Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը պահանջել է Թվիթեր և Ֆեյսբուք սոցիալական կայքերի ղեկավարներից հեռացնել Bataclan համերգասրահում ահաբեկչությունից անմիջապես հետո արված լուսանկարները: Այս մասին հայտնում է Agence France Presse-ը:
Ներքին գործերի նախարարությունը նման պահանջով է հանդես եկել՝ նշելով, որ լուսանկարներում երևում են զոհերի մարմինները, իսկ դա մարդկային արժանապատվության կոպիտ ոտնահարում է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսատեսին: