«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական աշուն մուտք ենք գործում օրակարգային երկու հարցով. «Ելք» խմբակցության առաջարկությունը՝ ԵՏՄ-ում ՀՀ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ, եւ հարցը, թե 2018-ի ապրիլից հետո, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, ով կլինի ՀՀ վարչապետը, այսինքն այսուհետ նաեւ՝ պետության առաջին դեմքը: Ընդ որում, այս երկու հարցերից առաջինը որոշակիորեն նաեւ արտաքին քաղաքական հարց է, իսկ երկրորդը ֆորմալ առումով զուտ ՀՀԿ-ին վերաբերող հարց է:
Որովհետեւ, ինչպես լրագրողների հետ զրույցում ճիշտ ձեւակերպեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անցած խորհրդարանական ընտրություններում մարդիկ իրենց ձայները տարբեր մոտիվացիաներով տվել են ՀՀԿ-ին, ուստի մինչեւ 2022 թվականը երկրի ղեկը հանձնել են այս կուսակցությանը: Իսկ թե ՀՀԿ-ն ում հարմար կգտնի այդ դերում, արդեն ներքին կուսակցական խնդիր է:
Մյուս կողմից՝ այս հարցը եւ իր մեջ նաեւ արտաքին քաղաքական էլեմենտ պարունակող «Ելք»-ի առաջարկը նաեւ փոխկապակցված են եւ ձեւավորում են ՀՀ ներքաղաքական միակ օրակարգը:
Ու թեեւ օրակարգը մեկն է, իսկ քաղաքական խաղացողների թիվը՝ խիստ սահմանափակ, կոմբինացիաները, որ հնարավոր են այն առաջ մղելու ընթացքում, բավականին բազմազան են: Օրինակ, եթե «Ելք»-ին հաջողվի հանրային աջակցություն ստանալ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության շուրջ, այն կարող է վերածել կոնկրետ գործողության, ինչը կսասանի ՀՀԿ-ի դիրքերը:
Ճիշտ է, ընդունված է համարել, որ ՀՀ բնակչության դիրքորոշումը միշտ էլ հօգուտ ԵՏՄ-ի կլինի, սակայն այսօր Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի հրապարակած հարցման տվյալները ցույց են տալիս, որ դա խիստ չափազանցված համոզմունք է: Համենայնդեպս, ըստ այդ հարցման արդյունքների՝ հանրության տրամադրությունները ԵՏՄ-ի եւ Եվրոպական ինտեգրացիոն ուղղությունների միջեւ սահմանագծին են, ինչպես նաեւ այնքան էլ միանշանակ չէ, որ ՀՀ քաղաքացիների անվերապահ վստահում են Ռուսաստանին եւ երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը կապում այդ երկրի հետ:
Հայաստանի աշխարհաքաղաքական բեւեռների ընտրության-չընտրության հարցը որեւէ քաղաքական ուժ ուղղակիորեն օրակարգ չի բերել: Համենայնդեպս խորհրդարանում նման քննարկում չի եղել: Հայաստանի ընդդիմադիր եւ ոչ իշխանական բոլոր քաղաքական ուժերը այժմ համերաշխ են մի հարցում. Հայաստանում իշխանության փոփոխության պահանջարկը նախ պետք է հանրության մեջ ձեւավորվի, ապա նաեւ համապատասխան պատվեր իջեցվի քաղաքական ուժերին: Քանի դեռ նման պրոցես գոյություն չունի, իշխանության փոփոխության կամ Սերժ Սարգսյանի վերարտադրության անթույլատրելիության մասին խոսակցությունները ժամանցային նշանակությունից այն կողմ չեն անցնի:
Ընդ որում հարցը, թե արդյոք Սերժ Սարգսյանը կդառնա՞ վարչապետ, թե՞ ՀՀԿ-ն այլ անձի կնշանակի այդ պաշտոնում, ավելի շատ էսթետիկական նշանակություն ունի, քան քաղաքական: Ինչ խոսք, Սարգսյանի մնալով Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի շարքերն անցնելը շատ ավելի մեծ դիսկոմֆորտ կառաջացնի:
Ու ստացվում է, որ «Ելք»-ի նախաձեռնությունը՝ Սերժ Սարգսյանի իշխանության որդեգրած՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու ուղղությամբ, տեսանելի ապագայում Հայաստանում իշխանության փոփոխության միակ հիմքը կարող է լինել: Հուսանք, որ այս հարցով քաղաքական բանավեճը ավելի համարձակ կլինի, քան մինչեւ այժմ է, որովհետեւ ի վերջո ՀՀ քաղաքացիներիս իսկապես անհրաժեշտ են լուրջ հիմնավորումներ, փաստարկներ եւ հակափաստարկներ, թե իրականում ինչ կկորցնի եւ ինչ կշահի Հայաստանը ռուսական ինտեգրացիոն միավորից կամ ռուսական անվտանգության համակարգից դուրս գալու դեպքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում