▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԲ-ն ու ԵԽ-ն պատրաստ են աջակցություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին: 

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները հնարավորություն կտան երկկողմ փոխգործակցությամբ իրականացնել նոր ծրագրեր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին ու տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, որոնք ուղղված են կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և այլն: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է այս ուղղություններով ՀԲ-ի հետ համագործակցության ընդլայնմամբ:

 

 

 

Մերսի Տեմբոնը շեշտել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերի իրականացմանն ու մեր երկրի տնտեսության կարևոր ոլորտների զարգացմանը: ՀԲ տարածաշրջանային տնօրենը ողջունել է ՀՀ նոր կառավարության՝ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու ծրագրերն ու ավելացրել, որ ՀԲ-ն պատրաստ է ներգրավվել Հայաստանի հետագա զարգացման ռազմավարական տեսլականը մշակելու և ձևավորելու աշխատանքներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՀԲ փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 

Նշենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:


Կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստան-ԵԽ արդյունավետ համագործակցությունը և կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող բարեփոխումներին` ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով: Վարչապետը նշել է, որ Հայաստանը լինելու է ԵԽ ակտիվ անդամներից՝ բոլոր մակարդակներում մասնակցելով կազմակերպության աշխատանքներին:

 

 

 

 

 

 

 

 

 

Նատալյա Վուտովան ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստ է օժանդակություն ցուցաբերել մեր երկրում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին, ինչպես վարչապետի նշած ոլորտներում, այնպես էլ Հայաստանի կառավարման, դատաիրավական համակարգերի ուղղությամբ: ԵԽ գրասենյակի ղեկավարը ողջունել է կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին միտված քայլերը և համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացմանն ու այդ համատեքստում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին