստրների հետ չեմ խմել: Կորելը ո՞րն ա, ինձնից լավ ես հասկանում` ինչ խառն եմ:

-       Հա, բայց հնարավոր ա, չէ՞, շաբաթվա մեջ մի անգամ զանգել: Սոնան շատ նեղացած ա:

-       Սոնան... Հիմա ասել էի... Սոնան ծնունդս էլ չշնորհավորեց:

-       Բայց ինչի՞ց հետո:

-       Լավ, Սոնայի դուշմանը չեմ, որ դրել պաշտպանում ես, արի խմենք,- ասաց ու լցրեց բաժակները:

 

Անդոն փոխվել էր, գուցե անգիտակցաբար, գուցե հարկադրաբար, գուցե պահի թելադրանքով, բայց հաստատ փոխվել էր: Չեմ ասում, թե դեպի վատը... ուղղակի ես նրան չէի ճանաչում:

 

-       Ի՞նչ կա,- հարցրեց,- քո գործերից պատմի, գրում ե՞ս, բլոգդ գործում ա՞:

-       Հա,- ասացի,- սթից-մթից:

-       Մի բան կպնում ա՞, փող մնում ա՞ տակը:

-       Հա, դժգոհ չեմ, էս պահին լավ ա, բայց դե գիտես, սա պահի երկիր ա, ստաբիլ բան չկա, երեկ վատ էր, հիմա լավ ա, վաղը կարա սարսափելի լինի ու էդպես շարունակ:

-       Որ էդ <<շեդեվր>> հոդվածներդ գրելուց մեզ ավելի քիչ կպնես, հաստատ վաղը լավ կլինի:

-       Ձե՞զ,- ծիծաղեցի ու մի ծխախոտ վառեցի,- ես չգիտեի, որ դու ու իրանք արդեն <<մենք>> եք դառել:

-       Լսի,- տաքացավ,- ի՞նչ ես անընդհատ բզում, վատ բան ե՞մ անում, ուզում եմ` մտնեմ պառլամենտ, մի լավ բան անեմ, մի բան դեպի լավը տանեմ, բոլորը քո նման են մտածում, դրա համար էս օրին ենք:

-       Ամենազարմանալին գիտե՞ս` որն ա… որ էդ էշություններդ չափազանց լուրջ դեմքով ես արտասանում: Շտաբում ե՞ք անգիր արել:

-       Ձեռ առ…

-       Ձեռ եմ առնում,- ասացի ու խմեցի բաժակիս ռոմը:

-       Որ դու ես սենց բաներ ասում, պատկերացնում եմ` Սոնան ինչեր կասի:

-       Անդո, քեզ միեւնույն չի՞` Սոնան ինչ կմտածի, ինչ կասի, մեկ ա, արդեն վաղուց թքած ունես բոլորիս վրա:

-       Թքած չունեմ, խառն եմ, էս անտեր ընտրությունները տուն-տունիկ չեն, կարա՞ս հասկանաս, մեշոկով փող եմ թափել:

-       Բա որ մեշոկով փող ես թափել, էլ մտածելու ի՞նչ կա, ֆռֆռա քո համար, մեկ ա կրած ես:

-       Մենակ փողը քիչ ա, աշխատել ա պետք:

-       Անդո, մի հատ էլ հարց տամ ու թեման փակենք: Քո ասածներն իրար կապելուց ստացվում ա, որ դու մեշոկով փող ես տվել, որ կարողանաս ժողովրդի վիճակը դեպի լավը տանես, ճիշտ հասկացա՞:

-       Չէ, անիմաստ ա քո հետ,- ասաց ու վեր կացավ տեղից,- բաժակները լից, շռեմ-գամ:

 

Շռեմ-գամ… Շռի, շռի, ախպերս… Էդպես շռելով էլ երկիրը կառուցեցիք... Տերերդ էլ շռելով մեր պատմությունը գրեցին... Մեր սերնդի բոլոր տերերը... Երեխաների ապագայից արդեն միզահոտ է գալիս... Հայրենիքը, մեծ հաշվով, հասարակական ձրի զուգարան դարձավ, ով ուզեց, երբ ուզեց շռեց ու տեղը փոխանցեց հերթում կանգնած հաջորդին... Հիմա շռելու քո հերթն է... Վաղը քո հաջորդները կգան... Ու հաջորդ եկողն առաջինը քեզ վրա կմիզի, հետո մյուսների... որովհետեւ մի տեղ ես գնում, որտեղից դուրս գալու ելք չկա... որովհետեւ <<մեշոկով փող ես թափում>>, որ <<ընտրյալ>> դառնաս... Ամեն մեկին վճարում եք իր վրա շռելու հինգ հազար դրամն ու առաջ եք գնում...

 

-       Լցրել ե՞ս,- ասաց` վերադառնալով:

-       Հա, վերցրու, վերցրու խմենք մեր կենացը:

-       Մեր ու մեր ընկերների,- ավելացրեց Անդոն,- Գուգոյի, Սամի, Եվայի, Ֆրեդի ու էն աննորմալի… Հիմա հետս չունի, բայց դու հո գիտես` ինչքան եմ սիրում Սոնային:

-       Ինքն էլ քեզ ա շատ սիրում, եթե միեւնույն լինեիր մեզ համար, էդքան չէինք նեղվի բացակայությունիցդ:

-       Ամեն ինչ տեղը կընկնի, դարդ չանես,- ասաց ու բաժակի ողջ պարունակությունը գլխին քաշեց:

 

Անդոն ինձ մոտ մնաց մինչեւ գիշերվա երեքը: Ամբողջ շիշը խմեցինք, իմ ունեցած կես շիշն էլ վրայից:

 

 

... Հաջորդ օրն արթնացա ցերեկվա երեքի կողմերը: Մինչեւ երեկո մնացի տանը, հետո որոշեցի իջնել Եվայի փաբ:

 

 

Եվայի մոտ, ինչպես միշտ, մտերմիկ ու հարազատական մթնոլորտ էր: Ընդհանրապես, այնտեղ գրեթե միշտ նույն մարդիկ էին լինում, նույն տեսակը:

Ներս մտա, բարեւեցի բարմենին ու նստեցի կանգնակի դիմաց շարված աթոռներից մեկին:

 

-       Աչքերիս չեմ հավատում,- մոտեցավ Եվան,- ընկերս ա էկել:

 

Գրկախառնվեցինք: Կարոտել էի Եվային, մի քանի շաբաթ չէինք հանդիպել:

 

-       Ո՞նց ես,- հարցրի:

-       Որ էկել ես, ընտիր, դու ասա, դու ո՞նց ես:

-       Լավ եմ, կարոտել էի քեզ:

-       Արի գնանք սեղանի մոտ նստենք, մի քիչ խոսենք:

-       Սպասի, խմելու բան վերցնեմ, գամ:

 

Բարմենից երկու ռոմ խնդրեցի` մեկը կոլայով ու սառույցով` Եվայի համար, մեկը առանց այդ երկուսի` ինձ համար:

 

-       Բարլուս,- ասաց Եվան ու բաժակը մոտեցրեց բաժակիս:

-       Բարլուս,- ժպտացի, ու բաժակները զնգացին:

-       Լուրջ կարոտել էի քեզ, մի ամիս կլինի` չէիր եկել:

-       Չէ, երեւի մի երկու կամ երեք շաբաթ:

-       Էդ ա էլի, մի ամիս... Ֆրեդն էկել ա՞:

-       Հա, երեկ առավոտյան:

-       Մի հատ չի էլ զանգել... Երեկ Սոնայի հետ գնացել էինք Գուգոյին տեսնելու:

-       Բա ինչի՞ իմաց չեք արել,- ասացի,- ես էլ կգայի:

-       Եսիմ, միանգամից որոշեցինք, երեկ էստեղ էր, որոշեցինք` գնանք-տեսնենք:

-       Էլի խմած է՞ր:

-       Ո՞վ:

-       Որ ասեմ Գուգոն, կհավատա՞ս... Սոնան:

-       Որ ասեմ չէ, կհավատա՞ս,- ծիծաղեց ու բարձրացրեց բաժակը:

 

Ես էլի ռոմ բերեցի բարից, էլի Եվային կոլայով ու սառույցով, ինձ` չոր ու ցամաք: Հետո Եվայի մոտ հյուրեր եկան, ասաց, որ քիչ հետո կվերադառնա ու գնաց կողքի սեղան: Գնացի ու նստեցի կանգնակի աթոռին, բարմենից էլի ռոմ ուզեցի` այս անգամ սառույցով (բայց առանց կոլայի): Կողքիս աթոռին նկատեցի վիսկի խմող մի գեղեցկուհու, հետաքրքիր աչքեր ուներ, հետաքրքիր շարժուձեւ ու հետաքրքիր հագնվելու ոճ:

 

-       Ներեցեք,- ասացի,- ինձ թվում է` Ձեզ մի տեղ տեսել եմ:

-       Ես էստեղ հաճախ եմ լինում,- պատասխանեց ժպտալով:

-       Իսկ ես` չէ:

-       Իզուր, լավ փաբ ա:

-       Ուզում էի ասել, որ ուրիշ տեղ եմ հանդիպել Ձեզ:

-       Գուցե... Երեւանը փոքր է, մի տեղ հանդիպած կլինենք:

 

Ես նրան առաջին անգամ էի տեսնում, համենայն դեպս, ոչ մի տեղից չէի հիշում նրան, հենց այնպես հորինեցի, որ խոսակցություն բացեմ:

 

-       Ձեր անունը կասե՞ք,- այդ հարցս տալու ժամանակ բարձր երաժշտություն միացավ:

-       Կարմեն,- ասաց բարձր ձայնով ու մի քիչ ինձ մոտենալով, որ լսեմ:

-       Մեզ մոտ հազվադեպ հանդիպող անուն է:

-       Գիտեմ,- ասաց ու գնաց պարելու:

 

Հետաքրքիր, քսանհինգին մոտ աղջիկ էր: Ինչ-որ գրավիչ բան կար նրա մեջ, այնպիսին, որ հազվադեպ է հանդիպում, ինքս էլ չգիտեի` ինչ: Մի քանի րոպե պարելուց հետո եկավ, նստեց իր տեղում, խմեց բաժակում մնացած ամբողջ վիսկին ու սկսեց կանգնակին ձեռքով խփել երաժշտության տակտը:

 

-       Կարմեն, կխմե՞ք ինձ հետ:

-       Բայց արդեն շատ եմ խմել,- ասաց չարաճճի ժպիտով:

-       Հիսուն գրամ ավել, հիսուն գրամ պակաս...

-       Էդ էլ կա... խմենք:

 

Բարմենը լցրեց իմ ռոմն ու Կարմենի վիսկին:

 

-       Կարմեն,- հարցրի,- Դուք գիտե՞ք` ինչ է նշանակում <<որբանոցի կենացը>>:

-       Չլսեցի... ո՞ր կենացը:

-       Որբանոցի:

-       Որբանոցի՞... չէ, երեւի որբերի կենացը, էլ ի՞նչ պիտի նշանակի:

-       Դուք Եվային ճանաչում ե՞ք:

-       Հա, էստեղ ենք ծանոթացել:

-       Եվան իմ համակուրսեցին է, մենք տասը տարվա ընկերներ ենք, միասին ենք սովորել ինստիտուտում:

-       Ինձ թվաց, թե երկուսդ էլ որբանոցից եք:

-       Չէ, նույն կուրսից ենք... Չնայած` Ձեր ասածների մեջ ճշմարտություն կա... ներողություն, կարելի՞ է Ձեզ <<դու>>-ով դիմել:

-       Խնդրեմ:

-       Իսկ կարելի՞ է, որ Դուք էլ ինձ <<դու>>-ով դիմեք,- արդեն բավականին խմած էի:

-       Կարելի է,- ծիծաղեց:

-       Շատ լավ... ինչի՞ց էինք խոսում:

-       Որբանոցից:

-       Հա, ես ու Եվան կուրսեցիներ ենք, էդ արդեն ասել եմ, չէ՞:

-       Երկու անգամ:

-       Մենք համակուրսեցիներով մի էսպիսի կենաց ունենք` <<որբանոցի կենացը>>... Մեր բոլոր հավաքույթների ժամանակ, իսկ այդպիսի հավաքույթներ չափից շատ են լինում, մենք խմում ենք էդ կենացը:

-       Բայց էդպես էլ չասեցիր` դա ինչ կենաց ա:

-       Դա լուրջ կենաց ա, դա մեր պատմության կենացն ա, մեր ապրած կյանքի, մեր մեծ ցավերի ու փոքր ուրախությունների կենացն ա...

-       Հասկացա... դե ուրեմն... որբանոցի կենացը:

-       Որբանոցի կենացը, Կարմեն...

-       Բայց ես Ձեր կուրսից չեմ, ոչի՞նչ, որ էդ կենացը խմեմ:

-       Արխային խմի:

-       Արդեն Ձեր կուրսից ե՞մ,- ժպտաց:

-       Չէ, կուրսից դժվար, բայց դասարանը կա ու կա...

 

Մենք մի քիչ էլ զրուցեցինք... Հետո ես առաջարկեցի էլի խմել:

 

-       Ես ավելի լավ առաջարկ ունեմ,- ասաց Կարմենը,- արի գնանք ուրիշ տեղ խմենք, բայց սուրճ... սուրճ սիրու՞մ ես:

-       Չափից շատ:

 

Ես փակեցի մեր հաշիվը, հրաժեշտ տվի Եվային, ու երկուսով դուրս եկանք` ես ու Կարմենը: Քայլեցինք մինչեւ մեքենան:

 

-       Դե ասա` ուր քշեմ,- հարցրի:

-       Էս ժամին բաց տեղ կա՞:

-       Կգտնենք,- ասացի ու գործի գցեցի մեքենան:

-       Հետաքրքիր մարդ ես,- ասաց,- մի քիչ էլ տարօրինակ:

-       Տարօրինա՞կ:

-       Հա, բայց վատով չեմ ասում:

 

Մոտակայքում մի բաց սրճարան գտա: Սուրճ պատվիրեցինք ու ջուր: Պատմեց իր մասին, իմացա, որ փաստաբան է:

 

-       Բայց ընդհանրապես փաստաբանի տեսք չունես, քեզ ավելի շատ դիզայներ կամ ակումբի DJ կսազեր:

-       Հիմա ես էդպես ասում, երբ ինձ դատարանում տեսնես, տպավորություններդ գլխիվայր շուռ կգան: Սեւ ու սպիտակ դասական հագուստով, փողկապով, թղթապանակը ձեռքիս:

 

Հաճելի էր Կարմենի հետ... Մենք դուրս եկանք, մի քիչ քայլեցինք, փոխանակվեցինք հեռախոսահամարներով, հետո նրան տուն տարա: Հետաքրքիր աղջիկ էր Կարմենը... Բայց ոչ այնքան, որ սիրահարվեի...

 

 

 

 

  1. 2.                  Գուգոն ու գուգոները… 

 

                                                    Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ պետք

                                                   Է <<Դուք>>-ով խոսել...

                                                                                    Անհայտ փիլիսոփա

 

-       Ալո:

-       Քնած ե՞ս:

-       Ո՞վ ա:

-       Գժվեցի՞ր, Սոնան ա:

-       Էնքան չես զանգել, ձենդ մոռացել եմ:

-       Ժամը հինգն ա, մարդիկ էս ժամին գործից տուն են գալիս, դու դեռ չես արթնացել:

-       Միտինգ մի արա, թող քնեմ:

-       Վեր կաց, այ տղա, Սամոն աղջիկ ա ունեցել: Հագնվի, արի Սամոյենց, ես էլ եմ գնում:

-       Սոն, արի հետեւիցս էլի, քշելու հավես չունեմ:

-       Դե շուտ արա, կես ժամից էդտեղ կլինեմ:

… Վեր կացա անկողնուց, հասկացա, որ դիակի պես քնել եմ... Երեկոյան վեցն էր... Պատրաստեցի դառը սուրճը, բացեցի ծխախոտիս տուփը, ոչ մի գլանակ չգտնելով` սուրճը թափեցի լվացարանում ու գնացի լոգանք ընդունելու:

Այսօր իրար գլուխ կհավաքվենք, ահագին ժամանակ կլինի բոլորով միասին չենք հանդիպել: Տասը տարի շարունակ մենք հանդիպում էինք, խմում, ուրախանում, տխրում, ու ոչ մի անգամ այդ հանդիպումներից որեւէ մեկը սովորական ու ձանձրալի չդարձավ մեզ համար… Միայն դա էր ուրախացնում ինձ… որ ցանկացած մարդկային արժեք ու զգացմունք սպանած այս երկրում դեռ կար մեր ընկերությունը, մեզ կապող տասը տարին ու որբանոցի ապագայի հանդեպ օրեցօր մարող հավատը…

 

Էլի զանգ, չեն թողնի հագնվեմ… Ֆրեդն է…

 

-       Ասա, Ֆրեդ:

-       Քնած ե՞ս, արա, կես ժամ ա` զանգում եմ:

-       Լողանում էի:

-       Սամոն աղջիկ ա ունեցել, հագնվի, իջի Սամոյենց:

-       Իմացա, Սոնան զանգեց:

-       Բա ձենդ ինչի՞ ա մի տեսակ… սպասի կռահեմ… սաղ գիշեր լակել ես, պախմելի մեջ սատկում ես:

-       Ֆրեդ, ի՞նչ ես ուզում:

-       Սպասի-սպասի… կնիկդ էլի թողել-գնացել ա:

-       Ինքն արդեն մի ամիս ա` գնացել ա:

-       Ուրեմն մնաց երրորդ տարբերակը… հերթական կինը քաքել ա ջեբերդ:

-       Մի էշացի, թող` հագնվեմ:

-       Հա, ի դեպ, էն աղանդավորների մասին հոդվածդ կարդացի, վատը չէր:

-       Ապրես:

-       Էրեկ դրանցից մեկը մեր տուն էր էկել, մի հատ հիմար քած էր, արա… էդ ինչ աներես էր…

-       Ֆրեդ, կթողնե՞ս` հագնվեմ:

-       … Լսի, ոչ բարեւ, ոչ բարլուս, մտավ ներս ու սկսեց...

-       Հաջող, Ֆրեդ…

 

… Փաստորեն, արդեն լիովին արթնացել եմ:

Միացնում եմ համակարգիչը, էլեկտրոնային փոստս ու ֆեյսբուքս եմ ստուգում: Բավականին արձագանքներ կան հոդվածիս վերաբերյալ: Աղանդավորները հայհոյանքներ ու սպառնալիքներ են տեղացել, չաղանդավորները գովեստի խոսքեր են շռայլել: Նամակագիրների մեջ մի կին կար` Լյուսի անունով, գրել էր, որ շատ է հավանել հոդվածը: Նայեցի նկարները, դեմքը չափից դուրս ծանոթ էր, բայց չէի կարողանում հիշել: Թե ինչ եղավ, չհասկացա, բայց Լյուսի անունով այդ կինը գրավեց ուշադրությունս... Ինչ-որ հետաքրքիր բան կար թե' նրա գրած տեքստի մեջ, թե' նրա նկարներում, թե' ամենօրյա գրառումներում, որոնցից մի քանիսը կարդացի նրա էջում: Տարօրինակ ձգողականություն կար, ոչ այնպիսին, ինչպիսին Կարմենի մոտ էր... ոչ շատ, ոչ քիչ... ուրիշ կերպ...

 

-       Պատրաստ ե՞ս,- հարցրեց:

-       Հա, բայց մի հատ սուրճ չխմե՞նք, նոր գնանք: Ես սիգարետ չունեի, դրա համար չխմեցի:

-       Ոչինչ, ես ունեմ,- ասաց ու գնաց խոհանոց:

 

Ես նորից նստեցի համակարգչի առաջ ու սկսեցի թերթել Լյուսի անունով կնոջ նկարները: Չհասկացա` ինչու կենտրոնացա այդ կնոջ վրա (երեւի հետո պիտի հասկանայի կամ չհասկանայի ընդհանրապես...):

Սոնան մտավ հյուրասենյակ, սուրճի բաժակները դրեց սեղանին, տուփից երկու ծխախոտ հանեց, վառեց երկուսն էլ ու մեկն ինձ տվեց:

 

-       Սոն, մի հատ նայի էս նկարը,- ասացի` համակարգչի էկրանին Լյուսիի նկարը ցույց տալով,- էս աղջկա դեմքը քեզ ծանոթ չի՞:

 

Սոնան մի քանի վայրկյան նայեց ու ասաց.

 

-       Լյուսին ա, լուրերի հաղորդավարուհին... Ինչի՞ ես հարցնում:

-       Չէ, ուղղակի...

 

Միանգամից հիշեցի Լյուսիին: Հետո խմեցի սուրճս, անջատեցի համակարգիչն, ու դուրս եկանք...

 

... Մերոնք արդեն Սամոյի տանն էին, մերոնք ասելով` Եվան ու Ֆրեդը: Անդոն ու Գուգոն չկային:

 

-       Էս տղերքը չկա՞ն ,- հարցրի:

-       Մենք տղա չե՞նք,- հեգնեց Ֆրեդը:

-       Անդոն ու Գուգոն:

 

Այդ պահին խոհանոցից ափսեները ձեռքին մտավ Եվան ու ասաց.

 

-       Ես զանգել եմ Անդոյին, ասեց` խառն ա, կաշխատի` գա:

-       Խաբել ա, Եվ ջան,- մեջ ընկավ Ֆրեդը,- ստելը ցանկացած դեպուտատի անմիջական պարտականությունն ա, անգամ` ապագա դեպուտատի:

-       Ոչ թե անգամ, այլ` մանավանդ,- լրացրեց Սոնան:

-       Գուգոն էլ չկա,- ասաց Սամոն, ու բոլորս մեղավոր դեմքերով իրար նայեցինք:

 

Սամոն բացեց շիշը, լցրեց բոլորիս բաժակները: Միաբերան շնոհավորեցինք ու խմեցինք: Հետո երկրորդը խմեցինք` առանց որեւէ բան ասելու, հետո երրորդը, չորրորդը, տասներորդը… Դատարկ շշերը Եվան հերթով խոհանոց էր տանում ու սառնարանից նոր շիշ բերում:

 

-       Գուգոն ինչի՞ կողքներս չի, ժողովուրդ,- ասաց Ֆրեդը:

-       Մի չորս շիշ էլ խմի, նոր հիշի Գուգոյին,- հեգնեց Եվան:

-       Ես Գուգոյին միշտ էլ հիշում եմ, դուք ձեզ տեսեք:

-       Տեսնում եմ` ոնց ես հիշում, տեսնում եմ` ոնց եք բոլորդ հիշում: Էդքան հիշելու փոխարեն մեկիդ մտքով չանցավ գնա, Գուգոյին բերի:

 

Լռեցինք… Մի կամ երկու րոպե, չգիտեմ… Հետո Սոնան խախտեց լռությունը.

 

-       Բոլորս էլ մեղավոր ենք… Առիթից օգտվում ենք, որ Գուգոն չշփվող ա դարձել, ինքնամփոփ: Բայց ո՞վ լիներ Գուգոյի փոխարեն, որ չդառնար… Մենք պիտի անընդհատ Գուգոյին ուշադրություն տանք: Գուգոն Անդոն չի, էրեխեք, որ կորի, նեղանանք…

-       Ես առաջարկ ունեմ,- ընդհատեց Ֆրեդը,- էկեք էս կազմով վեր կենանք ու գնանք Գուգոյենց տուն:

-       Ժամին նայել ե՞ս,- ասացի,- տասներկուսն ա լինում:

-       Ոչինչ,- միջամտեց Սոնան,- շատ կուրախանա, Ֆրեդը ճիշտ ա ասում, էկեք գնանք:

 

Մի բաժակ էլ խմեցինք ու դուրս եկանք: Սամոն ու Եվան նստեցին Ֆրեդի <<06>>-ը, ես` Սոնայի <<Honda>>-ն, ու սլացանք Գուգոյենց տուն: Ճանապարհին սուպերմարկետ մտանք ու գնումներ արեցինք (ուզում էի ասել` օղի առանք)...

 

... Գուգոն մոր ու քրոջ հետ էր ապրում: Հայրը հեռացել էր նրանցից, երբ Գուգոն դեռ շատ փոքր էր. նա գրեթե չէր հիշում հորը, մի անգամ ասաց, որ եթե դրսում տեսնի, հաստատ չի ճանաչի: Մայրն էր խնամում Գուգոյին: Ընտանիքում միայն քույրն էր աշխատում`  հեռախոսավարուհի էր բջջային օպերատորներից մեկի գրասենյակում: Անդոն ամեն ամիս գումար էր ուղարկում Գուգոյի մորը, գումարի խնդիրը լուծված էր, ապրում էին` ըստ պահանջի:

Անդոն Գուգոյին յուրահատուկ սիրով էր սիրում: Մեզ կարող էր ամիսներով չտեսնել ու ամեն ինչ բարդել զբաղվածության վրա, բայց Գուգոյին շաբաթվա մեջ երկու-երեք անգամ պարտադիր պիտի այցելեր: Գուգոն նրա թույլ կողմն էր, երբ խոսում էինք Գուգոյից, Անդոն ուրիշ մարդ էր դառնում:

 

... Գուգոյի մայրը մեզ շատ ջերմ ընդունեց, գրկեց բոլորիս ու ասաց, որ ուրախանում է ամեն անգամ, երբ գալիս ենք:

 

-       Բա էս Գուգոն ու՞ր ա,- հարցրի:

-       Քնած ա, հիմա կարթնացնեմ:

-       Թողեք` ես արթնացնեմ, տիկին Աստղիկ,- ասաց Սոնան ու գնաց Գուգոյի սենյակ:

 

Սեղան նստեցինք: Գուգոյի մայրն, իրեն հատուկ արագությամբ, լցրեց սեղանը, Ֆրեդն էլ հանեց օղու շշերը: Քիչ անց Սոնան ու Գուգոն ներս մտան:

Ամեն անգամ, երբ Գուգոյին տեսնում էի այդ սայլակին գամված, մարմնովս սարսուռ էր անցնում: Թվում է` սովորական բան է չքայլող մարդ տեսնելը, բայց երբ այդ չքայլող մարդուն հիշում ես ընդամենը մի քանի տարի առաջ, հիշում ես` որքան կյանք կար նրա մեջ, ու ամենակարեւորը, հիշում ես` ինչի արդյունքում է այսօր նա այս սայլակին, պատկերը լրիվ փոխվում է, տակնուվրա ես լինում, կռվում ես ինքդ քեզ հետ, բորենիների դեմ անզորությունից ատամներդ ես կռճտացնում: Հրամանատարը ծեծելով հաշմանդամ է սարքում սեփական զինվորին, հետո էդ հրամանատարին հրամանատար նշանակողը նայում է աչքերիդ մեջ ու խոսում պետականությունից, հայրենիքից, խոսում է արժեքներից` առանց դեմքի մի մկան շարժելու, հետո հանգիստ նայում է Գուգոյի աչքերին, բոլոր գուգոների աչքերին, իսկ գուգոները շատ են, չափից շատ էս մի հանրակացարանի չափ ժողովրդի համար...

<<Հրամանատարին գործից կազատենք, տիկին>>,- ասում է մի Գուգոյի մորը, <<Հրամանատարին արդեն դատել ենք>>,- ասում է մյուսի ընտանիքին... Հետո՞... Շաբաթը մի Գուգո է մեռնում ու անդամահատվում, դուք էլ շաբաթը մի վիժվածք եք դատում... ու որքան դատում եք դրանց, էնքան շատանում են… ու շատանում են նաեւ մեռնող գուգոները... բայց դա ձեզ քիչ է, դուք մյուս գուգոների արյանն եք ծարավ, ձեր սահմանը պահող գուգոների, ձեր չստացված երեխաների քունը հսկող գուգոների, բոլոր գուգոների, որոնք գլուխները կախ կնստեն սայլակին, որ դուք լկտիություն ունենաք ձեր կիսագրագետ ճառերը սկսել էսպես` <<Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ...>>...

 

... Ֆրեդը լցրեց բաժակները:

 

-       Գուգ,- ասաց Սոնան,- Սամոն աղջիկ ա ունեցել:

 

Գուգոն միանգամից պայծառացավ:

 

-       Շնորհավորում եմ, Սամ ջան, թող առողջ բալիկ լինի:

 

Սամոն մոտեցավ Գուգոյին, կռացավ ու գրկեց: Բոլորիս աչքերը լցվեցին: Սարսափելի է, երբ կռանում ես, որ ընկերդ կարողանա գրկել քեզ... Ես այդ օրը մտածում էի, անընդհատ մտածում... մերոնց հետ եղած ժամանակ քիչ եմ մտածում, ընդհանրապես, երբ հաճելի միջավայր է լինում, հաճելի զրույց, հաճելի կերուխում, մտածել չես ուզում, բայց երբ տեսա Գուգոյին, ներսս իրար խառնվեց: Գուգոյին հաճախ էի տեսնում, բայց այս անգամն ուրիշ էր... Գուցե ասածս հիմարություն թվա, բայց Սամոյի կռանալն ինձ համար աշխարհի ամենասահմռկեցուցիչ տեսարանն էր... Որբանոցը, որտեղ մենք ապրում ենք, ավելի ճիշտ` շնչում, մեզ զրկել է որեւէ զգացմունք ունենալու հնարավորությունից, որովհետեւ հետխորհրդային Հայաստանի բոլոր <<առաջնորդները>> ջանք ու եռանդ չխնայեցին, որ երկիրը դառնա ռոբոտների գործարան: Ինձ երբեմն թվում է, որ այդ բոլոր <<առաջնորդները>> մի մարդ են` տարբեր ժամանակներում: Այդ <<առաջնորդները>> միայն գեղեցիկ բառակապակցություններ գիտեն` <<հպարտ քաղաքացի>>, <<ստեղծագործ ազգ>>, <<երեք հազար տարվա մշակույթ>>, <<առաջին քրիստոնյա ժողովուրդ>>... դրա համար էլ այդ հպարտ, ստեղծագործ, արվեստասեր ու վերջապես հավատացյալ ժողովրդի զինվորները սայլակին են... Ուսանող տարիներին մենք երազում էինք լավ երկրի մասին (<<ավելի լավ>> երկրի մասին չի խոսքը), սիրում էինք մեր որբանոցը, երազում էինք այն բոլորի փոխարեն, ովքեր դադարել էին երազել, իսկ այսօր, երբ մենք ենք դադարել երազել, մեր փոխարեն էդ անշորհակալ գործն էլ ոչ ոք չի անում, որովհետեւ երազանքների դիարան է էս երկիրը, էստեղ չի կարող երազանք ապրել... Մեր ժողովուրդը հեշտ է հավատում, դա հատուկ է հավատը կորցրածներին... Դրա համար բոլոր եկողներին հավատում են (բայց ոչ մի եկող չի փոխում), եկողներին էլ էդպիսի մի բան է պետք... Խաբված ժողովրդին ստերով կերակրելուց հեշտ բան չկա... <<Ամեն ինչ լավ է լինելու>> նախադասությունն արտասանելը երեք վայրկյան է տեւում, նշանակում է` երեք վայրկյան է տեւում մի ամբողջ ազգի հուսախաբ անելը... Ամեն խաբվելուց հետո ժողովուրդը որոշում է չքայլել ոչ մեկի հետեւից, ու դա տեւում է այնքան ժամանակ, երբ նոր խաբող է գալիս...

2008-ին, երբ մի <<վերածնված առաջնորդ>> հայտարարեց, որ եկել է ժողովրդին փրկելու, այդ ժողովուրդը գնաց նրա հետեւից... Հետո այդ ժողովուրդն ըմբոստացավ, հետո իրար սպանեց, հետո խանութ թալանեց, հետո էլի սպանեց... ոչ թե հանուն գաղափարի, հանուն այն նվիրական երկրի, որին սպասում էր, այլ... երկու <<առաջնորդների>> աթոռակռվի...

 

Հիշում եմ էդ չարաբաստիկ 2008-ը... Գարնան առաջին օրն էր... այդ երեկո, իմ կամքից անկախ, ես պիտի հայտնվեի Թատերական հրապարակում... Թումանյան փողոցում վարձած իմ մեկսենյականոցից ձայներն ավելի քան լսելի էին... Համակարգչի առաջ նստած` նոր գրված պատմվածքս էի խմբագրում: Ֆրեդը եկավ:

 

-       Տեսել ե՞ս` օպերայի հայաթում ինչ ա կատարվում:

-       Չէ,- ասացի,- ի՞նչ ա կատարվում:

-       Խփում են իրար, շունը տիրոջը չի ճանաչում:

-       Լավ չի… կոֆե կխմե՞ս:

-       Միլիցեքն ու ժողովուրդն իրար են հագել:

-       Միլիցեն ժողովուրդ չի՞:

-       Հագնվի, դուրս գանք:

-       Ու՞ր դուրս գանք:

-       Օպերա, էլ ու՞ր...

-       Գնանք օպերա, ի՞նչ անենք:

-       Ո՞նց ինչ անենք... մեր երկիրը չի՞:

-       Մեր երկիրն ա... կոֆե կխմե՞ս:

 

... Ֆրեդին հաջողվեց ինձ համոզել... Այդ երեկո ես առաջին անգամ պիտի նողկանք ապրեի <<պայքար>> բառից... Այդ հրապարակը... Ազատության հրապարակը... Ինչ էլ անուն են դրել... Ամեն կերպ կարելի էր կոչել, բայց ոչ այդպես... Կորուստների հրապարակն է դա, խաբված ժողովրդի հրապարակը, սարսափների հրապարակը, մեռնող հավատի հրապարակը...

Այդ օրը ես հասկացա, որ մեր սերնդի եւ ոչ մի <<առաջնորդ>> չի տարբերվում իր նախորդից ու հաջորդից... Բոլորը նույնն են, բոլորի համար կա մի նվիրական գաղափար` իշխանություն... թեկուզ երիտասարդ ցուցարարի ու ոստիկանի արյան գնով...

 

Ֆրեդին թողեցի ու գրեթե վազելով տուն հասա... Տաք սուրճ էի խմում ու փորձում հասկանալ... բայց ի՞նչ հասկանայի, ամեն ինչ պարզից էլ պարզ էր, վաղուց արդեն հասկացած... <<Առաջնորդներն>> իրար մեջ ամեն բան հասկացել էին (հասկացող տղերք են, խոսք չկա)... Նա, ով չէր վաճառել իր գաղափարը, նա ով հավատարիմ էր իր երազանքին, հասկացավ, որ երազանքն ու  գաղափարը փակուղի են մտել (Միլլերը (Եվայի սիրած գրողներից) ասում էր` <<չկա ավելի հարմարավետ վայր, քան այն փակուղին, որտեղ ես եմ հիմա>>)… Իսկ նրանք, ովքեր չունեին ոչ գաղափար, ոչ երազանք (իսկ այդպիսիք շատ էին, ավելի շատ, քան ունեցողները), սպասում էին պոռթկման երանելի պահին, որ խանութներ կողոպտեն… Հետո մի երեք ժամ կնստեն մոտակա քաղմասում, ոստիկանի հետ ջան կասեն, ջան կլսեն (կամ ջան չեն ասի, ջան չեն լսի), դուրս կգան, կհռչակվեն քաղբանտարկյալ (ավելի ստույգ` նախկին քաղբանտարկյալ), տարած ավարի անունն էլ գաղափար կդնեն ու կսպասեն իրենց ժամին, որովհետեւ <<առաջնորդն>> ասել էր` <<լավ ա ըլնելու>>…

 

Մտածում էի ու ոչինչ չէի կարողանում հասկանալ… Պատմվածքս գրողի ծոցն ուղարկեցի, միացրի հեռուստացույցը… գործող <<առաջնորդը>> քաղաքում արտակարգ դրություն հայտարարեց…

 

 

 

 

 

 

  1. 3.                  Երեւան-Պետերբուրգ-Երեւան 

 

                                                    Ռուսաստանը մեր լավագույն բարեկամն 

                                                    ու դաշնակիցն է...                

                                                                                  Մի խումբ ավանակներ

 

-       Ծնունդդ շնորհավոր…

 

Սոնան միշտ առաջինն է շնորհավորել ծննդյանս տարեդարձը: Այս մեկն էլ բացառություն չէր: Ուղիղ կեսգիշերին զանգեց:

 

-       Հագնվի, գալիս ենք հետեւիցդ:

-       Ծնունդս վաղն ա:

-       Արդեն օրը փոխվել ա, պատրաստվի, գալիս ենք:

 

Լյուսին էլ շնորհավորեց:

Գուգոյենց տան գինարբուքից մեկ շաբաթ էր անցել: Այդ մեկ շաբաթը տանն էի անցկացրել: Անընդհատ խոսում էի Լյուսիի հետ: Օրեցօր ավելի ու ավելի էի տաքանում: Նա ընտանիք ուներ, երեխաներ, իսկ ես` ամուսնացած կանանց չսիրահարվելու սկզբունք, ու դա ոչ այնքան բարոյական, որքան էգոիստական մոտեցում էր... Բայց Լյուսին ուրիշ էր, նրան ուրիշ կերպ էր պետք սիրահարվել, նա ավելի շատ մուսա էր, քան կին… Նրան պետք չէր հանդիպել, պետք չէր գրկել նրան, պետք չէր հետն անկողին մտնել… խոսել էր պետք նրա հետ, միայն խոսել...

 

... Սոնան ու Ֆրեդը եկան: Տանը մի շիշ շամպայն խմեցինք ու գնացինք Եվայի փաբ: Եվան բոլոր աշխատողներին տուն ուղարկեց, մուտքի դռան վրա գրություն կախեց` <<Այսօր չենք աշխատում> եւ ներսից փակեց դուռը:

 

-       Բայց ինչի՞ փակեցիր, հաճախորդները մեզ ի՞նչ էին անելու,- հարցրի:

-       Ուզում եմ էսօր մենակ մենք ու մերոնք լինենք,- ասաց:

-       Բայց ոնց որ պակաս ենք,- ասացի,- Սամոն չկա, Գուգոն, Անդոն:

-       Սամոն քաղաքում չի,- ասաց Ֆրեդը,- Գուգոն էլ ասեց` գլուխը ցավում ա, պիտի քնի, առավոտյան քեզ կզանգի, կշնորհավորի:

-       Անդոն էլ...

 

 

Ֆրեդը սառնարանից բերեց օղին, բացեց, լցրեց բաժակներն ու խմեց իմ կենացը, հետո Եվան խմեց իմ կենացը, հետո ես խմեցի նրանց բոլորի կենացը... Հետո Ֆրեդն էլի օղի բերեց... Հետո որբանոցի կենացը խմեցինք:

Մտքերով Լյուսիի հետ էի... Կապվել էի, շատ էի կապվել... Լյուսին դարձել էր իմ առօրյայի բաղկացուցիչ մասը:

 

... Օղին վերջացավ: Ֆրեդն ու Եվան գնացին պահեստ` օղի բերելու: Սոնայի հետ մենակ մնացինք: Ուզում էի խոսել Լյուսիի մասին, ուզում էի Սոնային ամեն ինչ պատմել, բայց մի բան կարծես խանգարում էր ինձ... Որոշեցի Լյուսիի անունը չտալ, չասել` ում մասին է խոսքը:

 

-       Սոն... էշություն եմ արել...

-       Գոնե մոտդ պրեզերվատիվ կա՞ր:

-       Քեզ ինչ ասենք, առաջինն էդ ա մտքիդ գալիս,- ժպտացի,- ամուսնանալուդ ժամանակն ա:

-       Սեքս անելու համար չեն ամուսնանում:

-       Չէ, Սոն, ուրիշ հաշիվ ա... Ամուսնացած կնոջ եմ սիրահարվել...

-       Լուրջ ա՞:

-       Դե դրա լուրջն ու անլուրջը ո՞րն ա...

-       Ո՞վ ա, կճանաչե՞մ:

-       Չէ... դժվար:

-       Հիմա միասին ե՞ք:

-       Չէ,- ասացի,- երբեք չեմ տեսել:

-       Հարբած ե՞ս… Մեկ ասում ես` սիրահարվել եմ, մեկ ասում ես` երբեք չեմ տեսել:

 

Ֆրեդն ու Եվան ներս մտան, ես ու Սոնան թողեցինք խոսակցությունը: Ֆրեդը լցրեց բաժակները: Սոնան ոտքի կանգնեց ու վերցրեց բաժակը.

 

-       Էրեխեք, ուզում եմ խմել մեր բոլորի համար, մեր ընկերության համար, մեր իրականացած ու սառույցին գրած նպատակների համար, մեր տասը տարվա համար, որբանոցի համար, որբանոցից փախածների ու որբանոցում մնացածների համար, Անդոյի գայթակղությունների ու Գուգոյի տառապանքների համար…

 

Սոնան սկզբում լցրեց աչքերը, հետո սկսեց երեխայի պես լաց լինել: Մենք էլ արցունքոտվեցինք… Արցունքների միջից մեր մեջ կուտակվածն էր հորդում, բոլոր մեռած զգացմունքներն ու զգացողությունները…

 

… Երկու-երեք ժամ հազիվ քնեցի, ինը չկար` արթուն էի:

Ցնցուղ ընդունեցի, ձվածեղ պատրաստեցի, ուտելուց առաջ հարյուր գրամ օղի խմեցի` խումհարից դուրս գալու համար (դա նույն <<պախմելն>> է, ու <<պախմել>> տերմինն ավելի ընդունելի է ինձ համար, քան խումհարը, որովհետեւ <<պախմելից>> ավելի հեշտ եմ դուրս գալիս, քան <<խումհարից>>), հիսուն էլ ուտելու ընթացքում խմեցի, հետո էլի հարյուր` արդեն ուտելուց հետո եւ վերջ` պատրաստ եմ: Արդեն կարող եմ սուրճ խմել:

Խոհանոցում սուրճ էի պատրաստում, երբ քաղաքային հեռախոսը զնգաց: Քաղաքային հեռախոսիս հազար տարի ոչ ոք չէր զանգել, զարմացա…

 

-       Պրիվետ, ախպեր ջան, Առնոն ա:

 

… Առնոն մանկության ընկեր էր: Ուզում էի ասել` լավագույն ընկերներիցս մեկը, բայց չեմ ասում, որովհետեւ ես երբեք չեմ ունեցել <<լավագույն ընկերներ>>, ես միայն ընկերներ եմ ունեցել, իմ բոլոր ընկերներն էլ լավագույն են… Առնոյի հետ մի բակում ենք մեծացել, ավելի քան քսան տարվա ընկերներ ենք, շատ բաների միջով ենք անցել: Արդեն վեց-յոթ տարի կլինի` Սանկտ-Պետերբուրգում է ապրում, հազարից մեկ ենք խոսում, տարվա մեջ մի քանի անգամ, հիմնականում տոներին ու հատուկ առիթներին: Վստահ էի, որ զանգել էր` ծնունդս շնորհավորեր, բայց պարզվեց, որ ոչ միայն…

 

-       Շնորհավոր ծնունդդ, բռատ, ո՞նց ես:

-       Ապրես, Առնո ջան… լավ եմ, սովորական… դու ասա…

-       Նորմալ, ախպերս, լավ ա ամեն ինչ: Մենակ շնորհավորելու համար չեմ զանգել, էլի բան պիտի ասեմ:

-       Ի՞նչ կա:

-       Ամուսնանում եմ, պիտի քավորս դառնաս:

 

Դեռ շատ տարիներ առաջ, երբ դպրոցական էինք, Առնոն ասում էր, որ ես պիտի իր հարսանիքի քավորը լինեմ: Հետաքրքիր էր, որ դեռ չէր մտափոխվել: Ես համաձայնեցի, պարզվեց, որ պիտի Պետերբուրգ մեկնեմ: Հարսանիքը յոթ օրից էր:

Ստուգեցի բանկային հաշիվս, հասկացա, որ տակի մնացած փողով հազիվ Պետերբուրգ հասնեմ: Զանգեցի Ֆրեդին:

 

-       Արա, դու հո գիշերվա երազ չես, էս ժամին մարդուն քնից կհանե՞ն:

-       Մարդուն չէ,- ասացի,- քեզ կարելի ա:

-       Ի՞նչ կա:

-       Փող ունե՞ս:

-       Ի՞նչ ա էղել:

-       Ոչ մի տարօրինակ բան: Մանկությանս ընկերն ա Լենինգրադից զանգել, հարսանիքն ա, ես էլ քավոր եմ:

-       Լենինգրադ չի, այ հնություն, Սանկտ-Պետերբուրգ ա:

-       Նույն քաքն ա… փող ունե՞ս:

-       Հա, ինչքա՞ն ա պետք:

-       Դե հաշվի էլի, քավոր եմ, հետն էլ Ռուսաստանում:

-       Հասկացա:

-       Դե զարթնի, արի, տանն եմ:

-       Լսի,- ասաց,- էն մեր կուրսի Ինգան էլ ա, չէ՞ Լենինգրադում:

-       Լենինգրադ չի, Պետերբուրգ ա:

-       Նույն քաքն ա… մի ժամից կբերեմ փողը:

 

Գազի հոտ զգացի, հիշեցի, որ սուրճ էի թողել գազին: Արագ փակեցի գազը, հետո բացեցի պատուհանները: Հետո նորից սուրճ պատրաստեցի: Հետո Կարմենը զանգեց:

 

-       Լավ ե՞ք,- հարցրեց:

-       Բա մենք <<դու>>-ի չէինք անցե՞լ,- ասացի:

-       Վայ, մոռացել էի... լավ ե՞ս:

-       Լավ եմ, դու ասա:

-       Ես էլ: Ուզում եմ քեզ գինի խմելու հրավիրեմ:

-       Ես գինի չեմ խմում,- ասացի,- օրգանիզմս ոչ մի կերպ չի ընդունում:

-       Ուրեմն օղի խմելու եմ հրավիրում:

-       Էդ ուրիշ բան, ես արդեն երկու հարյուր հիսուն գրամ խմել եմ:

-       Առավոտյա՞ն:

-       Իհարկե:

-       Դու հարբեցող ե՞ս:

-       Չէ,- ասացի,- <<պախմել>> էի անում:

-       <<Պախմելի>> համար հիսուն գրամն էլ բավական է:

-       Նայած <<պախմել>>... սա քո իմացած <<պախմելներից>> չի:

-       Իսկ ի՞նչ գիտես` որոնք են իմ իմացած <<պախմելները>>:

-       Հարցիցդ հասկացա:

-       Լավ, հիմա խմում ե՞նք:

-       Խմում ենք:

-       Ուրեմն երեկոյան իննին Եվայի փաբում սպասում եմ:

-       Հարց չկա:

 

Ֆրեդը եկավ` մի շիշ օղի ձեռքին:

 

-       <<Պախմել>> չես արե՞լ,- հարցրի:

-       Թողեցի՞ր, որ անեմ: Գնա, ուտլու բան բեր:

 

Ֆրեդի բերած մի շիշը խմեցինք, էլի առաջարկեցի, բայց հրաժարվեց: Փողը թողեց ու դուրս եկավ:

 

... Երեկոյան իննին Եվայի փաբում էի: Կարմենը դեռ չէր եկել:

 

-       Մշտական հաճախորդ ես դարձել,- ասաց Եվան ու գրկեց ինձ:

-       Հրավիրված եմ,- ասացի` ժպտալով,- մարդ եմ սպասում:

-       Էն տիկնիկի՞ն:

-       Ի՞նչ իմացար:

-       Զանգել, սեղան ա պատվիրել:

-       Ո՞ր սեղանն ա, ասա` նստեմ:

-       Ազատ սեղաններից որին ուզում ես, նստի:

-       Ասա` օղի բերեն:

-       <<Պախմել>> ե՞ս անում:

-       <<Պախմելն>> առավոտվա իննին եմ արել, հիմա խմում եմ:

-       Լավ,- ժպտաց, ու դարձավ բարմենին,- հարյուր օղի…

 

Կարմենը եկավ տասից մի քանի րոպե շուտ:

 

-       Զզվում եմ ուշացողներից,- ասացի:

-       Շնորհավոր ծնունդդ,- ասաց ու նստեց:

-       Որտեղի՞ց իմացար, որ ծնունդս ա:

-       Երեկ ֆեյսբուքիդ էջն էի թերթում:

-       Ես արդեն հարյուր օղի եմ խմել:

-       Հարյուր գրամ էստեղ ես խմել, իսկ առավոտի՞ց:

-       Առավոտից մի հատ հարյուր, մի հատ հիսուն, հետո էլի մի հատ հարյուր, հետո էլ ընկերոջս հետ մի շիշ:

-       Վրայիցդ չի երեւում:

-       Որովհետեւ գրագետ եմ խմում,- ասացի:

-       Իսկ ո՞նց են գրագետ խմում, կսովորեցնե՞ս, թե՞ դա էլ է  ձեր կուրսի առանձնահկություններից:

-       Չէ, դա իմ առանձնահատկություններից ա,- ասացի ու թեքվեցի բարի կողմ,- մեզ օղի բերեք:

 

Մի շիշ ռուսականը կես ժամ չտեւեց, Կարմենը երկրորդը պատվիրեց:

 

-       Եվա,- բղավեց Կարմենը,- կմիանա՞ս մեզ… բայց հետդ բաժակ բեր:

 

Եվան ռոմով լի բաժակը ձեռքին մոտեցավ մեր սեղանին:

 

-       Ես իմ ռոմը կխմեմ,- ասաց,- օղի չեմ ուզում:

-       Դե,- ասաց Կարմենը,- ինչի՞ համար ենք խմում:

-       Ընկերոջս համար, էսօր ընկերոջս տարեդարձն ա… Լավ էղի, ցավդ տանեմ, միշտ պինդ մնա, միշտ մեր կողքին մնա:

-       Ըհը,- ասաց Կարմենը,- կամաց-կամաց որբանոցի կենացին ենք հասնում:

-       Որտեղի՞ց գիտես որբանոցի կենացը,- զարմացավ Եվան:

-       Էլ որտեղի՞ց,- ժպտաց Կարմենը,- ընկերդ է սովորեցրել:

-       Դե ուրեմն, որբանոցի կենացը,- ասաց Եվան ու բարձրացրեց բաժակը:

-       Որբանոցի կենացը,- ասացի ես:

-       Որբանոցի կենացը,- ասաց Կարմենը:

 

Եվան ներողություն խնդրեց ու գնաց բարի մոտ: Ես ու Կարմենը մենակ մնացինք, էլի մի քանի բաժակ խմեցինք, հետո Կարմենը դուրս եկավ…

 

 

… Քայլել էի ուզում… Սովորաբար մենակ եմ քայլում, բայց այս անգամ Սոնային զանգեցի:

 

-       Եթե հավես ունես, արի քայլենք:

-       Որտե՞ղ ես:

-       Եվայի մոտ էի, դուրս եկա… Դեպի Մոսկովյան եմ քայլում:

-       Դե արի կես ժամից Մոսկովյան-Աբովյան խաչմերուկում հանդիպենք:

 

Երբ հուսահատված էի լինում կամ ուղղակի տխուր, միանգամից Սոնային էի զանգում… միակ ընկերս էր, ում ուսերին բարդում էի բոլոր չստացված պահերս… լսում էր ինձ…

 

… Մինչեւ Սոնան կգար, հասցրի Մոսկովյան-Տերյան խաչմերուկի շուրջօրյա կրպակից մի շիշ գարեջուր առնել ու տեղում դատարկել շիշը… Այսքան օղուց հետո գարեջուրն, իհարկե, հիմարություն էր, ամենասովորական հիմարություն, որ նախկինում չէի անում… Աչքիս առաջ պատկերներ էին գալիս… Հազիվ էի քայլում… մտածում էի` գոնե սթափվեմ մինչեւ Սոնայի գալը… Ոստիկանական մի մեքենա կանգնեց, երկու ոստիկան իջան, մեկը ճաղատ էր, մյուսը` հաստաոռ… Միանգամից հասկացա, որ ինձ համար են կանգնել, բայց չնկատելու տվեցի ու առաջ քայլեցի… Հետեւից նրանց ոտնաձայներն էի լսում, հիմա կհասնեն ինձ:

 

-       Կանգնեք, քաղաքացի,- չիմացա, թե որ մեկն ասաց (հետո պարզվելու էր, որ հաստաոռն էր):

 

Շարունակեցի քայլել, իբր ոչ մի բան չէի լսել…

 

-       Քո հետ եմ, այ ախպեր, կանգնի,- նորից գոռաց:

 

Կանգնեցի:

 

-       Չես լսու՞մ, որ կանչում ենք,- ասաց ճաղատը:

-       Չէ,- ասացի:

-       Ի՞նչ ես անում էս ժամին էստեղ,- հարցրեց հաստաոռը:

-       Քայլում եմ:

-       Խմած ե՞ս:

-       Հա, բայց դա չի նշանակում, որ պիտի հետս <<դու>>-ով խոսես:

-       Հլը սպասի մի րոպե,- մեջ ընկավ ճաղատը,- ներկայացի մի հատ:

-       Քեզ չեն սովորեցրե՞լ, որ սկզբում դու պիտի ներկայանաս:

-       Այ ախպեր, հետեւիցդ ե՞ս ընկել:

-       Չէ, դուք եք հետեւիցս ընկել: Ներկայացեք:

-       Արի, ախպեր, գնացինք,- ասաց հաստաոռը,- խմած ա:

 

Գնացին… Էլի առաջ քայլեցի… Էլի պատկերներ էին ուրվագծվում… Գուգոն հաշմասայլակին... Անդոն իր կաբինետում` փորը մինչեւ սեղան… Հետո Լյուսիի աչքերը, որոնք ինձ հետ էին գալիս... Աչքեր, որոնց խորության մեջ սպանվում էր ամեն մտածմունք... խաղաղությունս գողացած աչքեր... Աշխարհն այդ աչքերի մեջ էր ամբողջանում, սկսվում ու ավարտվում էր այդ աչքերով… Մեքենաների աղմուկից պատկերնեը կորչում են… Հետո դադարում է աղմուկը, բայց պատկերը չկա… աչքերը չկան… Էդպես էլ իմ կյանքում պիտի լինի… Պիտի դադարեն փոթորիկներս, ու աչքերը չլինեն… Ես ամենասկզբում գիտեի, որ աչքերը մի օր չեն լինելու, ես գիտեի` ուր եմ գնում, գիտեի…

Հեռախոսս է զանգում… Ֆրեդն է… Չեմ պատասխանում… Էլի է զանգում… էլի… անընդհատ…

 

-       Ասա:

-       Ու՞ր ես:

-       Ի՞նչ ա էղել:

-       Քունս չի տանում, արի մի բաժակ բան խմենք:

-       Ես մի բաժակի համար Կենտրոնից Մասիվ չեմ հասնում, չգիտե՞ս:

-       Լավ, լուրջ բան եմ ասում, վեր կաց, արի:

-       Չէ… չեմ ուզում…

-       Տանը չե՞ս:

-       Ֆրեդ, ախպոր պես, վաղը կխոսենք:

-       Սատկած ե՞ս էլի:

-       Կիսա…

-       Ու՞ր ես, ասա` ես գամ:

-       Չէ, Ֆրեդ, էսօր մենակ խմի… կամ մի խմի…

-       Խմելու համար չեմ ասում, գամ, տուն տանեմ քեզ:

-       Չեմ ուզում… Ես կհասնեմ… Բարի գիշեր…

 

Ֆրեդ… դու էլ ես էս որբանոցի զոհը… դու էլ ոչ մի բանով չես տարբերվում Գուգոյից ու Անդոյից… Գուգոյի պես անդամահատված չես, Անդոյի պես գայթակղություններին չես ծախվել, բայց դու էլ զոհ ես… մենք էլ… Ականջիս Սոնայի երեկվա խոսքերն են… <<… ուզում եմ խմել մեր բոլորի համար, մեր ընկերության համար, մեր իրականացած ու սառույցին գրած նպատակների համար, մեր տասը տարվա համար, որբանոցի համար, որբանոցից փախածների ու որբանոցում մնացածների համար, Անդոյի գայթակղությունների ու Գուգոյի տառապանքների համար…>>…

Սոնան ճիշտ էր… սառույցը մեր երազանքների մատյանն էր… Ժամանակ կար, երբ խելագարի պես երազում էինք, սոված, բայց հավատով… որովհետեւ մենք հավատում էինք ինքներս մեզ… որովհետեւ մենք մոմի լույսով մեծացած սերունդ ենք… Էդ մոմի լույսը վաղվա հանդեպ հավատ էր տվել… բայց որբանոցի տերերը մի վայրկյանում խեղդեցին հավատը, խեղդեցին դեռ բարուրի մեջ… Չթողեցին` շնչի… Մենք վիժեցինք մեր երազանքները… Մեր զավակների ապագան` առանց խղճի խայթի <<տերերին>> զոհեցինք… դրա համար քիչ առաջ հետեւիցս եկող համազգեստավոր պիդռը քաղաքացու հետ <<Դուք>>-ով չի խոսում, դրա համար Անդոն, որ էս քաղաքի ամենախելառ տղերքից էր, մի գրոշով տրվեց <<տերերին>>` մոռանալով ամեն բան… Մոռանալով, որ Գուգոյին` իր Գուգոյին, որին աշխարհում ամենաշատն է սիրում, իր <<տերերն>> են սայլակին գամել… Անդոն մոռացավ էն սարսափելի գիշերը, երբ իմացանք, որ Գուգոյին զինվորական հոսպիտալ են տարել (արդեն հասել եմ Մոսկովյան-Աբովյան խաչմերուկին, Սոնան դեռ չկա, սուպերմարկետ եմ մտնում, վերցնում եմ վիսկիի 250 գրամանոց տափաշիշը), Անդոն մոռացավ, որ էդ սարսափելի գիշերը (դուրս եմ գալիս սուպերմարկետից ու բացում շիշը, էս էլ մեր կենացը, մեր ուժի ու սառնասրտության, որ չգժվեցինք էդ գիշեր) Գուգոյի հրամանատարին ուզում  էր սպանել… Ես էլ հո չեմ մոռացել… Ֆրեդն էլ հո չի մոռացել… Գիշերվա երեքին հոսպիտալ մտանք… ես, Անդոն ու Ֆրեդը… Սոնան էլ էր ուզում գալ, Եվան մի կերպ համոզեց, որ մնա… Այսքան տարի է անցել, բայց երեկվա պես հիշում եմ Գուգոյի այլանդակված դեմքը…

 

-       Հետաքննություն ենք սկսել, տղաներ,- ասաց մի տձեւ գնդապետ,- հրամանատարն արդեն նախնական կալանքի է առնված:

-       Դե թքել եմ ես ձեր հետաքննության վրա,- հարձակվեց Անդոն,- ընկերոջս բույս եք սարքել, հետաքննությունից եք խոսում:

-       Հանգստացեք, մեղավորներն անպայման կպատժվեն…

 

Ու էսպես արդեն երկու տասնամյակ <<տերերը>> հանգստացնում են մեզ, արդեն երկու տասնամյակ խոսք են տալիս, որ մեղավորները կպատժվեն… ու մենք արդեն բանի տեղ չենք դնում… որովհետեւ հավատը մեռել է… Մենք մեր հավատը հերթական անգամ հոսպիտալում թաղեցինք… Ամենահերթական անգամ... (էս էլ մեր մեռած հավատի կենացը… վիսկին էլ է վերջանում… Սոնան չկա ու չկա)... Գուգոյի պատկերն արդեն հեռացել է… Էլի Լյուսին է նշմարվում… Կարծես ասում է` ամեն բան լավ է լինելու… Հետո մի ավելի փոքրիկ պատկեր եմ տեսնում… մանկական անմեղ աչքեր… Փոքրիկս… ներիր հայրիկիդ, որ կերավ հավատդ… ներիր… ներիր, որ ես էլ իմ բաժին երազանքից եմ երես թեքել… այն երազանքից, որ քեզ էի ժառանգելու… ներիր, որ այս խաչմերուկում կանգնած ամենավերջին հարբեցողի պես շշի տակ մնացած կաթիլներն եմ քամում… Ներիր այն բոլոր ժամերի համար, որ խլել եմ քեզնից… քեզնից ու մայրիկիցդ… ներիր, որ կյանքս մսխեցի` քեզ ոչ մի վայրկյան չթողնելով…

 

-       Չէ, պապ… դու վիժվածք չես…

 

… Նրա ձայնն էր… զավակիս ձայնը…

 

-       Տականք չես դու, պապ… Գիտեմ, որ դու լավն ես… Ինձ մաման ա էդպես ասել:

-       Մայրդ խաբել է քեզ, հրեշտակս…

-       Չէ, պապ, մայրերը չեն խաբում… Քո մայրը խաբե՞լ է քեզ:

-       Չէ, չի խաբել… Մայրերը չեն խաբում…

 

… Ձայնը կորավ… Շիշն աղբամանն եմ նետում… Գլուխս պտտվում է… Ուր որ է կընկնեմ… <<Չէ, պապ, մայրերը չեն խաբում…>>… Չեն խաբում, փոքրիկս… Հայրերն էլ չեն խաբում… Չտխրես, սիրելիս… Հայրդ չի թողնի, որ իր պես աներազանք մեծանաս… քո հավատը երբեք չի մեռնի… Մենք` ես, Սոնան, Ֆրեդը, մյուսները… մենք չենք թողնի, որ քո սերնդի հավատը մեռնի… մենք քո հավատի համար ենք խեղդել մեր երազանքները… Երբ մեծանաս, ամեն բան կհասկանաս… կհասկանաս ու կհպարտանաս, որ հայրդ ոչ մի գնով չծախվեց… ու մեզ հետ որբանոցի կենացը կխմես… կհասկանաս էդ կենացը… կհասկանաս, որ քո հայրն անսովոր խելագար է եղել, ոչ թե սովորական վիժվածք…

 

Գլուխս պտտվում է… էլի մի քանի վայրկյան ու կկորցնեմ հավասարակշռությունս… Ըհը… մեկ, երկու… երեք… տապալվում եմ ասֆալտին… Հետո Սոնայի բղավոցն եմ լսում… Մեքենան ճանապարհի մեջտեղում թողած` վազում է… Լավ է… ուրեմն չեմ մեռնի…

 

 

... Սոնան ինձ տուն տարավ... Թե ինչպես հասցրեց մինչեւ մեքենան կամ ինչպես բարձրացրեց աստիճանները, չեմ հիշում... Արթնացա առավոտյան... Սոնան հերթապահ բժշկի նման նստած էր կողքիս:

 

-       Շատ ե՞մ քաքի համը հանել,- հարցրի մեղավոր տոնով:

-       Լավ ես արել... Սուրճ սարքե՞մ:

-       Սարքի...

 

Վստահ եմ, եթե Սոնայի փոխարեն մերոնցից ցանկացած մեկը լիներ, կշտամբելու էր նախորդ օրվա համար... Բայց Սոնան ոչ մի բան չասաց... չէ, ասաց... ասաց` լավ ես արել... թեկուզ եթե վատ էի արել...

Դեմքս սարսափելի ցավում էր, քթով շնչել գրեթե չէր ստացվում...

Սոնան բերեց սուրճը...

 

-       Սոն, դեմքս ահավոր ցավում ա:

-       Բա ի՞նչ էիր ուզում, դեմքով ասֆալտին ես ընկել: Ուտելու բան կուզե՞ս:

-       Չէ, ոչ մի բան... Մի հատ էնտեղ նայի, եթե գլխացավի դեղ կա, բեր...

-       Պետք չի գլխացավի դեղ, սուրճդ խմի:

 

Սուրճը գրեթե չօգնեց:

 

-       Էսօր գործեր ունե՞ս,- հարցրի:

-       Չէ:

-       Մի հատ լողանամ, գնանք տոմս առնենք վաղվա կամ մյուս օրվա համար, Պետերբուրգ եմ թռնում:

-       Ի՞նչ հաշիվ ա, արտագաղթում ե՞ս,- ծիծաղեց:

-       Չէ, մեր Առնոյին հիշում ե՞ս` մանկությանս ընկերոջը... Հարսանիքն ա, ես էլ քավորն եմ:

-       Լսի, մեր կուրսի Ինգան էլ ա, չէ՞, էնտեղ:

-       Հա... Այսինքն, եթե չի տեղափոխվել... Վերջին անգամ մի տարի առաջ եմ հետը խոսել:

-       Ճշտի, եթե էնտեղ ա, հանդիպի:

 

Սոնան ինձ տարավ ավիադրամարկղ, հենց նույն օրվա համար տոմս գնեցինք... Այդ երեկո պիտի թռչեի Պետերբուրգ: Եվան ճշտեց, որ Ինգան այնտեղ է ապրում, ինձ տվեց նրա հեռախոսահամարն ու ինչ-որ փոքրիկ փաթեթ, որի մեջ ինքն ու Սոնան նվերներ էին դրել Ինգայի համար:

Մի քիչ Ինգայից պատմեմ... Նա մեզնից տարբեր էր... չէր սիրում որբանոցը, չէր սիրում երկիրը, քաղաքը... Միշտ մի երազանք ուներ` գնալ այստեղից... որքան հնարավոր է հեռու...

Առաջին կուրսում Ինգան ոչ մեկի հետ չէր շփվում, գալիս էր դասի, ընդմիջումները մեզնից առանձին էր անցկացնում: Մի քանի տարի հետո, երբ մտերմացանք (բայց մեկ է, մեզնից մեկը չդարձավ), ասաց, որ ուղղակի հետաքրքիր չէինք իրեն... Կուրսում առաջինը ես սկսեցի նրա հետ մտերմությունը: Նոր էինք փոխադրվել երկրորդ կուրս, սեպտեմբեր էր: Դասերի ավարտից հետո տուն էի գնում ու կանգառում` Ինգային հանդիպեցի:

 

-       Նորից բարեւ,- ասացի,- չնայած մենք էսօր չենք բարեւել իրար... ուզում եմ ասել` դու ընդհանրապես չես բարեւում ոչ մեկին:

-       Բարեւ,- ժպտաց,- ո՞վ ասաց` չեմ բարեւում: Լսարան մտնելուց միշտ ասում եմ` բարեւ:

-       Լավ, երկար-բարակ չեմ խոսում: Ուզում եմ քեզ սուրճի հրավիրել... Մի քիչ էն կողմ սրճարան կա:

-       Ես օրվա մեջ մի անգամ եմ սուրճ խմում, էսօր արդեն խմել եմ, կներես...

-       Ոչինչ, դու թեյ կխմես... Սխալ չհասկանաս, ուղղակի մեր կուրսից ես, բայց քեզ չեմ ճանաչում:

-       Ինչի՞դ ա պետք, որ ճանաչես:

-       Ուղղակի... գուցե ընկերներ դառնանք:

-       Դու կուրսում լիքը ընկերներ ունես:

-       Ուզում եմ մի հատ էլ ունենամ... գնա՞նք:

-       Գնանք:

 

Քայլեցինք դեպի սրճարան: Ես սուրճ պատվիրեցի, Ինգան` թեյ:

 

-       Զարմացա, որ համաձայնեցիր,- ասացի:

-       Ինչի՞...

-       Ուղղակի, դու էնքան հեռու ես քեզ պահում, որ...

-       Հիմա ամբողջ ընթացքում իմ հեռու պահելուց ե՞նք խոսելու:

-       Չէ, անցած լինի...

 

Մենք բավականին երկար նստեցինք այդ սրճարանում, հետո ահագին քայլեցինք, հետո նրան տուն ճանապարհեցի:

Կուրսում մերոնցից ոչ մեկին ոչինչ չասացի մեր հանդիպման մասին, բայց այնպես արեցի, որ Ինգան կամաց-կամաց մերվի մեզ… Ու էդպես մտերմացանք: Նա մի պահ փորձեց Սոնայի ու Եվայի երրորդը լինել, բայց նրան չհաջողվեց, որովհետեւ Սոնան ու Եվան իրար ամուր թելով էին կապված` որբանոցի թելով… Իսկ Ինգան, ինչպես արդեն ասացի, որբանոցից չէր…

Նա գեղեցիկ էր, նուրբ, հետաքրքիր, բայց ոչ մի անգամ նրա հանդեպ ընկերականից բացի այլ զգացմունք չեմ ունեցել… Եթե անգամ ունեցել եմ (ամեն դեպքում), միանգամից խեղդել եմ, որովհետեւ ինձ համար ամենակարեւոր տեղում ընկերությունն էր… Եթե մի բան այնպես չգնար, թե զգացմունքն էր կորչելու, թե ընկերությունը: Նա միշտ թեթեւ սպորտային ոճի մեջ էր` կիսապատառոտված ջինսեր (որոնք այն ժամանակ դեռ այդքան էլ տարածված չէին), տափակ սպորտային կոշիկներ… Երբեք կանացի ճոխությունների չէր վազում…

Ինգան ինձ համար ուրիշ Ինգա դարձավ երրորդ կուրսում` Ամանորի գիշերը: Ես առանձնացել էի ծնողներիցս ու մենակ էի ապրում: Քաղաքի ծայրամասում փոքրիկ բնակարան էի վարձել (այդ ժամանակ արդեն աշխատում էի, ինքնուրույն էի, ինձ դուր էր գալիս առանձին ապրելը), ընկերներով որոշեցինք Նոր տարին միասին դիմավորենք` իմ տանը: Ես, Ֆրեդը, Եվան, Սոնան, Գուգոն ու Ինգան… Անդոն ծնողների հետ արտասահմանում էր դիմավորում, Սամոն նոր էր ամուսնացել ու ընտանիքի հետ որոշեց նշել… Ես, Ֆրեդն ու Գուգոն իրար վրա դրեցինք մեր բոլոր խնայողություններն ու բաականին լուրջ գումար ստացվեց` ամանորյա գնումների համար (դեռ տակն էլ ահագին գումար մնաց): Մի արկղ օղի առանք, Սոնան ու Եվան աղցանները պատրաստեցին, Ինգան էլ տորթ թխեց: Տասնմեկին հավաքվեցինք ինձ մոտ:Խմում էինք ու խմում… Տասներկուսի զանգերի հետ օղին շամպայնի փոխեցինք, հետո էլի վերադարձանք օղուն… Բավականին խմած էինք: Ֆրեդը գրպանից լուցկու տուփ հանեց.

 

-       Ծխելու բան կա էսօր, ժողովուրդ:

-       Լավ էլի, Ֆրեդ,- մեջ ընկավ Եվան,- էդ անտեր խոտը հենց ծխում եք, ոնց որ ուրիշ մարդ լինեք:

-       Ձենդ կտրի, տոռմուզ,- վրա պրծավ Սոնան,- լցրու Ֆրեդ, լցրու ծխենք:

 

Ես, Սոնան, Ինգան ու Ֆրեդը ծխեցինք, Գուգոն ու Եվան հրաժարվեցին: Հետո էլի խմեցինք, շատ խմեցինք: Ժամը չորսը կլիներ… կամ հինգը, չեմ էլ հիշում: Բավականին երկար ժամանակ Ինգան ու Ֆրեդն ինչ-որ բան էին փսփսում, հետո դուրս եկան հյուրասենյակից ու ահագին ժամանակ չէին երեւում:

Սեղանի օղին վերջացավ: Գնացի խոհանոցից նոր շիշ բերելու: Երբ շիշը վերցրի ու հետ էի գալիս, լոգարանից ձայներ լսեցի… Դուռը կիսաբաց էր… Ավելի շատ փակ, քան բաց… Ձայներն ավելի պարզորոշ էին դառնում… ոչ թե ձայներ էին, այլ տնքոցներ… Ներս, իհարկե, չէի մտնի, բայց գուցե հիվանդ երեւակայությանս արդյունքն էր… դռան հետեւից մի պահ նայեցի, տեսա Ինգային` շալվարն իջեցրած, հենված էր լոգարանի պատին… Միանգամից հետ քաշվեցի ու օղին տարա հյուրասենյակ… Մի քանի րոպեից Ֆրեդն ու Ինգան ներս մտան:

 

-       Էս ու՞ր եք,- հարցրեց Գուգոն:

-       Ֆրեդը լավ չէր, Գուգ, մեջքն էի տրորում…

 

Չհասկացա` ինչ կատարվեց հետս… Կարծես խանդում էի Ինգային… Բայց մինչ այդ պահը ոչ մի զգացմունք չեմ ունեցել կամ ինչպես ասացի, ունենալուց խեղդել եմ, որ ամեն ինչ մնա այնքան մաքուր, որքան կա… հետը պառկելու ցանկություն առավել եւս չեմ ունեցել… Ուրեմն ո՞րն էր խնդիրը… Գուցե նեղվում էի, որ էդ տղամարդը Ֆրեդն է, ոչ թե ուրիշ մեկը… չգիտեմ… ոչինչ չէի հասկանում…

Մտա լոգարան` լվացվելու… Գետնին արյան հետքեր կային… <<Չեմ հասկանում, ո՞նց կարա կինն առաջին անգամ սեքս անի` բաղնիքի պատին հենված, շալվարը կիսատ իջեցրած>>,-մտածեցի… Կնոջ համար, շատ եմ լսել, որ առաջին անգամը կարեւոր է ու հիշվող… Մի՞թե էդ կարեւորն ու հիշվողը իմ կիսաքանդ բաղնիքի պատերն էին` կիսատ իջեցրած շալվարն ու ոչինչ չգիտակցող Ֆրեդը… Չգիտեմ… Չէի հիասթափվել Ինգայից, ուղղակի զարմացած էի… Ոչ թե զարմացած էի, որ Ֆրեդի հետ էր եղել, այլ որ իր կյանքի առաջին հարաբերությունն ունեցել է բաղնիքի պատին հենված… Տգեղ տեսարան էր… Իսկ գուցե առաջին անգամը չէր… գուցե արյունը լրիվ այլ բան էր նշանակում… Չգիտեի… Ոչ էլ արդեն ուզում էի իմանալ…

 

 

… Օդանավակայանում Առնոն ինձ դիմավորեց ու տարավ իր տուն: Կարոտել էի թե Առնոյին, թե նրա ծնողներին, որ երեխա ժամանակ սեփական ծնողներիս պես են եղել ինձ համար… Ընթրեցինք, մի քիչ զրուցեցինք ու պառկեցինք` քնելու:

Առավոտյան բավականին վաղ արթնացա: Սուրճ խմեցի (եթե նկատել եք, երկրորդ օրն է չխմելուս… բայց ամեն ինչ դեռ առջեւում է) ու զանգեցի Ինգային: Ձայնս միանգամից ճանաչեց: Պայմանավորվեցինք Ժուկովսկիյ փողոցում գտնվող <<Սալ Դե Ռիզո>> ռեստորանում` ժամը մեկին:

 

... Ես տեղում էի տասնհինգ րոպե շուտ: Հետաքրքիր ռեստորան էր` յուրօրինակ կահավորմամբ ու պատվերների կատարման գերմարդկային արագությամբ: Հիսուն գրամ ռոմ էի պատվիրել ու սպասում էի Ինգային...

 

-       Բարեւ, աննորմալ...

 

Կեպիով, կեդերով, պատառոտված ջինսով աղջնակը վերափոխվել էր շքեղ, էլեգանտ կնոջ... Իմ առաջ ուրիշ Ինգա էր կանգնած:

Գրկախառնվեցինք:

 

-       Փոխվել ես,- ասացի,- չճանաչեցի:

-       Իսկ դու չես փոխվել, էլի մեն-մենակ նստած` խմում ես:

-       Ես միշտ էլ մեն-մենակ խմում եմ,- ծիծաղեցի:

-       Բա էս ի՞նչ հաշիվ ա էս կողմերում:

-       Հարսանիքի եմ:

 

Ինգան` առանց մենյուն նայելու, ուտելիք պատվիրեց:

 

-       Պատմի,- ասացի,- ո՞նց ես, ինչո՞վ ես զբաղվում:

-       Լավ եմ, նորմալ... Երեք տարի առաջ, որ եկա, երեւի հիշում ես, քրոջս ու ամուսնու հետ էի ապրում: Քրոջս ամուսինը տեղավորել էր աշխատանքի, ընկերոջ վարսավիրանոցում մենեջեր էի աշխատում: Փող ծախսելու տեղ չունեի, դե, ոչ տան վարձ էի տալիս, ոչ ուտելիք էի առնում, ամեն ինչ անում էին ինձ համար... Ստացածս փողը դնում էի բանկում: Անցյալ տարի արդեն ահագին փող էր հավաքվել, մի քիչ էլ բանկից վերցրի` վարկով, փոքրիկ տուրիստական օֆիս բացեցի... Հիշում ես երեւի, տուրիզմն իմ տարերքն էր:

-       Հիշում եմ,- ասացի,- ուսանողական տարիներին մի քանի ամիս աշխատեցիր ինչ-որ տուրիստական օֆիսում:

-       Հա... Հիմա կամաց-կամաց ընդլայնում եմ բիզնեսս, դժգոհ չեմ... Վերջերս առանձնացել եմ, բանկով տուն եմ առել, փակում եմ...

 

Ես ուշադիր լսում էի Ինգային ու զուգահեռ մտածում մերոնց մասին... Որբանոցի մասին էի մտածում... Կարո՞ղ էր Ինգան այսքան կարճ ժամանակում ինչ-որ բանի հասնել, եթե Պետերբուրգ չգար... Չգիտեմ` դա մարդու տեսակից է, թե այն երկրի պայմաններից, որտեղ նա ապրում է...

 

-       Լավ, անընդհատ ինձնից եմ խոսում, դու քեզնից պատմի, էրեխեքից պատմի, ո՞նց են, ի՞նչ են անում:

-       Լավ են,- ասացի,- Սոնան ֆիլմեր ա գրում` հիմնականում դրսի համար, Եվան մի հատ փոքր ակումբ ա բացել, բզբզում ա, Ֆրեդն էլ ոչ ոք չգիտի` ինչ ա անում:

-       Ինչպես միշտ,- ծիծաղեց:

 

Այդ պահին էլի աչքիս առաջ եկավ բաղնիքի տեսարանը:

 

-       Անդոն էլ դեպուտատ ա ուզում դառնա, հա՞:

-       Հա, դու էլ գիտե՞ս:

-       Հա, բա ո՞նց... Կարդում եմ, նայում եմ... Լավ էլ ճառում ա:

-       Բա դեպուտատի թեկնածու ա, ինքը չճառի, ո՞վ ճառի, ե՞ս:

-       Բա Գուգո՞ն,- միանգամից դեմքից անհետացավ ժպիտը:

-       Նույնը: Անընդհատ տանը: Հավաքվելու ժամանակ զանգում ենք: Սամոն աղջիկ էր ունեցել վերջերս, վերջին անգամ էդ օրը տեսա: Սամոյենց տնից վեր կացանք ու գիշերվա կեսին գնացինք Գուգոյի մոտ:

-       Չի շփվում, չէ՞:

-       Չէ, շատ ա փակվել:

 

Մենք էլի խոսեցինք, ինստիտուտը հիշեցինք, դասախոսներին, ուսանողներին, մեր լսարանը, մեր գինարբուքները... Հետո դուրս եկանք ռեստորանից: Ինգան ասաց, որ գործնական հանդիպում ունի, բայց երկու ժամից կվերջացնի ու ինձ կտանի քաղաքը տեսնելու: Այդ երկու ժամը թափառեցի Պետերբուրգի փողոցներով: Հետո, երբ Ինգան եկավ, նրան խնդրեցի ընկերակցել ինձ Առնոյի հարսանիքին: Համաձայնեց:

 

… Առնոյի հարսանիքը ոչ մի բանով չէր տարբերվում ամենասովորական ու հերթական հայկական հարսանիքներից, որոնք ես երբեք տանել չեմ կարողացել: Ինգային ասացի, որ ուզում եմ դուրս գալ:

 

-       Ամոթ չի՞, մի քիչ էլ նստենք:

-       Ինչքան նստենք, նստելու ենք, ավելի լավ ա` հիմա դուրս գանք: Առնոյին կասեմ` գործեր ունեմ մինչեւ թռիչքը:

-       Քանիսի՞ն ա թռիչքը:

-       Չորսին:

 

Ես Առնոյին հրաժեշտ տվի հենց ռեստորանում, հրաժեշտ տվի նաեւ նրա կնոջն ու ծնողներին: Հետո Ինգայի հետ դուրս եկանք:

 

 

... Մեկնելուս դեռ չորս-հինգ ժամ կար: Ինգան որոշեց իր տանը հրաժեշտի ընթրիք կազմակերպել: Մի քանի շիշ օղի գնեց խանութից, հետո զանգեց <<Սալ դե ռիզո>> եւ ուտելիք պատվիրեց: Շատ բաներ հիշեցինք, շատ բաներից խոսեցինք:

 

-       Հիշում եմ,- ասաց,- Գուգոն ամենաակտիվն էր, միշտ հետաքրքիր բաներ էր կազմակերպում, հիշում ե՞ս` ինչքան ենք քաղաքից դուրս գնացել Գուգոյի նախաձեռնությամբ:

-       Հիշում եմ… Դիլիջանում ընկեր ուներ, իրենց տուն էինք գնում:

-       Գուգոն շատ էր սիրում Հայաստանը, Երեւանը…Մի օր ասաց` քեզ չեմ հարգի, եթե գնաս: Տեսնես հիմա էլ ա՞ էդ կարծիքին:

-       Պատկերացրու, որ հա: Գուգոն հիվանդագին ա սիրում հայրենիքը:

-       Բայց էդ նույն հայրենիքը Գուգոյին գամեց սայլակին:

-       Ըստ Գուգոյի, մեղավորը ոչ թե հայրենիքն ա, այլ պետությունը: Գուգոն կարողանում ա տարբերել էդ երկու հասկացությունները: Հայրենիքը Գուգոյի համար մարդիկ են, որոնք ապրում են իր կողքին, մենք ենք Գուգոյի հայրենիքը… Մեզնից դուրս Գուգոն հայրենիք չի ճանաչում:

-       Բա պետությունը՞:

-       Պետությունն էն հրամանատարն ա, որ Գուգոյին հաշմանդամ դարձրեց, պետությունն էն մարդիկ են, ովքեր Գուգոյի կյանքը դրեցին խաղասեղանին, պետությունն Անդոն ա, վերջապես…

 

Արդեն գլուխս պտտվում էր էս խոսակցությունից:

 

-       Հիշում ե՞ս էն Նոր տարին, որ քո տանը դիմավորեցինք:

 

Սառը ցնցուղ էր այս հարցը:

Հյութի բաժակը վերցրի, կիսով չափ օղի լցրի (երեւի 150 գրամ), միանգամից պարպեցի ու նույնիսկ ինձ համար անսպասելի ասացի.

 

-       Ես էդ գիշեր ամեն ինչ տեսել եմ:

 

Ինքս էլ չհասկացա, թե ոնց ասացի կամ ինչի համար: Ասելուցս կես վայրկյան հետո արդեն փոշմանել էի ասածիցս: Ինգան միանգամից սթափվեց:

 

-       Ի՞նչ ես տեսել,- հարցրեց:

-       Հեչ,- ասացի,- էշ-էշ խոսում եմ, մոռացի:

-       Չէ, ասա… ի՞նչ ես տեսել:

 

Խոսելս չէր գալիս, բայց հետդարձի ճանապարհ նույնպես չկար:

 

-       Քեզ ու Ֆրեդին… Իմ բաղնիքում:

 

Ինգան վերցրեց իմ դիմաց դրված հյութի բաժակը (որն արդեն օղու բաժակ էր), կիսով չափ լցրեց, ինչպես ես էի արել քիչ առաջ, ու խմեց ամբողջը:

 

-       Ու ի՞նչ… Մեղադրում ե՞ս ինձ:

-       Բացարձակ,- ասացի,- ինչի՞ համար մեղադրեմ:

-       Էդ դեպքում ո՞րն էր ասելուդ իմաստը:

-       Իմաստ չկար, հենց էնպես ասացի:

-       Ուրեմն նստվածք ա թողել,- ժպտաց:

-       Նստվա՞ծք… Հիմար բաներ ես ասում:

-       Չէ, ճիշտ եմ ասում… Սիրում էի՞ր ինձ…

 

Երբեք մտքովս չէր անցնի, որ Ինգան ինձ նման հարց կտա:

 

-       Խելքդ գցեցի՞ր, ի՞նչ սիրել… Ես երբեք չեմ սիրահարվել ընկերներիս:

-       Իսկ ես երբեք քո ընկերը չեմ եղել:

-       Էդ դեպքում ո՞վ ես եղել:

-       Չգիտեմ… բայց ընկերդ հաստատ չեմ եղել: Ես էդպես էլ չկարողացա ինտեգրվել էդ ձեր գրողի տարած որբանոց… Քո ընկերը Սոնան էր, Եվան, Ֆրեդը…

-       Գուգոն, Սամոն, Անդոն…

-       Համենայն դեպս, ոչ ես:

-       Քեզնից բան չեմ հասկանում:

-       Մի բան ասե՞մ… ես գիտեի, որ դու էդ գիշեր տեսել ես ինձ ու Ֆրեդին:

-       Գիտեի՞ր:

-       Հա,- ասաց,- դիտմամբ էր արել… Թե՞ քեզ թվում էր` ցանկությունից մեռնում էի, չէի դիմանա, մինչեւ դուրս գանք քո մոտից: Ես տեսա քեզ... Դու` օղու շիշը ձեռքիդ, կանգնած էիր...

 

Ես լսում էի Ինգային ու ոչինչ չէի հասկանում: Կարծես ուրիշ մարդու հետ խոսեի: Իմ դիմաց նստած կինը իմ ճանաչած Ինգան չէր… Տրամաբանությանս մեջ ոչ մի կերպ չէր տեղավորվում նրա ասածները: Ինչու՞ պիտի Ինգան իմ լոգարանում սեքս աներ Ֆրեդի հետ, ու միայն նրա համար, որ ես տեսնեի:

 

-       Ասածներդ ուղեղիս մեջ չեն տեղավորվում, Ինգա...

-       Ես ինձ բոլորից հեռու էի պահում,- նրա աչքերը թացացան,- չգիտեմ ինչից էր, երեւի իմ տեսակից... հետո դու հայտնվեցիր... Հիշում ե՞ս, կանգառում մոտեցար ինձ ու խոսեցիր հետս: Հետո սրճարան գնացինք: Ես կամաց-կամաց մերվեցի էրեխեքի հետ... Բայց մեկ ա, քեզնից բացի ուրիշ ոչ մեկին չունեի կուրսում: Եթե ամբողջ կուրսը մի տեղ էր գնում, ու դու չկայիր, ես էլ չկայի...

-       Բայց դա ի՞նչ կապ ունի քո ու Ֆրեդի...

-       Թող խոսեմ... Ես հավանում էի քեզ, ինձ շատ էիր դուր գալիս... Բայց երբեք ինձ վրա ուշադրություն չէիր դարձնում: Դու քո ընկերախմբի հետ էիր... Ես մեղավոր չէի, որ Սոնայի կամ Եվայի պես ուռել ու խմել չէի սիրում, մեղավոր չէի, որ երեկոները սիրում էի տանն անցկացնել...

-       Հոգեկան հիվանդի նման ես խոսում:

-       Չէ, հոգեկան հիվանդ լինեի, քեզ դուր կգայի... Դուք բոլորդ էդպիսին եք, չէ՞:

-       Ուզում ես ասել` քնեցիր Ֆրեդի հետ, որ ինձ վատ զգա՞մ... Էդ տարբերակի մեջ էլ լոգիկա չկա... Եթե ես, ոնց որ դու ես ասում, անտարբեր էի քո հանդեպ, ինչի՞ համար պիտի նեղվեի:

-       Չգիտեմ... չեմ հասկանում` ինչի արեցի, պահի տակ կայացրած որոշում էր:

-       Ես լոգարանում արյան հետքեր տեսա:

-       Ըհը... Ֆրեդն իմ առաջինն էր... Ցավոք...

-       Մենակ մի բանից եմ նեղվել,- ասացի,- չէի ուզի կյանքիդ առաջին սեքսը բաղնիքի պատին հենված անեիր...

 

Ես այս խոսքերը դիտավորյալ ասացի... ուզում էի ցավեցնել Ինգային...

Տեղիցս վեր կացա, որ պիջակիս գրպանից ծխախոտ բերեմ: Ինգան էլ կանգնեց, մոտեցավ ինձ, մի քանի վայրկյան ուշադիր նայեց ու ձեռքերով հրեց դեպի պատը: Շոկի մեջ էի...

 

-       Կպառկե՞ս հետս,- ասաց:

-       Ինգա...

-       Լռիր... Ձայն չհանես... Մեկ ա, արդեն իմացար, որ ընկերդ չեմ, կարեւորը դա ա, չէ՞... կարեւորը, որ դեմ չես գնում սկզբունքնրիդ... Ուղղիր սխալս... Թող էս անգամ էլ անկողնում լինի... չնայած` իմ լոգարանը քոնի հետ համեմատած շատ հարմար ա...

 

Չհասկացա` ոնց հայտնվեցի նրա ննջարանում...

Ինգան ձեռքով քանդեց շալվարիս գոտին... մի քանի վայրկյան հետո հատակին ընկավ նրա մուգ կարմիր երեկոյան զգեստը...

 

 

... Սոնան եկել էր օդանավակայան` ինձ դիմավորելու:

 

-       Բարի վերադարձ,- գոռաց ու նետվեց գիրկս:

-       Տաքսիով կգայի:

-       Ո՞նց անցավ հարսանիքը:

-       Ինչպես բոլոր հարսանիքները` ձանձրալի:

-       Մի հատ վիսկի չխմե՞նք:

-       Որտե՞ղ:

-       Էստեղի սրճարանում:

-       Ես գալուց առաջ Ինգայի հետ ահագին խմել եմ, բայց հարյուր վիսկին չէր խանգարի:

 

Մենք նստեցինք սրճարանում ու երկու վիսկի պատվիրեցինք (հարյուր):

 

-       Ո՞նց էր Ինգան:

-       Նորմալ:

-       Բա որտե՞ղ էիր ապրում,- հարցրեց ու տուփից ծխախոտ հանեց:

-       Էստեղ ծխել չի կարելի,- ասացի:

-       Էդ երբվանի՞ց:

-       Էն պահից, երբ բացեցին էս մասնաշենքը:

-       Այ քեզ բան... Հետաքրքիր երկիր ա, ամեն զզվելի բան կարելի ա, ծխել` չէ,- ծիծաղեց:

-       Հա, Օրուելն ասել ա` պետք է ենթարկվես փոքր օրենքներին, որպեսզի կարողանաս խախտել մեծերը:

-       Էդ ո՞նց:

-       Դա, իհարկե, ծխելուն չի վերաբերում: Տես, օրինակ, ամրագոտի կապած ժամանակ ոնց որ խեղդվեմ, դրա համար ես մեքենա վարելու ժամանակ ամրագոտի չեմ կապում: Երբ նկատում են, տուգանվում եմ հինգ հազար դրամ ու շարունակում եմ ճանապարհս: Ես համաձայն եմ երբեմն վճարել հինգ հազա դրամ իմ հարմարավետության համար: Բայց երբ խմած եմ լինում, ամրակապվում եմ, որովհետեւ եթե նկատեն, որ գոտին գցած չի, կկանգնեցնեն ու կիմանամ, որ խմած եմ, իսկ խմածության տուգանքը հարյուր հազար դրամից ա սկսում: Ստացվեց, որ ես ենթարկվեցի փոքր օրենքին` ամրագոտի գցեցի, որպեսզի կարողանամ խախտել ավելի մեծ օրենք` խմած նստեմ ղեկին:

-       Պիտերը վրեդ վատ ա ազդել:

 

Մատուցողը բերեց վիսկիները:

 

-       Ինգայից պատմի մի քիչ: Ի՞նչ էր անում, ինչո՞վ էր զբաղվում:

 

Այդ պահին ամենաքիչն ուզում էի Ինգայի մասին խոսել: Տպավորությունները դեռ թարմ էին... Ես անկողին էի մտել Ինգայի հետ: Երբեք չէի ուզի` դա տեղի ունենար, բայց եղավ այն, ինչ եղավ, որեւէ բան փոխելն այլեւս անհնար էր: Այդ խելագար գիշերը հետո ինձ հանգիստ չէր տալու...

Սոնան խոսում էր, ինչ-որ բաներ էր ասում, ես չէի լսում: Ես Ինգայի մասին էի մտածում, այդ գիշերվա մասին... Աչքիս առաջ նրա մերկ մարմինն էր... Ականջներիս անընդհատ նրա ձայնն էր. << Կպառկե՞ս հետս, մեկ ա, արդեն իմացար, որ ընկերդ չեմ... Ուղղիր սխալս... Թող էս անգամ էլ անկողնում լինի... չնայած` իմ լոգարանը քոնի հետ համեմատած շատ հարմար ա...>>…

 

4.  Լյուսի անունով կինն ու փոքրիկ Մերին

 

                                                        Բարով եկար, սիրուն կռունկ

                                                                                    ՀՀ վարչապետ

 

Պետերբուրգից վեադառնալուց արդեն քսան օր էր անցել: Գալուցս երկու օր հետո ֆիլմարտադրող մի ընկերության կողմից դոկումենտալ կինոնկարի սցենար գրելու առաջարկ ստացա: Պայմանագիր կնքեցի, հոնորարը հենց սկզբից վերցրի, վերադարձրի Ֆրեդից վերցրած փողն (Առնոյի հարսանիքի համար) ու սկսեցի աշխատել: Օրվա մեջ մի քանի անգամ պարտադիր Լյուսիի հետ էի խոսում: Լյուսիի հետ նամակագրությունն ինձ համար առօրյա անհրաժեշտություն էր դարձել: Ամենակարեւորի մասին չասացի. ես այդ քսան օրերի ընթացքում ոչ մի գրամ չեմ խմել: Սոնան, երբ այցելում էր ինձ, ասում էր, որ ես աշխարհի ամենագրագետ հարբեցողն եմ, որովհետեւ միայն նրանք են տարբերում գործը խմելուց, ու միայն նրանք են կարողանում ճիշտ ժամանակին կանգ առնել` օրգանիզմը մի փոքր մաքրելու համար: Սոնան այդ քսան օրերի ընթացքում մի քանի անգամ եկավ, ամեն գալուց ինձ համար թարմ քամած հյութեր էր բերում, տպավորություն էր, թե հիվանդատես է եկել:

Ես սցենարի պատվերն ավարտեցի շատ կարճ ժամանակում` տասնութ օրում: Շատ քիչ էի քնում: Օրգանիզմիս իմունիտետը բավականին բարձրացել էր չխմելու արդյունքում, ինձ առույգ էի զգում, ուղեղս էլ լավ էր աշխատում: Օրվա մեջ, ինչպես արդեն ասացի, զրուցում էի Լյուսիի հետ: Նա լցնում էր իմ առօրյա դատարկությունը, որ միշտ ունեցել եմ: Մենք դեռ ոչ մի անգամ չէինք հանդիպել, ու անկեղծ ասած, այդ ժամանակ ցանկություն էլ չունեի նրան հանդիպելու: Լյուսին ինձ համար մուսայի պես բան էր... Ազատ ժամանակ նրա մասին փոքրիկ էտյուդներ էի գրում... Դրանք, ճիշտ է, մնացին իմ սեղանին ու ոչ մի տեղ չտպվեցին (որովհետեւ ես չուզեցի, որ տպվեն), բայց մեկ է, ինձ հաճելի էր նրա մասին գրելը: Օրեցօր այս ամենն ավելի էր լրջանում (նրա համար նույնպես), ու ես արդեն վախենում էի: Ես վստահ էի, որ մեր հարաբերություններն ավարտվելու են մի օր, երկուսս էլ գիտեինք, որ սա ընդամենը խաղ էր` շատ սիրուն ու միեւնույն ժամանակ վտանգավոր խաղ: Ես հավատում էի նրան...

 

... Փաստորեն, իմ վերադառալուց արդեն քսան օր էր անցել, բայց մերոնցով ոչ մի անգամ չէինք հավաքվել: Ես արդեն ավարտել էի աշխատանքս, օրգանիզմս էլ բավականին մաքրվել էր, իսկ դա նշանակում է, որ ես բոլոր բարոյական իրավունքներն ունեի այդ երեկո ուզածիս չափ խմելու: Սոնային է պետք զանգել:

 

-       Աչքիս վերջացրել ես սցենարդ,- ասաց,- թե չէ չէիր զանգի:

-       Չհավաքվե՞նք էսօր:

-       Հավաքվենք, բայց իննից հետո: Մինչեւ էդ մի քանի գործ ունեմ:

-       Տասին Եվայի մոտ:

 

Կարոտել էի մերոնց: Հազարից մեկ էր լինում, որ այսքան երկար ժամանակով չէինք հանդիպում: Լոգանք ընդունեցի, սափրվեցի ու դուրս եկա տնից:

Երկու շաբաթից ավելի` մեքենաս կանգնած էր բակում, մտավախություն ունեի, որ մարտկոցը նստած կլինի: Պարզվեց` մտավախությունս ճիշտ էր: Զանգեցի հարեւանիս, իջավ, իր մեքենայի մարտկոցը դրեց իմ մեքենային, գործի գցեց, հետո փոխեց մարտկոցները, հետո առաջարկեց բակում մի-մի շիշ գարեջուր խմել, այդ ընթացքում էլ մեքենայիս շարժիչը կաշխատի, մարտկոցն էլ կլիցքավորվի: Համաձայնեցի (բնականաբար):

 

... Ֆրեդը դեռ չէր եկել, երեքով էինք, ես, Սոնան, Եվան: Սամոյին զանգեցինք, բայց չեկավ: Սամոն այնքան էլ հաճախ չէր լինում մեր երեկոներին, ամբողջ օրն աշխատում էր, հանգստյան ժամերն էլ ընտանիքի հետ էր անցկացնում:

 

Ֆրեդը զանգեց ու ասաց, որ կուշանա: Մենք օղի վերցրինք ու, ինչպես Սոնան էր սիրում ասել, սկսվեց… Կես ժամ չկար նստած էինք` Անդոն զանգեց:

 

-       Մի բան ասեմ, չեք հավատա,- ասացի,- Անդոն ա զանգում:

-       Կանչի, թող գա,- ուրախացավ Եվան:

-       Չէ, ու՞ր գա, հանկարծ չկանչես, սիկտիր արա, թող գնա:

 

Սոնան ոչ մի կերպ չէր կարողանում ներել մեր հանդեպ ունեցած Անդոյի անտարբերությունը: Ես դուրս եկա բակ, որ աղմուկը չխանգարի:

 

-       Լավ ա պատասխանեցիր… ո՞նց ես:

-       Լավ եմ, դու ասա:

-       Սովորական էլի… Ի՞նչ կա, ու՞ր ես:

-       Եվայի մոտ նստած ենք:

-       Ովքերո՞վ:

-       Ես, Սոնան, Եվան: Կարող ա՞ անցնես:

-       Հա, մի քիչ հետո կգամ:

 

Անդոն եկավ ընկերոջ` քառասունին մոտ մի տղամարդու հետ:

Սկզբում Եվային գրկեց, հետո ինձ: Այդ պահին Սոնան, որ մինչ այդ առանձնացել ու հեռախոսով էր խոսում, մոտեցավ սեղանին:

 

-       Բարեւ, Սոն ջան, ո՞նց ես:

-       Բարեւ,- ասաց Սոնան ու մի քիչ հետ գնաց, որ Անդոն չգրկի,- լավ եմ, մերսի:

 

Անդոն նեղվեց: Փորձեց ցույց չտալ, բայց բոլորս էլ տեսանք ու հասկացանք` ինչ կատարվեց Անդոյի հետ:

 

-       Ծանոթացեք, ժողովուրդ ջան, իմ լավ ընկերն ա` Մոսոն… Մոս ջան, իմ ընկերներն են, նույն կուրսում ենք սովորել:

 

Մոսոն սեղմեց ձեռքս, ժպտաց աղջիկներին ու նստեց:

Անդոն ուզում էր ինչ-որ բան խոսել, որ ցրվի լարվածությունը: Նույնիսկ նրա ընկեր Մոսոն էր նկատել, որ ինչ-որ բան այն չէ: Այդ պահին մի քիչ խղճացի Անդոյին, նա լրիվ այլ ընդունելության էր սպասում: Վերջին հաշվով, նա մեր ընկերն էր, անկախ այն ամենից ինչ եղել էր:

Ես մատուցողին խնդրեցի, որ բաժակներ ավելացնի: Անդոն մի քանի հերթապահ հարցեր տվեց Եվային, հետո ինձ: Սոնայի հետ ընդհանրապես չխոսեց: Մատուցողը բաժակները բերեց, ես լցրի օղին, Եվան ոտքի կանգնեց ու ասաց.

 

-       Բարով ես եկել, Անդ ջան, քեզ շատ էինք կարոտել: Բոլորս էլ շատ էինք կարոտել:

 

<<Բոլորս>>-ը ավելի շեշտված ասաց ու աչքի պոչով նայեց Սոնային: Անդոն ժպտաց… խմեցինք:

 

-       Ի՞նչ կա,- հարցրի,- գործերդ առաջ գնում ե՞ն:

-       Հա, նորմալ ա ամեն ինչ, մի շաբաթ բան ա մնացել ընտրություններին: Ռոբոտի պես չլվում ենք: Բա Ֆրեդն ու Սամոն ու՞ր են:

-       Ֆրեդը շուտով կգա, Սամոն էլ տանը քնած ա, շատ ա աշխատում:

 

Հենց Ֆրեդի մասին խոսեցինք, ներս մտավ: Տեսա` ոնց անակնկալի եկավ, երբ նկատեց Անդոյին: Ֆրեդն էլ էր Անդոյից նեղված: Իհարկե, ոչ այնքան, որքան Սոնան, բայց ինքն էլ իր հերթին էր մեղադրանքներ տեղում Անդոյի հասցեին:

 

-       Իյա, Ե՞վ, էս <<դեպուտատ փարթի>> ա՞ էսօր մոտդ:

 

Անդոն վեր կացավ տեղից ու սեղմեց Ֆրեդի ձեռքը: Ես սպասում էի, որ Ֆրեդն, իր սովորության համաձայն, կփորձի վիրավորել Անդոյին, բայց ոչինչ չասաց: Երկու բառ փոխանակեցին ու անցան խմելու:

Շատ խմեցինք, մանավանդ` Ֆրեդի ընկերը: Այսինքն, ավելի քիչ խմեց, քան մենք, բայց ավելի շուտ հարբեց:

 

-       Էս մեր ախպոր պիզդեցն էկել ա,- Ֆրեդն ասաց ականջիս,- սրա տուն գնալու վախտն ա վաղուց:

-       Լավ, տղա ա, մի քիչ շատ ա խմել, մի կենտրոնացի:

 

Մոսոն բաժակները լցրեց ու ոտքի կանգնեց:

 

-       Ժողովուրդ ջան, կենաց ունեմ… Ուզում եմ` Եվայի կենացը խմեմ…

-       Նստած խմի, բռատ,- հեգնեց Ֆրեդը,- Եվան ըմբռնումով կմոտենա քեզ:

-       Չէ, ախպեր, ըսենց լավ ա… Հա, մեր ախպերը մտքիս թելը կտրեց… Հա, Եվա ջան, կենացդ, ես հարգում եմ քո պես աղջիկների, ցավդ տանեմ, կարեւոր բան ա էս կյանքում աշխատելը, դու աշխատող ստեղծող աղջիկ ես, ես էդ տեսակի մարդկանց հարգում եմ:

 

Մոսոն գնաց ու բոլորիս համար անսպասելի, համբուրեց Եվայի գլուխը:

 

-       Հենց մի հատ պրոբլեմ, մի հատ հարց, ում հետ ուզում ա կապված լինի, հարկային, էլ չգիտեմ ինչ, իմացի` սարի պես կողքդ կանգնած եմ, մի րոպեում սաղ պրոբլեմներդ լուծեմ, ցավդ տանեմ…

 

Ֆրեդը վեր կացավ տեղից.

 

-       Անունդ ի՞նչ էր:

-       Մոսո,- մեջ ընկավ Անդոն:

-       Լսի, Մոսո, գիտե՞ս Եվան ինչքան պրոբլեմ լուծող ունի… երեւի դու էդքան մարդու կենաց խմած չկաս, այ էդքան ունի… Ընենց որ վրեդ շատ բան մի վեկալ:

-       Բայց ի՞նչ սխալ բան ասի, ախպեր,- նեղսրտեց Մոսոն:

 

Ֆրեդը չպատասխանեց: Մի րոպե չանցած` Մոսոն զուգարան գնաց: Սոնան դեռ ոչ մի բան չէր խոսել, նրա դեպքում դա շատ տարօրինակ էր: Վերջապես պայթեց.

 

-       Լսի, Անդո, էս խեղկատակ ընկերոջդ կարգի հրավիրի, թե չէ կարող ա շիշը գլխին ջարդեմ:

-       Սոն ջան, բայց ի՞նչ ասեց, մարդը կենաց էր խմում… Լուրջ տղա ա, այ ցավդ տանեմ, կռված տղա ա:

 

Չդիմացա, ծիծաղեցի:

 

-       Խի՞ ես խնդում, սխալ բան ասեցի՞:

-       Անդո, էդ ընկերդ էլ ա՞ ուզում դեպուտատ դառնա:

-       Տո չէ, այ ցավդ տանեմ, նրա խեռին պետք ա՞ դեպուտատ դառնա, քաղաքի կեսն իրա ձեռն ա:

-       Փաստորեն, հիմա դրա համար են դեպուտատ դառնում:

-       Էլի սկսեցիր տուպիկ կոխե՞լ, ախպեր:

-       Չէ, ինչի՞, ընտրող եմ, ուզում եմ` հասկանամ:

-       Թարգի:

-       Դեպուտատ դառնալը,- մեջ ընկավ Ֆրեդը,- խեռը կանգնելու հարց ա: Ուղղակի, եթե տենց ա, չեմ հասկանում` մեր դեպուտատների կեսը խի են իմպոտենտ:

-       Որտե՞ղ ա կռվել էս մեր ընկերը,- հարցրի:

-       Տո որտեղ չի կռվել, ամեն տեղ էլ կռվել ա:

-       Ըտենց չի լինում:

-       Իրա դեպքում լինում ա, ախպեր:

 

Անդոյին տհաճ էր մթնոլորտը: Հենց ընկերը վերադարձավ, միասին դուրս եկան: Մենք մի քիչ էլ խմեցինք: Հետո Եվան փակեց ակումբն, ու սկսեցինք քայլել: Ոտքով հասանք հրապարակ: Սոնան ու ես մոտեցանք ցայտաղբյուրին` ջուր խմելու: Այդ պահին մեզ մոտեցավ 7-8 տարեկան մի աղջնակ` պատառոտված հագուստով:

 

-       Կօգնե՞ք մի քիչ,- ասաց:

-       Այ աղջիկ ջան, դու տուն-տեղ չունե՞ս,- վրա տվեց Ֆրեդը:

-       Մի րոպե, Ֆրեդ,- առաջ եկավ Սոնան,- բալես էս ժամին ինչի՞ ես դրսում:

-       Ես դրսում եմ ապրում:

-       Ինչի՞, սիրուն ջան: Ծնողներ չունե՞ս:

-       Մամա չունեմ: Պապայիս էլ չեմ ճանաչում: Որ ես շատ փոքր եմ էղել, թողել-գնացել ա... Ես շատ սոված եմ, եթե չեք հավատում, փող մի տվեք, ուտելու բան առեք:

-       Քո անունն ի՞նչ ա,- Սոնայի աչքերը թացացան:

-       Մերի:

-       Մերի ջան, բա սենց թեթեւ հագած չես մրսու՞մ:

-       Չէ, սովոր եմ: Որ ձմեռ ա լինում, գնում եմ, էն կողմում բոմժեր կան, իրանց կրակի մոտ տաքանում եմ, բայց հիմա ձմեռ չի:

-       Լավ,- ասաց Ֆրեդը,- գլուխ մի դրեք:

-       Ձենդ կկտրե՞ս, Ֆրեդ:

 

Ֆրեդը ձեռքը տարավ գրպանը, մի քանի մետաղադրամ հանեց ու տվեց աղջնակին.

 

-       Առ, վերցրու, մենակ թե գնա, թող մենք էլ գնանք:

 

Սոնան կատաղեց.

 

-       Ֆրեդ, ռեխդ փակի: Խմած ժամանակ քո պես պիդռ էլ չկա:

 

Աղջնակը զարմացած մեզ էր նայում: Սոնան հանկարծ սկսեց երեխայի պես լաց լինել: Մենք հազար անգամ տեսել էինք մուրացիկ երեխաների, ավելի ծանր պատմություններ պատմող երեխաների, նրանց կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, բայց այս աղջնակն ուրիշ էր մի տեսակ, նրա աչքերում հայացք կար, զարմանալի հայացք, մեծ մարդու հայացք...

 

-       Տուր ձեռքդ, քաղցրս, տուն ենք գնում:

-       Ի՞նչ տուն,- հարցրի:

-       Իմ տուն... Այսինքն, մեր տուն... Չէ՞, Մերիկո:

 

Սոնան ու աղջնակն իրար ձեռք բռնած` հեռացան: Մենք քարացել էինք զարմանքից:

 

… Ֆրեդը տուն գնաց, ես ու Եվան քայլեցինք վերեւ: Հասանք` Իսահակյան փողոց, որտեղ Եվան էր ապրում:

 

-       Օրորվում ես,- ասաց Եվան:

-       Հա, շատ խմեցինք:

-       Էսօր իմ մոտ մնա, առավոտյան կգնաս:

-       Չէ, նորմալ եմ, տուն կհասնեմ:

-       Չենք շարունակում: Բարձրացի վերեւ:

 

Եվան ինձ համար թունդ, դառը սուրճ պատրաստեց ու գնաց քնելու: Ես միացրի համակարգիչը, որ Լյուսիի հետ խոսեմ:

 

-       Ո՞նց ես,- հարցրի:

-       Լավ, էս ու՞ր ես կորել:

-       Հեչ, խառն էի մի քիչ… էս ի՞նչ ագրեսիվ գրառումներ ես անում,- նկատի ունեի նրա մի քանի փոքրիկ հոդվածները, որ կարդացել էի առավոտյան:

-       Հա, ես տենց բզիկներ ունեմ:

-       Բզիկն ի՞նչ ա:

-       Չգիտե՞ս ի՞նչ ա բզիկը:

-       Չէ, որտեղի՞ց իմանամ…

-       Լավ, էդ հեչ, գիրքդ եմ ուզում կարդալ, դեռ վաճառքում կա, չէ՞:

-       Ես կնվիրեմ: Մենակ ասա` ոնց փոխանցեմ:

-       Չէ, ուզում եմ` առնեմ:

-       Ես էլ չեմ ուզում` առնես: Թողնե՞մ քո գործի տեղի անցագրայինում:

-       Ըհը:

-       Դե գնացի:

-       Ու՞ր:

-       Գիրքը տանեմ:

-       Գիժ ե՞ս… հիմա՞:

-       Հա, բա ե՞րբ:

-       Ասենք վաղը, կամ երբ ուզում ես, բայց ոչ հիմա, էս ժամին:

-       Կես ժամից գիրքը կլինի: Բարի գիշեր:

 

Երեսիս սառը ջրով լվացի, որ չքնեմ ու կանչեցի Եվային:

 

-       Էս ու՞ր ես սենց պատրաստվել:

-       Եվ, գրքիցս օրինակ կա՞ մոտդ:

-       Հա, բայց ու՞ր ես գնում: Գիրքն ի՞նչ ես անում:

-       Պետք ա, գտի մի հատ:

-       Քո ստորագրած օրինակն ա, դա տա՞մ:

-       Չէ, էլի պիտի ունենաս:

 

Սոնան ու Եվան մեկի փոխարեն մի քանի օրինակ ունեին իմ գրքից: Տպարանից հանելու օրն ամեն մեկին մի քանի հատ տվել էի:

 

-       Առ, գտա,- ասաց` ննջասենյակից գիրքը բերելով:

-       Ապրես… Գնացի:

-       Գալու ե՞ս էլի:

-       Չէ, մի հատ տեղ եմ մտնում, հետո միանգամից տուն կգնամ:

 

Հյուրասենյակի սեղանից գրիչ վերցրի, Լյուսիի անունով ստորագրեցի ու դուրս եկա: Ոտքով քայլեցի Եվայի փաբ, մեքենաս վերցրի ու սլացա քաղաքի մյուս ծայրը` Լյուսիի աշխատավայր: Գիրքը թողեցի անվտանգության ծառայողների մոտ ու խնդրեցի Լյուսիին փոխանցել:

Վերադառնալու ճանապարհին ճանապարհային ոստիկանը ազդանշան տվեց, նայեցի արագության ցուցիչին, տեսա, որ 130 կմ/ժ արագություն եմ զարգացրել: Ես դանդաղ եմ վարում սովոաբար, անգամ խմած ժամանակ, այսինքն, հատկապես խմած ժամանակ: Չէի հասկանում, թե ոնց եմ այսպիսի արագություն բացել ու որ ավելի տարօրինակ է, ոնց չեմ զգացել:

Իջա մեքենայից, ոստիկանը նույնպես իջավ: Ներկայացավ ու փաստաթղթերս պահանջեց:

 

-       Արագ եք վարում:

-       Գիտեմ,- ասացի,- նոր նկատեցի:

-       Խմած ե՞ք:

-       Հա,- ասացի (հիմնականում խաբում եմ տեսուչներին, այս անգամ ճիշտն ասացի):

-       Ընենց էլ հպարտ-հպարտ ասում ես… բա հիմա ո՞նց անենք:

-       Ի՞նչը ոնց անենք,- հարցրի:

-       Էս խմածությանդ հարցը: Գիտես, չէ՞, ակտը 100 հազարից ա սկսում:

-       Գիտեմ:

-       Դե ասա:

-       Ի՞նչ ասեմ:

-       Մի բան ասա էլի, ինչ սրտովդ անցնում ա, ասա` գնա:

-       Սրտովս մի հատ լավ կենաց ա անցնում, ասե՞մ:

-       Այ ախպեր, դու գիժ ե՞ս: Նաղդ խմած բռնել ենք, ի՞նչ կենաց: Ասում եմ տուգանքս մինիմում 100 հազար ա, ավտոդ էլ տուգանային ա գնում:

-       Դե գրի… բանալիներն էլ վրեն ա:

-       Ո՞նց գրեմ: 100 հազար գրե՞մ:

-       Հա, չեկն էլ կտանես, Լյուսիին կտաս:

-       Լյուսին ո՞վ ա,- տեսուչը ուղեղի ցնցում էր տանում:

-       Լյուսին… դեռ ես էլ չգիտեմ` ով ա:

 

Ոստիկանն ինձ մեկնեց փաստաթղթերս:

 

-       Գնա, այ ախպեր, էշի, գնա, դու գիշերվա երազ ես… կամաց գնա, ռեյդ ա:

 

Չհասկացա` ոնց ծնվեց էս ախմախ դիալոգը: Արագ քայլեցի տեսուչի հետեւից ու դրամապանակիցս մի հինգ հազար դրամանոց հանեցի.

 

-       Վերցրեք սա:

-       Քեզ պահի, այ ախպեր, գոհ եմ քո տված փողից: Լյուսիիդ համար ծաղիկ կառնես իմ կողմից:

-       Չէ, դժվար Լյուսին քեզնից ծաղիկ ընդունի, վերցրու:

-       Ոնց գիտես,- ասաց ու հինգ հազարանոցն էնպես տարավ, ոնց որ աշխարհի վերջին հինգ հազարանոցը լիներ:

 

Խմել էի ուզում: Էլի բոլոր զգացմունքներն իրար էին խառնվել, ինչպես հաճախ էր լինում վերջերս, հատկապես Լյուսիի հայտնվելուց հետո: Ճանապարհից մի շիշ օղի առա ու տուն գնացի: Լյուսիին գրեցի, որ գիրքը տարել եմ:

 

-       Խելառ ես դու,- ասաց,- երանի քո հավեսին:

 

Պատմեցի ճանապարհն տեղի ունեցածը ոստիկանի հետ: Հետո էլի խոսեցինք: Հետո ինձ մի գեղեցիկ երգ ուղարկեց: Սիրում էի նրա լսած երգերը… Սիրում էի, որ միասին էինք լսում այդ երգերը (մենք այդ պահին միասին չէինք, բայց նույն զգացողություններն էինք ունենում):

 

-       Քեզ սուրճի եմ հրավիրում,- ասաց:

-       Ե՞րբ:

-       Հիմա:

-       Հիմա՞… Որտե՞ղ:

-       Բալկոնում:

-       Ի՞նչ բալկոն:

-       Ես` իմ, դու` քո:

-       Բան չեմ հասկանում:

-       Ի՞նչ կա չհասկանալու: Տես, հիմա պատրաստում ես մեր սիրած դառը սուրճը, մի հատ սիգարետ ես վերցնում ու դուրս ես գալիս բալկոն:

-       Հետո՞:

-       Նույնն էլ ես եմ անում: Ու ստացվում ա, որ սրճեցինք ու ծխեցինք միասին:

 

Ես գնացի խոհանոց ու սուրճ պատրաստեցի: Հետո դուրս եկա պատշգամբ: Լյուսին ճիշտ էր ասում, մենք միասին էինք սուրճ խմում, ես հիմա էլ հավատում եմ, որ մենք այդ գիշեր միասին ենք սրճել: Դրանից հետո եկող օրերին մենք միշտ <<միասին>> էինք սրճում:

 

-       Խմեցի՞ր,- հարցրեց:

-       Հա,- ասացի:

-       Լավ է՞ր:

-       Հա:

-       Դե վերջ, բարի գիշեր:

-       Հաջող:

 

Անջատեցի համակարգիչը, միացրի հեռուստացույցը (ինչ-որ բան պարտադիր պիտի միացրած լինի իմ տանը, էդ էլ իմ, ոնց Լյուսին էր ասում, բզիկն է), բերեցի գնածս օղին ու մի հատ բաժակ: Ուտելու ոչինչ չհանեցի սառնարանից, ոչ էլ հյութ (հյութն այն պարզ պատճառով, որ չունեի): Ու սկսեցի խմել… Լյուսիի համար էի խմում, ընկերներիս համար, այն փոքրիկի, ում այսօր գտանք: Հիշեցի փոքրիկի մասին, Սոնային էր պետք զանգել:

 

-       Սոն, քնած էի՞ր:

-       Չէ, Մերիկոն հենց նոր քնեց, ես էլ արդեն ուզում էի` պառկեմ:

 

Այնպես էր խոսում, կարծես այդ աղջնակն ամբողջ կյանքում իր տանն էր ապրել:

 

-       Չհասկացա` ինչ արեցիր,- ասացի:

-       Ի՞նչ կա չհասկանալու: Արդեն մամա եմ, աղջիկ ունեմ:

-       Հո դու հիմար չես, խմած, պահի տակ որոշումներ ես կայացնում, տենց չի կարելի, վաղը որ փոշմանես… մեղք ա էդ էրեխեն:

-       Հավատա, կյանքում էնքան լուրջ ու հաստատակամ չեմ էղել, ինչքան հիմա: Մենակ մի բան խնդրեմ քեզ, մի հատ ճշտի երեխա որդեգրելու կարգը, շուտ անենք, վերջացնենք:

-       Սոնա…

-       Մի շարունակի, վաղը կգամ, կխոսենք… պաչում եմ, հաջող…

 

Մի բաժակ էլ եմ լցնում… Մերիի կենացը, մեկն էլ ավելացավ մեր որբանոցում:

Երբ էլի հավաքվեինք բոլորով, կուզեի Լյուսին էլ լիներ, նրան դուր կգար մեր որբանոցը, հաստատ, դուր կգար:

 

Այդ օրերին միայն Լյուսիով էի ապրում: Այնքան շատ էր նա իմ մեջ այդ ժամանակ, ավելի շատ, քան իրավունք ուներ լինելու… Մինչեւ օրս էլ չեմ հասկացել` ինչ կատարվեց, չեմ հասկացել` խաղում էր ինձ հետ, թե չէ… Կամ որտե՞ղ վերջացավ խաղն ու սկսվեց խաղում տանուլ տվածը փակելու ժամանակը: Ես խելագարի պես էի սիրում… Սկզբում խուսափում էի նրան հանդիպելուց, չէի ուզում տեսնել: Թող նա մնա այն մեկն, ում չեմ տեսել, սակայն սիրում եմ այնքան, որքան ոչ մեկին չկարողացա սիրել… Բայց գիտեի, որ մի օր պիտի նայեմ իրականության աչքերին, ու հասկանում էի` ինչ կլինի ինձ դրանից հետո… Ու պատրաստ էի…

Ես մտա խաղի մեջ, Լյուսիի հորինած խաղի, որ <<Պատերազմ>> էր վերնագրված… Ես այդ խաղի առաջին ու միակ խաղացողն էի…

Լյուսի… Որքան շուտ պիտի վերջանայիր… ոնց հորդեցիր հեղեղի նման, էնպես էլ չքացար … Ու դու միակն էիր բոլոր միակների մեջ, ում թողած ցավը անգամ մի րոպեով չբթացավ… Չէիր ուզում ինձ ցավեցնել, ուզում էիր հենց էնպես թողնել ու գնալ… մտածելով, որ ես արագ կմոռանամ ու ամեն բան իր տեղը կընկնի… Ոնց տեսնում ես, ճիշտ հակառակը եղավ… Բայց հիմա ես քեզ հետ սիրելու մասին չեմ խոսում… ես երբեք սիրո մասին չեմ խոսում (չկա ավելի ձանձրալի բան դրանից), ես խոսում եմ ժամանակի մասին, խաղի մասին, ցավագարության մասին, մեր ունեցած մի ամսվա մասին, այն մասին, թե ոնց մարդը կարող է այդ մի ամսից առաջ եղածի ու հետո լինելիքի վրա թքած ունենալ աշխարհի ամենաբարձր կետից… Այն կետից, որտեղ վերջին անգամ տեսանք իրար… Աշխարհն ինձ համար ամբողջացավ չարաճճի աչքերիդ ու զրնգուն ծիծաղիդ մեջ… Հետո կանգնեց այդ աշխարհը… Կանգնեց այնտեղ, որտեղ հրաժեշտ տվինք իրար… Մինչեւ հիմա ինձ մոտ ապրիլյան այդ առավոտն է… մինչեւ հիմա ես այդ բարձր վայրում եմ… մինչեւ հիմա այնտեղ են այն լկստված զույգերը, մարզանքի դուրս եկած ճաղատ տղամարդն ու շնով կինը… ու շունը, որ Ֆրեդի մորաքրոջ անունից ուներ…

 

-       Ուշացա գործից… մերսի, որ հասցրիր, հաջող:

 

Վերջին նախադասությունդ էլ ընդամենը սա էր, ոչ մի ավելորդ ու բարձր բառ… Իջար մեքենայից ու ներս մտար…

 

<<Ուշացա գործից>>…

… Քո գործից ուշանալուց հետո շատ օրեր են անցել, ես շատ բան եմ հասկացել, շատ բաներ էլ սկսել եմ չհասկանալ, այս բոլոր օրերի մեջ մեկը չեղավ, որ քեզնով չլուսանա… Իսկ դու ոչ մի անգամ չհայտնվեցիր… Իսկ ուզածս մեծ բան չէր…մի բաժակ սուրճ` պատշգամբում… ես` իմ, դու` քո…

5.  Որբանոցի դարպասներից այն կողմ

 

                                                        Ամեն ինչ լավ է լինելու...

                                                                                  Անհայտ օնանիստի օրագրից

 

... Սոնան արդեն որդեգրել էր Մերիին, Անդոն պատգամավոր էր դարձել, ես գրեթե ավարտել էի նոր գիրքս, Լյուսին ավելի ու ավելի էր հարազատացել... Կյանքն իր սովորական կամ անսովոր հունով գնում էր, ինչպես միշտ է գնացել... Շատ ժամանակ չէր անցել, երեւի մի ամիս կամ ավելի քիչ, բայց մենք արդեն սովորել էինք փոքրիկ Մերիի ներկայությանը, նա դարձել էր մեր առօրյայի մի մասը: Ֆրեդը, որ միշտ անտարբեր է եղել երեխաների նկատմամբ, ամեն օր` խաղալիքները ձեռքին, Սոնայի տուն էր գնում: Մենք հավատում էինք, որ Մերին մեր նոր կյանքի սկիզբն է…

 

Երբ երեխայի որդեգրման գործընթացն ավարտվեց, ու Մերին դարձավ Սոնայի օրինական դուստրը, մենք մեծ խնջույք կազմակերպեցինք իմ տանը: Դա այն քիչ օրերից էր, երբ բոլորս հավաքվել էինք, ոչ միայն ես, Սոնան, Եվան ու Ֆրեդը, այլեւ Անդոն, Գուգոն ու Սամոն` ընտանիքի հետ: Վերջին անգամ այս կազմով երեք-չորս տարի առաջ էինք հավաքվել, դրանից հետո միշտ գոնե մեկը պակաս է եղել:

Ֆրեդը լցրեց բաժակները (Ֆրեդի լցրածը թեթեւ է խմվում), Անդոն ասաց ավանդական <<բարլուսն>>, ու խմեցինք: Հետո ես կենաց ասացի (նման բան մեկ էլ ուսանող ժամանակ էր եղել մի անգամ), հետո Եվան որբանոցի կենացը խմեց, հետո էլի կենացներ ասվեցին, սրտաբուխ կենացներ, որովհետեւ առաջին անգամ այսքան տարիներ հետո մենք յոթով մի սեղանի շուրջ էինք:

Յոթերորդ կամ ութերորդ (գուցե իններորդ կամ տասներորդ) բաժակը լցնելու ժամանակ (երեւի տասնչորսերորդ) Սոնան ոտքի կանգնեց.

 

-       Խելագարվում եմ բոլորիդ համար, շնորհակալ եմ, որ կիսում եք երջանկությունս, շնորհակալ եմ, որ չկասկածեցիք որոշմանս, որ կողքիս կանգնեցիք...

 

Խմեցինք: Հետո Գուգոն վերցրեց բաժակը.

 

-       Ժողովուրդ, ես ձեզ ուշ-ուշ եմ տեսնում, բայց միշտ մտածում եմ ձեր մասին, միշտ իմանում եմ ձեր մասին... Ես գիտեմ, որ ինձ չեք մեղադրում, գիտեմ ու շնորհակալ եմ դրա համար, որովհետեւ բոլոր իրավունքներն ունեք մեղադրելու, կյանքն էնպես դասավորվեց, որ ես ձեզ համար չկարողացա էն ընկերը լինել, որ պիտի լինեի, չկարողացա էն ընկերը լինել, որին դուք արժանի եք...

 

Սոնան լցրեց աչքերը, Եվան արդեն լաց էր լինում:

 

-       ... եթե դեռ ապրում եմ, թեկուզ կիսատ, էդ էլ ա ձեր շնորհքը, դուք ինձ միշտ համոզել եք, որ չեմ մեռել, չգիտեմ, կարող ա խաբել եք, բայց ես հավատացել եմ... ձեր ուշադրությունն ու հոգատարությունը, ձեր նվիրվածությունը աշխարհի ամենաառողջ ոտքերի հետ չեմ փոխի...

-       Վերջ տուր, Գուգո,- մի կերպ արտասանեց Սոնան,- հիմա սիրտս կպայթի:

-       Ձեր կենացը... ձեր ու էս փոքր հրեշտակի... Սոն ջան, թող քո աղջիկն ուրիշ կյանք ունենա, թող ավելի քիչ բան հասկանա, ավելի շատ ապրի, լիարժեք ապրի, թող տեսնի` ինչեր կան որբանոցի դարպասներից էն կողմ...

 

Սոնան մոտեցավ Գուգոյին, կռացավ, համբուրեց ճակատն ու... հորդեցին արցունքները Սոնայի, Գուգոյի... բոլորիս...

Անդոն սրբեց արցունքներն ու ծխախոտ վառեց, հետո ես վառեցի, հետո Եվան... Փոքր ու նեղ սենյակը ծխի մեջ կորավ, ծխի ու արցունքների... Գուգոն երբեք այսքան երկար չէր խոսել, Գուգոն երբեք չէր բացել սիրտը... Մենք ծխում էինք, Սոնան ու Գուգոն` գրակախառնված լաց լինում, իսկ փոքրիկ Մերին ոչինչ չէր հասկանում... կամ հասկանում էր...

 

... Մի շաբաթ հետո ինձ Կարմենը զանգեց:

 

-       Ո՞նց ես հարբեցող,- հարցրեց ծիծաղելով:

-       Սովորական:

-       Էսօր մի տեղ դուրս չգա՞նք, կարոտել եմ քեզ:

-       Կարոտե՞լ:

-       Հա, ինչի՞ զարմացար:

-       Զարմանալու բան ա, ո՞նց չզարմանամ: Դու ինձ առաջին անգամ ես կարոտում:

-       Կյանքում ամեն բան առաջին անգամից ա սկսում:

-       Որտե՞ղ հանդիպենք, Եվայի մո՞տ:

-       Չէ, չեմ ուզում Եվայի մոտ:

-       Բա ու՞մ մոտ ես ուզում:

-       Չգիտեմ, լավ եղանակ ա, արի ինչ-որ բացօթյա սրճարան գնանք:

-       Լավ, ուրեմն արի իննին լինենք Թամանյանի արձանի մոտ,- ասացի,- էդ կողմերում էլ մի տեղ կնստենք:

 

Կարմենին ահագին ժամանակ չէի հանդիպել: Եթե ասեմ, անընդհատ կամ թեկուզ պարբերաբար հիշել եմ նրա մասին, սուտ կլինի, բայց երբ զանգում էր, ուրախանում էի, ինչ-որ դրական էներգիա կար Կարմենի մեջ, տրամադրությունս բարձրանում էր, երբ խոսում էի նրա հետ:

 

... Դեռ մի քանի ժամ կար, մինչեւ կտեսնեի Կարմենին: Ավտոլվացման կետ գնացի, մեքենաս սարսափելի կեղտոտ էր, վերջին անգամ Պետերբուրգ գնալուց առաջ էի լվացման տարել: Հետո տան համար մի քանի անհրաժեշտ գնումներ արեցի ու որոշեցի այցելել հորս: Վաղուց չէի տեսել: Որքան վատ հայր էի զավակիս համար, երկու, երեք կամ հարյուր այդքան վատ որդի էի հորս համար. շաբաթներով չէի տեսնում նրան:

 

... Մենակ էր տանը, ինչպես միշտ է մենակ եղել: Մորս մահից հետո հայրս միշտ մենակ է եղել, անգամ եթե հարյուրները շրջապատեին նրան: Ամեն անգամ հորս տեսնելիս` վերապրում եմ այն օրերը, երբ նոր էինք զրկվել մորիցս: Ուսանող էի, տուն էի վերադառնում ու տեսնում` ոնց է հայրս ինձ համար ընթրիք պատրաստում: Այդ տեսարանն իմ կյանքում անջնջելի հետք է թողել, եթե նույնիսկ ամեն ինչ ու բոլորին մի օր մոռանամ, այդ պատկերը միշտ աչքիս առաջ կլինի... քանի ապրում եմ...

 

-       Բարեւ, պապ,- ասացի ու մեկնեցի ձեռքս:

-       Բարեւ... էս ո՞նց ա` հիշել ես:

 

Ձեռքս սեղմեց... չգրկեց: Մենք երբեք չենք գրկախառնվել, անգամ ամենաերջանիկ ու ամենածանր պահերին:

 

-       Միշտ էլ հիշում եմ, ժամանակս ա քիչ, չեմ հասցնում` գամ,- ստեցի:

-       Զանգել էլ չես հասցնու՞մ... Արի, նստի...

-       Ո՞նց ես, ի՞նչ կա չկա:

-       Լավ եմ... ոչ մի նոր բան չկա... Դու պատմի, ո՞նց են գործերդ:

-       Լավ են, պապ, սովորական:

-       Էրեխեն լավ ա՞:

-       Լավ ա:

-       Գոնե տեսնում ե՞ս:

-       Հա, տեսնում եմ,- էլի ստեցի:

 

Ծանր էր… Ամեն անգամ հայրական տուն մտնելիս` մեղավորի զգացողություն էի ունենում, գուցե տեղին զգացողություն էր: Նա կարոտում էր ինձ, նա, որ ամբողջ կյանքում միայն ինձնով էր ապրել, հիմա մենակ էր...

 

Մի քիչ նստեցի, խոսեցինք… Չկարողացա երկար մնալ:

 

-       Ես գնամ,- ասացի,- գործեր կան:

-       Խմում ե՞ս էլի,- հարցրեց:

-       Չէ, պապ, չեմ խմում… Գնացի:

-       Գնա... Էլի կգաս...

 

… էլի կգամ… անպայման կգամ, հայր… խոստանում եմ… կգամ, կես ժամ կնստեմ, կծխենք, կխոսենք, հետո էլի կգնամ… կմտածես, թե պարտավորված եմ գալիս ու էդ կես ժամն էլ մի կերպ եմ նստում… Հա, երբեմն ճնշվում եմ… ախր, էդ կես ժամերը սովորական չեն, դրանք ափսոսանքի, որեւէ վայրկյան հետ բերելու անզորության ու ժամացույցին նայելու կես ժամեր են, որոնք ոչ մի անգամ թեթեւ չնստեցին սրտիս… Կգամ, հերթապահ հարցեր կտանք, բթացած կարոտը կծանրացնի օդը սենյակիդ… Հետո կմնա քսանյոթ րոպե… Կտեսնեմ, որ անցյալ շաբաթվա կես ժամից հետո մի կնճիռ էլ ավելացավ… Հայացքդ հիշել կտա քեզնից խլած բոլոր կես ժամերը, որոնք իրար գումարած ամբողջ կյանք են դառնում… Ինձնից բան չհասկանալդ կտեսնեմ… օրերով ու ամիսներով ինձ որոնելդ… Ու ոչինչ չեմ հիշի, որովհետեւ ցավոտ կլինեն բոլոր բարի հիշողությունները… Ցավոտ կլինի մանկությունս, մեծանալս ցավոտ կլինի ու հայր դառնալս… այդ պահին ամեն բան կցավեցնի ներսս… Կգամ, կտեսնեմ մենակությունդ ու իմ մենակությունը, որի անունը վաղուց անտերություն ենք դրել երկուսով… Կտեսնեմ, որ ներել ես կես ժամերիդ համար, որ չես էլ մտածել դրանց մասին, որովհետեւ բոլոր կես ժամերից առավել ես կայի քեզ համար… Կտեսնեմ, որ երկու ոտքով ամուր կանգնած ես հողին` քեզ հատուկ հպարտությամբ, ամեն դառնություն ու տառապանք  կուլ տալու կամքով, որ ինձ ես կտակել… Կգամ, մի քիչ կխմենք… առաջին անգամ կխմենք, ու այս անգամ էլ իրար կներենք, որ երբեք ընկերներ չեղանք… հետո գոռոզ գիտակցությամբ կհասկանամ, որ գլուխդ միշտ էլ բարձր է եղել ինձ համար… Մի քանի վայրկյանով կվերանա կես ժամվա ճնշումը… Հայրենիքի մասին կխոսենք, իմ ու քո երազանքների հայրենիքի, որ <<եվրոռեմոնտ>> արած որբանոց են դարձրել… կհասկանանք, որ անհայրենիք ենք… Կգիտակցեմ, որ դու ես եղել իմ հայրենիքը, իմ միակ հայրենիքը, որտեղից փախչելու տեղ չունեմ… Շատ կխմեմ ու այդ օրը քեզ մոտ կգիշերեմ… գուցե վերջին անգամ… Երբ զանգեն ու վատ լուր հայտնեն, կհասկանամ կես ժամերի թանկությունը… կհասկանամ, որ ամեն վայրկյան զգացել եմ կարիքդ… կզգամ, որ քո արյան ու տեսակի միակ կրողն եմ… ու այդ գիտակցումը կլցնի դատարկությունս… Երկար ապրիր...

 

 

... Կարմենի հետ կոնյակ էինք խմում Կասկադի սրճարաններից մեկում:

 

-       Պատկերացրու,- ասաց,- էս տարի առաջին անգամ եմ բացօթյա սրճարանում նստում:

-       Ասում ես` կարոտել ե՞ս ինձ:

-       Աչքիս շատ ես սրտիդ մոտիկ ընդունել:

-       Բացարձակ,- ասացի:

-       Լավ, մի թաքցրու... Ուշք ու միտքդ հետս քնելն ա, չէ՞, ուղղակի քեզ ծանր ես պահում: Ո՞նց Եվայի փաբում ասացիր, որ չես ուզում` հետս քնես:

-       Հա, եթե ուզեի հետդ քնել, կասեի` ուզում եմ հետդ քնել, չէի ուզում, ասացի` չեմ ուզում:

-       Եթե հետս քնելու մասին չմտածեիր, հաստատ հետս չքնելու մասին էլ չէիր մտածի:

-       Փիլիսոփայում ես... Քեզ ի՞նչ ա թվում, գիշերները մաստուրբացիայով ե՞մ զբաղված քո հաշվով:

-       Բայց պատկերացնում եմ` ինչ տեսարան կլինի,- ծիծաղեց,- քեզ կսազի, գիտե՞ս...

-       Էլի ջրիկացել ես...

 

Մենք խոսում ու ծիծաղում էինք, երբ Սոնան զանգեց...

 

-       Ու՞ր ես... այսինքն էդ կարեւոր չի... արագ արի, Գուգոյին հիվանդանոց են տարել, վիճակը ծանր ա...

 

Չգիտեմ` ոնց եղավ, որ կաթվածահար չեղա այդ պահին:

 

-       Սոնա, նորմալ բան ասա, ի՞նչ ա պատահել, ի՞նչ հիվանդանոց:

-       Չգիտեմ, վատացել ա միանգամից... ես էլ հստակ ոչինչ չգիտեմ, հիմա հիվանդանոցի ճանապարհին եմ:

-       Ո՞ր հիվանդանոցն ա:

-       Պռոշյանի... էն որ Եվային վիրահատեցին չորրորդ կուրսում:

 

Վեր կացա տեղիցս, Կարմենից ներողություն խնդրեցի ու վազեցի դեպի մեքենան... Հետեւիցս լսում էի Կարմենի ձայնը` <<ի՞նչ ա էղել, հո լուրջ բան չի՞ պատահել... ի՞նչ հիվանդանոց էիր ասում... գա՞մ...>>...

 

... Չեմ էլ հիշում` ոնց հասա հիվանդանոց... Սոնան ու Անդոն արդեն այնտեղ էին:

 

-       Ի՞նչ ա էղել, ի՞նչն ա վատացել,- հարցրի:

-       Դեռ ոչ մի բան չգիտենք, քույրն ասում ա միանգամից գիտակցությունը կորցրեց, հիմա կմտնեմ բժշկի մոտ, կպարզեմ,- ասաց Անդոն:

-       Բայց հիմա ի՞նչ են անում բժիշկները, վիրահատում ե՞ն:

-       Ի՞նչ իմանամ, այ ախպեր, ես բժիշկ ե՞մ տեսել:

 

Մեզնից մի փոքր հեռու նկատեցի Գուգոյի քրոջը: Ուզեցի մոտենալ, բայց չարեցի: Քիչ հետո բուժքույրը մոտեցավ Անդոյին ու ասաց, որ բժիշկն իրեն է սպասում:

 

-       Հետս մտի,- ասաց,- չեմ ուզում` մենակ մտնեմ:

 

Անդոյին ու մեզ բոլորիս երբեք այսքան խեղճացած ու անօգնական չէի տեսել:

 

Բժիշկը մեզ ընդունեց ու առաջարկեց նստել:

 

-       Բժիշկ, ո՞նց ա մեր ընկերոջ վիճակը,- հարցրեց Անդոն:

-       Չեմ ուզում ձեզ հիասթափեցնել, պարոնայք, բայց չեմ էլ ուզում հույսեր տալ, վիճակը ծանր է:

-       Բայց ի՞նչ էղավ էդ տղուն, նորմալ էր ամեն ինչ:

-       Երիտասարդի մոտ լեյկոզ է հայտնաբերվել` ուղեղի արյունազեղում:

-       Բայց դրան բուժում կա, չէ՞, բժիշկ:

-       Մենք մեզնից կախված ամեն բան անում ենք, բայց ոչինչ խոստանալ չեմ կարող, հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է:

 

Ես ոչ մի հարց չտվեցի, ոչ մի բառ չխոսեցի, բառերը կոկորդիցս հետ էին գնում: Անդոն շարունակեց.

 

-       Բժիշկ, ինձ ճանաչում ե՞ս:

-       Ճանաչում եմ:

-       Դե ուրեմն իմացի, ամեն ինչի պատրաստ եմ, ոչ մի բանի առաջ մի կանգնեք, պետք ա դրսից ամենալավ մասնագետը բերենք, պետք ա Գուգոյին տանենք դուրս, մենակ թե փրկեք բժիշկ:

-       Լսեք, մենք ունենք անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու լավագույն մասնագետները, հիվանդությունն արդեն պիկին է հասել, հիմա հիվանդն անգիտակից վիճակում է, ապարատներ ենք միացրել, որ շնչի...

-       Կոմայի մեջ ա՞,- վերջապես կարողացա մի հարց տալ:

-       Չէ, կոմայի մեջ չի... Հնարավոր է, որ գիտակցության գա, բայց ապրելու շանսերը, ցավոք, շատ քիչ են:

-       Լավ, ես չեմ հասկանում,- նյարդային տեղից վեր կացավ Անդոն,- էդ ի՞նչ հիվանդություն ա, որ մինչեւ հիմա չենք իմացել:

-       Լինում են նման դեպքեր, շատ են լինում: Հաճախ հիվանդները դա իմանում են սրվելուց հետո միայն: Եթե ժամանակին անալիզներ տար, ստացիոնար բուժում ստանար, գուցե պատկերը լրիվ այլ լիներ:

-       Շնորհակալ եմ, բժիշկ,- ասացի ու դուրս եկա:

 

Անդոն էլի մնաց: Սոնան ինձ հարցեր էր տալիս, բայց չէի պատասխանում, ասում էի` Անդոյին հարցնի: Լեզուս չէր պտտվում, որ կարողանայի ասել` Գուգոն վերջին ժամերն է ապրում: Անդոն դուրս եկավ կես ժամ հետո:

 

-       Խոսա, Անդո, մի բան ասա,- վրա տվեց Սոնան,- սրան հարցնում եմ, բան չի ասում... ի՞նչ ասեց բժիշկը:

-       Լեյկոզ...

-       Դա ի՞նչ ա, նորմալ բան ասա: Հո կյանքին վտանգ չի՞ սպառնում:

-       Սոն, հարցեր մի տուր, առանց էն էլ բժիշկն էնքան գռուզիտ արեց, հեսա կարող ա սիրտս հենց ստեղ կանգնի:

-       Անդո, ի՞նչ ա նշանակում` հարցեր մի տուր, լուրջ բան կա՞:

-       Սոնա, ասում եմ լեյկոզ, դրանից էլ լու՞րջ:

 

Սոնան հասկացավ իրավիճակի լրջությունը:

 

-       Բժիշկն ասեց` կարա մտածմունքներից լինի, ամեն ինչ ներս գցելուց լինի, ամեն ինչից կարա լինի,- Անդոն լցրեց աչքերը:

 

Եվան, Սամոն ու Ֆրեդը միասին եկան: Ֆրեդն ու Սամոն մտան բժշկի մոտ: Բժիշկը նրանց էլ ամեն ինչ բացատրեց: Սոնան շարունակ արտասվում էր, Անդոն քայլում էր միջանցքի երկայնքով, ես ու Եվան միջանցքի պատուհանից ծխում էինք, Սամոն վերեւ էր նայում, իսկ Ֆրեդն անշարժացած` հայացքը հառել էր մի անորոշ կետի...

Մեկ ժամ, երկու, երեք... ոչ մի նորություն չկար Գուգոյից, ամեն անգամ, երբ բժիշկը կամ բուժքույրը դուրս էին գալիս, սիրտներս արագ էր սկսում խփել... Անդոյի ընկերներն էին գալիս ու գնում, անընդհատ ինչ-որ թիկնապահներով (կամ առանց թիկնապահների) մարդիկ էին գալիս, Անդոյին զորակցություն ու ամեն ինչով օգնելու պատրաստակամություն էին հայտնում, հետո մի քիչ կանգնում-գնում էին...

 

Ժամը երեքը կամ չորսն էր: Բժշկուհին դուրս եկավ, կանչեց Անդոյին, ինչ-որ բան ասաց, հետո Անդոն մոտեցավ մեզ ու ինձ ասաց.

 

-       Գուգոն ուշքի ա էկել... Գնա, քեզ ա ուզում տեսնի:

-       Ի՞նձ:

-       Հա... Գնա...

 

Այդ պահին ամեն ինչի պատրաստ էի, միայն ոչ դրան: Չէի ուզում Գուգոյին այդ վիճակով տեսնել, չէի ուզում` Գուգոն այդպես մնար հիշողությանս մեջ...

 

-       Կարող ա՞ գնաս,- սաստեց Սոնան:

-       Գնում եմ...

 

... Բուժքույրն ինձ խալաթ տվեց եւ ուղեկցեց Գուգոյի մոտ: Մոտեցա, համբուրեցի ճակատն ու հազիվ ինձ զսպեցի, որ գոռալով լաց չլինեմ:

 

-       Մերոնք ստեղ ե՞ն,- հարցրեց ցածր ձայնով:

-       Հա,- ասացի,- ո՞նց կարան ստեղ չլինեն:

-       Բա մի հատ որբանոցի կենացը չխմե՞նք,- ժպտաց:

-       Հա, բա ո՞նց... Դու դզվի, դուրս արի ստեղից, դեռ էնքա~ն կենացներ պիտի խմենք:

 

Գուգոն մի կերպ էր խոսում:

 

-       Գուգ, մի խոսի, ցավդ տանեմ, բժիշկն ասեց` քեզ չի կարելի:

-       Գնա մի հատ հինգ հազարանոց դիր գրպանը, տես` ոնց ա թողնում,- ծիծաղեց,- կարաս էրկու հատ հինգանոց դնես, թողնի` երգեմ:

 

Ես նայում էի Գուգոյին ու հասկանում, որ վերջին անգամ եմ տեսնում, այդպիսի զգացողություն կյանքում առաջին անգամ էի ունենում, առաջին անգամ խոսում էի մեկի հետ` վստահ լինելով, որ այլեւս չեմ խոսելու:

Մենք մի քանի րոպե լռեցինք, ինձ թվաց, թե քնել է Գուգոն, կամաց վեր կացա ու քայլեցի դեպի դուռը: Հետ կանչեց: Գնացի, նորից նստեցի մահճակալի եզրին:

 

-       Մերս չէր ուզում` բանակ գնամ,- ասաց:

-       Գուգ ջան, մի խոսի, ախպերս, խնդրում եմ:

-       ... ասում էր` տղա եմ ունեցել, պահել-մեծացրել եմ, իրավունք չունե՞մ` արգելեմ, չթողնեմ` գնա բանակ: Էրեխեքը խնդում էին... Բայց ես ուզում էի` գնամ, ապեր, շատ էի ուզում... Էդ գիշերը... էդ չարաբաստիկ գիշերը... դու, ախր, չգիտես` ինչ էղավ էդ գիշեր...

 

Ամեն ինչ կտայի, միայն մտած չլինեի Գուգոյի մոտ, միայն մտքիցս ջնջվեր էդ մի քանի րոպեն, որ նրա մոտ անցկացրի: Գուգոն չէր նայում ինձ, միայն խոսում էր...

 

-       Պոստերից նոր էինք իջել, մի էրկու օր կլիներ, ես էդ գիշեր վաշտի հերթապահ էի: Միջանցքում կանգնած օրապահի հետ էի խոսում, որ չքնի, մեկ էլ կամանդիռն էկավ` քեֆը լավ... դա, որ խմած էր լինում, բույնի բաներ էր անում, աջ ու ձախ տալիս-ավերում էր: Բայց էդ օրը խմած չէր աչքիս, ոնց որ դեղի տակ էր... Ձեռքին մի հատ մեծ տոպրակ կար, շպրտեց օրապահի վրա, ասեց` կլվաս, արա... Ինչ-որ շորեր էին, կնգա, էրեխեքի... Բերել էր, որ զինվորները լվանային: Օրապահը մի քիչ մտածեց ու ասեց, որ դա իրա պարտականությունների մեջ չի մտնում, կամանդիռն էլ մի հատ չափալախեց ու վզից բռնած տարավ զուգարանի կողմը...

-       Գուգո, քեզ չի կարելի լարվել, վաղը կպատմես, հիմա քնի...

-       ... ես չէի կարա` գնամ, հերթապահ էի, բայց ոչ էլ կարամ չգնամ, նոր էկած էրեխա էր, մտածեցի գնամ` համոզեմ կամանդիռին, խնդրեմ, որ բան չանի էդ տղուն: Կամանդիռի ձենը զուգարանի կողմից էր գալիս... գնացի, զուգարանում էր... գիտե՞ս` ինչ տեսա... էդ խեղճ էրեխուն գցել էր գետնին ու... գիտե՞ս` ինչ էր անում... շռում էր վրեն...

 

Քարացել էի... Առաջին անգամ էի էս պատմությունը լսում... Գուգոն երբեք չէր խոսել սրա մասին...

 

-       ... հասցրի մի հատ կամանդիռին խփեմ... հետեւից գլխին խփեցի ու փախա... ինչքան ուժ ունեի վազում էի... Չհասկացա` խի խփեցի, մեկ ա, ոչ մի բան չէր փոխվելու, պահի տակ էղավ... Անցագրայինի մոտ մի հատ աֆիցեռ բռնեց... Կամանդիռն էկավ, քարշ տվեց կաբինետ ու սկսեց ավտոմատի կոթով ջարդել... մենակ հիշում եմ, որ գլուխս էի բռնել... մեկ էլ հոսպիտալում արթնացա...

 

Ականջներիս չէի հավատում... Չգիտեի` ինչ ասեմ…

 

-       Քնի, Գուգ… Փորձի` քնես, ախպերս… Ամեն ինչ լավ ա լինելու, դու հանգիստ քնի...

 

 

 

… Գուգոն լուսաբացին մեռավ…

 

 

… Գուգոյի թաղմանը մեր ամբողջ կուրսը հավաքվել էր: Աշխարհի տարբեր երկրներից բոլորը եկել-հավաքվել էին մի տեղ: Հավաքվածների մեջ միայն Ինգային չէի տեսնում, մտածում էի` չի գա: Բայց թաղումից կես ժամ առաջ հասավ:

 

-       Երեկ էի ուզում գալ, ռեյս չկար,- ասաց,- սարսափելի վատ եմ, մտքովս ընդհանրապես չէր անցնի, որ Գուգոն...

-       Մտածում էի` չես գա,- ասացի:

-       Գժվեցի՞ր, ո՞նց ես պատկերացնում... Գիշերն էլի հետ եմ գնում:

 

Անդոյին ու Ֆրեդին երբեք էդպես կոտրված չէի տեսել: Ֆրեդը, որ աշխարհի ամենակոպիտ ու սառը մարդն էր, արդեն երրորդ օրն էր` չէր դադարում երեխայի պես լաց լինել... Իսկ Անդոն լաց չէր լինում, կարծես խելագարված լիներ, կուչ էր գալիս մի պատի տակ ու դողում: Անընդհատ ասում էր` <<մրսում եմ>>...

 

Թաղումից մի քանի րոպե առաջ Անդոյի <<բարձրաշխարհիկ>> ընկերները եկան, Մոսոն էլ էր նրանց մեջ, նա, ում հետ ծանոթացել էինք Եվայի փաբում, ու մեղմ ասած լավ տպավորություն չէր թողել:

 

-       Ցավակցում եմ, ախպեր ջան,- ասաց ու սեղմեց ձեռքս:

-       Շնորհակալ եմ,- ասացի:

-       Գիտեմ` ինչ ընկերներ եք էղել, գիտեմ` ինչքան եք կապված էղել իրար հետ: Էն ա, էն խեղճ Անդոն, էս արդեն որերորդ օրն ա` տեղը չի գտնում, գժվել ա, նայում եմ, սիրտս կտոր-կտոր ա ըլնում, ախպեր... Բռատ ջան, սաղ հարցերը լուծած ա, դուք կարաք ամեն ինչի համար արխային ըլնեք, գերեզմանոցում ամենալավ տեղն ենք վեկալել մեր ախպոր համար...

-       Էն աշխարհում էլ ե՞ն լավ ու վատ տեղեր լինում:

-       Հասկանում եմ ցավդ, իմ ախպեր, ջոգում եմ, որ հիմա էդ ամեն ինչը ձեզ սավսեմ չի հետաքրքրում, Գուգոյի պես տղու եք կորցրել, բայց դե մենք էլ մեր մոմենտով ուզում ենք պետքական ըլնենք... Հա, հացն էլ իմ օբեկտում ենք տալու, ախպեր, ճիշտ ա, մեր մոտ աբիզալովկա մենակ ուրախ առիթներ ենք անում, բայց էս ուրիշ դեպք ա...

 

Բախտս բերեց (կամ էդ խեղկատակի բախտը), որ ինչ-որ մեկը կանչեց նրան (երեւի հարցնում էին` ձուկը սկզբում տան, թե վերջում)...

 

 

... Գերեզմանատանն Անդոն չթողեց, որ բահերով հող լցնեն Գուգոյի վրա, ամբողջը մեր ձեռքերով լցրինք: Գուգոյի մոր կողմ ընդհանրապես չէի նայում, չէի կարողանում նայել...  կարծես մեզ մեղավոր զգայինք կատարվածի համար, գուցե այդպես էլ կար... Սոնան գերեզմանատանն ուշաթափվեց, Անդոյի վարորդը նրան տուն տարավ...

 

 

... Այդ գիշեր Սոնայի մոտ հավաքվեցինք: Սեղանին մի շիշ օղի էր միայն ու բաժակներ... Իրար գլխի էինք հավաքվել… այս անգամ` առանց Գուգոյի… Ես, Սոնան, Անդոն, Եվան ու Ֆրեդը... Սամոն մի քիչ հետո եկավ... Ինգային օդանավակայան էր տարել:

Արցունքները չորացել էին, չէինք կարողանում լաց լինել, անասելի սառնություն էր իջել, սաստիկ ատելություն... ինքներս էլ չէինք հասկանում` ում հանդեպ...

Ես լցրի բաժակները, Գուգոյի բաժակն էլ... Ֆրեդը ոտքի կանգնեց...

 

-       Խաղաղություն հոգուդ, ախպերս...

 

Բոլորս ոտքի կանգնեցինք... Լռության մեջ հանկարծ ականջիս եկան Գուգոյի խոսքերը` <<... եթե դեռ ապրում եմ, թեկուզ կիսատ, էդ էլ ա ձեր շնորհքը, դուք ինձ միշտ համոզել եք, որ չեմ մեռել, չգիտեմ, կարող ա խաբել եք, բայց ես հավատացել եմ...>>...

 

 

 

 

6.Իմ Սոնան…

                                  ձեր նվիրվածությունը աշխարհի ամենաառողջ

                                 ոտքերի հետ չեմ փոխի

                                                                                        Գուգո 

 

Գուգոյի մահը կոկորդներիս էր կանգնել… Շատ ընկերներ ու հարազատներ ենք կորցրել, շատերի համար ենք տառապել, շատերն են եղել, ովքեր մինչեւ հիմա մեր մտքում են, բայց Գուգոն ուրիշ էր... մեր մի կտորն էր մեռել…

Գուգոյի մահից հետո մեզնից ամեն մեկն առանձնացել էր. չէինք հավաքվում, չէինք խմում, անգամ չէինք զանգում իրար: Արդեն երկու շաբաթ էր անցել, ու այդ երկու շաբաթվա ընթացքում մի անգամ Ֆրեդի հետ էի հեռախոսով խոսել, երկու անգամ` Սոնայի… Մենք չէինք կարողանում իրար երեսի նայել, ասես մեղավոր լինեինք, որ բոլորս կանք, Գուգոն` ոչ…

Այդ երկու շաբաթների ընթացքում ոչ կարողացել եմ աշխատել, ոչ խմել, ոչ ուտել… Միայն կարողանում էի Լյուսիի հետ խոսել… Նրան անգամ չասացի եղելությունը, որ հարցեր չտա: Գուգոյի մասին մտածածս ամեն վայրկյանը մղձավանջ էր ինձ համար, չէի ուզում խոսել նրանից, չէի ուզում որեւէ մեկին տեսնել, գիտեի, որ հաստատ Գուգոյից խոսք է բացվելու: Եվ այդ տասնհինգ օրվա մեջ առաջին անգամ համարձակվեցի Սոնային զանգել ու խմելու կանչել:

 

-       Ֆրեդը լավ չի,- ասաց,- կարող ա չգա:

-       Կգա, զանգի-կանչի… Ոչ մեկս էլ լավ չենք, բայց եթե մի օր էլ էս չորս պատի մեջ մնամ, կխելագարվեմ:

-       Ու՞ր գնանք, Եվայի մո՞տ:

-       Չէ, աղմուկ չեմ ուզում,- ասացի,- արի Ալիկի մոտ գնանք: Եվային էլ կզանգես… Ժամը յոթին կսպասեմ… Բա էրեխուն ու՞մ մոտ ես թողնելու:

-       Էրեխեն տանը չի, մի շաբաթով ուղարկել եմ ընկերուհուս մոտ` Տաթեւ...

 

<<Ալիկի մոտը>>, որի անունն իրականում այնքան բարդ էր, որ չէինք հիշում, դեռ ուսանողական ժամանակներից մեր խմելու մշտական տեղերից մեկն էր: Ընդհանրապես, մենք խմելու վայրերի առոմով կոնսերվատիվ էինք: Ամբողջ քաղաքում մի քանի տեղ կար, որտեղ լինում էինք: Ալիկը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել մերոնց նկատմամբ, անգամ Գուգոյի թաղմանն էր եկել:

 

Արդեն որոշված էր, Ալիկի մոտ ենք գնում: Դա ոչ ռեստորան էր, ոչ խորտկարան, ոչ ճաշարան, դա <<Ալիկի մոտն>> էր: Սովետական կահավորանքով առանձնասենյակներ էին, որտեղ ամառ-ձմեռ նույն սառնությունն էր:

 

Ես բոլորից շուտ հասա:

 

-       Բա էս ժողովուրդն ու՞ր են,- հարցրեց Ալիկն` ինձ մենակ տեսնելով:

-       Ճանապարհին են,- ասացի,- մի քիչ հետո կհասնեն:

-       Արի մտնենք ներս, մի բաժակ բան խմենք, մինչեւ հասնեն:

 

Ալիկի հետ իր սենյակ մտանք, որը հաճախորդների համար նախատեսված կուպեներից տարբերվում էր միայն սեղանին դրված հաշվիչով ու թղթերով: Երբ ազատ կուպե չէր լինում, Ալիկը մեզ էր զիջում իր <<կաբինետը>>:

Մատուցողուհին երկու բաժակ օղի ու լիմոն բերեց: Ալիկը վերցրեց իր բաժակն ու ոտքի կանգնեց.

 

-       Մեր Գուգո ախպոր կենացը… Հենց հիշում եմ, որ Գուգոն չկա, չեմ կարա ասեմ` հետս ինչ ա կատարվում…

 

Ես էլ ոտքի ելա.

 

-       Գուգոյի կենացը…

 

… Ֆրեդը եկավ Եվայի հետ: Սոնան մի քանի րոպե ավելի ուշ տեղ հասավ: Ալիկը ներս մտավ ու ողջունեց բոլորին:

 

-       Ձեզ ինչպես միշտ, չէ՞,- հարցրեց:

 

<<Ինչպես միշտը>> մեր ավանդական ժարկոն էր, որից ուրիշ ոչ մի տեղ չէին պատրաստում:

 

-       Ինչպես միշտ,- ասաց Սոնան:

-       Մեկ էլ ձեր օղուց, չէ՞, Սոն ջան:

-       Մեկ էլ մեր օղուց, Ալիկ ջան:

 

Սամոն հրաժարվեց ու չեկավ, ասաց, որ տրամադրություն չունի, իսկ Անդոն մի քանի օրով Մոսկվա էր մեկնել:

Մենք նայում էինք իրար ու ոչինչ չէինք խոսում: Երբեք չէինք կարող մտածել, որ կգա մի այդպիսի օր, երբ մենք միասին կհավաքվենք ու խոսելու ոչինչ չենք ունենա:

Մատուցողը բերեց օղին:

 

-       Լցրեք,- ասաց Սոնան:

-       Սենց չոր խմե՞նք,- նեղսրտեց Եվան:

-       Մինչեւ ժարկոն բերեն, օղին կտաքանա… լցրեք:

 

Ֆրեդը լցրեց: Սոնան երկար բոլորիս նայեց ու ասաց.

 

-       Գուգոյի համար:

 

Մենք էլ երկար իրար նայեցինք ու միաբերան ասացինք.

 

-       Գուգոյի համար…

 

Երկրորդն` առանց կենաց ասելու խմեցինք, երրորդը` ոբանոցի կենացը, չորրորդը դեռ չէինք հասցրել խմել, երբ մատուցողը բերեց ժարկոն: Մի քանի րոպեով խմելը դադարեցրինք ու սկսեցինք ուտել. հազիվ թե ստացվեց… Ոչինչ կուլ չէր գնում:

 

-       Հիշում եմ` ինչքան էր էս տեղը սիրում Գուգոն,- ասաց Եվան ու լցրեց աչքերը,- Ալիկին էլ էր շատ սիրում... Ասում էր` Եվ, հիմա ամեն տեղ չեմ գնում, բայց Ալիկի մոտ մի տեսակ շատ հարազատ ա… Անգամ իմ մոտ չէր գալիս…

 

Սոնան սրբեց արցունքները, բաժակը վերցրեց ու ոտքի կանգնեց.

 

-       Հիմա ուշադիր ինձ լսեք… Բոլորիս համար էլ ծանր ա, չափազանց ծանր… Բայց մենք կոտրվելու իրավունք չունենք, թեկուզ` հանուն Գուգոյի: Հիմա մենք անելանելի վիճակում ենք, չենք հասկանում` ինչ ա հետներս կատարվում, բայց էլի եմ ասում, մենք չենք կոտրվելու, որբանոցը երբեք մեզ չի կոտրել ու չի էլ կոտրելու… Նորմալ կյանքի վերադարձեք, տանը փակված խմելով, աշխատանքի չգնալով, մարդկանց հետ չշփվելով, չուտելով, չքնելով Գուգոյին հետ չեք բերի, էրեխեք… մի հատ ուշքի էկեք… Մեր կենացը, մեր Գուգոյի կենացը, մեր բոլորի կենացը…

 

Մեր մեջ ամենաուժեղն ու պինդը Սոնան էր… Միշտ էլ նա է ծանր պահերին թիկունք եղել բոլորիս: Հիմա էլ առաջինն էր, որ <<թափ տվեց>> մեզ… Ապրելու համար սթափվել էր պետք:

 

... Այդ օրը քիչ խմեցինք, գոնե նախորդ օրերի հետ համեմատած... Որոշեցինք իջնել Եվայի մոտ, թեթեւ խմել ու զրուցել: Մենք իրար լսելու, իրար հետ խոսելու, իրար հետ լինելու կարիք ունեինք: Ճանապարհին զգացի, որ ինքնազգացողությունս վատանում է: Սիրտս արագ էր աշխատում, սկզբում թեթեւ ծակում էր, մի քանի րոպե հետո ծակոցներն ուժեղացան, հասկացա, որ կորցնում եմ ինքնակառավարումս, ու ի վիճակի չեմ մեքենա վարել: Հասցրի միայն մեքենան արգելակել... Ու արթնացա սրտաբանականի գարշելի պալատներից մեկում...

 

Միայն ֆիլմերում էի տեսել, որ մարդիկ արթնանում են ու չեն հասկանում` որտեղ են... Մեկ կամ երկու րոպե պահանջվեց, որ հասկանամ` հիվանդանոցում եմ: Կողքիս Սոնան էր նստած:

 

-       Ո՞նց ես, աննորմալ:

-       Սոն...

-       Հիվանդանոցում ես:

-       Գիտեմ, որ հիվանդանոցում եմ, բայց ինչի՞ համար եմ հիվանդանոցում:

-       Ամեն ինչ կարգին ա, ուղղակի լարվածությունից ու սթրեսից էս օրն ընկար... ոչ մի վտանգավոր բան չկա:

-       Եվայի մոտ էինք գնում,- սկսեցի հիշել,- հետո վատ զգացի, հետո մեքենան փողոցից հանեցի...

-       Հետո գիտակցությունդ կորցրիր... Լավ ա հետեւիցդ գալիս էինք, ինձ թվաց կանգնել ես` սիգարետ առնես, Եվան ասեց` կանգնի, ոնց որ մի բան էն չի, ասեց, որ սա քո քշելը չի...

-       Ընկերը տենց ա լինում,- ժպտացի,- նույնիսկ մեքենա քշելուս ձեւը գիտի...

-       Էլ մի ասա,- ծիծաղեց ու համբուրեց ճակատս,- գիտե՞ս` ոնց էինք վախեցել, Ֆրեդը դողում էր, Ֆրեդին դողալուց տեսել ե՞ս:

-       Ստեղ ե՞ն:

-       Հա, բա ու՞ր պիտի լինեն... Սամոն էլ ա էկել, Անդոն էլ հինգ րոպեն մեկ զանգում ա:

-       Անդոյին ո՞վ ա ասել:

-       Եվային էր զանգել, Եվան էլ ասեց: Ուզում էր` թռնի գա, ասեցինք` լուրջ բան չկա: Հետո իր կապիկ բնավորության համաձայն... էլ չասեմ` ինչ արեց, գլխի ընկի:

-       Զանգեց գլխավորին, որ ինձ լավ նայեն…

 

Ծիծաղեցինք... Հետո բժիշը եկավ, ասաց, որ ոչ մի լուրջ բան չկա, անքնության, լարվածության ու խմելու հետեւանք է, ու արգելեց չքնել, լարվել ու խմել... Հետո մերոնք մտան մոտս... Հետո Սոնային խնդրեցի ինձ տուն տանել, Սոնան խոստացավ, որ առավոտյան կտանի: Ես նույնիսկ չգիտեի` ժամը քանիսն է, պարզվեց` չորսն է արդեն:

 

Առավոտյան արթնացա Սոնայի ու բժշկուհու խոսակցությունից:

 

-       Արթնացա՞ր:

-       Չէ, դեռ քնած եմ:

-       Արդեն կարող ենք գնալ:

-       Շատ լավ ա... Դուրս եկեք, հագնվեմ:

-       Բայց տուն չենք գնում:

-       Բա ու՞ր... Խմելու՞:

-       Դիլիջան:

-       Ի՞նչ Դիլիջան:

-       Բժշկուհին ասում ա, որ մաքուր օդը քեզ օգտակար ա, կգնանք Դիլիջան, ընկերներիցս մեկը հանգստյան տուն ունի, շատ կայֆ տեղ ա, դուրդ կգա: Հիմա հագնվի ու գնանք:

-       Բայց մի օր, ընդամենը մի օր:

-       Գնանք, պարզ կլինի:

 

... Սոնայի մեքենայով գնացինք: Թույլ էի, ինչ-որ հանգստացնողներ էին ներարկել, ու դրանց ազդեցությունը դեռ չէր թողել... Ճանապարհին Սոնայի հետ ամեն ինչի մասին խոսեցինք... Ես անընդհատ ուզում էի Լյուսիի մասին խոսել, բայց չէր ստացվում: Ավելի ճիշտ, չէի ուզում, որ ստացվի... Ու հանկարծ ինքն սկսեց հարցեր տալ.

 

-       Լսի, հիշում ե՞ս, մի օր Եվայի փաբում մի կնոջ մասին էիր խոսում, հետո Ֆրեդն ու Եվան ներս մտան, փակեցինք խոսակցությունը: Ծննդյանդ օրն էր, եթե չեմ սխալվում:

-       Չեմ հիշում,- ինձ հիմարի տեղ դրեցի,- ի՞նչ կին:

-       Ինչ-որ ամուսնացած կնոջ մասին էիր ասում, հարցրի կճանաչե՞մ, ասեցիր` չէ... Հիշեցի՞ր:

-       Հա... հա, չես ճանաչի...

-       Չեմ ասում` կճանաչեմ,- ծխախոտ վառեց,- հարցնում եմ` ո՞վ էր էդ կինը...

-       Կին էր էլի, Սոն...

-       Է՞ր... էլ չկա՞...

-       Կա... Այսինքն, էդ կնոջ դեպքում լինել-չլինելը հարաբերական ա... նա եւ կա, եւ չկա...

-       Լսի, կապիկ բաներ մի արա, հա՞, լուրջ հարցեր եմ տալիս, լուրջ պատասխաններ տուր, դրել էշ-էշ փիլիսոփայում ես:

-       Կլինի՞` թեման փակենք:

-       Ոնց կուզես... Երբ կուզես խոսել, կասես...

-       Գիտեմ:

-       Ի՞նչ գիտես:

-       Որ երբ ուզեմ խոսել, կասեմ,- ժպտացի:

-       Մենակ մի խորհուրդ... եթե ընտանիք ունի, պետք չի, որ լրջացնեք... նման հարաբերությունները երբեք ոչ մի լավ բանի չեն բերել... հասկանում ե՞ս` ինչ եմ ասում:

-       Մոտավորապես:

-       Գնանք Դիլիջան, Համոյին խնդրենք մի հատ խորոված անի, նստենք խմենք, ի՞նչ մտքի ես:

-       Բայց մենք բուժվելու չենք գնու՞մ:

-       Մենք հո հիվանդ չենք, որ բուժվենք... Գնում ենք մաքուր օդ շնչենք, մի քիչ տժանք, հետ գանք:

-       Համոն ո՞վ ա:

-       Համոն էդ հանգստյան տան տերն ա, լավ տղա ա... Եվայի հետ մի քանի անգամ եկել ենք, էդպես ընկերացել ենք…

 

Սոնան խոսում էր, պատմում էր, երկու րոպեն մեկ ծխախոտ էր վառում, մեքենա էր վարում, ծիծաղում էր, ջղայնանում էր, իսկ ես երջանիկ էի... հա, էս ամբողջ թոհուբոհի, խնդիրների ու դժբախտության մեջ երջանիկ էի... որովհետեւ Սոնան կողքիս էր... ընկերներս կողքիս էին... Սոնան թողել էր ամեն գործ ու զբաղմունք, որ ես մի քանի օր մաքուր օդ շնչեմ... Չկա ավելի մեծ երջանկություն (ինձ համար, համենայն դեպս), քան ընկերոջ հոգատարությունն ու նվիրվածությունը...

 

... Սոնան ինձ ծանոթացրեց իր հյուրանոցատեր ընկերոջ հետ, հետո մենք բարձրացանք վերեւ, տեղավորեցինք իրերն ու դուրս եկանք զբոսնելու: Երկու-երեք ժամ քայլեցինք, հետո սուրճ խմեցինք Համոյի հետ:

 

-       Համո, էսօր քո անզուգական խորովածից չենք ուտելու՞:

-       Ո՞նց չենք ուտելու, Սոն ջան, հենց հիմա գնամ, կրակը վառեմ:

 

Սոնան ուժասպառ էր: Դեռ բավական չի այն, որ Գուգոյի մահից հետո գիշերները երկու-երեք ժամ հազիվ էինք քնում, անցյալ գիշեր էլ ընդհանրապես չէր քնել: Ֆրեդն ասաց, որ ամբողջ գիշեր հիվանդանոցում մահճակալիս կողքին նստած է եղել:

 

-       Սոն, գնա, մի քիչ հանգստացի,- ասացի:

-       Իյա... խանգարում ե՞մ:

-       Չէ, ամբողջ գիշեր չես քնել:

-       Դու ի՞նչ գիտես` ես գիշերն ինչ եմ արել:

-       Գիտեմ... գնա, պառկի...

-       Չեմ ուզում... հենց ուզեմ, կգնամ:

 

Քիչ հետո Անդոն զանգեց.

 

-       Ո՞նց ա ախպերս...

-       Նորմալ... Հայաստանում ե՞ս:

-       Հա, հենց նոր իջավ սամալյոտը... Ի՞նչ ա էղել, հիվանդանոցում ե՞ս:

-       Չէ, ի՞նչ հիվանդանոց... Դիլիջանում եմ:

-       Ի՞նչ կա Դիլիջանում:

-       Սոնան մաքուր օդի ա բերել... ասում ա` բժիշկն ասել ա` պետք ա...

-       Ապրի Սոնան... Դե ես հենց աերոպորտից պոկվում եմ Դիլիջան, գամ, մի հատ իմ աչքով տենամ` լավ ես, նոր հանգիստ խղճով անցնեմ գործերիս:

-       Եթե կմնաս, արի, եթե գալու ես ու միանգամից հետ գնաս, գործերիդ նայի, իմ մոտ լրիվ նորմալ ա:

-       Չեմ կարա մնամ, բռատ, բայց հաստատ գալիս եմ:

-       Լավ... եթե հիմա դուրս գաս, խորովածին կհասցնես:

-       Կոնկրետ որտե՞ղ եք:

-       Դիլիջան մտնելուց զանգի Սոնային, կբացատրի...

 

Անդոն, հակառակ մեր բոլոր պատկերացումներին, վերադարձել էր որբանոց... Ամենից շատ Սոնան էր ուրախացել այդ փաստից: Անդոյի գաղափարներն ու պատկերացումները կյանքի մասին, իհարկե, մեզնից ոչ ոք չէր կիսում, բայց միեւնույն է, Անդոն չէր կարող, ուղղակի չէր կարող մեզ հետ չլինել...

 

Սոնան ասաց, որ ուզում է` էլի քայլենք, բայց քանի որ արդեն ի վիճակի չէի, նստեցինք ծառերի տակ ու սկսեցինք զրուցել...

 

-       Անդոն էր զանգել,- ասացի,- գալիս ա... ասում ա` մինչեւ չտեսնեմ, որ լավ ես, չեմ հանգստանա:

-       Քաքոտին նայի... ուրեմն կասկածում ա՞, որ դու ապահով ձեռքերում ես:

-       Ըստ Անդոյի, մենք բոլորս ենք ապահով ձեռքերում... մեր տերերն են, չէ՞, իրանք:

-       Իրա՞նք... ո՞վ:

-       Իշխանավորները:

-       Գիտե՞ս, էսքան ժամանակ չեմ խոսել էդ թեմայով... Ինձ թվում ա` Անդոն ուղղակի հոսանքի տակ ա ընկել, Անդոյի գաղափարական հայրերը, եթե իհարկե իրենց մոտ գաղափար գոյություն ունի, ամենահարմար պահին Անդոյին ֆուկ կանեն:

-       Չգիտեմ, ինքը կամ անվերապահորեն հավատում ա իր ուժերին, կամ ուղղակի հիմարի տեղ ա դրել իրան:

-       Դու Անդոյենց համար ե՞ս քվեարկել ընտրությունների ժամանակ... եթե չես ուզում, կարաս չասես:

-       Ես չեմ գնացել ընտրության,- ասացի,- էդ օրը ոնց որ <<պախմել>> էր մոտս, լավ չեմ հիշում:

-       Իսկ ես գնացել եմ... ու Անդոյին չեմ ընտրել... իրեն էլ կասեմ դա... ուղղակի առիթ չի եղել... չնայած որ չասեմ էլ, ինքը հրաշալի գիտի:

-       Իսկ կա՞ր մեկն, ում կարելի էր ընտրել:

-       Չգիտեմ, ես քվեաթերթիկի հերն անիծեցի ու դուրս եկա:

-       Նշանակում ա` չկար:

-       Հնարավոր ա, որ կար...

-       Եթե լիներ, դու կիմանայիր... եթե իմանայիր, կընտրեիր, ոչ թե թերթիկ կփչացնեիր:

-       Անդոյի ընկերոջը հիշում ե՞ս:

-       Ո՞ր մեկին, նա մեզ նման չի, օրը քսանութ հատ նոր ընկեր ա ունենում... Գործի բնույթն ա...

-       Մոսոյին... որ Եվայի մոտ եկավ Անդոյի հետ:

-       Հա... դատարկ տղա ա... Գուգոյի թաղման օրն էկել էր ինչ-որ էշ բաներ էր խոսում:

-       Ասում են` խելքը գնում ա Եվայի համար, հաճախ ա գնում մոտը, ծաղիկներ ա ուղարկում, նվերներ...

-       Ասում ե՞ն... ո՞վ ա ասում:

-       Դե...,- սկսեց կմկմալ...

-       Եվան ա ասու՞մ:

-       Հա, էն օրն էինք խոսում, ասեց... Մի քանի օր առաջ էլ ես էի էնտեղ, եկավ:

-       Բա Եվա՞ն:

-       Եվան ի՞նչ:

-       Եվան ո՞նց ա նայում դրան:

-       Դե... ասում ա` հաճելի տղա ա... ուշադիր, հոգատար...

-       Տարօրինակ ա, որ Եվան դրան հաճելի տղա ա համարում... մինչեւ հիմա, փաստորեն, չենք ճանաչել Եվային...

 

Զգում էի, որ Սոնան ինչ-որ բան է ուզում ասել, բայց վախենում է...

 

-       Լսի,- ասաց,- մի բան էլ կա, որ ուզում եմ` իմանաս:

-       Ասա:

-       Էդ Մոսոն ընտանիք ունի...

-       Էդ նոր եք իմացե՞լ:

-       Չէ, Եվան ամենասկզբից էլ իմացել ա:

-       Ու՞:

-       Չգիտեմ, ինձ էլ հստակ բան չի ասում, բայց ասում ա, որ Մոսոն չի սիրում կնոջը:

-       Էդ Մոսոն ա ասե՞լ:

-       Չգիտեմ, ասում եմ, չէ՞, իմ հետ էլ կոնկրետ բան չի խոսում...

-       Էսօր` ճանապարհին, դու էիր ինձ ասում, որ էդ տեսակի հարաբերությունները ոչ մի լավ բանի չեն բերում...

-       Ի՞նչ հարաբերություն:

-       Դե, էն որ ասում էիր էլի, Լյուսիի հաշվով...

-       Լյուսի՞... Փաստորեն անունը Լյուսի ա... տեսնենք` էլ ինչ միամիտ բերանիցդ կթռցնես...

-       Դու թեման մի ցրի...

-       Չեմ ցրում... Հա, ընենց չի, որ ես Եվայի արածը խրախուսում եմ, բայց մի կողմից էլ Եվան ոչ մի վատ բան չի անում... Իրականում իրանց մեջ ոչ մի բան չկա:

-       Բացի ծաղիկներից ու նվերներից,- ասացի:

-       Հասկացի, Եվան արդեն երեսուն տարեկան կին ա, չես կարծու՞մ, որ բավականին հասուն տարիք ա ինքնուրույն որոշումներ կայացնելու համար:

-       Իսկ քեզ ինչի՞ ա թվում, որ ես Եվայի փոխարեն որոշումներ եմ կայացնում... Ուղղակի չեմ ուզում` հետո տառապի...

-       Կարծում եմ, Եվայի հետ լուրջ խոսել ա պետք... Ինքն ասում ա, որ իրենց մեջ երբեք լուրջ բան չի կարա լինի, որովհետեւ Մոսոն ամուսնացած տղամարդ ա, բայց միեւնույն ժամանակ իրան լավ ա, հաճելի ա Մոսոյի հետ...

-       Խոսեք... Իսկ երբ էդ Մոսոյի հետ խոսելու հերթը գա, ինձ կամ Ֆրեդին ասեք:

-       Իսկ ավելի լավ չի՞ Անդոյին ասենք, վերջին հաշվով, Անդոյի ընկերն ա:

-       Չէ,- ասացի ու վեր կացա տեղիցս...

 

... Անդոն հասավ խորովածը կրակից պահին:

 

-       Զոքանչ էլ չունեմ, որ ասեմ` ինձ շատ ա սիրում:

-       Քո նման տղու համար զոքանչն ի՞նչ ա, որ մի չորս-հինգ հատ չունենաս:

-       Տնաշեն, մարդիկ մեկի ձեռն էն քաքի մեջ, դու ասում ես` չորս-հինգ հատ:

-       Դե, քո կալիբրի տղերքը սիրում են, չէ՞, ամեն ինչից շատ ունենան, դրա համար եմ ասում:

-       Ախր, իմ էշ խելքն ասա, հա, լուրջ եմ ասում, ասա, այ հիմար, քեզ պետք ա՞ բան ու գործ թողած գալիս ես տենաս` սաղ ա, մեռել ա, որ մի հատ էլ էկած-չեկած սկսի բշտել:

-       Լավ, կատակ եմ անում... բարի գալուստ,- գրկախառնվեցինք:

-       Ո՞նց ես, ախպերս... Մոսկվայում իմացա, որ վատացել ես, մի օրով գալս արագացրի:

-       Իզուր,- ասացի,- լուրջ բան չկար:

-       Չգիտեմ... Գուգոյիցս հետո սկսել եմ ձեր վրա դողալ, հավատում ե՞ս...

-       Հավատում եմ,- ասացի:

-       Ես էլ եմ հավատում,- ասաց Սոնան:

 

Լռեցինք...

 

-       Ժողովուրդ, էկեք, խորովածն էղել ա,- ձայն տվեց Համոն, ու մոտեցանք սեղանին:

 

Անդոն կանչեց նաեւ վարորդին, որ մեքենայի մեջ սպասում էր իրեն:

 

-       Ծանոթացեք,- ասաց,- Հակոբն ա, իմ մոտ ա աշխատում, համ ցենտր տղա ա, համ ցենտր շոֆեռ:

 

Ծանոթացանք: Անդոն լցրեց բաժակները. <<բարլուս>>...

 

-       Բա ի՞նչ կար Մոսկվայում,- հարցրի:

-       Գործեր կան, ապեր, մի հատ մեծ տառգովի կոմպլեքս եմ բացում…

-       Հիմա դու դեպուտատ ե՞ս, թե՞ առեւտրական,- ծիծաղեց Սոնան...

 

Բայց բոլորս հասկացանք, որ ծիծաղելի չէր... Զզվելի էր… Ու հարցն այստեղ ոչ թե Անդոն էր, այլ որբանոցը... մեր ապրած որբանոցը, որ արդեն որբանոց էլ չէր... չգիտենք` ինչ էր... Անդոն թվացյալ երջանկության ու գայթակղությունների հորձանքի մեջ ընկած մեկն էր ընդամենը, մարդ, ով իր կյանքը կապել էր ինքն էլ չէր հասկանում` ինչի հետ... Ու ամենասարսափելին այն էր, որ նա հասկանում էր դա... Հա, եթե չհասկանար (ինչպես շատ ու շատ դեգեներատներ), կորուստն այդքան մեծ չէր լինի, որքան հիմա, երբ գիտակցում է իր արած ամեն քայլը, երբ բոլորից լավ գիտի իր արարքների հստակ սահմանումը...

 

... Առաջին բաժակով Անդոն Գուգոյի հիշատակի համար խմեց, էլի ոտքի կանգնեցինք, էլի անզորությունից ատամներ կռճտացրինք... Էլի դժվար գնաց, որովհետեւ հեշտ չի խմվում մեռած ընկերոջ համար...

 

Երբ կերանք-վերջացրինք, Սոնան գնաց պառկելու. նախորդ գիշեր ընդհանրապես աչք չէր փակել, պահակ էր նստել իմ հիվանդասենյակում:

 

-       Ես էլ գնամ, ախպերս,- ասաց Անդոն,- հետեւի քեզ, որ էլ սենց բաների ռաստ չգաս:

-       Լավ կլիներ` մնայիր: Վաղը միասին հետ կգնայինք:

-       Չեմ կարա, բռատ, ժամանակը խեղդում ա, հազար ու մի գործ կա... Հա, ի դեպ, էսօր Սամոն էր զանգել, ասեց փակել ա խանութը, ուզում ա մինչեւ ամսվա վերջ Մոսկվա գնա:

-       Ինչի՞:

-       Չգիտեմ, ասում ա ձեռ չի տալիս... Ասեցի` արի իմ կամ տղերքից մեկի մոտ մի հատ նորմալ գործի տեղավորեմ, ասեց` չէ, գնալու եմ:

-       Պարզ ա... զզվել ա երեւի...

-       Ամեն դեպքում, մի հատ էլ դու ու Ֆրեդը հետը խոսեք, ես մի հատ լուրջ գործ կտամ, նորմալ փող կաշխատի:

-       Լավ,- ասացի,- կխոսենք:

 

Սամոյի կոկորդին էլ հասավ... Սամոն, որ երկիրը խելագարի պես էր սիրում, որոշել էր թողնել այն... Որքան հիասթափված ու հուսահատ պիտի լինի Սամոյի պես մեկը, որ կարողանա հեռանալ որբանոցից, որքան թեւաթափ ու վիրավորված... Որոշեցի հենց հաջորդ օրը խոսել Սամոյի հետ, համոզել մնալ, չնայած` գիտեի, որ անիմաստ է...

 

Բարձրացա վերեւ: Սոնան հանգիստ քնած էր` հրեշտակի պես, ու իրականում էլ նա հրեշտակ էր, իմ հրեշտակը, իմ բոլոր օրերի պահապան հրեշտակը: Արդեն տասը տարի Սոնան կողքիս է, ու կողքիս է ավելի շատ, քան աշխարհում բոլորը միասին վերցրած... Իմ Սոնան... Իմ փոքրիկ Սոնան, որն արդեն մեծացել էր... Մենք բոլորս էինք մեծացել, ու այդ գիտակցումը, որ սառը ցնցուղ էր, դժբախտությունների ու հուսահատությունների ժամանակ էինք ունենում, ամեն մեծ ու փոքր, մարդկային ու նյութական, ֆիզիկական ու հոգեւոր կորստի հետ ավելի ու ավելի ենք տեսնում մեր մեծանալը, ամեն դատարկ օղու շիշ մի էջ էր փակում մեր պատմության մեջ, ու ամեն նոր շիշ բացում էր նորը... Սոնան խաղաղ քնած է... Ես հիմա նայում եմ նրան ու հասկանում, թե որքան հոգնություն ու տառապանք կա այս փխրուն, բարակ մարմնից ներս, գիտակցում եմ` ինչքան դժվար է սեփական կյանքը մի կողմ թողած` կողքինի խդնիրներով ապրելը, իսկ Սոնան այդպիսինն է, ավելի շատ, քան մենք բոլորս... Նա ամենից շատն է մտածում մեր բոլորի մասին... Նա ամենաշատն է տառապել մեզնից... Գուգոյի մահը ամենածանրը Սոնայի սրտին նստեց, ու նա ամեն բան արեց, որ մենք դա չտեսնենք: Գերեզմանատանը նրա ուշաթափելը գահավիժումն էր կոկորդում պահած բոլոր ցավերի ու հարվածների, որոնց մասին մենք երբեք չէինք իմանում... Նայում եմ քնած Սոնային, ու աչքիս առաջ է գալիս այն տեսարանը, երբ առաջին անգամ հանդիպեցինք ես, Սոնոն ու բոլորս... Տասը տարի առաջ էր` ուսումնական տարվա առաջին օրը... Առաջին անգամ լսարան մտանք, նստեցինք ու նայեցինք իրար: Դեռ ոչ մի դասախոս ներս չէր եկել... Միայն ուսանողներով էինք... Ոչ ոք ոչ ոքի չէր ճանաչում, ոչ մեկը կողքինի հետ չէր խոսում, առաջինը Սոնան էր, որ վեր կացավ տեղից ու ժպտալով ասաց.

 

-       Ես Սոնան եմ, էրեխեք... Էկեք ծանոթանանք, թե չէ արդեն տասնհինգ րոպե ա` նստած ենք, ոչ մի բառ չենք խոսում, կուրսեցիներ ենք վերջապես:

 

Այդ պահից հասկացա, որ Սոնան լիդեր է... արդեն ներքին զգացողություն ունեի, որ մեր կուրսից մի կորիզ է առանձնանալու, դառնալու է ամուր ընկերություն, որի հիմնասյունն այդ ժպտերես աղջիկն է լինելու` Սոնա անունով...

Հետո մտերմացանք, մի քանի ամիս էր` միասին էինք սովորում... Կուրսում տղերքից առաջինը ես ու Ֆրեդն ընկերացանք, հետո Սոնան միացավ մեզ (Եվան դեռ չէր եկել մեր կուրս)... Մի ձմեռային օր` դասերից հետո, լսարանում խնջույք էինք կազմակերպել` ես, Սոնան, Ֆրեդը, Գուգոն ու էլի մի քանիսը... Մինչեւ կեսգիշեր մնացինք... Ես Սոնային ոտքով տուն ճանապարհեցի... ահագին քայլեցինք` մի ժամի չափ... Երթուղային այդ ժամին չկար, իսկ տաքսիի փող չունեինք... Զրուցում էինք ինչի մասին ասես... Խոշոր փաթիլներով ձյուն էր գալիս, երբեւէ իմ տեսած ամենագեղեցիկ ձյունը... Կարծես սիրահարվել էի Սոնային... չգիտեմ, երեխայական զգացմունք էր երեւի... Բաղրամյան փողոց էինք հասել, երբ սաստիկ քամի բարձրացավ, Սոնան ամուր փաթաթվեց ինձ... Չհասկացա` ինչ կատարվեց... Սիրտս սկսեց ավելի արագ աշխատել, Սոնան ավելի քան մոտ էր ինձ... Զգում էի նրա սառը շնչառությունը, նրա մարմնի հոտը... մաքրության հոտ էր... Խելագարի պես, չհասկանալով, թե ինչ եմ անում, ավելի մոտեցրի նրան ինձ ու համբուրեցի... Հետ քաշվեց... Երեւի առաջին անգամ էր համբուրվում... Մի քանի վայրկյան ուշադիր նայեց ինձ, հետո շրջվեց ու սարսափելի արագությամբ վազեց... Ես վազեցի նրա հետեւից, հասա, խնդրեցի, որ ների, բացատրեցի, որ չհասկացա` ոնց ստացվեց... Նա նայեց ուղիղ աչքերիս ու ասաց. <<մենակ թող, խնդրում եմ... հետո կխոսենք>>... Ես չպնդեցի... Հետ իջա... Քամին դադարել էր, ձյունն էլի մեծ փաթիլներով իջնում էր, բայց արդեն գեղեցիկ չէր այնքան, որքան րոպեներ առաջ... Մեղքի զգացում չունեի, ոչ էլ մտածում էի` ոնց եմ հաջորդ օրը նրա աչքերին նայելու... Ախր, նա էլ ինձ համբուրեց, ես զգացի, որ ինքն էլ ինձ համբուրեց...

Հաջորդ օրը Սոնան ուշ եկավ ինստիտուտ... Երբ առաջին դասաժամին չեկավ, ինձ թվաց` էլ ընդհանրապես չի գա... Բայց երկրորդ դասի կեսերին բացեց դուռը, ներողություն խնդրեց դասախոսից ուշացման համար ու նստեց վերջին շարքում` Գուգոյի կողքին... Ես նրանից ավելի առաջ էի նստած, անընդհատ ուզում էի նայել նրան, բայց ոչ մի անգամ չպտտվեցի...

Դասամիջոցին մոտեցա ու ասացի.

 

-       Խոսելու բան կա:

-       Խոսենք,- սովորական ժպիտով պատասխանեց:

-       Հիմա չէ, դասերից հետո... Գնանք ինչ-որ սրճարան, նստենք ու խոսենք:

-       Դե արի հիմա գնանք,- ասաց:

-       Բայց հիմա դասերը չեն վերջացել:

-       Որ փիլիսոփայության դասին չնստես, աշխարհը կարող ա մեծ փիլիսոփա կորցնի՞:

-       Բացարձակ,- ժպտացի,- գնա՞նք:

-       Գնանք...

 

Մենք քայլելով հասանք մոտակա սրճարան: Ես դառը սուրճ պատվիրեցի, Սոնան թեյ, ու պատվիրելուց էլ ժպիտով ավելացրեց. <<խնդրում եմ, թող չափից դուրս տաք լինի, վառվելու աստիճանի>>...

 

-       Երեկ մրսել ե՞ս,- հարցրի:

-       Երեւի... Շատ ցուրտ էր, ես էլ թեթեւ էի հագած:

-       Հա, ես էլ էի թեթեւ հագած, բայց չեմ մրսել...

 

Ես հիմար բաներ էի խոսում, ուղղակի, հենց այնպես, խոսելու համար... Չգիտեի էլ` ինչ ունեմ Սոնայի հետ խոսելու, չգիտեի` ինչ պիտի հիմա ասեմ:

 

-       Լսում եմ քեզ,- ասաց,- ի՞նչ ունեիր հետս խոսելու...

-       Սոն... երեկ...

-       Սպասի, մի կմկմա... թող ես ասեմ...

-       Ասա...

-       Էն, ինչ երեկ եղավ, անհեթեթություն էր... Լսարանում մի քիչ խմել էինք, մեզ կորցրինք... Մոռացի, լա՞վ...

-       Իսկ դու արդեն մոռացել ե՞ս,- հարցրի...

-       Եթե չխոսենք էս մասին, հավատա, հենց վաղն էլ կմոռանամ... դու էլ կմոռանաս...

-       Ի՞նչ գիտես:

-       Գիտեմ... Մի հատ ծխախոտ կտա՞ս:

-       Չգիտեի, որ ծխում ես,- Սոնային մեկնեցի ծխախոտատուփը,- վերցրու...

-       Մի ամիս կլինի` սկսել եմ... Քիչ եմ ծխում...

 

Ես բառեր չէի գտնում նրան ասելու, չգիտեի ինչ խոսել, որտեղից սկսել... Ամեն խոսքս կիսատ էր մնում, չէր թողնում` շարունակեմ...

Սոնան լուռ ծխում ու ինձ էր նայում, հասկանում էր երեւի, որ չեմ կարողանում խոսել... Ես հիմար դրության մեջ էի, նախորդ օրը համարձակությունս ինձնից առաջ էր ընկել, համբուրել էի Սոնային, իսկ ընդամենը կես օր անց չեմ կարողանում երկու բառ իրար կապել...

-       Մի առաջարկ ունեմ,- սկսեց խոսել` տեսնելով, որ ես ի զորու չեմ:

-       Ասա:

-       Արի չփչացնենք մեր ընկերությունը, հա՞... Չգիտեմ` դու հավատում ես, թե չէ, որ տղայի ու աղջկա միջեւ կարա լուրջ ու մաքուր ընկերություն լինի, բայց ես հավատում եմ... Արի մոռանանք էն, ինչ երեկ եղավ, համաձայն ե՞ս:

-       Համաձայն եմ,- ասացի:

-       Ապրես: Ես, դու ու էլի մի քանիսը աշխարհի ամենանվիրված ընկերներն ենք լինելու, հավատա ինձ...

 

Ես հավատացի նրան, հավատացի ու հիմա` նրան հավատալուց տասը տարի անց, քաղաքից հեռու այս հյուրանոցում շնորհակալ եմ ճակատագրին Սոնայի համար… Աշխարհի ամենագեղեցիկ ժպիտն ունեցող այն խելագար աղջնակն արդեն հասուն կին է, կյանքիս ամենահարազատ կինը, որի համար կարելի է երկրագունդ շուռ տալ… Այս նուրբ մարմնում աշխարհի ամենաուժեղ ու հաստատակամ կինն է ապրում… Մեկն, ով կյանքը կտա, միայն թե պարանը վիզդ չգցես…

 

Ձեռքս ճակատին դրեցի… Տաքություն ունի… Մրսել է երեւի… ինչպես տասը տարի առաջ` Բաղրամյան փողոցում…

 

Արթնացավ.

 

-       Ինչի՞ քնած չես,- հարցրեց:

-       Քունս չի տանում… Համ էլ պարտք եմ քեզ, անցած գիշեր դու էիր քունս հսկում, էս գիշեր` հակառակը:

-       Գնա քնի, հիմա լույսը կբացվի…

-       Սոն, հիշում ե՞ս, որ առաջին կուրսում Բաղրամյան փողոցի վրա համբուրվեցինք...

-       Էշ…

 

Ծիծաղեցինք…

 

 

 

 

7. Համընկնումներ

 

                                              Քանի կյանքեր են չքացել,

                                              Մենք չգիտենք` կանք, թե չկանք...

                                              Եվ մեր ձեռքն ենք մեկնում նրանց,

                                              Ում հետ մեր բախտը համընկավ...

                                                                           Մեսչյան

 

-       Էլի եմ ուզում...

-       Հո դու վայրենի չես...

-       Վե՞րջ... էրկու անգա՞մ...

-       Կարմեն, իմ համար երկուսը լուրջ թիվ ա:

-       Բայց սիրածդ թիվը երեքն ա, չէ՞:

-       Չէ, սիրածս թիվը յոթն ա...

-       Դե լավ, հո Եկատերինայի ձին չե՞ս... Բայց էլի եմ ուզում...

-       Բարի գիշեր...

 

... Մի ամիս կլիներ` Կարմենի մոտ էի ապրում: Ոչ մի լուրջ բան չկար մեր միջեւ: Երբեմն քնում էինք իրար (ի միջի այլոց), երբեմն նույնիսկ արթնանում (ավելի քան ի միջի այլոց)... Կարմենի տեսակը սիրում էի... Ապրում էր սրտի ուզածով, ոչ ինքն էր ինչ-որ մեկին խանգարում, ոչ էլ թողնում էր, որ իրեն խանգարեն... Հետաքրքիր էր նրա հետ...

 

... Գուգոյի մահից մոտ երեք ամիս էր անցել: Սամոն Մոսկվայում էր արդեն` հակառակ իմ, Ֆրեդի ու Անդոյի հորդորներին: Միայն Սոնան էր, որ հետ չպահեց նրան, միայն Սոնան, առանց վայրկյան անգամ մտածելու, ասաց` <<գնա>>...

Այս եեք ամիսների ընթացքում մերոնց հաճախ չէի հանդիպում, ու պատճառը բնավ էլ Կարմենը չէր: Նախ, Սոնան որոշ ժամանակաով Մերիի հետ մեկնեց երկրից, հետո Եվայի հետ լուրջ կոնֆլիկտ ունեցանք Անդոյի ընկերոջ պատճառով: Ֆրեդն ասաց, որ եթե Եվան շարունակի Մոսոյի հետ հարաբերությունները, կարող է մոռանալ իր մասին, իսկ ես փորձեցի մաքսիմալ չեզոք մնալ. չէի ուզում Մոսոյի հանդեպ ունեցածս հակակրանքը Եվայի ու մնացածի վզին փաթաթել... Մի օր գնացի Եվայի մոտ ռոմ խմելու, նստեցի բարի կանգնակի աթոռներից մեկին ու բարմենին խնդրեցի` ռոմ լցնի... Եվան մոտեցավ ինձ, ասաց, որ ուզում է խոսել հետս, սառնարանից մի շիշ օղի հանեց ու երկու բաժակ վերցրեց: Մենք նստեցինք ամենավերջին սեղանին, որ մեզ խանգարող չլինի... Մի քանի աժակ խմեցինք` առանց որեւէ բառ խոսելու, հետո Եվան ասաց.

 

-       Մոսոն ասում ա, որ իրան տանել չես կարողանում:

-       Կարծում եմ իմ վերաբերմունքն էդքան էլ չի հետաքրքրում Մոսոյին:

-       Ինձ ա հետաքրքրում:

-       Եվա, Մոսոն քո ի՞նչն ա... եթե գիտես, իհարկե...

-       Ինչի՞ ոչ մեկդ չեք հասկանում... ես սիրում եմ Մոսոյին, Մոսոն ինձ համար կարեւոր մարդ ա, Մոսոն հասկանում ա ինձ, լսում ա ինձ... Դուք էլ եք ինձ հասկանում ու լսու, բայց դա ուրիշ լսել ա, ուրիշ բան ա, երբ ընկերդ ա թիկունքիդ, ուրիշ ա, երբ տղամարդ ա... Հասկանում ե՞ս:

-       Էդ տղամարդն ընտանիք ունի...

 

Եվան լցրեց աչքերը...

 

-       Ես Մոսոյի քածը չեմ...

 

Մեղքս գալիս էր...

 

-       Գժվել ե՞ս... Քեզ ո՞վ նման բան ասեց:

-       Նման բան բոլորդ եք մտածում` դու, Ֆրեդը, անգամ Սոնան, որ ինձ բոլորից լավ ա ճանաչում:

-       Դու խնդրեցիր, որ խոսենք, Եվա... բայց հիմա մենակ դու ես խոսում, ու հիմար բաներ ես ասում անընդհատ... Կթողնե՞ս խոսեմ...

-       Գիտեմ` ինչ ես ասելու:

-       Գնա՞մ:

-       Գնա...

-       Չեմ գնա... լսի ինձ, ուշադիր լսի... Մենք քեզ չափից ավելի շատ ենք սիրում, որ թողնենք` սխալվես... Մոսոն կին ունի, ընտանիք ունի, մի կանգնի Մոսոյի ու նրա ընտանիքի միջեւ, հա՞... Հավատա, հետո, թեկուզ երկար ժամանակ հետո կհասկանաս, որ ճիշտ եմ ասել...

-       Ինձ թվում էր, որ գոնե դու կհասկանաս ինձ...

-       Ես քեզ հասկանում եմ...

-       Չես հասկանում... Ոչ մեկդ չեք հասկանում... Ֆրեդն ինձ լրիվ ագառկի տեղ ա դրել, էն օրն էկել-ասում էր` երբվանի՞ց ես սկսել ամուսնացած տղամարդկանց հետ պառկել...

-       Եվա... Քնում ե՞ք իրար հետ...

 

Ինքս էլ չհասկացա` ինչու հարցրի...

 

-       Հա... մի քանի անգամ քնել ենք... չեմ էլ փոշմանում... հասկացի, սա կյանքիս ամենալավ շրջանն ա, թեկուզ արածս անբարոյականություն լինի, թեկուզ ինձ պոռնիկ համարեք, մեկ ա, չեմ փոշմանում, սիրում եմ Մոսոյին, սիրում եմ նենց, ոնց կա... Հասկացի, հիմա ես ապրում եմ, էս տարիների ընթացքում առաջին անգամ ապրում եմ...

 

Ամենասարսափելին այն էր, որ ես հասկանում էի Եվային... հասկանում էի բոլորից լավ, հասկանում էի այնպես, ինչպես ոչ ոք չէր հասկանա... երեւի ինքն էլ հոգու խորքում գիտեր, որ ամենալավը ես եմ իրեն հասկանում... Հասկանում էի, որ կյանքում գոնե մի անգամ պիտի թքած ունենաս ամեն ինչի վրա, գոնե մի անգամ պիտի ինքդ քեզ ու մյուսներին հաշիվ չտաս արարքներիդ համար, գոնե մի անգամ, մի օրով, մի ժամով պիտի ապրես էս անիծյալ կյանքը...

 

-       Եվ ջան, ցավդ տանեմ, քեզ ոչ ոք չի մեղադրում, հանգստացի, սրբի արցունքներդ, բոլորը մեզ են նայում:

-       Էլի բոլորը... լավ, չեմ հասկանում, ես պրծում չունե՞մ էդ բոլորից, ես իրավունք չունե՞մ ինձ համար ապրելու... Գիտե՞ս, երբեք ինձ համար չապրեցի...

 

Եվային տասը տարվա մեջ առաջին անգամ էի այս վիճակում տեսնում... Աչքերից ատելություն էր թափվում ամբողջ աշխարհի հանդեպ...

 

-       Ի՞նչ գիտեք դուք իմ մասին... մեծ հաշվով, ոչինչ...

-       Եվա...

-       Լռի, թող խոսեմ... Դու գիտե՞ս, որ ես մանկություն չեմ ունեցել... հա, լուրջ եմ ասում, իմ մանկությունը գողացել են ինձնից... Ու՞ր ա հերս... Գիտե՞ս` ուր ա իմ հայրը, իմ տասը տարվա ընկերն ես, գիտե՞ս...

-       Հայրդ... Հայրդ մահացել ա, Եվ...

-       Հա, հերս կյանքը տվեց Ղարաբաղում…Էդ ժամանակ շատ փոքր էի, երկրորդ-երրորդ դասարան… Իսկ մերս, էն մերս, ում ձեզնից հմտորեն թաքցրել եմ էսքան ժամանակ, շարքային պոռնիկ ա էղել... Որովհետեւ ամուսինը մեռավ, իսկ երեխան սոված էր… Երեխան, ութ-ինը տարեկան երեխան սովից մեռնում էր… Ինքն էլ ծախում էր իրան… Չեմ արդարացնում… Շատերը կային, որ ընտանիքի հորը կորցրել էին պատերազմում, բայց պուտանկա չէին դառնում… Իսկ մերս չձգեց… Իսկ երկրի <<շեֆերը>> ամեն տարի մի կիլո կառտոշկի փող էին տալիս` ողորմության նման… Ու սկսեց ամեն ինչ… Մերս ծախում էր իրան, որ ուտելու բան ունենանք… Հիշում եմ` ոնց էին մոտը գալիս ու գնում... հիշում եմ... Մի բան ասեմ, չես հավատա… Կռված տղերք էլ էին գալիս, դե, անունով կռված էլի, էն որ ամիսը մեկ գնում, մի բան տանում, գալիս էին… Ու գիտեին ում մոտ են գալիս, գիտեին` ում կնոջն են քունում… Դպրոցում բոլորը գիտեին մորս մասին, ոչ մի ծնող չէր թողնում, որ իր երեխան հետս շփվի... Հետո ընդունվեցի ինստիտուտ ու լրիվ այլ կերպ ներկայացրի իմ ու ընտանիքիս պատմությունը: Երբ ուսանող ժամանակ գալիս էի ձեզնից մեկի տուն ու տեսնում, թե ոնց են ձեր մայրերը ձեզ երաբերվում, չարությամբ էի լցվում էս կյանքի հանդեպ... Հենց ձեր մայրերին տեսնում էի, ձեր մայրերի վերաբերմունքը, ձեր մայրերի նվիրվածությունը ձեզ, միանգամից հիշում էի, թե մերս ոնց մի անգամ ասեց, որ փոշմանել ա ինձնով հղի ժամանակ աբորտ չանելու համար... Ու դա ասեց տասնչորս տարեկան երեխային... Ես տասնչորս տարեկանում իմացա` ինչ ա աբորտը, իմացա, որ մերս չի ուզել ինձ ունենա... Երեսուն տարի, արդեն երեսուն տարի ես ուղղակի շնչում եմ... ու էս երկու-երեք ամիսը սկսել եմ ապրել... ի՞նչ եք ուզում, ինչի՞ չեք թողնում` ապրեմ... Թող պոռնիկ լինեմ, թող ամուսնացած տղամարդու տակ պառկող փողոցային լինեմ, բայց թողեք ապրեմ... թողեք ապրեմ` ոնց ես եմ ուզում...

 

... Ես լսում էի Եվային ու ականջներիս չէի հավատում: Այս տասը տարիների ընթացքում նա լեգենդներ էր հորինել իր ընտանիքի մասին, ասել էր, որ հայրը մահացել է, երբ ինքը շատ փոքր է եղել, որ մայրը երեք տեղ աշխատելով` մեծացրել է իրեն... Ու հիմա Եվան իմ առաջ փռեց իր իրական կյանքը, իր կողոպտված մանկությունը, իր չապրած երեսուն տարիները...

 

-       Ապրի, ոնց ճիշտ ես գտնում, Եվա... չգիտեմ` ով ոնց, ես մինչեւ վերջ կողքիդ եմ,- ասացի ու դուրս եկա...

 

… Մոտ մի ամիս, ինչպես արդեն ասացի, Կարմենի մոտ էի ապրում… Մի առավոտ էլ արթնացա ու որոշեցի իմ տուն վերադառնալ… Կարմենն, իրեն հատուկ սառնությամբ, որի համար խելագարվում էի, անգամ չհարցրեց, թե ինչու եմ գնում, կամ հետ կգա՞մ ընդհանրապես, թե չէ… Նա չէր հարցնում, որովհետեւ այն քիչ կանանցից էր, ով չէր խախտել միմյանց հանդեպ պարտավորություններ չունենալու պայմանը…

 

… Այդ մեկ ամսվա ընթացքում կապս չէի կորցրել Լյուսիի հետ…

Մեր ամենաբուռն խոսակցությունը եղավ տուն վերադառնալուս օրը, երբ նրան ինչ-որ բան գրեցի… Հետո ինքը գրեց, հետո էլի ես… Գրեթե ասացի, որ սիրում եմ նրան… Մի օր պիտի հորդեր էս ամենը, այդ գիշեր հորդեց…

 

-       Գիտե՞ս,- ասաց,- հիմա պետք չի ձեւացնել, թե մենք ուղղակի խաղում ենք, երկուսս էլ հասկանում ենք, որ իրար հանդեպ զգացմունքներ ունենք…

 

Զարմանքից քարացա… Չէի սպասում, որ Լյուսին այսքան ուղիղ կխոսի…

 

-       … հա, ես ամուսնացած կին եմ, դու` ամուսնացած տղամարդ, ու իրար հանդեպ անտարբեր չենք, բայց սա ուրիշ անտարբեր չլինել ա, սա իրար գիրկ նետվելու զգացմունք չի, ու նույնիսկ եթե դրա կարիքը լինի… մի խոսքով… բարդ ե՞մ խոսում…

-       Մի քիչ,- ասացի…

-       Կգա՞ս առավոտյան քայլենք…

 

Եղավ այն, ինչից ամենաշատն էի վախենում… Լյուսին առաջարկեց, որ հանդիպենք… Իսկապես, վախենում էի… Մի քանի անգամ ակնարկել էր, բայց ես ինձ հիմարի տեղ էի դրել, ձեւացրել էի` իբր չեմ հասկանում… Իսկ հիմա Լյուսին պարզ ասում է, որ ուզում է` քայլենք…

 

-       Կգամ,- ասացի…

-       Լու՞րջ… Չէի սպասում, որ կհամաձայնես…

-       Հարցնում էիր, որովհետեւ մտածում էիր` չէի համաձայնի՞:

-       Չէ, նենց չի, որ չեմ ուզում, ուղղակի…

-       Ուղղակի ի՞նչ…

-       Զարմացա…

-       Ինձ համար էլ ա անսովոր,- հաստատ, չեմ կարա քնեմ էս գիշեր:

-       Հանգստացի, մենք ընդամենը քայլելու ենք… ընդամենը քայլելու…

-       Լավ, որտե՞ղ հանդիպենք,- հարցրի:

-       Դու մեքենայով ե՞ս:

-       Հա:

-       Դե ուրեմն արի իմ հետեւից, գնանք Հալաբյանի այգի… գիտես, չէ՞:

-       Հա, մի թեթեւ…

-       Դա իմ մանկության այգին ա, էնտեղ եմ մեծացել…

-       Քանիսի՞ն լինեմ:

-       Յոթին… չէ… անց կես… մինչեւ ինը կքայլենք, ինն անց կես գործի եմ…

-       Լավ…

-       Դե համարդ գրի, որ առավոտյան զանգեմ… հանգիստ էղի, վաղը կջնջեմ հեռախոսիցս…

-       Կարաս չջնջես…

 

Դա աշխարհի ամենաերկար գիշերն էր… Վեցը չկար` դուրս եկա տնից: Իմ տնից նրա տուն քսան րոպեի ճանապարհ է… Անիմաստ պտտվում էի քաղաքում… Իր ասած ժամից կես ժամ շուտ, այսինքն, ուղիղ յոթին, նրանց բակից մի քիչ հեռու` փողոցի վրա կանգնած էի (ինքն էր ասել, որ փողոցի վրա կանգնեմ)... Հեռախոսիս հաղորդագրություն եկավ` <<արթնացել ե՞ս>>… Արագ պատասխանեցի` <<արդեն քո ասած տեղում կանգնած եմ>>…

 

Տասնհինգ րոպե հետո նկատեցի նրան, սրտիս աշխատանքն արագացավ, ու դա սովորական արագանալ չի, մեռնելու աստիճանի արագացավ… Նա բացեց դուռը, նստեց կողքիս, ժպտալով բարեւեց…

 

-       Գնացի՞նք:

-       Գնացինք…

 

Այգում շներով կանայք կային, առավոտյան մարզանք անող ամուսիններ, դասի գնացող երեխաներ… Մենք կամուրջի տակ էինք… Նայում էի կամուրջին ու հասկանում , որ քիչ հետո այնտեղից պիտի ցած նետեմ բոլոր երազանքներս, վաղվա օրս, ամեն-ամեն բան… միայն նրա աչքերը կմնան ինձ հետ… ու վերջ… Լյուսի… դու ինչ-որ չստացված ժամանակահատված էիր գլորում… Մեր կյանքերը, փաստորեն, չէին համընկել, ինչպես մենք էինք կարծում… Կամ համընկել էին, բայց ոչ այնտեղ, որտեղ պետք էր… Այդ առավոտ սարսափն ու վայելքը, կորուստն ու երանությունն իմ մեջ իրար էին խառնվել… ես չէի հասկանում` որտեղ եմ… ոչինչ չէի հասկանում… Աշխարհն ինձ համար կանգ էր առել, չկար աշխարհը, կայիր դու… Բայց դու դու չէիր… Դու այն կինը չէիր, որ մտահոգ էր ինձ համար, դու այն կինը չէիր, որ եկել էր փրկելու փոթորիկներից… Դու հասկացել էիր, որ սխալ էր ամեն բան… որ <<ես ու դու>>-ն թյուրիմացություն էր… որ շտկել էր պետք ամեն բան, վերադառնալ էր պետք հին կյանքին, որտեղ կայի ես, կայիր դու, բայց մենք չկայինք… Դու լարված էիր, դու մեղավորի զգացում ունեիր… որքան էլ հպարտ պահեիր քեզ, ես դա տեսնում էի… Իսկ ես չունեի այդ զգացումը, որովհետեւ խելագարի պես սիրում էի քեզ… Այդ ժամանակ` կողքիս նստած, այնքան հեռու էիր ինձնից, որքան երբեք չէիր եղել… Հիշում եմ ամեն ժպիտդ, ամեն շարժումդ, շագանակագույն զգեստդ եմ հիշում ու գլխիս չափ մեծ, բայց գեղեցիկ ականջողերդ, որոնցից մեկը, եթե հանեիր, կխախտվեր մարմնիդ հավասարակշռությունն, ու կընկնեիր…

Հետո եկավ գնալու ժամանակը… Դեպի մեքենա ընկած ճանապարհին գրեթե ոչինչ չխոսեցինք, դու ժպտում էիր մարդկանց, շներին, ծառերին… Դու քեզ կատարյալ էիր զգում, որովհետեւ առաջին կինն էիր աշխարհի երեսին, ով ինձ գետնին տապալեց…

 

-       Ուշացա գործից… մերսի, որ հասցրիր, հաջող:

-       Խնդրեմ… Հաջող…

 

Հաջող, Լյուսի… հաջող…

 

... Արթնացա Սոնայի զանգից.

 

-       Ալո… Քնած էի՞ր …

 

Աչքս գցեցի ժամացույցին, տեսա, որ գիշերվա երեքն է:

 

-       Հա, բան ա՞ պատահել:

-       Պատահել ա… Շուտ արի իմ մոտ` տուն:

-       Ի՞նչ ա էղել:

-       Հեռախոսի բան չի, արի կասեմ… Մարդ չի մեռել, հանգիստ էղի…

 

Արագ հագնվեցի, ու չեմ հիշում` ոնց հասա Սոնայի տուն… Դուռը բաց էր, Սոնան հյուրասենյակում մենակ նստած` նյարդային ծխում էր:

 

-       Սոն, ի՞նչ ա էղել:

-       Նստի:

-       Ես կանգնած կլսեմ, ասա…

-       Նստի, ասում եմ,- բղավեց:

 

Անորոշությունից սիրտս պայթում էր… Նստեցի…

 

-       Ասա, ի՞նչ ա էղել:

-       Էն պիդռը Եվային էնքան ա ծեծել, տեսնես, չես ճանաչի…

 

Քարացա… Մի պահ ինձ թվաց, թե արյունս դադարել է հոսել…

 

-       Մոսո՞ն…

-       Հա…

-       Ու՞ր ա Եվան…

-       Իմ սենյակում ա, բայց չգնաս, հազիվ ա քնել…

-       Բան չեմ հասկանում… Մի հատ ծերից-ծեր կպատմե՞ս:

-       Հա… բայց գնա խոհանոցից օղի բեր, մեռնում եմ:

-       Օղու ժամանակ ե՞ս գտել, պատմի…

-       Խնդրում եմ, օղի կբերե՞ս:

 

Սառնարանից օղի բերեցի ու երկու բաժակ: Լցրի բաժակները, Սոնան միանգամից խմեց ու սկսեց խոսել…

 

-       Էդ բոզի տղեն մի քանի ժամ առաջ մտնում ա Եվայի մոտ` կլուբ… Եվան ասում ա` դոզի տակ էր… անասունը երակները կոխած` գալիս ա ու սկսում Եվային ինչ ասես ասել… Հետո, երբ Եվան ուզում ա` փախչի, վզից բռնում, գցում ա գետնին ու շան նման սատկացնում… Ջարդուխուրդ ա արել…

-       Բա էդ անտերանոցում ուրիշ մարդ չկա՞ր, որ դրա ձեռքից բռներ…

-       Չէ, փակ ա էղել արդեն, Եվան էլ մնացել էր, որ հաշվարկ աներ…

-       Դրա կողքին է՞ր Եվան ապահով զգում իրան, պաշտպանված…

-       Լսի, դու ցնդել ե՞ս… Հիմա դրա ժամանակն ա՞… Ֆրեդին ու Անդոյին էլ եմ զանգել, հիմա կհասնեն… թող գան, որոշենք` ինչ ենք անում…

-       Ֆրեդին իզուր ես զանգել… Մի քանի ժամ առաջ հետը խոսեցի, հարբած էր, չեմ ուզում տաք գլխով ինչ-որ բան անի… Թող լույսը բացվի, հասկանանք` ինչ ենք անում… Ամեն դեպքում, չենք թողնի սենց մնա…

 

Ֆրեդը եկավ… Ընդհանրապես նման չէր խմած մարդու… Ֆրեդն իմացել էր եղելությունը, Սոնան հեռախոսով ամեն ինչ պատմել էր, երեւի հենց դա էլ սթափեցրել էր նրան…

 

-       Անդոն ու՞ր ա,- այնպես նայեց ինձ ու Սոնային, կարծես մենք էինք ծեծել Եվային:

-       Հիմա կգա,- ասաց Սոնան,- նստի…

-       Հլը թող գա… Հլը թող տես հասնի…

-       Ֆրեդ, հավաքի քեզ,- ասացի,- Անդոն ի՞նչ մեղք ունի:

-       Ճիշտ ես ասում, ապեր, Անդոն մեղք չունի, դու ու Սոնան մեղք ունեք… դու ու Սոնան…

-       Ֆրեդ,- վրա տվեց Սոնան,- կարա՞ս ձենդ կտրես, մի բառ էլ խոսես, կարող ա շիշը գլխիդ տամ:

-       Կամաց խոսեք,- ասացի,- էրեխեն կարթնանա…

-       Բա դու ո՞նց իմացար, Սոն,- հարցրեց Ֆրեդը:

-       Եվան զանգեց… Էդ տականքը Եվային էդ վիճակով թողել-գնացել ա…

 

Ֆրեդը սեղանի մյուս ծայրին դրված թեյի բաժակը մոտեցրեց, մինչեւ վերջ օղի լցրեց ու քաշեց գլխին… Անդոն ներս եկավ… Ֆրեդը կատաղած նայեց վրան, վեր կացավ տեղից ու բռունցքով հարվածեց դեմքին… Մենք հազիվ հասցրինք Անդոյին խլենք Ֆրեդի ձեռքից…

 

-       Մի հատ հանգստացեք, անասուն լինեք ոնց որ,- գոռաց Եվան,- էն վիժվածքին թողած` իրար եք մորթում…

-       Ֆրեդ,- բերանի արյունը սրբելով` ասաց Անդոն,- իմ մեղքը ո՞րն ա… կասե՞ս…

-       Չգիտեմ,- գլուխը կախեց Ֆրեդը,- ոչ մի բան չգիտեմ… ինչի՞ դրան Եվայի ջանին կապեցիր, Անդո…

-       Ես ոչ մեկի ջանին էլ չեմ կապել… Մի անգամ ես եմ Եվային ասել, որ վերջ տա էդ ամեն ինչին… նեղացավ…

 

Բոլորը գոռում էին, իսկ ես չէի ուզում լսել… Այդ պահին ինձ ոչինչ հետաքրքիր չէր, անգամ հետաքրքիր չէր կպատժվի էդ անասունը, թե չէ… Ես միայն փախչել էի ուզում, փախչել էս գրողի տարած որբանոցից, որի կենացը տասը տարի խմել ենք… իսկ նրանք… նրանք մեր արյունն են խմել… տերերը… բոլոր տերերը… նրանք, ովքեր Մոսոյի տեսակի վզից մեդալներ կախեցին, ազգի հերոս դարձրին… Անունները դրեցին <<կռված տղա>>… Ու նույն շարքում կանգնեցրին մեր տղերքի հետ, էն տղերքի, որոնք մինչեւ արյան վերջին կաթիլը կռվեցին մեր այսօրվա համար, մեր զավակների վաղվա համար… Էդ տղերքը չկան, իսկ Մոսոն կա… Մոսոն ավելի շատ կա, քան բոլոր հերոսները, բոլոր իրական հերոսները` միասին վերցրած, որովհետեւ Մոսոն, երակները լցրած, փողոցի շան պես սատկացրել էր ՀԵՐՈՍԻ զավակին… որովհետեւ Մոսոն կարող է օրվա մեջ հարյուր հատ էդպես հերոսի ու չհերոսի սերունդ պղծել ու ոչնչացնել… Անդոն էլ, որ որբանոցի ամենազիլ տղերքից էր, դառավ Մոսոյի ու Մոսոյի նմանների շունը… մատաղացու գառ, որի կյանքը գրոշի արժեք չունի տերերի համար… Ու էդպես էլ պիտի լինի… որովհետեւ Անդոյի նմաններն արժանի են մատաղ գնալու… որովհետեւ ոչ ոք փոքր ժամանակ իրենց չի սովորեցրել, որ ուրիշներին թալանելը լավ բան չի, ուրիշի երեխայի վերջին պատառ հացը չի կարելի խլել, ուրիշի ընտանիքը չի կարելի կործանել… նրանք չգիտեն, որ կնոջը չի կարելի ծեծել, էն էլ Եվայի պես կնոջը… Եվային Անդոն էր ծեծել… հա, Անդոյի տեսակն էր ծեծել Եվային… Անդոն ու Մոսոն ինձ համար նույն մարդն էին…

Այդ գիշեր ես առաջին անգամ հասկացա Անդոյի ու անդոների իրական վտանգը… Գուգոյին էլ Անդոն անդամահատեց ու սպանեց… Սամոյին էլ Անդոն ուղարկեց երկրից… Եվայի մոր հետ էլ Անդոն պառկեց…

 

… Մերոնք դադարեցին կռվել… Ֆրեդը հանգստացել էր արդեն, Սոնան լաց էր լինում, Անդոն գնաց ու ասաց, որ առավոտյան մի բան կանի, բայց ինքն էլ չգիտեր` ինչ պիտի անի կամ ինչ է ուզում... մեզնից ոչ ոք  չգիտեր...

 

 

 

 

 

8. Դուռը դրսից փակեք

                                                     Այդ խավարի մեջ ինձ գտավ,

                                                     Այդ գիշերից ինձ դուրս հանեց

                                                     Խզված կոկորդն իմ ընկերոջ…

                                                                   Հ. Թամրազյան

 

-       Կարելի՞ է ներս գալ,- ասաց քաղաքացիական համազգեստով ոստիկանը` ցույց տալով վկայականը:

-       Համեցեք,- ասացի:

 

Քառասունին մոտ տղամարդ էր: Մտավ հյուրասենյակ ու նստեց բազմոցին:

 

-       Ե՞րբ եք վերջին անգամ տեսել Ֆրեդ Մովսիսյանին:

 

Սարսափեցի... նման հարց մեռնողների մասին են տալիս...

 

-       Ի՞նչ ա էղել Ֆրեդին:

-       Ձեր ընկերը մեղադրվում է Մովսես Գրիգորյանի սպանության մեջ:

 

Ինձ թվում էր` երազ եմ տեսնում: Գլուխս պտտվում էր... Ֆրեդը սպանել էր Մոսոյին... Համենայն դեպս, ոստիկանն այդպես էր ասում...

 

-       Ճանաչու՞մ եք Մովսես Գրիգորյանին:

-       Ճանաչում եմ,- ասացի:

-       Իսկ գիտեի՞ք, որ այսօր առավոտյան նրան սպանված են գտել իր գրասենյակում:

-       Չէ, չգիտեի,- կմկմում էի,- բայց ինչի՞ց եք ենթադրում, որ Ֆրեդն ա սպանել:

-       Չեմ ենթադրում... Գրասենյակի տեսախցիկները ֆիքսել են, որ Գրիգորյանի մոտ մտած վերջին մարդը Ձեր ընկերն է եղել:

 

Չէի կարողանում խոսել... Խոսելու բան էլ չկար...

 

-       Որեւէ ընդհարում, վիճաբանություն Ֆրեդի ու Գրիգորյանի միջեւ տեղի ունեցե՞լ է:

-       Չգիտեմ:

-       Չասացիք` երբ եք վերջին անգամ տեսել Ֆրեդին:

-       Երեկ եմ տեսել:

-       Որտե՞ղ:

-       Մեր ընկերներից մեկի տանը:

-       Ի՞նչ էիք անում ձեր ընկերներից մեկի տանը:

-       Մենք հաճախ ենք հավաքվում մեր ընկերներից մեկն ու մեկի տանը:

-       Ի՞նչ հոգեվիճակում էր Ֆրեդը երեկ:

-       Շատ նորմալ, հավասարակշռված...

-       Իսկ անհավասարակշիռ լինելու պատճառ ունե՞ր:

-       Բացարձակ...

-       Լավ,- մի թղթի կտոր մեկնեց,- գրեք Ձեր հեռախոսահամարը, անհրաժեշտության դեպքում մենք կկապվենք...

 

Ես թղթի վրա գրեցի հեռախոսիս համարն ու ճանապարհեցի ոստիկանին: Նրա գնալուց հետո միանգամից Անդոյին զանգեցի, բայց բջջայիյնն անջատած էր: Ֆրեդին չէի ուզում զանգել, մտածում էի, որ զանգով կարող եմ վնասել նրան: Չէի հասկանում` ինչ է կատարվում, ինձ թվում էր`երազ եմ տեսնում, չէր կարող Ֆրեդը մարդ սպանել… Որքան էլ կոպիտ մարդ լիներ իր տեսակով, որքան էլ շատ ժամանակ անտարբեր թվար (ավելի ճիշտ` իրեն հատուկ այդպես ներկայացներ), մեկ է, Ֆրեդը մարդկային կյանք խլող չէր… Անդոյին մի քանի անգամ էլ զանգեցի, բայց ոչ մի արդյունք: Հագնվեցի ու դուրս եկա, չէի էլ իմանում` ուր եմ գնում, ուղղակի չէի կարողանում տանը մնալ, խեղդվում էի… Սոնային էի ուզում զանգել, բայց միեւնույն ժամանակ նաեւ չէի ուզում, չգիտեի` ոնց կտանի այդ նորությունը:

 

Նստեցի մեքենան: Շարժիչը դեռ գործի չէի գցել, Սոնայից զանգ եկավ.

 

-       Միլիցեքն արդեն քո տուն էկել ե՞ն,- հարցրեց:

-       Արդեն գիտե՞ս:

-       Կողքդ մարդ կա՞:

-       Չէ,- ասացի:

-       Ֆրեդն իմ հետ ա:

-       Որտե՞ղ եք:

-       Համոյի մոտ:

-       Համոն ո՞վ ա:

-       Դիլիջանի պանսեոնատը չես հիշու՞մ:

-       Հենց հիմա գալիս եմ:

-       Արագ չքշես:

-       Սոն, Ֆրեդն ա՞ արել:

-       Հա… արի…

 

Ամեն ինչ կտայի, միայն այդ գիշեր Ֆրեդի կողքին լինեի, չթողնեի, որ կյանքի ամենաճակատագրական սխալն անի…

 

 

… Սարսափելի արագությամբ հասա Դիլիջան` Համոյի պանսեոնատ: Համոյին բարեւեցի, ասաց, որ Սոնան ու Ֆրեդը համարում են: Բարձրացա: Ինչ-որ ուժ ինձ հետ էր պահում Ֆրեդին տեսնելուց, չէի ուզում տեսնել… չգիտեմ, էլի մեղավոր էի զգում ինձ, ինչպես Գուգոյի մեռնելուց էի մեղավոր զգացել: Գրեթե նույն զգացողությունն էր, դեռ մի բան էլ ավելին. ես անընդհատ մտածում էի, որ ընդամենը կարող էի նրա հետ լինել, ու վստահաբար, սա չէր պատահի:

 

-       Ո՞նց ես, ախպերս,- գրկեցի Ֆրեդին:

-       Ոնց որ ազգի հերոս,- ժպտաց:

-       Թաքնվելու համար հեչ հաջող տեղ չեք գտել,- ասացի:

-       Մենք չենք էլ պատրաստվում,- ասաց Սոնան,- հիմա սուրճ կբերեմ քեզ համար:

-       Չհասկացա…

-       Ֆրեդը գիշերը կհանձնվի:

-       Լավ գաղափար չի, Սոնա, Ֆրեդի վրա լուրջ մեղադրանք կա: Ավելի լավ ա` սպասենք, մինչեւ Անդոյին գտնենք, խոսենք հետը, նոր հասկանանք` ինչ ենք անում: Ինձ թվում ա, Անդոն կարա մի բան փոխի:

-       Անդոյի համարն անջատած ա, առավոտից զանգում ենք,- ասաց Ֆրեդը,- համ էլ Անդոն ոչ մի բան չի փոխի…

 

Երկու-երեք ժամից Անդոն զանգեց ինձ: Ես դուրս եկա սենյակից, որ առանձին խոսեմ:

 

-       Իմացել ե՞ս` էդ հայվանն ինչ ա արել:

-       Էն, ինչն իր փոխարեն էդ վաղամեռիկ ընկերոջդ մերը պիտի աներ` իրանով հղի ժամանակ:

-       Դու էլ ե՞ս դրանց ջրերն ընկել, արա, գիտե՞ս` ով էր Մոսոն, հասկանում ե՞ս, որ Ֆրեդին կթաղեն, արա, չեն թողնի` շնչի… Արդեն շատ լուրջ մարդիկ են խառնվել էս գործին:

-       Բա էլ քանի՞ կոպեկի արժեք ուներ էսքան տարի մեծ-մեծ խոսալդ, որ ընկերոջդ չես փրկելու էդ վախենալու տղերքից:

-       Չեմ կարա, ապեր, հավատա, չեմ կարա…

-       Անդո, ես քեզ երբեք ոչ մի բան չեմ խնդրել, բայց հիմա խնդրում եմ, կյանքումս առաջին անգամ խնդրում եմ… Օգնի Ֆրեդին:

-       Ո՞նց:

-       Միլիցեքի հետ կապված հարցերը լուծի, ես Ֆրեդին երկրից կհանեմ:

-       Դու ապուշ ե՞ս… Ո՞նց լուծեմ: Լսի, Ֆրեդին երեւի ցմահ կտան, առանձնակի դաժանությամբ սպանություն ա… գիտե՞ս` էդ ինչ ա… Հետն էլ սպանվածը պատերազմի հերոս ա… ու ամենավերջում, ինձնից շատ ավելի վերեւում գտնվող մարդիկ ամեն ինչ անելու են, որ Ֆրեդը նստի… ու երկար նստի…

-       Պարզ ա… Հաջող…

-       Ի՞նչ հաջող, արա… Որտե՞ղ ես:

-       Հեռու եմ:

-       Ֆրեդը հետդ ա՞:

-       Հա:

-       Բեր, թող ինքնակամ ներկայանա… Դա գոնե մի քիչ կթեթեւացնի… Ես կմիջնորդեմ, ում պետք ա կզանգեմ, իրան առանձնահատուկ ձեւով կնայեն, գլխից մազ չի պակասի:

-       Չեմ կարա:

-       Հիմարություն եք անում: Սոնան ձեր հետ ա՞:

-       Անդո, Ֆրեդը ոչ թե պատերազմի հերոս ա սպանել, այլ կտոր-կտոր ա արել մի հատ անասունի, որի համար մարդկային կյանքը, արժանապատվությունը գրոշի արժեք չունեին: Պատերազմի հերոսն ինքը չի, պատերազմի հերոսն էն մարդն ա, ում աղջկան երեկ էդ վիժվածքը էն օրն ա գցել, որ էդ աղջիկն ապրել չի ուզում:

-       Քաղաքից դուրս ե՞ք:

-       Հա:

-       Գոնե դու մենակ քաղաք կգա՞ս:

-       Ինչի՞ համար:

-       Արի, խելք խելքի տանք, հասկանանք` ինչ կարանք անենք, միասին կգնանք Ֆրեդի գործով զբաղվող քննիչի մոտ, հետը կխոսենք, մի բան կանենք:

-       Մի ժամից որտե՞ղ լինեմ:

-       Հյուսիսային պողոտայում եմ ես:

-       Լավ:

 

Միանգամից Երեւան ուղեւորվեցի: Անդոյի հետ հանդիպեցի Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում:

 

-       Բռատ, իզուր ես Ֆրեդին պահում, մեկ ա, էսօր չգտնեն, վաղն են գտնելու, տենց ավելի վատ ա լինելու, հավատա…

-       Անդո, Ֆրեդին ինչքա՞ն կտան:

-       Առանձնակի դաժանությամբ սպանություն ա: Տասներկուսից քսան տարի կամ ցմահ: Տանջամահ ա արել… Քեզ ի՞նչ ա թվում, ինձ համար հեշտ ա՞… Վերեւներից գզում են, բոլորը գիտեն որ Ֆրեդն ընկերս ա, բայց ես դրա դարդը չեմ… Էս վիճակից եմ նեղվում, որ Ֆրեդին ոչ մի բանով չեմ կարում օգնեմ… Հա, Մոսոյի հետ մոտիկ էինք, բայց դե Ֆրեդը… իմ ախպերն ա Ֆրեդը, հասկացի, հենց հիմա պատրաստ եմ ունեցած-չունեցածս տամ էն մարդուն, ով Ֆրեդի վրայից մեղադրանքը կհանի, բայց չկա տենց մարդ, հասկանում ե՞ս:

-       Հասկանում եմ,- ասացի:

 

Ես հավատում էի Անդոյին, ես հավատում էի, որ չի կարող ոչինչ անել, հավատում էի նրա խոսքերի անկեղծությանը:

 

-       Հիմա ի՞նչ անենք,- հարցրի:

-       Ի՞նչ պիտի անենք:

-       Արի գնանք գործով քննիչի մոտ, հանդիպենք, խոսենք:

-       Դե արդեն ամեն ինչ հասկացանք, էլ ի՞նչ իմաստ ունի:

-       Դու էիր ասում:

-       Հա, բայց հիմա հասկանում եմ, որ իմաստ չունի… Եթե ուզում ես, կարամ զանգեմ պետին, էդ քննիչին հենց հիմա ուղարկի, բայց իմաստ չկա:

-       Բա ի՞նչ ես առաջարկում:

-       Զանգի Սոնային, ասա` Ֆրեդին բերի: Լավագույն տարբերակն ա: Ես ամեն ինչ կանեմ, որ լավ լինի: Խոսք եմ տալիս, Ֆրեդի գլխից մազ չի պակասի:

-       Մնում էր` մազ պակասեր,- ասացի` Սոնայի համարը հավաքելով,- Սոնա, քաղաք էկեք…

 

Ֆրեդը հանձնվեց: Նրան նախնական կալանքի առան: Ես մտա քննիչի կաբինետ:

 

-       Նորից բարեւ Ձեզ,- ասացի:

-       Համեցեք, նստեք…

-       Շնորհակալ եմ… Կարող ե՞նք խոսել:

-       Խոսենք,- ասաց ու մի ծխախոտ վառեց,- կծխե՞ք:

-       Չէ, դրսում շատ ծխեցի:

-       Լսում եմ Ձեզ:

-       Ֆրեդն իմ ուսանողական ընկերն է, մենք արդեն տասը տարվա ընկերներ ենք…

-       Գիտեմ,-ընդհատեց,- մենք արդեն հասցրել ենք Ֆրեդի անձնական գործին ծանոթանալ, նաեւ ուսումնասիրել ենք Ֆրեդի շրջապատը: Անձամբ ինձ համար շատ զարմանալի է, որ էդ տեսակի մարդը կարող է մարդ սպանել, ու դեռ բավական չի սպանել, մի հատ է առանձնակի դաժանությամբ:

-       Էդ մարդը…

-       Լսեք,- նորից ընդհատեց,- ես գիտեմ, երեկ Մոսոն ծեծել է ձեր ընկերուհուն:

-       Ծեծելը շատ մեղմ եք ասում, քննիչ:

-       Թեկուզ… Բայց ոչ ոք իրավունք չի տվել Ձեր հաստագլուխ ընկերոջը ինքնադատաստան տեսնել: Դրա համար գոյություն ունի իրավապահ համակարգ:

-       Մենակ ինձ չհամոզեք, քննիչ, որ եթե բողոքեինք, իրավապահ մարմինները ազգի հերոսին պատժելու էին:

-       Անտեղի է Ձեր իրոնիան: Բազմաթիվ դեպքեր կան, երբ Մոսոյից ավելի մեծ տրամաչափի տղերքին են պատժել, մեղմ ասած, պատժել…

-       Տրամադրությունս տեղը չի, թե չէ ահագին կծիծաղեի: Պատժում եք նրանց, ում ժամանակն արդեն էկել ա, իսկ Մոսոյինը դեռ չէր եկել, ու դեռ շատ երկար ժամանակ չէր գալու…

-       Շատ իզուր… Էլի ասելիք ունե՞ք:

-       Չունեմ:

-       Դե դուրս եկեք, ես պիտի աշխատեմ…

-       Քննիչ, Դուք էլ եք հոգու խորքում հասկանում, որ Ֆրեդն ավելի ազգի հերոս ա, քան Մոսոն ու Մոսոյի նմանները:

-       Դուռը դրսից փակեք, քաղաքացի…

 

<<Դուռը դրսից փակեք>>… ահա, թե ինչ ասաց ինձ քննիչը, երբ չկարողացավ լսել ճշմարտությունը: Տարիներ շարունակ մեզ այսպես <<դուռը դրսից փակել են տալիս>> տղերքը... Ես հստակ գիտակցում էի, որ Ֆրեդը Մոսոյին չէր սպանել, Ֆրեդը հասարակարգն էր սպանել, նա Մոսոյի մարմինը չէր կտոր-կտոր արել, այլ այն մեքենան, որն այսքան ժամանակ կոտորում է մեզ… Այն մարդկանց, ովքեր մոսոներ են ստեղծում, այն մարդկանց, ովքեր մոսոներին վանդակից դուրս են թողնում… Ֆրեդը ոչ թե մարդ էր սպանել, այլ ժամանակաշրջան…

Տարիներ առաջ, երբ մենք հասկացանք, որ <<դուռը դրսից փակելու>> մեր հերթն է եկել, երբ հասկացանք, որ մեր երկիրը բոլորովին էլ մերը չի, մենք հավատում էինք, մենք հավատում էինք մեր հաղթանակին, մեր պայքարի ուժին էինք հավատում… Իսկ այսօր Անդոն ասում է, որ ամեն բան կանի, որ Ֆրեդի գլխից մազ չպակասի… Մեր այս <<օրինապաշտ ու իրավահավասար>> որբանոցում, փաստորեն, պիտի ծանոթ ունենաս, որ քեզ չծեծեն… Բայց սա մեր ընտրած ճանապարհն է… որովհետեւ երբեք միտինգից էն կողմ պայքար չեղավ, որովհետեւ պայքարեցին, որ քաղբանտարկյալ դառնան, որովհետեւ պայքարեցին ոչ թե հանուն իրենց նվիրական արժեքների, այլ հանուն մեկն ու մեկի… որովհետեւ բռունցք չեղանք… որովհետեւ միասին չեղանք… որովհետեւ վախեցանք, շան նման վախեցանք… թողեցինք` մեզ տրորեն… Դրա համար էլ հիմա ոտքերի ցեխը սրբում են մի ամբողջ ժողովրդի վրա, հետո ասում` <<դուռը դրսից փակեք>>… ու մենք փակում ենք դուռը… փակում ենք դրսից… որովհետեւ դա մեր դուռը չի, որովհետեւ էդ դռնից ներս մենք տեղ չունենք… որովհետեւ երկիրն էլ մերը չի… մի օր նրանք եկան ու ունեցան մեր նվիրական երազանքների երկիրը…

 

… Դուրս եմ գալիս ոստիկանության շենքից… քայլում եմ դեպի Հյուսիսային պողոտա… Գիշեր է… բայց լուսավոր… գեղեցիկ գիշեր… լուսավորել են քաղաքը… լուսավորել են, որ կեղտն ու տիղմն ավելի լավ երեւան… Ու՞ր են մարդիկ… բոլոր մարդիկ… միայն մի փոքրիկ տղա եմ տեսնում… անտեր ու սոված մի երեխա… դա է իմ ժողովուրդը… Ահա, անկոշիկ, կեղտոտ մռութով մի փոքրիկ… որին գժի պես սիրում եմ, որովհետեւ նա միակն է, որ չի տրվել աճուրդներին…

 

Քեզ լույս աշխարհ չէին բերել, քեզ ունեցել էին` իբրեւ հերթական ու սովորականԴրա համար քո կյանքը երբեք ժամանակ չի ունեցելՔո կյանքն աղբանոցից հավաքած դատարկ շշերի ընդհանուր գումարն էՇշեր, որոնցից մեկի տակ` ներսի կողմից, դու ես շնչում

Երբ բոլորը դպրոց էին գնում, դու քո աղբանոցում էիր... Բայց դու ավելի խելացի ես, քան այդ բոլորը, դու քո շշերը հաշվելով ավելի հեշտ յուրացրիր կյանքի դասերը` թեկուզ անկոշիկՁմեռ պապն էլ չեկավ քո աղբանոց, ոչ մի անգամ չեկավԷդ տականքը լավ գիտի` ուր է գնում ու ինչի համար, չնեղվեսԴու որբ չես, որբը մենք ենք, որ քո ձեռքից բռնեցինք ու դուրս շպրտեցինք կյանքիցու մեր ապրած շքեղ որբանոցը քո աղբանոցի մի շիշն էլ չարժեԴու մտածելու ոչինչ չունեսԴու հաղթել ես որբանոցի կռվում

Մի կռվիր սրանց հետ, մի պահանջիր քեզ պարտք մնացած մանկությունը, նրանց խիղճը մաքուր է քո առաջորովհետեւ մաքուր է մնում այն, ինչ չես օգտագործումՄի նույնացիր նրանց հետ, շշերդ մի մսխիր, արյունդ մի խառնիր խառնամբոխի կռվինԴու կարող ես չվաճառել երազանքներդ, ես հավատում եմՀավատում եմ, որ ոտաբոբիկները չեն մասնակցում էժանագին աճուրդների

Դու շարունակիր ապրել քո կյանքը քո շշերում, հետո, մի անարեւ ու տգեղ օր, տարիներով հանձնածդ շշերի ամբողջ գումարով մի մեծ ու ճոխ հոգեհանգիստ կանեսկոշիկ ունեցողների թաղումըու բոլորը կտեսնեն դաու էլ ոչ մի մանկություն չի կողոպտվիու երեք խնձորը երկնքից կընկնի գոնե մի անգամու ոչ մի նորածնի կյանք չի խեղվիիսկ դուդու կապրես, փոքրիկ խելագար, կապրես քո աղբանոցում, որտեղ շշեր կանՇշեր, որոնցից մեկի տակ` ներսի կողմից, դու ես շնչում

 

… Սոնան զանգեց.

-       Ու՞ր ես:

-       Քայլում եմ:

-       Երանի քեզ… լսի, մի հատ ընկերուհի ունեիր, ասում էին` քաղաքի լավագույն փաստաբաններից ա…

-       Կարմենը՞:

-       Երեւի:

-       Ֆրեդի համար ե՞ս հարցնում:

-       Հա… Մի հատ կզանգե՞ս:

-       Հիմա զանգեմ:

-       Դե զանգի ու զանգի ինձ:

-       Ֆրեդին տեսա՞ր:

-       Չէ, մոտը չթողեցին:

-       Հիմա զանգեմ ու զանգեմ քեզ:

… Կարմենը միանգամից համաձայնեց վերցնել Ֆրեդի գործը: Մենք հանդիպեցինք այդ նույն գիշերը` Սոնայի բնակարանում:

-       Բարդ գործ ա,- ասաց,- ամեն ինչ կանեմ, որ գոնե պատիժը մի քիչ կրճատեն, բայց ամենայն հավանականությամբ ցմահ կտան: Մեռնողը պատերազմի հերոս ա, սպանությունն էլ` առանձնակի դաժանությամբ:

-       Կարմեն ջան, ամեն բան արեք,- ասաց Սոնան,- թեկուզ մի տարի պակաս նստի, խնդրում եմ:

-       Կփորձեմ,- ասաց Կարմենն ու դուրս եկավ:

… Մենք երբեք այսքան անպաշտպան ու թեւաթափ չէինք եղել: Եվան այս ամենի մասին իմացավ մի քանի օր հետո: Որքան էլ մենք համոզում էինք նրան, որ ինքը ոչ մի մեղք չունի, մեկ է, Եվան կատարվածի միակ մեղավորն իրեն էր համարում: Ես տեսնում էի, որ նա ոչ միայն Ֆրեդի մասին է տածում, այլեւ չի կարողանում Մոսոյի մահվանը համակերպվել:

Ֆրեդի դատավարությունը եղավ դեպքից երեք ամիս հետո: Մենք բոլորս` ես, Սոնան, Անդոն ու Եվան, դատարանում էինք: Ֆրեդին երկու ոստիկան ներս բերեցին ու նստեցրին մեղադրյալի աթոռին: Նա անասելի հանգիստ ու անվրդով էր: Դատավորը, որ բարետես կին էր` հիսունին մոտ, ներս եկավ, նստեց իր տեղում ու սկսեց հարցեր տալ կողմերին: Կարմենն ու մեղադրողի փաստաբանը թունդ վիճում էին… Վերջում` վճիռ կայացնելուց առաջ, դատավորը երկու կողմերի պաշտպաններին խոսելու իրավունք տվեց: Սկզբում մեղադրող կողմը խոսեց` միջին տարիքի մի գեր տղամարդ: Հետո հերթը մերն էր: Կարմենը վեր կացավ տեղից ու սկսեց խոսել.

-       Հարգելի դատարան, օրենքը մնում է օրենք, խիղճը`խիղճ: Եթե ճանաչեք իմ պաշտպանյալին, տեսնեք նրա առօրյան, նրա հետաքրքրությունները, շրջապատը, ընկերները, որոնք շրջապատում են իրեն, կհասկանաք, թե ինչ տեսակի մարդ է: Էստեղ անընդհատ շեշտում եք, որ սպանվածը պատերազմի հերոս էր: Իսկ երբեւէ հարցրե՞լ եք, հարգելի դատարան, թե ով էր էդ պատերազմի հերոսը, ինչ վարքագիծ ուներ, ինչ վտանգ էր ներկայացնում հասարակության համար:

-       Առարկայական խոսեք,- կոպտորեն ասաց դատավորը:

-       Դեպքից մի օր առաջ,- Կարմենն այնպես շարունակեց, ասես չէր էլ լսել դատավորի նկատողությունը,- այդ պատերազմի հերոսը անխնա ծեծի է ենթարկել իմ պաշտպանյալի ընկերներից մեկին, որը հիմա դատարանում է, ոտքերով մի քանի անգամ հարվածել է գլխին, բժիշկներն ախտորոշեցին ուղեղի ցնցում:

-       Մենք հիմա սպանվածի վարքագիծը չենք քննարկում,- նորից միջամտեց դատավորը,- եթե գործին վերաբերող ավելացնելու բան կա, ասեք:

-       Ուղղակի ուզում եմ, որ վճիռ կայացնելուց հետեւեք Ձեր խղճի թելադրանքին, տիկին դատավոր:

Այդ պահին տեղից վեր կացավ մեղադրող կողմի հաստափոր փաստաբանն ու նյարդային տոնով ասաց.

-       Լսեք, օրիորդ, սա դատարան ա, թատրոն չի:

Սոնան էլ նստած տեղից վեր կացավ.

-       Վճիռը կայացնելուց հետո կհասկանանք` դատարան ա, թե թատրոն…

… Դատարանը հեռացավ վճիռ կայացնելու, հետո շատ արագ վերադարձավ, որովհետեւ վճիռը վաղուց կայացված էր… ցմահ ազատազրկում…

 

… Եվան սկսեց գոռալով լաց լինել, Անդոն լցրեց աչքերը, ես ու Սոնան նայում էինք իրար, հետո Ֆրեդին… Մենք ոչինչ չէինք զգում մի պահ… բթացել էինք… կարծես զգայարաններ չունենայինք… Աշխարհը փլվել էր մեր գլխին, մենք մի րոպեում կորցրինք Ֆրեդին…

… Ֆրեդին տանելուց առաջ նրան ժամանակ տվեցին մեզ հետ շփվելու: Եվան արցունքները սրբեց, մոտեցավ ու պինդ գրկեց.

-       Կներես, ցավդ տանեմ, կներես… Եթե մենակ էդ կամեռաները քեզ նկարած չլինեին, ամեն ինչ իմ վրա կվերցնեի, կներես…

-       Ֆրեդ,- ասաց Սոնան,- չկոտրվես, մենք սա բողոքարկելու ենք, դու քիչ ես նստելու, Կարմենը երկրի ամենալավ փաստաբաններից ա, Անդոն էլ ամեն ինչ կանի, հավատում ես, չէ՞…

-       Ախպերս,- ասաց Անդոն,- հեսա կճշտեմ` քեզ ուր են տանելու, կզանգեմ ում որ պետք ա, թագավորի նման կապրես, մինչեւ տեսնենք` ինչ կարանք անենք:

Ես չկարողացա խոսել… Հետ գնացի… Վատ էի զգում, սիրտս ուժեղ ծակում էր, ինձ թվաց` ուր որ է կընկնեմ…

-       Հանգստացեք մի հատ,- գոռաց ֆրեդը,- իմ հետ ամեն ինչ լավ ա: Բողոքարկեք, եթե արդյունք կտա, բայց չեմ կարծում: Ես աֆեկտի տակ չեմ արել էս ամեն ինչը, ժողովուրդ, ես գիտակցաբար եմ արել, դատարանում էլ արդեն ասել եմ, որ չեմ փոշմանել արածիս համար… Էկեք գրկեմ ձեզ… մեկ-մեկ էկեք ինձ տեսնելու… Եվ ջան, քեզ մեղավոր մի զգա, դու կապ չունես էս ամեն ինչի հետ…

-       Ֆրեդ,- ասացի` մոտենալով,- կներես, որ էդ գիշեր կողքիդ չեղա, խնդրում եմ, կներես…

-       Հերիք ա կնգա նման պահես քեզ, արա, մի հատ դզվի հլը… ամեն ինչ լավ ա… նույնիսկ էս <<ցմահը>> չի կարա մեզ կոտրի… Սոնա, Մերիին կպաչես, կասես, որ Ֆրեդ քեռին կարոտել ա, իմ փոխարեն մեկ-մեկ նվերներ կառնեք, կասեք` ես եմ ուղարկել:

-       Հրաժեշտ մի տուր, խնդրում եմ,- ասաց Սոնան,- մենք շատ շուտով էլի հանդիպելու ենք դրսում:

-       Իմ գնալու ժամանակն ա… լավ մնացեք… Գուգոյի գերեզմանն անտեր չթողնեք… Իմ կենացն էլ խմելուց անցյալով չխոսաք,- ժպտաց ու արագ (փախչողի նման) գնաց դեպի ոստիկանները:

Ֆրեդին տարան… Տարան մի տեղ, որտեղից այլեւս երբեք Ֆրեդը հետ չի վերադառնա…

 

 

Ժամանակն անցնում էր, մեր կյանքում երբեք ոչինչ չէր փոխվում, միայն պակասում էր… Մենք մեզ հույս տալու համար ասում էինք, որ Ֆրեդը չի պակասել, բայց մեկ է, պակասել էր, չկար: Մի քանի անգամ բողոքարկեցինք նրա դատավճիռը, բայց ոչ մի արդյունք չեղավ: Անդոն մեղադրում էր իրեն, որ չկարողացավ Ֆրեդի համար մի բան անել:   Նա էլի սկսեց հեռու պահել իրեն, հետո կամաց-կամաց կորավ որբանոցից… Սոնան չէր կարողանում խոսել Ֆրեդի մասին: Իսկ Եվան… Եվան թողեց որբանոցը… Ասաց, որ չի կարողանա ապրել մի տեղ, որտեղ այդքան կորուստ ունի… Ակումբը վաճառեց (ակումբ ասելով` գույքն ու բարի խմիչքները) ու գնաց Սամոյի մոտ` Մոսկվա: Սամոն նրա համար ինչ-որ խանութում աշխատանք էր գտել...

Ֆրեդի դատից մի քանի ամիս անց թերթերը գրեցին, որ Գուգոյի հրամանատարին ազատ են արձակել…

… Որբանոցն այլեւս չկար… Մնացինք ես ու Սոնան… Ես, Սոնան ու մի թաքուն հավատ, որ մի օր, մի տեղ էլի միասին ենք լինելու բոլորով… Որբանոցի կենացն ենք խմելու, այն որբանոցի, որի համար այսքան ճակատագրեր խորտակվեցին… Ու բոլորը կլինեն… Անդոն կլինի, Սամոն, Սոնան, Ֆրեդը, Եվան, ես… Գուգոն էլ կլինի…

 

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

-       Ի՞նչ կցանկանաք,- հարցնում է մատուցողը:

-       Վիսկի, հարյուր գրամ:

-       Որի՞ց:

-       Չգիտեմ, ես վիսկիներից չեմ հասկանում… Ձեր ճաշակով մի բան բերեք:

-       Ուրի՞շ:

-       Վերջ:

... Երեւանյան հյուրանոցներից մեկի  ֆոյեի բարում պիտի Սոնային հանդիպեմ… Մի քանի ամիս` չենք տեսնվել: Կարծես խուսափեինք հանդիպումից, կարծես մեղավոր լինեինք մյուսների բացակայության համար… Երեւի նույն բանն էլ նրանք են զգում… Տեսնես` ինչ են անում հիմա մերոնք… Ֆրեդի դատից հետո առաջին անգամ պիտի խմեմ, տեսնես առանց նրանց կգնա՞ կոկորդովս… Տեսնես Անդոն մտածու՞մ է մեր մասին, տեսնես կզանգի՞, թե՞ չէ…

-       Ձեր վիսկին:

-       Շնորհակալ եմ…

… Նկատում եմ սեւ երեկոյան զգեստով շքեղ կնոջը… Սոնան է… Գալիս է դեպի ինձ…

-       Կարոտել եմ քեզ,- ասում եմ,- շատ եմ կարոտել:

-       Ես էլ եմ կարոտել,- ծխախոտ է վառում,- շատ… չափից շատ…

-       Չէիր զանգում:

-       Գիտեմ…

-       Մնացինք երկուսով:

-       Ստացվում ա, որ չկոտրվեցի՞նք:

-       Երեւի…

-       Ոնց որ ուրիշ մարդ լինեմ, չեմ ադապտացվում նոր կյանքին…

-       Չէիր զանգում…

-       Չէի ուզում խանգարել:

-       Ինչի՞ն:

-       <<Որբանոցն>> էիր գրում:

-       Վերջացրի:

-       Լու՞րջ:

-       Հա, էսօր առավոտյան…

-       Հիմա ես գրքի հերոսուհի ե՞մ:

-       Հա… աշխարհի ամենալավ հերոսուհին ես…

Սոնա… դու գրքի հերոսուհի չես, հրեշտակս, դու իմ հերոսուհին ես, իմ կյանքի հերոսուհին, մեր ողջ լինելու ապացույցը… Դու կաս ավելի շատ, քան մենք բոլորս… Հիմա նայում եմ իմ առաջ նստած այս շքեղ կնոջն ու հիշում եմ տասը տարի առաջվա աղջնակին, հետո հիշում եմ այդ տասը տարիները, հիշում եմ այն խեղված ճակատագրերը, որոնցից ամեն մեկով ապրել ես… Քո սիրտն այնքան մեծ է, որ բոլորիս կացարանն էր դառնում դժվար պահին… Դու իմ փոխարեն ու հանուն ինձ հաղթեցիր որբանոցի կռիվը…

 

-       Հիմա դուրս եմ գալիս, պայմանավորված եմ, երեկոյան արի իմ մոտ, նստենք, լա՞վ:

-       Կգամ,- ասում եմ,- անպայման կգամ… Մերիին էլ եմ կարոտել:

-       Ինքն էլ քեզ ա շատ կարոտել… Կսպասեմ:

 

... Ես էլ երկար չեմ նստում… Վեր եմ կենում ու քայլում եմ… Փողոցում աղմուկ է, բոլորը գոռում են… էլի առաջնորդ են ընտրում…

 

 

… Գուգոյի գերեզմանին եմ գալիս… Մաքրում եմ ձյունը, ծաղիկներ եմ դնում… Մի փոքրիկ աղջնակ էստեղ փող է մուրում եկողներից… Ինձ չի մոտենում… Գուգոյի նկարին եմ նայում… ժպտում է… Հետո նրա խոսքերն եմ հիշում… <<... եթե դեռ ապրում եմ, թեկուզ կիսատ, էդ էլ ա ձեր շնորհքը, դուք ինձ միշտ համոզել եք, որ չեմ մեռել, չգիտեմ, կարող ա խաբել եք, բայց ես հավատացել եմ... ձեր ուշադրությունն ու հոգատարությունը, ձեր նվիրվածությունը աշխարհի ամենաառողջ ոտքերի հետ չեմ փոխի...>>…

 

 

Գրպանիցս թաշկինակ եմ հանում, մաքրում եմ Գուգոյի քարը… Հետո դուրս եմ գալիս… Հեռվից էլի նայում եմ Գուգոյին… էլի ժպտում է… Ժպտում է, որովհետեւ մենք կանք… որովհետեւ իր գերեզմանին երբեք մոլախոտեր չեն աճելու…

 

 

 

ԸՆԿԵՐՈՋՍ` ԳՈՒԳՈՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ԵՄ                 

                         ՆՎԻՐՈՒՄ

 

 

 

Խմբագիր` Լենա Կոստանդյան

Էջադրումը` Հայարփի Խաչատրյանի

Շապիկի ձևավորումը` Էդգար Մկրտչյանի

 

Գրքի էլեկտրոնային տարբերակի հրապարակման բոլոր իրավունքները պատկանում են Asekose.am կայքին: Արգելվում է ամբողջական կամ մասնակի տեղադրումը այլ կայքերում` առանց առաջին պարբերությունում ակտիվ հղման:

 

© Էդգար Կոստանդյան – 2013

© Asekose.am – 2014

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Բլոգ ավելին