«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին այլընտրանք չի տեսնում:
Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը հրաժարվում է տարբեր հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններից, սակայն բանակցություններին այլընտրանք չկա: Հայաստանը շարունակում է ջանքերը՝ ուղղված հանգուցալուծման այնպիսի տարբերակին, որը կամրապնդի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը: Սա է պատճառը, որ հարկավոր է շարունակել բանակցությունները: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ապրիլյան պատերազմի օրերին տարբեր երկրներում իր դեսպանների միջոցով փորձում էր կասկածի տակ դնել 1994-1995թթ եռակողմ զինադադարի պայմանագիրը: Այդ օրերին եռանախագահները ստիպված եղան Ադրբեջանին մի քանի անգամ տեղը դնել՝ հայտարարելով, որ զինադադարի եռակողմ պայմանագիրն ուժի մեջ է, և կողմերը պետք է պահպանեն հրադադարը: Դրանից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ Վիեննայում և Նյու Յորքում Ադրբեջանի դեսպանները ինքնագլուխ են գործել: Փաստորեն, նրանք իրենց ստերի մեջ այնքան են խճճվել, որ արդեն չեն հասկանում, թե ինչպես կարող են դուրս գալ դրանց տակից: Դրա համար պարբերաբար հայտնվում են նման ծիծաղելի վիճակներում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: