«Քաղաքացիական տոնածառի» իմ նախաձեռնությունը, կարելի է ասել, տապալվեց: Չգիտեմ՝ հանրային արձագանքի պակասից, թե այն կասեցնելու հետևողականությունից: Անձամբ ես Պատմության թանգարանի պատերին երկու «ցանկություն» էի տեղադրել, մեկը՝ «անցնող, չքացող» ցանկությամբ, մյուսը՝ ցանկալի: Դրանք պոկված են: Չեմ բացառում, որ ուրիշներն էլ են ցանկություն կախել, բայց փաստն այն է, որ դրանք հիմա չկան: Բոլոր դեպքերում ես այսօր այս էջում տեղադրում եմ իմ «ցանկություն-մաղթանքները».
-Անցնող՝ 2013թ. ծանր, հոգեմաշ տարին ետևում է: Հույս ունեմ, որ այն իր հետ տանում է Հայաստանի հասարակությունը նվաստացնող յոթ երևույթ՝ հուսախաբությունը, ընկճվածությունը, դժբախտության սպասումը, Հայաստանում անսահման ծաղկող անարդարությունը, սուտը, կեղծիքը, լկտիությունը:
Եվ թող այդպես լինի:
-Սկսվող՝ 2014թ. մտնում է Հայաստան: Մաղթում եմ, որ այն Հայաստանին բերի Հայաստանի հասարակության համար յոթ կարևոր անհրաժեշտություններ՝ սեր, հավատ՝ սեփական ուժերի նկատմամբ, անհանդուրժողականություն՝ չարիքի նկատմամբ, վստահություն իր կարողությունների հանդեպ, կամք, նախաձեռնողականություն, միասնություն:
Թող այդպես լինի: