▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիից ստացվող լրահոսը հիշեցնում է քրեական ժամանակագրություն

Շատ ցավալի է, երբ Հանրապետության երկրորդ քաղաքից ստացվող լրահոսը հիշեցնում է քրեական ժամանակագրություն, մեր սիրելի Գյումրին գյումրեցիներից բացի մյուսների մոտ սկսել է ասոցացվել կրակոցների, սպանությունների հետ, այնինչ այդ քաղաքում կան շատ լուսավոր կետեր, որոնց վրա պետք է շեշտադրումներ անել:

Միթե մենք չենք հասկանում նման լուրերի տարածման վտանգը, այն հոգեբանական նստվածքը, որ կարող է ունենալ Գյումրիի «կրիմինալ բրենդի» ձևավորևումը, որի միակ շարժառիթը կայքերի ու թերթերի համար մուտքեր ու վաճառք ապահովելն է: Համաձայնեք, որ նպատակը հղի է կործանարար հետևանքներով: Եթե մենք կորցնենք Գյումրին որպես ներդրումների համար գրավիչ վայր լինելու շանսը, ապա Հայաստանի հյուսիսը այլևս չի կարող զարգանալ, իսկ ո՞ր ներդնողը կգա Գյումրի, երբ լրահոսում տեսնում է մեր կոլորիտային ու հրաշալի քաղաքից ստացվող սպանությունների ու «ռազբորկաների» մասին լուրեը, նման պայմաններում բացառվում են լուրջ ներդրումները: Նման պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել որոշ գերատեսչություններ Գյումրի տեղափոխելու մասին, ի՞նչպես կարելի է ակնկալել գյումրեցիների ներգաղթը իրենց քաղաք:

Ես կարծում եմ, որ լրատվականները պետք է գոնե հանուն Գյումրի քաղաքի որոշակի համաձայնության գան, ամեն տեղ էլ կան հանցագործներ, այդպիսիք կան և Երևանում, և Մոսկվայում և Նյու Յորքում, բայց ոչ մի տեղ դրանք «բրենդացման» չեն տանում: Ցավալի է, որ շատերն այսօր դեմքով ու անուն ազգանունով ճանաչում են Շիրակի մարզի դատախազին և ոստիկանության պետին, իսկապես ցավալի է, քանզի անկախ իրենց կամքից այս մարդիկ դարձել են լրահոսերում անընդհատ պարզաբանումներ ու հարցազրույցներ տվողներ, այնինչ շատ քիչ են երևում արվաստագետները, հրաշալի երիտասարդները, որ ունի այդ քաղաքը, գիտնականներն ու դասախոսենրը, ուսուցիչները, թանգարանների ու արվեստի դպրոցների ներկայացուցիչները: Գյումրին իրականում շանս ունի զարգանալու, այն ունի իր քաղաքը սիրող ու նրա զարգացման համար անընդհատ ելքեր որոնող քաղաքապետ, իրենց քաղաքի համար ամեն ինչի պատրաստ շատ ՀԿ ների հայտնի ղեկավարներ, դրսում ապրող հարուստ գյումրեցիներ: Մնում է, որպեսզի կենտրոնական իշխանությունն այս ամենը ճիշտ համակարգի, մնում է, որ մենք իսկապես ուզենք, որ Գյումրին զարգանա, այլ ճանապարհ չկա:

Զոհրապ Եգանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին