Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի 2-րդ մասը.

Մեկ ուրիշ դիտարկում՝ երբեմն կամ հաճախ այնպիսի տպավորություն եմ ունենում, որ կա երկու Հայաստան: Մեկն այն Հայաստանն է, որի մասին քիչ առաջ խոսում էինք, որն ունի իր տնտեսական խնդիրները, զանազան ճգնաժամեր, ունի մարդիկ, որոնք գտնվում են աղքատության եզրին, և ունի հսկայական խնդիրներ, որ պետք է լուծի, որի համար հսկայական աշխատանք պետք է արվի: Մյուս կողմից, տեսնում ես այսպես կոչված՝ վիրտուալ, ֆեյսբուքյան Հայաստանը, որն, իհարկե, բուն Հայաստանի հետ ինչ-որ կապ ունի, բայց իրական Հայաստան չէ և «Հայաստան» հեռուստատեսային սերիալի տպավորություն է թողնում: Ամեն օր, անկախ նրանից դու հաջողակ մարդ ես, թե աղքատության եզրին ես, եթե հեռախոս ունես, նայում ես այդ սերիալը, որտեղ ամենաշատը զանազան բամբասանքներ են, լուրեր, որոնք շատ հաճախ իրականության հետ կապ չունեն... Այստեղ որևէ բարոյական, օրինական սահմաններ չկան՝ ոչ բառերի օգտագործման, ոչ բարոյականության, այսպես ասած՝ քաղաքական կամ տնտեսական սահմաններ, որևէ կարմիր գիծ չկա: Հաճախ շատերն իրենց պատկերացումներն իրենց սեփական երկրի մասին կամ թե ինչ է տեղի ունենում երկրում, ստանում են այս երկրորդ՝ ոչ իրական Հայաստանից: Մեզնից յուրաքանչյուրը, կարծում եմ՝ նաև Դուք, հաճախ նաև նմանատիպ հարձակումների թիրախ է դառնում: Սրանք բոլորը մարդկանց շեղելու նպատակ ունեն, շեղում են իրական իրավիճակներից, մեր իրական խնդիրներից: Իմ մասին կարդացել եմ շատ հետաքրքիր որոշ գրառումներ, որ ես աշխարհի նավթի տերն եմ, Բաքվի նավթի տերն եմ, Բրիտանիայից եմ ուղարկված, այլմոլորակային եմ: Մարդկանց այս զանգվածը զբաղված է անընդհատ նմանատիպ դավադրություններով, երբ մենք այսօր ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:
Մեր բոլոր հաղթանակների ու պարտությունների աղբյուրը և միակ մեղավորը մենք ենք, պետք չէ ուրիշ տեղ փնտրել: Ուրիշների մեջ փնտրելով՝ մենք միայն խուսափում ենք պատասխանատվությունից: Սա ինչ-որ իմաստով նաև ծուլության նշան է: Խուսափում ենք վեր կենալ մեր նստած տեղից կամ ծնկաչոք վիճակից, ամեն օր ծանր աշխատանքով այս երկիրը նորից երկիր սարքել: Չգիտես ինչու մենք մեր երկրում անընդհատ փրկիչ ենք փնտրում, այսինքն՝ քաղաքականությունը, տնտեսությունը, անձնավորվում է, միշտ կամ հաճախ կապվում է անձի հետ, ոչ թե՝ գաղափարի, ոչ թե՝ կուսակցության, ոչ թե՝ համակարգի հետ, այլ կապվում է անհատի հետ, և պարբերաբար ունենում ենք փրկիչներ: Իհարկե, եթե փրկիչը մեզ չի փրկում, ապա ինքը քավության նոխազն է, հետո պետք է փնտրենք հաջորդ փրկչին: Փրկիչ փնտրելու փոխարեն պետք է միասին ձեռք ձեռքի տված աշխատենք և իմանանք, թե ուր ենք գնում: Փրկիչ փնտրելը դառնում է արդեն մշակույթ, որը շատ վտանգավոր է:


