Հուլիսի 16-ին Թբիլիսիիում մեկնարկել է թվով 5-րդ` «Kavkaz Jazz Festival»-ը, որին իրենց մասնակցությունը կցուցաբերեն Հայաստանի, Վրաստանի, Լեհաստանի և Ադրբեջանի երաժիշտները: Փառատոնը կտեևի մինչև հուլիսի 19-ը:
Լրագրողների հետ զրույցում փառատոնի տնօրենը` Ելենա Մեչիտովան, նշել է, որ մասնակցող Հարավային կովկասի երեք երկրները փառատոնի հիմնական մասն են կազմում, իսկ մյուս երկրների երաժիշտները` իրենց հյուրերն են` ավելացնելով, որ փառատոնի գլխավոր նպատակը երաժիշտների միմյանց հետ շփումն է, փորձի փոխանակումը և սեփական երկրի մասին տեղեկությունների տարածումը:
Տեղեկացնենք, որ Հայաստանից փառատոնին մասնակցելու են մեկնել երաժիշտներ Սամվել Գասպարյանը, Արթուր Գրիգորյանը և Արման Ջալալյանը:
Ելենա Մեչիտովան նշել է նաև, որ ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցելու են նաև Լեհաստանը ներկայացնող երաժիշտները, որոնց` մյուս երկրների երաժիշտների հետ ստեղծած ստեղծագործությունը, հնչելու է փակման արարողության ժամանակ:
«Մեր փառատոնը մյուսներից տարբերվում է նրանով, որ այն նաև իր մեջ ուսուցողական բնույթ է կրում: Այստեղ մասնակիցները հնարավորություն են ունենում անցնելու վարպետության դասեր»,- լրագրողների հետ զրույցում նշել է փառատոնի տնօրենը:
Իսկ ահա Վրաստանի մշակույթի նախարար Գուրամ Օդիշարիան ասել է, որ շատ ուրախ է այն փաստի համար, որ «Kavkaz Jazz Festival»-ը կարողանում է համախմբել Հարավային Կովկասի 3 երկրներին` նշելով, որ սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում:
Նրա խոսքերով` Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված վիճահարույց թեմաները ժողովուրդներին օտարացնում են միմյանցից:
«Վերականգնել մեր հարաբերությունները կարող են միայն մշակույթը, երաժշտությունը և գրականությունը: Տա Աստված, որ այս ջազզ փառատոնը կարողանա փոքր ինչ նպաստել այս երկրների ընկերական հարաբերություններին հետպատերազմյան շրջանում»,- ասել է Գուրամ Օդիշարիան: