▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը հեծանիվ է նվիրելու 102-ամյա Անուշավան պապիկին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն: 230 տարեց կենսաթոշակառուի համար նախատեսված այս տուն-ինտերնատը ներկայում ունի 226 բնակիչ, ովքեր գտնվում են պետության լիակատար հոգածության և խնամքի ներքո:
Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է տուն-ինտերնատի բնակիչների համար ստեղծված պայմաններին և հնարավորություններին: «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Մելքոնյանը նշել է, որ բոլոր բնակիչներն ապահովվում են օրական 3 անգամյա սննդով, հագուստով և անկողնային պարագաներով, կա համապատասխան սոցիալական և բժշկական անձնակազմ, որն իրականացնում է տարեցների խնամքը, սոցիալ-կենցաղային, բժշկական և հոգեբանական ծառայությունների տրամադրումը: Նա տեղեկացրել է, որ վերջերս տուն-ինտերնատում կատարվել են նորամուծություններ. արդեն գործում է դեղատուն, որտեղ տարեցներն ստանում են իրենց հասանելիք դեղորայքը, ինչպես նաև ստեղծվել է նորաբաց «Skype»-ի սենյակ, որի շնորհիվ նրանք հնարավորություն ունեն շփվել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գտնվող ընտանիքի անդամների, բարեկամների և ընկերների հետ: Արթուր Մելքոնյանը նաև նշել է, որ հաստատությունում պարբերաբար կազմակերպվում են ժամանցի համար նախատեսված միջոցառումներ, յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են կինոդիտումներ, շարունակականորեն բարելավվում են կյանքի և կենցաղի համար նախատեսված պայմանները: 
Տարեցներին հյուր էին եկել նաև Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի սաները, ովքեր միջոցառում էին պատրաստել տուն-ինտերնատի բնակիչների համար և նվերներ բերել նրանց: Հովիկ Աբրահամյանը դիտել է ներկայացված երաժշտական համարները և շնորհակալություն հայտնել երեխաներին մեծերի հանդեպ ցուցաբերած ուշադրության և հոգածության համար: Այնուհետև կառավարության ղեկավարը ճաշել է տարեցների հետ, զրույցի ընթացքում ծանոթացել նրանց առօրյային ու խնդիրներին:

Երբ վարչապետը տուն-ինտերնատի ամենատարեց բնակչից՝ 102-ամյա Անուշավան Եղիազարյանից, հետաքրքրվել է, թե նա ինչի կարիք ունի, վերջինս Հովիկ Աբրահամյանին է ցույց տվել իր լուսանկարը, որում ինքը 76 տարեկանում հեծանիվ է վարում և նշել, որ հաճույքով նորից հեծանիվ կվարեր: Կառավարության ղեկավարն էլ խոստացել է Անուշավան Եղիազարյանին հեծանիվ նվիրել: 

Վարչապետն առողջություն և բարեկեցություն է մաղթել տուն-ինտերնատի բնակիչներին՝ վստահեցնելով, որ կառավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում տարեցների խնամքի ու հոգածության հարցերը, նրանց խնդիրները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին