A1plus.am-ը հաղորդում է, որ Հ1, Հ2, «Արմենիա», «Շանթ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն» հեռուստաընկերությունները ենթարկվել են մոնիթորինգի՝ պարզելու համար, թե տվյալ հեռուստաընկերությունների հաղորդումներում գովազդային հոլովակների ծավալները համապատասխանում են օրենքով սահմանված չափին։ Մոնիթորինգը ցույց է տվել, որ տարբեր չափորոշիչներով խախտումներ եղել են նշված բոլոր հեռուստաընկերություններում:
«Մոնիթորինգը սկսվել է օգոստոսի տասնհինգից, յոթ օր դիտարկել ենք այդ հեռուստաալիքների հաղորդումները, հիմնականում չորս չափորոշիչներով ենք նայել»,- ասաց «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ նշելով, որ «Գովազդի մասին» օրենքում այդ նորմերը հստակ սահմանված են:
Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի եթերում հաղորդումների ընդհանուր ծավալում դիտարկված ժամանակահատվածում գովազդի ծավալի 7 տոկոսը չգերազանցելու նորմի պահպանման մասին նա հավելեց. «Գովելի է ու զարմացնող է, որ նման խախտում չենք արձանագրել, այն դեպքում, երբ 2011-2012-ին այս նորմի խախտումներ բազմիցս գրանցվել են»:
Հաջորդ չափորոշիչը, որ եթերի 14 ժամերի ընթացքում գովազդի ծավալը չպետք է գերազանցի սահմանված նորմը, պահպանվել է միայն Հ1-ի և Հ2-ի եթերում: Իսկ «Արմենիան», «Երկիր Մեդիան», «Կենտրոնը», «Շանթը» գերազանցել են այդ նորմը. ««Կենտրոնում» դիտարկված 14 րոպեն գերազանցող գովազդների չափերը վայրկյաններ են կազմում: Բոլորս էլ հասկանում ենք, որ ջանացել են տեղավորվել 14 րոպեի մեջ: Բայց «Շանթի» դեպքում դաժան բաներ ունենք՝ 22 րոպե և այլն»:
Ըստ մոնիթորինգի արդյունքների՝ 20 րոպեից պակաս տեւողություն ունեցող հաղորդումներ, որոնք ընդմիջվում է գովազդով, մեկից ավելի անգամ եղել են բոլոր հեռուստաալիքներում:
Մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը ասաց նաեւ, որ դեռ նախորդ տարիներին իրենք առաջարկել են կատարել այս օրենսդրական փոփոխությունը, բայց դեռ արձագանք չեն ստացել. «Որևէ կոնկրետ արձագանք իշխանությունների և այն մարմինների կողմից, որոնք պետք է արձագանքեին, չկան»:
Մեսրոպ Հարությունյանն առանձնացրեց այն, որ կարևոր է վերականգնել օրենքի այն դրույթը, որով հանրությունն իրավունք ուներ հանրայինի եթերում նայել հաղորդումներ՝ առանց գովազդային ընդմիջման: Կամ այն դրույթը, համաձայն որի՝ արգելվում էին հաղորդումներն ավելի հաճախ, քան քսան րոպեն մեկ ընդհատել գովազդով:
Առավել մանրամասն սկզբանղբյուր կայքում: