▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկադիր կատարողը պաշտոնեական կեղծիք է կատարել. նրան մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ Արթիկ քաղաքի բնակիչ Էմիլ Պապիկյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա բացահայտվել է, որ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Էդուարդ Կարախանյանն անձնական դրդումներով պաշտոնեական կեղծ փաստաթուղթ է կազմել, որի պատճառով պարտապանը զրկվել է իր վարկային պարտավորություններն ամբողջությամբ մարելու հնարավորությունից:

Այսպես, ՀՀ դրամի վարկային պարտավորությունները չկատարելու կապակցությամբ արգելանք է դրվել Արթիկ քաղաքի բնակիչ Էմիլ Պապիկյանի` վարկի դիմաց գրավադրված տան վրա: Պարտապանի բնակարանում առկա է եղել նաև բռնագանձման ենթակա շարժական գույք, որն արձանագրելու համար, հարուցված կատարողական վարույթի շրջանակներում, ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Էդուարդ Կարախանյանը պետք է այցելեր վերջինիս բնակարան: Սակայն բնակարան այցելության համար ավելորդ աշխատաժամանակ չծախսելու անձնական դրդումներով հարկադիր կատարողը պաշտոնեական կեղծիք է կատարել՝ իր աշխատասենյակում կազմել է կեղծ փաստաթուղթ այն մասին, թե, իբր, այցելել է Է. Պապիկյանի բնակարան, սակայն այնտեղ բռնագանձման ենթակա գույք չի հայտնաբերել: Մինչդեռ հարկադիր կատարողի կողմից հիշյալ հանգամանքը չարձանագրելու հետևանքով Է. Պապիկյանը չի կարողացել ամբողջությամբ մարել իր վարկային պարտավորությունները, քանի որ դրա համար արգելադրված միայն բնակարանի վաճառքից գոյացած գումարը  բավարար չի եղել վարկն ամբողջությամբ մարելու համար:

Այսպիսով, պաշտոնեական կեղծիք կատարելու համար Է. Կարախանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին