Առաջին փուլն ավարտված է,-ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ շարունակելով.
Հարգելի համաքաղաքացիներ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԻՐԱՒԱԶՐԿՈՒԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Նոյեմբերի 3-ին ես դիմեցի ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողով (ԿԸՅ) «նոր սահմանադրութեամբ» 2018 թ.-ի փետրուարից արտոնուող Սահմանադրական փոփոխութիւններ նախաձեռնելու պաշտօնաթուղթ տրամադրելու հարցով։ Այսօր պէտք է սկսել ստորագրահաւաքը, որպէսզի մինչեւ փետրուար կարելի լինէր հաւաքել 200 000 ստորագրութիւններ։ ԿԸՅ-ի նախագահ Տիգրան Մուկուչեանը մերժեց մեզ՝ գրաւոր նշելով, որ այդպիսի ԻՐԱՒՈՒՆՔ գոյութիւն չունի։
Ես որոշեցի անհատապէս բողոքի ցոյց կազմակերպել ձեզ բոլորիդ վերաբերող այդ ապօրինի, աւելին՝ յանցաւոր դրսեւորման դէմ եւ այն տպաւորիչ դարձնելու համար նոյեմբերի 19-ից բողոքի հացադուլ սկսեցի (այսօր 5-րդ օրն է)։ Նոյ. 20-ին ես եւս մէկ դիմում գրեցի ԿԸՅ նախագահին։ Նրա նոյ .21-ի պատասխանում նա այլեւս չէր խօսում այդ ԻՐԱՒՈՒՆՔԻ չգոյութեան մասին, բայց ասում էր, որ այդ ԻՐԱՒՈՒՆՔԸ կը գործի ՀՀ նախագահի պաշտոնաստանձնումից յետոյ ուժի մէջ մտնելիք ՕՐԷՆՔՈՎ։
Սա եւս ՀՀ Սահմանադրութեան եւ ՀՀ օրէնքներից վեր գործող միջազգային պայմանագրերի կոպիտ խախտում է։
Իմ նախաձեռնութեանն աջակցութիւն յայտնեցին ՀՀ Դեմոկրատական կուսակցութեան, Միաւորուած կոմունիստական կուսակցութեան, Ազգային Ինքնորոշում միաւորում կուսակցութեան եւ մի քանի հասարակական կազմակերպութիւնների պատասխանատուներ։ Ես իմ պարտքը համարեցի որոշակի բացատրական (բարեկամական) գործողութիւններ իրականացնել Տիգրան Մուկուչեանի հետ, սակայն անօգուտ։
Երեկ արդէն ես նախազգուշացրեցի նրան, որ իր վարքով՝ գրաւոր հաստատուած, նա հակադրւում է ոչ միայն ՀՀ Սահմանադրութեանը, այլ ՀՀ կնքած միջազգային պայմանագրերին եւ քանի որ այդ ամենի հետեւանքով տուժում են հարիւր հազարաւոր քաղաքացիներ, ես ստիպուած կը լինեմ դիմել ՀՀ ԳԼԽԱՒՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կոչով։ Երեկ ես ԿԸՅ պատասխանատուին տեղեկացրի, որ դրական արձագանքի եւ ողջախոհութեան դրսեւորման կը սպասեմ մինչեւ այսօր ժամը 12։00։ Դրական պատասխանի բացակայութեան դէպքում քիչ անց Գլխաւոր Դատախազին կը յանձնուի նշածս բովանդակութեան դիմումը։
Եւ առաջին, եւ երկրորդ դէպքում ես իմ բողոքի առաջին փուլն աւարտուած եմ համարում։ Կարծում եմ, որ կարողացայ մեր հանրութեանն յիշեցնել, որ բոլոր խնդիրների թւում առաջնայինն ու բախտորոշիչը սահմանադրութեան եւ սահմանադրականութեան հարցն է։ Շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր նրանց՝ թէ անհատներին, թէ կազմակերպութիւններին, որոնք իրենց աջակցութիւնն յայտնեցին ինձ Հայաստանում սահմանադրականութեան հաստատման պայքարի այս փուլում։
Այսօրուայ իշխանութիւնները իբրեւ թէ քաղաքացիական նախաձեռնութեան իրաւունք են աւելացրել «նոր սահմանադրութեան» մէջ, սակայն հանրաքուէի միջոցով օրէնքի ընդունման հարցում փակուղային վիճակ չթողնելով դաւադրաբար սահմանադրութեան հետ կապուած նրանք միտումնաւոր կերպով, վստահօրէն կարելի է ասել՝ դաւելով ՀՀ քաղաքացու դէմ, արհեստական փակուղային վիճակ են ստեղծել։ Հենց դրա համար պիտի յանցագործներ յայտարարուեն միտումնաւոր կերպով այդ բանը մեր ժողովրդի վզին փաթաթած «Սահմանադրական բարեփոխումները» նախապատրաստող յանձնաժողի դաւադիր անդամները՝ Գագիկ Յարութիւնեանի եւ Վարդան Պօղոսեանի գլխաւորութեամբ։ Եթէ օրէնքը փոխելու համար 150 000 սորագրութիւն հաւաքած քաղաքացիները խորհրդարանում խնդիրների են առնչւում, նրանք կարող են եւս 300 000 ստորագրութեամբ շրջանցելով խորհրդարանը օրէնքը տանել հանրաքուէի, սակայն սահմանադրական փոփոխութիւնների դէպքում խորհրդարանը կարող է ընթացք չտալ եւ քաղաքացուն ելք չի տրուած։
Մենք պէտք է մշտապէս յիշենք, որ Սահմանադրութիւնը՝ մեր հիմնական օրէնքը, մեր ազգի ծրագիր կանոնադրութիւնն է, մեր առանցքային խնդիրը եւ այն կարող լաւն համարուել միայն այն դէպքում, երբ ամրագրում է Հայկական պետութեան հիմք ու առանցք քաղաքացու գերակայութիւնը։
Այսօր Հայաստանը ներկայացնողները ստորագրելու են ԵՄ-ի հետ հարաբերութիւնների մակարդակը խորացնելու վերաբերեալ փաստաթուղթ։ Իմ համոզմամբ սեփական քաղաքացիների իրաւունքները ոչնչացնող գործակալներն ու քրեական տարրերը չեն կարող այդ ուղղութեամբ որեւէ քայլ անել։ Կամ միջազգային իրավիճակն է տրամադրում, կամ յանձնարարութիւն է, կամ էլ դրամ կորզելու նպատակով արուող քայլ։ Ամեն դէպքում օգտակար է Հայաստանի քաղաքացիների՝ մեր բոլորի համար։ Ես ասել էի, որ անհաւանական է, որ այս իշխանութիւնների օրոք կայանայ այդ համաձայնագիրը եւ խոստացել, որ իմ սխալուելու դէպքում ինքս ինձ կը պատժեմ վեցամսեայ ժամանակով զրկելով ինձ թղթակիցների հետ շփուելու երջանկութիւնից։ Այնպէս որ գուցէ սա իմ վերջին ասուլիսն է մինչեւ 2018 թ. ապրիլ։
Մեր ժամանակների կարեւորագոյն խնդիրը յանուն որի կարելի է եւ պէտք է միաւորուել դա մեր ազգային, հանրային, մարդկային ու քաղաքացիական իրաւունքների հիմքերի հիմք ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆՆ Է։


