Հարյուրամյակի շեմին ենք մենք եւ նրանք: Նրանք լավ էլ տոնում են ի տարբերություն մեզ: Հայի եւ թուրքի տարբերությունը նրանում է, որ նրանք մեզ ճանաչում են, իսկ մենք նրանց` ոչ: 2010-ին, օրինակ, նրանք թույլ տվեցին Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցել, բայց Խաչը չտեղադրեցին. դա ծուղակ էր, որովհետեւ հայաստանցիները հայտարարեցին, որ ով մեկնի Վան, ուրեմն դավաճան է: Նրանք հենց դա էլ ակնկալում էին: Ազնավուրը հայերի ամենամեծ սրբություններից է, որի հետ իբր հարցազրույց անցկացրին եւ իբր Ազնավուրը խոստովանեց, թե մայրը թուրք է. կրկին ծուղակ, կրկին բլեֆ, որովհետեւ շատերը հավատացին եւ մինչ պարզվեց, որ դա սուտ է, Սուտը լավ էլ ծիծաղեց մեր Ճշմարտության վրա: Երեւի, մի հիմնարկ պետք է ստեղծել` նրանց ստատենչ ոգու ուսումնասիրության համար: Ի՞նչ եք կարծում, ինչպես են մեկնաբանում թուրքերը իրենց հանրագիտարանում, օրինակ, 1915 թիվը: Կարդացեք, պարոնայք, դուք այդ թիվը չեք տեսնի, այստեղ գրված է, որ հայերը իրենց լավ չէին պահում, եւ նրանք մայիսի 14 -ին հայերի տեղահանության օրենք հանեցին, որի արդյունքում...վնասազերծեցին նրանց: Ո՞ր թվին, գիտեք.. 1315-ին: Գուցե սխալվե՞լ են: Գուցե մուսուլմանական օրացույց է: Իրանում, օրինակ, հիմա 1393 թիվն է, 100 տարի առաջ 1292 էր, քանզի նրանց տարին 354 օր է: Ինչեւէ, հայի մտքով երբեք չեն անցնի նրանց հնարքները: Իսկ ինչ վերաբերվում է քնած թշնամուն կացնահարելը...Կարդացեք Արա Նազարեթյանի «Ռազմական» պատմվածքները, հատկապես «Դավաճանությունը».-Անդրանիկը որ եկել է Դսեղ, Լոռուց մի զինվոր չի վերցրել: Ամեն տեղից վերցրել է, Լոռուց` չէ: Ասել է` լոռեցին քաջ է, բայց թուրքի արածը չի տեսել, իմ զինվորը լինել չի կարող»: Այդ պատմվածքում թուրքերը ութ հոգու քնած ժամանակ ականջներից ճաղ են խրել գլխների մեջ...Այդպես էլ քնած մնացել են: Կարդացեք Նազարեթյանի պատմվածքները: Ինքն էլ է լոռեցի, ինչպես իր մեծ նախորդները. Թումանյանը, Մաթեւոսյանն ու Սոս Սարգսյանը: Համոզվելու համար, որ Սոսն էլ է մեծ գրող, կարդացեք նրա «Ընդհատումը»: Եւ...քնած մի կռվեք թուրքի հետ:
Հայի եւ թուրքի տարբերությունը նրանում է, որ նրանք մեզ ճանաչում են, իսկ մենք նրանց` ոչ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet