▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ զղջում. Սեյրան Օհանյանը մեկնաբանում է` ինչու է դուրս եկել պետական համակարգից

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է, թե ինչու է դուրս եկել պետական համակարգից եւ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական հայտ ներկայացնելու որոշում կայացրել:

«Անկեղծ լինելու համար կցանկանայի բոլորիդ հայացքն ուղղել դեպի ոչ վաղ անցյալ` խորհրդային պետություն եւ փորձել զուգահեռներ անցկացնել ներկայիս իրավիճակի հետ: Որպես պրոֆեսիոնալ զինվորական` իմ ծառայությունը սկսել եմ ԽՍՀՄ բանակում: Մեզնից ոչ ոք չի կարող ժխտել, որ ԽՍՀՄ-ը ժամանակի հզորագույն եւ կայացած պետություններից մեկն էր: Թե ինչ խորքային խնդիրներ ուներ եւ ինչը բերեց այդ պետության փլուզմանը, այլ քաղաքական վերլուծությունների դաշտից է, սակայն ակնհայտ է, որ Խորհրդային միության իշխող վերնախավի անհեռանկար գործելաոճը հանգեցրեց ներքաղաքական դրության սրման, ազգամիջյան բախումների, որն էլ բերեց ինքնափլուզման: Խորհրդային միության սպան իրավունք չուներ միջամտելու ներքաղաքական կամ ազգամիջյան խնդիրներին:

Որպես զինվորական` ես Խորհրդային միության գաղափարախոսության կրողն էի եւ առաջամարտիկը, բայց դա չխանգարեց, որ ազգային անվտանգության սխառնալիքի ժամանակ ճիշտ որոշում կայացնեմ, եւ ես եւ իմ համախոհները ոտքի կանգնեցինք Արցախի պաշտպանության համար: Այդ ժամանակ էլ քննադատողների եւ ըմդդիմախոսների պակաս չկար: Սակայն ես չէի կարող հեռվից դիտել, թե անզեն ժողովուրդն ինչպես պետք է դիմակայի իրեն պարտադրված ոտնձգություններին: Ես կանգնեցի երկընտրանքի առաջ` ընտրել հեշտը` որպես զինվորական չխառնվել ազգամիջյան բախումներին եւ հեռանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված իմ գնդի հետ եւ պահպանել իմ տեղը, թե դժվարը` դուրս գալ ԽՍՀՄ բանակից, դառնալ շարքային ֆիդային, վտանգել կյանքը եւ մասնակցել ժողովրդի պայքարին: Ես ընտրեցի դժվարը: Ի դեպ, այդ 25 տարիներից 17-ը ես ծառայությունս տարել եմ որպես զինվորական:

Այժմ էլ մենք շատ վտանգավոր պահեր ենք ապրում եւ նորից կանգնելով ընտրության առաջ` ընտրել եմ դժվարինը: Իմ նպատակը քաղաքական դաշտում ոչ թե թատերական ներկայացումներին մասնակցելն է, այլ սահմանադրական իրավունքով հայրենիքի համար հայրենասեր մտահոգ ուժերին համախմբելն ու ժողովրդի ապահովման համար ուղիներ փնտրելը: Ես չեմ զղջում, որ հրաժարվել եմ ինձ առաջարկվող բարձր պաշտոններից»,- իր յութուբյան էջում տեղադրված տեսանյութում ասել է Սեյրան Օհանյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին