▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էյր Արմենիա»-ի սեփականատերը հաշտվել է իրեն «առևանգած», ծեծի ենթարկած Ռուբեն Հայրապետյանի հետ

1in.am-ը գրում է. Օրեր առաջ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից ծեծի ենթարկված «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանը հաշտվել է Ռուբեն Հայրապետյանի հետ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Արսեն Ավետիսյանը։

Նշենք, որ կիրակի օրը նրա կինը՝ Իզաբելա Մելքումյանը, ահազանգել էր լրատվամիջոցներին, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մարդիկ առևանգել են իր ամուսնուն, ապա 40 հոգով դաժան ծեծի ենթարկել։ Ավետիսյանը կիրակի օրվանից մինչ այս պահը թիվ 1 կլինիկական հիվանդանոցում է, որտեղից շուտով դուրս է գրվելու։ Նա մեզ հետ համաձայնեց զրուցել առանց տեսախցիկի։

Արսեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչու է որոշել հաշտվել, այլ ոչ թե պայքարել, որ իր նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն։

«Էյր Արմենիա» ընկերությունում ներդրումներ են սպասվում, և, ցավոք սրտի, մամուլում տարածված տեղեկությունները՝ միջադեպի հետ կապված, դուրս են եկել երկրի սահմաններից, այդ իսկ պատճառով մտահոգություն է եղել իմ գործընկերների մեջ ներդրումների կապակցությամբ, ինչը բացասական հետևանք կարող է ունենալ։ Կշեռքի մի նժարին կատարվելիք ներդրումներն են, որից կախված է ընկերության ապագան, 270 աշխատակիցների աշխատավարձն ու բոլոր պարտքերի մարումը և, ի վերջո, ՀՀ-ում ավիաընկերություն ունենալու հարցը, մյուս նժարին իմ ֆիզիկական վնասվածքներն են: Եվ, միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Ռուբեն Հայրապետյանը հաշտության ձեռք է մեկնում ինձ, ես ամբողջ խնդիրը հրատապ լուծելու տարբերակը տեսնում եմ իմ և Ռուբեն Հայրապետյանի միջև հաշտությունը»,- հայտարարեց Արսեն Ավետիսյանը։

Նա հավելեց, որ բողոք չունի Հայրապետյանի դեմ և հակված է, որ այդպիսով խնդիրը լուծվի։

Անդրադառնալով միջադեպի պատճառներին՝ պարզաբանեց. «Խնդիրը եղել է «Էյր Արմենիա»-ի պարտքային պարտավորությունները «Ալա ինթերնեյշնլ» ընկերության նկատմամբ, որի ղեկավարն է Գառնիկ Պապիկյանը։ Այդ ընկերությունը ԱՄԷ-ում գրանցված ընկերություն է, որից «Էյր Արմենիան» 2014-ից վարձակալում է «Բոինգ 737» տիպի օդանավ, երբ ֆինանսական խնդիրներ ունեցանք, վարձավճարները սկսեցին ուշանալ։ Պապիկյան Գառնիկի հետ միշտ ունեցել եմ լավ հարաբերություններ, շուտով պետք է բոլոր պարտատերերի հետ կնքվեին պարտքերի մարման գրաֆիկներ: Ինձ համար զարմանալի էր, թե ինչի էր Պապիկյանը դիմել Հայրապետյանին այս խնդրով»,- տարակուսեց մեր զրուցակիցը։

Արսեն Ավետիսյանն ասաց, որ իրեն չեն առևանգել։ Այդ դեպքում հարց է ծագում՝ կինը ապատեղեկատվությո՞ւն է տարածել: «Եկեք բացառենք առևանգելը: Ես գտնվել եմ Ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում՝ նախապես պայմանավորված 18։30-ին, եղել է միջադեպ, որից հետո ինձ 7-8 հոգու ուղեկցությամբ տեղափոխել են այլ տարածք, որտեղ ավելի շատ մարդիկ են եղել: Այնտեղ շարունակվել է մեր խոսակցությունը Ռուբեն Հայրապետյանի հետ։ Երբ քեռուս տղան տեսել է, որ ութ հոգով ինձ տեղափոխել են այլ տարածք, գուցե բռնի ուժով տեղափոխելու տպավորություն է ստացել»։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին