▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը զանգել է Փաշինյանին. Հուրիյեթ

 

Թուրքական Հուրիյեթ թերթը գրում է, որ օգոստոսի 14-ին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

 

 

 

 

 

 

Հեռախոսազանգի պատճառ է դարձել Հայաստանի Հանարպետության սահմանին գտնվող Կարսի Կյուչուքդուրան գյուղի 16-ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենը:  Ըստ թուրքական լրատվամիջոցների՝  հուլիսի 24-ին Ումութ Ալին անասուններին արածեցնելու է տարել: Անասունները անցել են սահմանը, նրանց հետ բերելու նպատակով տղան հատել է սահմանը, հայտնվել Հայաստանում և ձերբակալվել:

«Էրդողանը, զանգելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին,  խնդրել է վերադարձնել Ումութ Ալիին: Փաշինյանը Էրդողանի խնդրանքին դրական պատասխան է տվել»,- ասվում է Հուրիյեթի հրապարակման մեջ:

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը զանգահարել է Կյուչուքդուրանի գյուղապետին  և տեղեկացրել Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին: 16-ամյա Ումութի հայրը Հուրիյեթին հետևյալ կերպ է նկարագրել տեղի ունեցածը. 

«Մեր նախագահը  զանգել է Հայաստանի վարչապետին:  Ասել է՝ «Էդ երեխային հետ տվեք»: Նա էլ զանգել է իր արտաքին գործերի նախարարին ու տեղեկություն ուզել: Հետո զանգել է մեր նախագահին ու դրական պատասխան տվել: Պարոն Ուչումը ասաց, որ երեխաս մինչև երկուշաբթի կամ երեքշաբթի կլինի Թուրքիայում: Շատ ուրախ ենք: Սպասում եմ երեխայիս»:

Հետաքրքիր է, որ իրադարձությունը այլ կերպ է մեկնաբանում Կարսի նահանգապետ Ռահմի Դողանը: Նա կարսեցի տղայի հնարավոր ազատ արձակումը չի պայմանավորում Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցով: Կարսի նահանգապետի պնդմամբ՝  հայկական կողմը հրաժարվել է անմիջական բանակցություններիի մեջ մտնել, որից հետո Ինտերպոլի միջոցով կապ են  հաստատել ու փորձել լուծել խնդիրը:  Իսկ որ կա ինչ-որ խնդիր, հասկանում ենք նահանգապետի հետևյալ մտքից. «Հայաստանը մի շարք պնդումներ է անում»:

 

 

 

 

 

 

 

 

Հայկական համացանցային տիրույթում Ումութ Ալի Օզմենի մասին մեզ որևէ տեղեկություն հայթայթել չհաջողվեց: Ամենայն հավանականությամբ, նա ռուս սահմանապահների կողմից ձերբակալված այն երիտասարդն է, որը կասկածվում է թուրք հետախույզ՝ լրտես լինելու մեջ:

Մասնավորապես  հայ-թուրքական սահմանը հսկող ռուսական սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը օգոստոսի սկզբին տեղեկություն էր տարածել, ըստ որի՝ Գյումրիի  մոտակայքում ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն բռնել են ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձ կատարելիս: Նրա մոտ բջջային հեռախոս էր հայտնաբերվել, որում առկա էին պետական սահմանին տեղակայված ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ ու ֆայլեր:

Թուրքական որոշ թերթեր հրապարակել են նաև հայկական բանտում գտնվող Ումութ Ալի Օզմենի ու հոր խոսակցությունը, որտեղ տղան հորը պատմում է, թե ինչպես են  հայկական բանտում իրեն ծեծում:

 

Աղբյուրը՝ Civilnet.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին