Ի պատասխան գլխավոր դատախազի. ռուսական կողմը խախտել է պայմանագիրը
Այսօր Գյումրիում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ քանի որ ՌԴ զինվորական Վալերի Պերմյակովին մեղսագրվող հանցանքներից առաջինը եղել է զորամասը զենքով լքելը, ուստի հարցը ՌԴ իրավազորության ներքո է:
Պարոն Կոստանյանը նաև ընդունեց այն փաստը, որ խնդիրը բարձրացվել է այն բանից հետո, երբ Պերմյակովը հայտնվեց ՌԴ ռազմաբազայում:
Այդ կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը`
- Հանձնման և ՌԴ սահմանադրության հետ կապված խնդիրները ի հայտ եկան միայն այն ժամանակ, երբ Պերմյակովը ռուս սահմանապահների կողմից հանձնվեց ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարին: Ռուս Սահմանապահները, սահմանը հատելու փորձ կատարողին որևէ իրավունք չունեին հանձնելու որևէ մեկին` բացի ՀՀ իրավապահ մարմիններից:
ՌԴ սահմանապահները խախտել են «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածը, ինչը և հանգեցրել է հանձնման հետ կապված բոլոր խնդիրներին:
- 1999 թվականին, երբ ՌԴ զինվորականներ Դանիս Պոպովն ու Ալեքսանդր Կամենևը նույն Գյումրիյում զենքով լքեցին զորամասն ու կրակ բացեցին պատահական անցորդների վրա, արդյունքում մահացավ 2 հոգի, 10-ը վիրավորվեցին:
Պոպովին և Կամենևին ձերբակալեցին հայ իրավապահները (ոչ առանց քաղաքացիների օգնության) և այդ անձինք դատվեցին Հայաստանի Հանրապետություն` Շիրակի մարզի դատարանում (նախագահությամբ դատավոր Էդվարդ Մանուկյանի):
- Իրավական տեսանկյունից բացարձակ կարևոր չէ, թե ո՞ր աշխարհագրական տարածքում է տեղի ունենալու հանցագործության մեղավորի դատը: Կարևոր է, թե ո՞ր երկրի դատարանն է այն քննելու:
Այս դեպքում, համաձայն Գևորգ Կոստանյանի, ըստ ամենայնի, Պերմյակովի գործը քննվելու է Գյումրիում ՌԴ կայազորային դատարանը, իսկ գործը վարելու է ՌԴ քննչական կոմիտեի կայազորային 517-րդ քննչական մարմինը:
Վերոնշյալը իրավական հիմք է տալիս պնդելու, որ հարկավոր է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները հետաքննություն սկսեն այն փաստի շուրջ, թե ինչու են ռուս սահմանապահները հանցագործին հանձնել ռազմաբազայի հրամանատարին: Ինչպես նաև, հարկավոր է քրեական հետապնդման ենթարկել այն սահմանապահներին, ովքեր օգնել են Պերմյակովին խուսափել հայ իրավապահներից:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»