ASEKOSE.am-տեղեկություններով` ադրբեջանական կողմը ՀՀ ԶՈւ իրականացրած պատասխան գործողությունների արդյունքում նախորդ շաբաթվա ընթացքում մի քանի զոհեր է ունեցել: ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հստակ չի կարող ասել, թե հակառակորդը քանի զոհ ունի:
«Ես չեմ կարող պաշտոնապես հաստատել, կամ հերքել: Սակայն ինչպես նախապես հայտարարել էի` Ադրբեջանցիների կողմից որևէ ոտնձգություն անպատասխան չի մնացել: Իսկ զոհերի, կորուստների մասին թող իրենք խոսեն»,- մեզ հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյուքնում 4 զինծառայող է վիրավորվել:
Նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից ինտենսիվորեն խախտվել է հրադադարի ռեժիմը: Կրակոցներ են հնչել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ:
Իսկ 2 օր անց` ժամը 23:55-ի սահմաններում Այգեպար գյուղի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից վիրավորվել է զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը:
Ադրբեջանական մամուլը բազմիցս անդրադարձել է սահմանային միջադեպերին, նշելով, որ երկու կողմն էլ կորուստներ ունի: Հետագայում հերքվել են հայկական կողմի կորուստների մասին լուրերը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը միջադեպերին պատասխան հարված է հասցնելու:
Հասմիկ Գյոզալյան