▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել…». Մհեր Մկրտչյան

Դեկտեմբերի 28-ին լրացավ հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի մահվան 20-րդ տարելիցը: Այդ առիթով «ԼոգոՍ» ԵՀԿ-ն կազմակերպել էր միջոցառումների շարք, որի ամբողջ ընթացքում իր ներկայությամբ պատվեց ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: Միջոցառումների շարքը մեկնարկեց Գյումրու Սբ. Աստվածածին (Սբ. Յոթվերք) եկեղեցում, որտեղ տրվեց հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ արտիստի: Պատարագին հաջորդեց ծաղկեպսակի տեղադրումը Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց տեղակայված արձանի մոտ: Այնուհետև, ժամը 13:00-ին, Մհեր Մկրտչյանի անունը կրող թանգարանում բացվեց արտիստի ձեռքով արված մատիտանկարների ցուցահանդես, որի ընթացքում հնչեցին ողջույնի խոսքեր «ԼոգոՍ» ԵՀԿ-ի անձնակազմի, թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանի կողմից, ինչպես նաև իր հիշողություններով կիսվեց Ալբերտ Մկրտչյանը: Խոսքով հանդես եկավ նաև դրամատուրգ և ռեժիսոր Արթուր Էդարը, ով  թանգարանին նվիրաբերեց Մհեր Մկրտչյանի պատկերով մոմը: «ԼոգոՍ» ԵՀԿ-ի կողմից թանգարանին նվիրաբերվեցին մատիտանկարների` ցուցահանդեսին կախված տպագիր տարբերակները, ինչպես նաև Մհեր Մկրտչյանի` 7 ֆիլմերից բաղկացած ֆիլմադարանը: «ԼոգոՍ» ԵՀԿ-ի կողմից պատրաստվել էր նաև թանգարանի ֆեյսբուքյան էջը, որն այսուհետև լուսաբանելու է թանգարանի անցուդարձը, իրականացված ու իրականացվելիք միջոցառումները:
Միջոցառումների շարքը եզրափակվեց «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Հանդիսականներին ողջունեց «ԼոգոՍ» ԵՀԿ-ի նախագահ Արա Մելիքջանյանը, ով նաև ներկայացրեց օրվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումները: Այնուհետև հանդիսատեսի դատին հանձնվեց «ԼոգոՍ» ԵՀԿ-ի կողմից հեղինակած «Ֆրունզի հետքերով» կարճամետրաժ ֆիլմը, որն ստացավ լայն արձագանք: Ֆիլմի ավարտից հետո ցուցադրվեց Մհեր Մկրտչյանի լավագույն ֆիլմերից մեկը` «Մեր մանկության տանգոն», որին հաջորդեց ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ելույթը` համեմված հիշողություններով և ֆիլմի նկարահանման պատմությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին