▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Երբեք չեմ պատմել սրա մասին, բայց հիմա ուզում եմ պատմել․ Միքայել Նահապետյան

Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի շուրջ պարբերաբար ծագող կոռուպցիոն սկանդալների ամեն հերթական արարի ժամանակ ես հիշում եմ նրա և Սուրեն Պապիկյանի հայտնի ձայնային հաղորդագրությունների արտահոսքը։ Այդ հաղորդագրություններում Դիանա Գասպարյանն ասում էր, որ Նիկոլը պիտի հեռանա, որ «հեղափոխություն արած թիմին, արժեքներ ունեցող մարդկանց չի կարելի ամեն անգամ այդպես տրորել», իսկ Սուրենը «մունջ էր անում»։

Այն ժամանակ այս ձայնագրությունը ռաբիս ցնծության առիթ դարձավ, իբր «ՔՊ-ն քանդվում է», մինչդեռ իրականում այդ պահին հիմնադրվում էր Հայաստանի պատմության ամենախոշոր հանցավոր խմբավորումներից մեկը։

Լոռիում, որտեղից Պապիկյանն է, «մունջ» անում են լացող կրծկեր երեխային` կերակրելով։ Եվ սա արտահայտում է այդ համաձայնության ողջ հանցավոր էությունը։ 2021-ից սկսած մեկը մյուսի հետևից սկսեցին ի հայտ գալ հետաքննություններ ու փաստեր, որ «երեխաները մունջ են»` փորները կուշտ, տակները չոր։ Հայաստանում 2020թ. նոյեմբերից հիմնադրվել է հանցավոր մի համաձայնություն, որի էությունը քաղաքական լոյալության դիմաց փորի հարց լուծելու իրավունքի մեջ է և ոչ ոք չի պատժվում եթե մունջ է ու հաշտ, երբ Նիկոլ Փաշինյանը խուրդում է Հայաստանի Հանրապետությունը։

Հիվանդ մերացուի նման փռված է Հայաստանի Հանրապետության մարմինը և սոված լակոտների մի ամբողջ աստղաբույլ անգամ այդ հանգրվանին ատամներով կառչած է նրա կաթնագեղձերից` կորզելով այն ամենը ինչ մնացել է։

Ես համոզված եմ, որ այդ մարդկանցից շատերը արժեքներ ու երազանքներ են ունեցել մինչև 2020-ի նոյեմբեր։ 2021-ի ընտրությունների ընթացքում շատ եմ ասել, որ ի թիվս միլիոնավոր այլ պատճառների ՔՊ-ին չի կարելի ընտրել, որովհետև պարտությունից ու դրան հաջորդած ներքաղաքական պրոցեսներից հետո նրանք չունեն պատվախնդրություն, նրանք չունեն երազանքներ և ըստ այդմ նրանց միակ նպատակը լինելու է անձնական բարեկեցությունը, որովհետև այլ բան անել չեն կարող և սիրո ու հարգանքի արժանանալու սին հույսեր չունեն։ Վտանգավոր են նվաստները, որովհետև նրանք կորցնելու բան չունեն և մահվան է դատապարտված այն հասարակությունը, որը իրեն առաջնորդ է կարգում նվաստներին։

Ահա սա է տեղի ունեցել և այս մնջախաղի բոլոր մասնակիցների անուններն ու գինը պարբերաբար հրապարակվում են հետաքննող լրագրողական հոդվածներում։

Ափսոսը երկիրն է։

Հ.Գ. Երբեք չեմ պատմել սրա մասին, բայց հիմա ուզում եմ պատմել։ 2018-ի հոկտեմբերի 29-ին տապալվեց ընտրական օրենսգրքի ընդունումը, որը այդ կառավարության առանցքային խոստումներից մեկն էր, իսկ խոստումներ չխախտելը ինձ համար սկզբունքային։ Այդ ժամանակ ես դեռ աշխատում էի կառավարությունում, երեկոյան աշխատանքից հետո փակվեցի սենյակում, վերցրեցի մի սպիտակ թուղթ ու գրիչով բաժանեցի երկու մասի` մեկում գրեցի այն բոլոր փաստարկները որի համար արժեր մնալ կառավարության աշխատակազմում ու կուլ տալ սկզբունքային տարաձայնությունը, իսկ մյուս կողմում բոլոր այն փաստարկները որի համար պետք էր ազատման դիմում գրել։ Երբ բոլոր փաստարկները գրեցի` հասկացա, որ մնալը կնշանակի կարիերայի ու փողի համար ծախել սկզբունքները, իսկ 21 տարեկանում ծախել սկզբունքները չէի կարող, որովհետև դա իմ համար չէր, ես գիտեի որ եթե կորցնեմ առաքելության գիտակցումը, եթե առաջին իսկ փորձության ժամանակ կուլ գնամ` կուլ եմ գնալու միշտ ու շատ կարճ ժամանակ հետո դառնամ կամ կոռուպցիոներ կամ անպիտան փալաս։ Հոկտեմբերի 30-ի կեսօրին գրեցի դիմումս և երեկոյան դուրս եկա այդ շենքից ինքս ինձ տալով մի խոստում, որի մասին էլ կպատմեմ հետո։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին