Քաղաքական թեժ աշունը այդպես էլ չկայացավ, սակայն Եռյակը շարունակում է մնալ քաղաքական դաշտի կիզակետում: Ոչ իշխանականների ներսում տարաձայնություններն օր օրի խորանում են:
Եռյակի ներսում Ժառանգության և ոչ իշխանական մյուս ուժերի համագործակցության պաշտոնական մասը դեռ պահպանվում է, սակայն նրանց տարածած հայտարարություններից դժվար չէ եզրակացնել, որ Հովհաննիսյանը այսուհետ գործելու է Եռյակից առանձին:
Ներկայացնում եմ ուժերի հայտարարությունները: Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է. «Հրապարակի դիմաց կա հարթակ, որը միասնական չէ, ու օրակարգն էլ ամբողջական չէ: Պետք է ունենանք այդ շիտակությունն ու տղամարդկությունը` ասելու համար, որ որոշ բաց հարցեր են մնում` հրապարակային գործունեության շարունակականության խնդիրը, շարժման սկզբունքների հռչակման հարցը, որոշումների կայացման անհրաժեշտության հարցը»:
Րաֆֆին այստեղ խոսում է ոչ իշխանականների չհամաձայննեցված օրակարգի մասին:
Ի պատասխան Հովհաննիսյանի հայտարարության, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ասել է, որ որոշման դաշտից կհեռացնեն նրանց, ովքեր կխանգարեն շարժման հետագա քայլերի իրականացմանը:
Րաֆֆու հայտարարության վերաբերյալ խոսել է նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքում հատկանշականը այն է, որ Սարգսյանը չի հենվում Րաֆֆու կարծիքի վրա, նրան բացառապես հետաքրքրում է Ռուբիկ Հակոբյանի կարծիքը:
Տարածած հայտարարությունները վկայում են այն մասին, որ փաստացի Եռյակը վերածվում է Դուետի, հակառակ դեպքում այսպիսի ներքին տարաձայնությունները պարզապես ծիծաղելի են: Ակնհայտ է որ նման հրապարակային մեղադրանքները սասանում են Եռյակի հեղինակությունը: