▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ողջ կյանքն ու անցած ճանապարհն է դրոշմված կնճիռներիս մեջ. Վիվիեն Վեսթվուդ

Կարեն Գրիգորյանի հարցազրույցը Վիվիեն Վեսթվուդի հետ, ում  մասին խոսելիս ակամա վերհիշում ես այս տաղանդավոր կնոջ բոլոր տիտղոսները` «fashion  աշխարհի ամենահայտնի սկանդալիստը», «նորաձևության ավազակը», «Միացյալ Թագավորության ոչ պաշտոնական թագուհին» և այլն:  Ընդամենը  մի փաստ. 1992 թ.  տեղի ունեցավ Վեսթվուդի և Միացյալ Թագավորության ու Հյուսիսային Իռլանդիայի թագուհի` Ելիզավետա II-ի պատմական հանդիպումը, որի ժամանակ թագուհին հատուկ շքանշան հանձնեց Վիվիենին` նորաձևության ասպարեզում ունեցած անգնահատելի ավանդի համար: Թագուհու ձեռքից մրցանակը ստանալուց անմիջապես հետո Վիվիենը բարձրաձայն հայտարարեց, որ այսօր նա առանց ներքնազգեստի է:

 

Կ.Գ - Ի՞նչպես Ձեզ հաջողվեց հասնել նման բարձունքների` չունենալով բարձրագույն կրթություն նորաձևության բնագավառում:

Վ.Վ - Այո, դու իրավացի ես: Իրոք, ես չունեմ մասնագիտական կրթություն: Իմ կարծիքով` տաղանդը, գունազգացողությունը, ճաշակը, այն բաններն են, որոնք  մարդուն տրվում  են ի վերուստ: Ոչ մի հեղինակավոր դիզայներական  դպրոց այդ  ամենը քո մեջ  չի «ներարկի»  դասախոսության տեսքով: Մասնագիտական կրթությունը  կարող է միայն հղկել և զարգացնել այդ բնատուր շնորհները: Այդքանը միայն:  Համաձա՞յն չես ինձ հետ:

Կ.Գ - Մասամբ, թույլ տվեք նշեմ, որ կրթությունը երբեք ավելորդ չէ:

Վ.Վ - Ես այսօր Վենետիկի և Բեռլինի  ակադեմիաների  կիրառական արվեստների  պատվավոր անդամ եմ: Կարծում եմ,  որ սա բավական  է, որ համարեմ ինձ շատ  ավելի կրթված, քան այն դիզայներները, ովքեր տարիներ շարունակ կրթություն են ստանում տարբեր հաստատություններում, բայց ավաղ, ոչ մի հաջողության չեն հասնում:

Կ.Գ - Նման հաջող կարիերան ենթադրում է մարդկային  նախանձ և թշնամիներ: Այսպիսիք եղե՞լ են Ձեր կյանքում, և եթե այո,  ապա ի՞նչպես եք պայքարում:

Վ.Վ - Կարեն, կարո՞ղ եմ քեզ bebe անվանել:

Կ.Գ - Ինչու ոչ (ծիծաղում է):

Վ.Վ  - Իմ bebe, լսիր ու ականջիդ օղ արա: Նման դեպքերում գոյություն ունի ընդամենը երկու տարբերակ, այլընտրանք չկա: Կամ դու պետք է արհամարհես այդպիսի մարդկանց, կամ վերացնես նրանց: Ես նախընտրում եմ երկրորդ տարբերակը:

Կ.Գ -  Ի՞նչ եք կարծում, դիմահարդարումն անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ցանկալի երևույթ:

Վ.Վ - Իմ խորին համոզմամբ` առանց շպարի կինը նման է մերկ կնոջ, նա գայթակղիչ է, բայց ոչ «հարմարավետ»: ...Մարդիկ միշտ սիրում են տեսնել աստղերին ոչ ստանդարտ իրավիճակներում` առանց  շպարի, լողափին… Այդպես աստղերն «արժեզրկվում են» հավասարվում հասարակ մահկանացուների, և սովորական մարդուն դա շատ հաճելի է:

Կ.Գ - Կգա՞ այնպիսի մի օր, երբ Հայաստանի մայրաքաղաքի տեսարժան վայրերի ցանկը համալրվի ձեր խանութ-սրահով:

Վ.Վ - Անկեղծ լինեմ, երբևէ չեմ հետաքրքրվել Հայաստանով: Բայց դեռ ուշ չէ: (ծիծաղում է Կ. Գ)

Կ.Գ  - Դուք այսօր, ինչպես և միշտ, շատ հմայիչ եք: Երբևէ դիմե՞լ եք պլաստիկ վիրաբույժների ծառայություններին:

Վ.Վ  - Երբեք…բացառված է:  Ինձ համար դա անընդունելի տարբերակ է: Իմ ողջ կյանքն ու անցած ճանապարհն է դրոշմված դեմքիս, կնճիռներիս մեջ:  Ջնջել, սրբագրել դրանք, նշանակում է դառնալ անդեմ: Ամեն դեպքում, շնորհակալ եմ գեղեցկությունս գնահատելու համար:  Համարիր, որ այսօր հատուկ հենց քեզ համար եմ շպարվել, իմ փոքրիկ հայ բարեկամ:

Կ.Գ  - Ի՞նչ կարող ենք Ձեզնից սպասել մոտ ապագայում:

Վ.Վ - Շատ բաներ, բայց նախընտրում եմ չխոսել այդ մասին: Թերթերից հետո կիմանաս:  Պարզապես հիշիր, այն  ինչ ես անում եմ,  անում եմ միայն հանուն սիրո:

Կ.Գ - Խոսենք քաղաքականությունից:

Վ.Վ - Օ… ոչ,  մեկ ուրիշ անգամ թող մնա…

Կ.Գ - Ձեզ համարո՞ւմ եք ընտանիքի մարդ:

Վ.Վ - Ես ունեմ երեք երեխա, երկուսին ես եմ աշխարհ բերել, երրորդն` ամուսնուս զավակն է: Կարծում եմ` այո, ես սիրում եմ իմ ընտանիքը:

Կ.Գ - Եվ վերջում, ի՞նչ կմաղթեիք ընթերցողներին:

Վ.Վ - Հաջողություն, սեր, սեր, սեր ,սեր, նորից սեր և համարձակություն: Մի վախեցեք խելահեղ քայլերից, դարձրեք ձեր կյանքը տոն և ապրեք  խաղաղությամբ:

 

Հարցազրույցը` Կարեն Գրիգորյանի

IQ ամսագիր 

Ստորև կարող եք դիտել Վիվիեն Վեսթվուդի` 2014 Գարուն-Ամառ հավաքածուի մասին պատմող տեսանյութը, ինչպես նաև կարդացեք հեղինակի հարցազրույցները երգչուհի Ադելի, երգիչ Դարեն Հեյսի, նկարիչ Էռնեստո Ռոմանոյի հետ:

Ես երգիչ եմ ոչ թե աչքերի, այլ ականջների համար. Ադել

Ինձ շատ հաճելի կլինի հանդիպել իմ հայ երկրպագուների հետ. Դարեն Հեյս

Մեծ հաճույքով կցանկանամ ցուցահանդես ունենալ Հայաստանում. Էռնեստո Ռոմանո

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին