azatutyun.am-ը գրում է, որ ստիկանությունն ուսումնասիրում է Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն բռնության ենթարկելու մասին հայտարարությունները:
Կալանավորված Շանթ Հարությունյանի ընտանիքն ու համախոհները պահանջում են հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել դեկտեմբերի 30-ին քաղաքի կենտրոնում 14-ամյա Շահեն Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրած անձին:
Դեռևս անհայտ այդ անձը թռուցիկներ բաժանելու պահին հրել գցել է գետնին, տղայի և ներկաների պնդմամբ, թևերը ոլորելով պահանջել է ուտել գետնին ընկած թուղթը։ Եվ Շահեն Հարությունյանը, և ընկերները կասկածում են, որ այդ անձը քաղաքացիական հագուստով ոստիկան է եղել։ Դեպքը տեղի է ունեցել Մետրոյի «Բարեկամություն» կայարանում։
Շահեն Հարությունյանի պնդմամբ, մինչ այդ ոստիկաններն իրենց հետևել են, մտել են վագոնները, անընդհատ կապ են հաստատել ինչ-որ մարդկանց հետ։ Դեպքի վայրում եղած ակտիվիստ Մարիա Պետրոսյանը պատմել է, որ այդ անձը նաև անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել իրենց հասցեին, բայց կողքը կանգնած ոստիկանները ոչ մի կերպ չեն միջամտել։
Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանն էլ կասկած է հայտնել, որ միջադեպը նախապես պլանավորված է եղել։
«Իրենց պատմածից այդպես է երևում, որ նախապես պլանավորած են եղել, որովհետև սկզբից ասել են՝ մի բաժանեք, հետո թույլատրել են բաժանել։ Բայց այնտեղ մի ոստիկան է եղել, ով մոտեցել է երեխաներին, ասել է՝ «Երեխեք, ես ձեզ ուղղակի խորհուրդ եմ տալիս, մի բաժանեք»։ Իրենք հասկացել են, որ այստեղ ինչ-որ բան այն չէ , ուզել են մետրոյից դուրս գալ ու հանդիպել են այդ աժդահա մարդուն, ով այդպես է վարվել երեխաների հետ»,- ասել է Բադալյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում