▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ պարտվել. քաղաքապետի թեկնածուն մանրամասնում է՝ ինչպես է Կարեն Գրիգորյանը ծեծել իրեն

armtimes.com-ը գրում է. Սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով բռնության ենթարկված քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը իրեն չի համարում պարտված: Միեւնույն ժամանակ՝ նա դեռ չի պատրաստվում բողոքարկել սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքները՝ համաձայն որոնց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Այսօր մենք այցելեցինք Արթուր Թումանյանին, որը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մեզ հետ զրույցում թեկնածուն նախ պատմեց, թե ինչ է տեղի ունեցել սեպտեմբերի 16-ին:

Ըստ Թումանյանի՝ սեպտեմբերի 16-ի երեկոյան իրեն զանգահարել է շտաբի պետ Արմիկը եւ ասել, որ իրենց շտաբից Լիդան չկա, իսկ ավագանու անդամի թեկնածուներից Կիրակոս Բաժակյանին ծեծում են բենզալցակայանում: Թե որ բենզալցակայանում՝ Թումանյանին չեն ասել: Նա զանգահարել է ավագանու թեկնածուներից Ստեփան Աբգարյանին եւ միասին գնացել են Կիրակոս Բաժակյանին փնտրելու:

«Գնացինք ինչքան բենզալցակայան կա, փնտրում ենք...Արդեն ուզում էինք գայինք Էջմիածին, մեկ էլ ջիփով հարվածեցին մեր մեքենային, մեր մեքենան ահագին ետ շպրտվեց: Նայենք, տեսնենք մեքենայից իջան Կարենն ու նրա եղբայրը (գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ նրա եղբայրը-խմբ.), վազեցին դեպի մեզ: Այդ պահին Կարենի վրայից զենքն ընկավ, ես վերցրի, նստեցինք ավտոն, փախանք: Իրենք անընդհատ ավտոներով խփում էին մեր ավտոյին, որ շուռ տան, մահափորձ էին ուզում անել: Մեքենայից մի քանի անգամ կրակեցի օդ՝ վախեցնելու համար, որ չգան հետեւներիցս: Բայց չօգնեց, չգիտեմ ինչ դոզայի տակ էին դրանք: Ստյոպին ասեցի կանգնի՝ իջնենք, մարդ կանչենք: Դուրս եկանք, որ վազենք, հետեւներիցս վազան, ինձ գցեցին գետնին ու սկսեցին ծեծել: Շատ էին, չէինք կարողանում պաշտպանվել»,- պատմեց Թումանյանը:

Այդ ընթացքում, երբ որ արդեն տարածքում մարդիկ են հայտնվել, Թումանյանին ու նրա ընկերոջը ծեծի ենթարկող անձինք հեռացել են: Շտապօգնություն է եկել եւ նրանց հիվանդանոց տեղափոխել:

Ոստիկանություն առաջինը դիմել է Կարեն Գրիգորյանի կողմը: «Ես երեկ նոր ցուցմունք եմ տվել այն մասին, որ զենքով կրակել եմ իրենց վրա: Տո ապուշներ, կրակած լինեի, մեկիդ կկպներ, մեկիդ մեքենային կկպներ: Ես ուղղակի վախեցնելու համար եմ կրակել, որ չգան հետեւներիցս: Դուք չեք պատկերացնում՝ ջիփերով 06-ին որ խփեն...խփում էին 100 մետր գնում էինք, զարմացա, ոնց չշրջվեցինք, սաղ մնացինք: Ինձ թվում է ուղեղները մի բան արել էին, որովհետեւ նորմալ մարդը տենց բան չէր անի»:

Հարցին, թե արդյո՞ք պնդելու է, որ Կարեն Գրիգորյանը պատժվի տեղի ունեցածի համար, Արթուր Թումանյանը պատասխանեց. «Նրանց Աստված միայն կարող է պատժել ոնց հասկանում եմ, որովհետեւ նրանք մինչեւ հիմա էլ անպատիժ են մնացել էս երկրում, առաջին դեպքը չի»:

Անդրադառնալով ընտրություններին՝ Թումանյանն ասաց, որ իրեն եւ ավագանու երկու թեկնածուներին շարքից հանելուց հետո դրանք այդպես էլ պետք է անցնեին: «Ես ինձ չեմ համարում պարտված, որովհետեւ սա հաղթանակ չէր, հաղթանակը այսպես չի լինում, եթե իրենք մտածում են հաղթել են, շփոթվում են: 3 հոգի՝ ամենագլխավորներին խաղից հանես, դա հաղթանա՞կ է»,- հարց է բարձրացնում քաղաքապետի թեկնածուն եւ հավելում, որ իրենց բացակայությամբ բազմաթիվ անարդարություններ են տեղի ունեցել Էջմիածնում՝ ընդհուպ մինչեւ հոսանքազրկումներ տեղամասերում:

Բողոքարկման վերաբերյալ մեր հարցին ի պատասխան Արթուր Թումանյանն ասաց, որ իրենց գործողությունները կախված կլինեն Կարեն Գրիգորյանի թիմակիցների գործողություններից: Նշենք, որ Կարեն Գրիգորյանի մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը սեպտեմբերի 16-ին տեղի ունեցածը ներկայացնում է մոտավորապես այսպես.

Սեպտեմբերի 16-ի գիշերը կրակել են  Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Այդ պահին մեքենայի մեջ եղել են Կարեն Գրիգորյանն ու նրա եղբոր որդին, սակայն ոչ ոք չի տուժել: Կրակոցները հնչել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայից, որի մեջ եղել են քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին: Կրակոցներից հետո Գրիգորյանները հետապնդել են «Վազ 21/06» մակնիշի մեքենային, Կամո փողոցում բախվել իրար, ինչից հետո նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ տուժել են Թումանյանն ու Աբգարյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին