Ամփոփում ենք տարին ու ինչպես ընդունված է բոլոր զարգացած կամ զարգացող պետություններում, արձանագրվում են և՛ նվաճումները, և՛ ձախողումները:
Ցավալի է, բայց մեր դեպքում տնտեսական տարին ամփոփում ենք ոչ բավարար ցուցանիշներով:
Եվ ինչքան էլ կառավարությունը տարբեր թվերով փորձի արդարացնել կամ հիմնավորել վարված քաղաքականությունը, միանշանակ է, որ ժողովուրդը իր մաշկի վրա լավագույնս զգում ու տեսնում է բոլոր բացթողումները:
Կառավարության ոչ արհեստավարժ քաղաքականության արդյունքում է, որ ժողովուրդն այն աստիճան է հիասթափվել, որ հաճախ ելքը տեսնում է արտագաղթի մեջ: Ընդունվում են որոշումներ, որոնք չեն տեղավորվում բանական մարդու ուղեղում և զուրկ են որևէ հիմնավորումից:
Բյուջետային նպատակային հատկացումները և ֆինանսական աղբյուրներն անարդյունավետ են կառավարվում:
Կառավարության աշխատանքային վրիպումները, անփութությունը , որոշ դեպքերում` սուտը, դարձել է նորմատիվային գործունեություն:
Կառավարության որոշ անդամների համար դա միգուցե նշանակություն չունի, սակայն ժողովրդի համար, ով ամեն օր ստիպված է անմարդկային ջանքեր գործադրել, իր ընտանիքի հանապազօրյա ցամաք հացի խնդիրը հոգալ, դա վճռորոշ է:
Կառավարությունը պետք է փոխհատուցի իր արած ոչ արհեստավարժ քայլերի, ասվածի և չարվածի համար և միշտ իր ուշադրության կենտրոնում պահի հասարակական կարծիքը:
Ասածս ամեն մի բառի ու տառի վերաբերյալ Բարգավաճ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները մշտապես բարձրաձայնել են, մատնանշել դրանց լուծման ուղիներն ու ճգնաժամից դուրս գալու հստակ մեխանիզմները, սակայն կառավարությունը մնացել է անփոփոխ, ինչի արդյունքում երկիրն ու ժողովուրդը կանգնած են նման ծանրագույն իրվիճակի առջև, որի ելքը կադրային ճիշտ փոփոխություններն ու դրանից բխող արհեստավարժ գործողություններն են:
Կառավարությունը պետք է իրականացնի գրագետ մենեջմենթ, իսկ ցանկացած երկրում, երբ մենեջմենթը վատ է իրականացվում, պատասխանատուներին հեռացնում են իրենց զբաղեցրած պաշտոններից: Պաշտոնը պետք է լինի երկրի առջև ծառացած խնդիրները հաղթահարելու, այլ ոչ թե անձնական նպատակների, վայելքների իրագործման միջոց:
Ի վերջո պատահական չէ, որ գրեթե ամեն օր խորհրդարանի և կառավարության շենքի առջև ականատես ենք լինում հասարակական դժգոհությունների և բողոքի ցույցերի:
ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան