▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես և Ֆելիքսն էլ ունեինք այդ մտավախությունը, նման բան չկար․ Eman-ը՝ արտերկրի արտիստների հետ համագործակցելու հեռանկարի և իր հաջողության մասին

Asekose.am-ը զրուցել է երգիչ, երաժիշտ, գործիքավորող Eman-ի հետ (Էմանուել Հակոբյան)՝ իր ստեղծած երաժշտական ոճի, արտերկրի արտիստների հետ համագործակցելու հեռանկարի և անհատական գործունեության մասին։

/filemanager/uploads/2021/05/week-2/Emanuel.jpg

Eman, բոլորովին վերջերս ստեղծել եք հայկական ելևէջներ չպարունակող երաժշտական մի ոճ, որի նմանը աշխարհում գոյություն չունի։ Ի՞նչ ոճի մասին է խոսքը, և ի՞նչ նպատակ է այն հետապնդում։

Արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում եմ տարբեր երգերի գործիքավորմամբ, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ստեղծագործում եմ՝ ներկայացնելով իմ անհատական աշխատանքները։ Եվ այս բազմազանության մեջ ցանկություն ունեցա ստեղծել մի ոճ, որը միայն ինձ կպատկաներ, իմ մտքի թռիչքը կլիներ և որով ես նոր հեռանկարներ կբացեի իմ առջև (ժպտում է)։ Այդպես, երկար փնտրտուքներից և փորձարկումներից հետո ինձ վերջապես հաջողվեց ստեղծել այն, ինչ ես ցանկանում էի, իսկ ես բավական բծախնդիր եմ։ Այդպես, երկու տարբեր երաժշտական ոճեր միախառնելով, ավելացնելով տարբեր երաժշտական էլեմենտներ՝ ստեղծվեց Eman-ի ոճը։

Իսկ ի՞նչ նոր հեռանկարների մասին է խոսքը։

Գիտեք, ի ուրախություն ինձ՝ սկսած 2012թ-ից, երբ ես հիմնեցի իմ՝ «Eman music» ստուդիոն, կարողացա հասնել այն արդյունքին, որ այսօր իմ ճաշակին են վստահում հայ ամենահայտնի երգիչ-երգչուհիները։ Իհարկե, սա ցանկացած երաժշտի գործունեության համար ամենահաջող գնահատականն է, բայց գալիս է մի շրջան, երբ դու ավելիին ես ձգտում։ Այս պահին ես նպատակ ունեմ համագործակցելու ոչ միայն մեր, այլ նաև արտերկրի արտիստների հետ, ովքեր, ինչպես բոլորս գիտենք, բոլորովին այլ ոճերում են աշխատում։ Խոսքս սրան էր վերաբերում, իհարկե, շատ հաճելի է, երբ դու քո հայրենիքում կայացած ես, բայց առավել հաճելի է, երբ այդ հաջողությունը տարածվում է նաև դրա սահմաններից դուրս։

Հայաստանում այսօր կան երաժշտության մասնագետներ, ովքեր, կարծես թե, դուրս են մրցակցությունից, դա ասում եմ նրանց աշխատանքների թե քանակից, թե որակից ելնելով։ Պետք է փաստենք, սակայն, որ որակը միշտ չէ, որ զարմացնում է դրական տեսանկյունից։ Հետաքրքիր է՝ առանձնանալով ձեր ոճով և ստեղծագործություններով, որոնք երբեմն նաև կոմերցիոն չեն համարվում, արդյո՞ք կան սկզբունքներ, որոնց դեմ չեք գնա՝ թեկուզև հասկանալով, որ այդ պահին կարող եք մրցակցությունից դուրս մնալ։

Ճիշտ եք, ցանկացած ոլորտում և ցանկացած պարագայում ձեռքը միշտ պետք է պահել զարկերակի վրա, սակայն դա չի կարող ինձ ստիպել անճաշակ երաժշտություն մատուցել հանդիսատեսին, այստեղ պետք է հիշեմ հայտնի խոսքը՝ պահանջարկն է ծնում առաջարկ, սակայն իմ դեպքում սա չի գործում։ Իհարկե, ինչպես ընդունված է ասել, ճաշակին ընկեր չկա, բայց նաև անհերքելի է, որ ներկայիս երիտասարդության ճաշակը էապես տարբերվում է, այսօր նրանք տեղ են տալիս ավելի արտասահմանյան, հաուս և տարբերվող ոճին, այլ ոչ թե, ինչպես տարիներ առաջ էր, ռաբիսին և 6/8 չափին։ Այնպես որ, կարծում եմ, անհրաժեշտություն չկա սկզբունքներին դեմ գնալու, քանի որ ես ինքս աշխատում եմ հենց այդ մարդկանց համար։ Կստեմ, եթե ասեմ, որ ուշադրություն չեմ դարձնում կոմերցիոն կողմի վրա, բայց հավաստիացնում եմ, կարելի է և որակյալ երաժշտություն մատուցել, և գումար վաստակել։

/filemanager/uploads/2021/05/week-2/Emanuel_Eman.jpg

Վերջին շրջանում հայկական երգարվեստում հին երգերը՝ ժողովրդական և էստրադային, նորովի ներկայացնելու տենդենց է նկատվում։ Սակայն քչերին է հայտնի, որ դուք առաջիններից եք, որ դեռևս տարիներ առաջ արել է այդ համարձակությունը Ֆելիքս Խաչատրյանի հետ միասին (2012թ «Չինար ես»)։ Հիմա, երբ դաշտում շատ են նմանատիպ երգերը, ի՞նչ կասեք, արդյո՞ք սկսնակ կատարողի համար սա ավելի հեշտ տարբերակ է լսարան ունենալու, իսկ արդեն փորձ ունեցողի համար՝ ավել ջանք չթափելու և նոր բան չներկայացնելու։  

Գիտեք, համաձայն չեմ, որ փորձ ունեցող արտիստները ջանք չեն խնայում նմանատիպ երգեր կատարելու համար, քանի որ սա ավելի պատասխանատու է։ Եթե նոր երգը ունկնդրի համար բոլորովին նոր աշխատանք է, և նա առաջին անգամ է այն լսում, ապա հին երգը  նորովի ներկայացնելու դեպքում արտիստը մշտապես կանգնում է սխալվելու, չընկալվելու և համեմատականներ անցկացնելու խնդրի առջև, ինչը, հավատացեք, բարդ է յուրաքանչյուրի համար։ Ես և Ֆելիքսն էլ ունեինք այս մտավախությունը, քանի որ այն ժամանակ նման բան դեռ չկար, և մեր դեպքում ռիսկն ավելի շատ էր, քանի որ ժողովրդական երգը ռեփ տարբերակով ներկայացրինք։ Բայց, ի ուրախություն մեզ, մեզ մոտ դա ստացվեց։ Իսկ ինչ վերաբերվում է սկսնակ կատարողներին, ապա ճիշտ եք, սա հայկական շոու բիզնես մուտք գործելու տարբերակներից մեկն է, այլ հարց է՝ որքանով է դա ճիշտ և որակյալ արվում։  

Ինչպես զրույցի սկզբում նշեցիք, համագործակցում եք մի շարք հայ հայտնիների հետ՝ Սիրուշո, Ռազմիկ Ամյան, Մարտին Մկրտչյան, Արմենչիկ, Ֆելիքս Խաչատրյան և 333, Նարեկ Մեծ Հայք և այլք։ Արդյո՞ք հեշտ է աշխատել նրանց հետ և կան այնպիսիք, որոնց պահանջները Ձեզ երբեմն նյարդայնացնում էին։

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր սկզբունքները և երբեք դրանց դեմ չի կարող կամ չի ցանկանում գնալ։ Ես նույնպես բացառություն չեմ, և իմ պրակտիկայում էլ եղել են դեպքեր, երբ կտրականապես մերժել եմ աշխատել տվյալ արտիստի հետ կամ սկզբում ընդհանուր հայտարարի չենք եկել։ Պետք է նշեմ, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների դեպքում հարցը մի փոքր դժվարանում է, քանի որ այստեղ ոչ միայն սկզբունքների հարցն է երգիչ-երգչուհիները հաճախ մտածում են  ոչ միայն լավ ու որակյալ երգի, այլ նաև դրա միջոցով հետագայում մեծ գումարներ աշխատելու մասին։ Եղել են դեպքեր, երբ հայկական շոու բիզնեսի ամենահայտնի երգիչներից մեկի հետ համագործակցել եմ՝ ի սկզբանե իմանալով, որ նրա այդ երգը հաջողության չի հասնելոմ, ինչի մասին նրան ասել եմ, սակայն նա պնդել է, որ պետք է աշխատանքը ստեղծվի։ Եղել է նաև դեպք, երբ կտրականապես մերժել եմ համագործակցության առաջարկը, քանի որ հակառակ դեպքում կստեղծվեր անորակ մի երգ, ինչը ես՝ որպես գործիքավորող, չէի կարող թույլ տալ իմ պրակտիկայում։ Երգիչների մեկի դեպքում էլ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ես արել եմ ոչ թե նրա ուզած գործիքավորումը, այլ այն, ինչ այդ պահին ճիշտ եմ համարել՝ վստահ լինելով, որ երգի գործիքավորման հենց այդ տարբերակն է նրան հաջողություն բերելու, իսկ հետագայում նա էլ ընդունել է, որ ես ճիշտ էի։ Այնպես որ շոու բիզնեսի յուրաքանչյուր ներկայացուցիչ  ունի իր նախասիրությունները, իսկ մենք ՝ երաժիշտներս, ունենք ընտրելու հնարավորություն՝ աշխատել նրանց հետ, թե ոչ։

/filemanager/uploads/2021/05/week-2/Eman.jpg

Հայ կատարողների երգերը գործիքավորելուց և նաև նրանց տեսահոլովակներում նկարահանվելուց բացի, մեկ տարի առաջ ներկայացրիք Ձեր անհատական՝ «Slamp» տեսահոլովակը։ Սակայն անհատական գործունեության շարունակություն, որպես այդպիսին, չեղավ։ Ո՞րն է պատճառը։

Սա, թերևս, իմ ցավոտ կողմերից մեկն է (ժպտում է)։ Պատճառը ժամանակի սղությունն է, քանի որ իսկապես հագեցած գրաֆիկով եմ աշխատում։ Բայց հույս ունեմ, որ գոնե հիմա, երբ արդեն իմ սեփական երաժշտական ոճն եմ ստեղծել, ինքս ինձ համար ժամանակ կգտնեմ և նոր գործ կներկայացնեմ։ Ինչպես արդեն նշեցի, ես բավականին բծախնդիր եմ, իսկ այս դեպքում, երբ խոսքը գնում է իմ անհատական կարիերայի մասին, բնավորությանս այս գիծն ավելի ակնհայտ է դառնում ու կարող եմ ասել՝ շատ դեպքերում՝ նույնիսկ խանգարում է։ Երբ ամեն ինչ ուզում ես կատարյալ անել, միշտ ձգտել ավելի լավին, շատ հաճախ նաև խճճվում ես այդ ամենի մեջ, և դա սկսում է իրոք քեզ խանգարել։ Կյանքում էլ է այդպես՝ գերազանցիկ լինելը միշտ չէ, որ լավ է (ժպտում է)։

 

Հեղինակ՝ Ս․ Խաչատրյան

 

Կարդացեք նաև՝Սրա պակասը կար երաժիշտ Eman-ը՝ հայկական շոու բիզնեսում նորություն մտցնելու, արտասահմանյան շուկա մուտք գործելու և նոր համագործակցությունների մասին

Ինչպես Eman-ին հաջողվեց Վրաստանի հեռավոր գյուղից տեղափոխվել Հայաստան և համագործակցել ամենահայտնի հայ արտիստների հետ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին