▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ մահվան դեպքում երբեք չեմ մերժի, որ օրգաններս հանձնեն որևէ մեկին

Իմ մահվան դեպքում երբեք չեմ մերժի, որ օրգաններս հանձնեն որևէ մեկին. Արսեն Թորոսյան

«Միայն օրենքներ ընդունելը բավարար չէ արդյունքներ ստանալու համար, անհրաժեշտ է նաև իրական, շոշափելի աշխատանք կատարելը»,- ԱԺ-ում, «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ կարևորելով երիկամի, լյարդի և այլ կենսական նշանակության օրգանների փոխպատվաստումը․ «Հայաստանում ունենք տարեկան հեմոդիալեզ ստացող մոտ 1000 պացիենտ և ըստ տարբեր գնահատականների, նրանցից մոտ 700-ին անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում։ Կարծում եմ՝ հավելյալ ջանքեր պետք է գործադրենք ի վերջո էդ առաջին դեպքն ունենալու և առաջ գնալու համար։ Պարոն Գասպարյանը նշում է, որ գործելակարգերով ամեն ինչ կա, իհարկե կա, օրենքն էլ 2002 թվականից կա, 22 տարի առաջ է ընդունվել, բայց էդքան հեշտ լիներ, կունենայինք գեթ մեկ նման դեպք։ Սկսած հանրային գիտակցության փոփոխությունից, որ ի վերջո այո մահը վատ բան է, հատկապես դժբախտ պատահարներից, բայց էդ մահը կարող է լինել նոր կյանքի սկիզբ, մենք այդ հանրային կոմունիկացիան էլ պետք է տանենք։ Իմ մահվան դեպքում երբեք չեմ հրաժարվի իմ օրագանները հանձնել որևէ մեկին, եթե դրանք առողջ լինեն»,- ասել է Թորոսյանը:

***

ԱԺ հերթական նիստում Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը ներկայացրել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը․ «Առանցքային փոփոխություններից է օրենքում օգտագործվող հասկացություններում ուղեղի մահից բացի նաև կենսաբանական մահի հասկացության օրենսդրական ամրագրումը։ Ներկա բժշկագիտությունը հնարավորություն է տալիս երիկամի, լյարդի և եղջերաթաղանթի փոխպատվաստման նպատակով դոնորություն իրականացնել կենդանի կամ հաստատված ուղեղային մահվան փուլում գտնվող անձից՝ հիվանդանոցային պայմաններում։ Միևնույն ժամանակ առավել ընդունելի և կիրառելի է մահացած մարդու մարմնից եղջերաթաղանթի դոնորությունը, որն իրականացվում է դիահերձարանային պայմաններում»։
Առաջարկվող կարգավորման համաձայն, բացի օրենքով սահմանված կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկից, առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին տրվում է լիազորություն՝ սահմանելու մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը արձանագրելուց հետո փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկը։
Նախագծով վերանայվել են նաև փոխպատվաստման նպատակով համաձայնություն տված կենդանի դոնորի իրավունքները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին