▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտեք իմ վերաբերմունքը խաղատների ու խաղադրույքների հանդեպ, բայց․․․ Փաշինյան

«Շահումով խաղի կազմակերպման ոլորտում գործունեություն ծավալող անձանց խաղային արտադրանքները պետք է սերտիֆիկացում անցնեն միջազգային հեղինակավոր լաբորատորիաների կողմից: Սերտիֆիկացման փաստը ստուգվելու է Կառավարության կողմից սահմանված օպերատորի կողմից ու բոլոր խաղային արտադրանքները պետք է միացված լինեն մոնիթորինգային կենտրոնին, այսինքն՝ մոնիթորինգային կենտրոնում օն լայն ռեժիմով տեղեկություն կունենանք կատարված խաղադրույքի, ստացված շահման ու մնացածի մասին»,- Կառավարության նիստում, «Խաղային գործունեության կարգավորման մասին» նախագծերի փաթեթը ներկայացնելիս, պարզաբանեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Թարմացված․ «Մոլեխաղերի կամ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: Սա նշանակում է, որ որևէ խաղային սարքավորում երբ սերտիֆիկացվում է, ունի որոշակի ժամանակահատվածում որոշակի համամասնությամբ շահում ապահովելու հնարավորություն, ու եթե հիմա հնարավոր չի դա ստուգել, որովհետև բացակայում է սերտիֆիկացումն ու չկա միացում մոնիթորինգային կենտրոնին, օրենքի կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց հետո, հնարավոր կլինի դա օպերատորի միջոցով ստուգել. արդյո՞ք եթե 90 տոկոս շահման կանոնը կա, 90 տոկոս շահում որոշակի ժամանակահատվածի ընթացքում տրամադրվում է, թե՞ ոչ»,- «Խաղային գործունեության կարգավորման մասին» նախագծերի փաթեթը ներկայացնելիս՝ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Դուք գիտեք իմ վերաբերմունքը խաղատների ու խաղադրույքների հանդեպ, բայց էս 90 տոկոսով մենք ոլորտի ներդրումային գրավչությունը չենք սահմանափակո՞ւմ, շատ բարձր չենք դրե՞լ»,- արձագանքեց վարչապետը: Բադասյանն ասաց՝ խաղային ոլորտի կազմակերպիչների հետ քննարկումներ են ունեցել, դրույթի հետ կապված առարկություն չի եղել:

Թարմացված․ Կառավարությունը քննարկում է «Խաղային գործունեության կարգավորման մասին» նախագծերի փաթեթը, որը ներկայացնում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Կարող ենք երկու մեծ նպատակ առանձնացնել, առաջին՝ թափանցիկության ապահովում, այսինքն, որ խաղային գործունեություն ծավալող ընկերությունների նկատմամբ հսկողությունը լինի առցանց եղանակով, երկրորդը՝ պատասխանատու խաղի կանոնների ներդրումն է»,- ասաց պաշտոնյան: «Ինչ վերաբերում է պատասխանատու խաղի միջոցառումներին, մի շարք սահմանափակումներ ենք մտցնում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին, խոսքը թե՛ օն լայն, թե՛ կենդանի մոլեխաղի մասին է: 21 տարին չլրացած անձինք չեն կարող մասնակցել, բյուջեից ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման ծրագրից օգտվողները չեն կարող մասնակցել, ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով ծրագրի շահառուները չեն կարող մասնակցել»,- հավելեց Բադասյանը: Դիմելով զեկուցողին՝ Փաշինյանը հարցրեց. «Ասում ենք՝ եթե քաղաքացին աղքատության նպաստի համակարգի մեջ ընդգրկված է, չի կարող խաղադրույք անել, ինչպե՞ս ենք վերհսկում»: Պաշտոնյան արձագանքեց՝ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:

Թարմացված․ «Իրավիճակներ են լինում, երբ ինչ-որ դեպքեր են տեղի ունենում, այդ թվում զինծառայության ընթացքում, հետո հետաքննությունով գնում ենք ու պարզում, որ դա ծառայության հետ կապ չունի, կապ ունի խաղադրույքների, պարտքերի և այլնի հետ: Այո՛, նաև էդ պրոբլեմի հետևից գնալով ա, որ եկել-հասել ենք էստեղ»,- «Խաղային գործունեության կարգավորման մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը՝ արձագանքելով Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի առաջարկին՝ վերաբերող զինծառայողների մասնակցության սահմանափակմանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին