▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ բանկերում ավանդները կսառեցվե՞ն


ՀՀ  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր հայտարարություն է արել, որում անդրադարձել է երկրի ֆինանսական շուկայում տեղի ունեցող իրադարձություններին: Մի կողմ թողնելով լողացող արժույթի, համաշխարհային բանկի, գործընկերների հետ համագործակցություն և այլ խելացի բառերը, անդրադառնանք ՀՀ Վարչապետի հայտարարության մեջ ներառված հետևյալ մտքին, որը ընդամենը բառախաղ է:
«Բոլոր ավանդատուները պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ն ունի գործուն ավանդների երաշխավորման համակարգ, որ թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը անում են եւ կանեն ամեն ինչ՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար»:
Նախ պետք է հասկանալ ի՞նչ է իրենից ներկայացնում Ավանդների երաշխավորման հիմնադրամը: Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը ոչ առեւտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ`  «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա:
Հիմնադրամի նպատակը ֆիզիկական անձանց ավանդների հատուցման երաշխավորումն է: Երաշխավորվում են Հայաստանում գործող բոլոր 21 բանկերում եղած ավանդները: Հատուցումն իրականացվում է բանկի անվճարունակության դեպքում:
Հատուցման ենթակա երաշխավորված դրամային ավանդների առավելագույն չափը 4 միլիոն ՀՀ դրամ է: Եթե գումարը ներդրված է միայն արտարժույթով, ապա երաշխավորվող ավանդի առավելագույն չափը կազմում է 2 միլիոն դրամ:
Հիմնադրամը երաշխավորում է ավանդները իր միջոցների հաշվին, որոնք գոյանում են բոլոր բանկերի կողմից յուրաքանչյուր եռամսյակ կատարվող պարբերական երաշխիքային վճարներից:
Հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Կենտրոնական Բանկը:
Ինչպես հայտնի է, երբ ՀՀ քաղաքացին ավանդ է ներդնում որևէ բանկում, ապա  ստորագրում է ավանդների երաշխավորության պայմանագիր, որով որ երաշխավորվում է նրա ավանդը բանկային կոլապսի կամ բանկի սննանկացման դեպքում: Առաջին հայացքից ընտիր մի փաստաթուղթ, որը վկայում է պետության հոգածության մասին, ցույց է տալիս նրա հոգատարությունը իր քաղաքացիների հանդեպ  և ժողովուրդը երախտագիտության արցունքները աչքներին պետք է շնորհակալ լինի և կլիներ, եթե առակ չլիներ մի մեծ բայց, որն երախտագիտության արցունքները վեր է ածում վշտի և հուսախաբության արցունքների:
Ուշադիր կարդալով ավանդների երաշխավորության պայմանագիրը` պարզվում է հետևյալը,որ  երաշխավորված ավանդներից վերադարձվում է 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամը, իսկ արտարժույթային ավանդի դեպքում 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ: Նշված գումարի չափից  ավել չի վերադարձվում, ավելին, ստորագրելով այդ պայմանագիրը, ավանդատուն հստակ գիտակցում է իր ռիսկը, այսինքն` եթե քաղաքացին ավանդ  է ներդրել  դիցուք 20 000 ԱՄՆ դոլար, ապա բանկի սննկացման դեպքում կստանաս ընդամենը 5 000-ը, և դա հիմք է, որպեսզի ավանդատուն այլևս իրավունք չունենա դիմել դատարան մնացած գումարի պահանջով, իսկ եթե դիմի էլ միանշանակ կպարտվի, քանի որ , ուշադրություն, արդեն իսկ ստորագրել է երաշխավորության պայմանագիրը: Այսինքն` ՀՀ վարչապետի մատնանշած ավանդների երաշխավորման հիմնադրամը և նրա հետ ստորագրված պայմանագիրը հարյուր տոկոսանոց իրավական հիմք է տալիս բանկին իրեն սնանկ հայտարարելու և ավանդները ուղղակի չվերադարձնելու: Այս զավեշտի մեջ ամենահետքրքիրը այն է, որ այն փաստաթուղթը, որը  հիմքն է ավանդատուներին «քցելու» համար, այժմ ՀՀ վարչապետի կողմից օգտագործվում է որպես նրանց հանգստացնելու միջոց:
Ի դեպ, նույն սցենարը տեղի ունեցավ Կիպրոսում և ամենայն հավանականությամբ տեղի կունենա նաև մեր հանրապետությունում, այսինքն` հավանական է, որ ՀՀ բնակչության ավանդները բանկերում ուղղակի կսառեցվեն մինչև իրավիճակի շտկումը և եթե համեմատական անցկացնենք ՍՍՀՄ «Հայխնայբանկի» ավանդների հատուցման հետ, ապա այսօրվա մեր ավանդատուները իրենց գումարները կստանան 85 տարին լրանալուց հետո, իհարկե որպես պարտադիր պայման պետք է ողջ մնան:

Տնտեսագետ`  Գոռ Մեհրաբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին