«Այս իշխանությունների խնդիրը կայանում է ոչ թե նրանում, որ իրենք այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հանդեպ «պրո» են, այլ նրանց կարևորագույն դավաճանությունը կայանում է նրանում, որ նրանք անտիհայկական են»,- նման տեսակետով է այսօր լրագրողների հետ զրույցում հանդես եկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Խոսելով ներկայիս իշխանությունների կողմից ՀՀ Սահմանադրությունը փոխելու նախաձեռնության մասին՝ ընդդիմադիր պատգամավորը նման հայտարարություն արեց․
«Իմ տեղեկություններով, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ տանի սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ապա բացի այն ամենից, ինչը հիմա քննարկվում է քաղաքական դաշտում, նաև սահմանադրության մեջ ներառվելու է, այսպես կոչված, արտաբլոկային փիլիսոփայություն։ Այսինքն, սահմանադրական մակարդակում ՀՀ-ին արգելվելու է անդամակցել որևէ ռազմաքաղաքական դաշինքների, այլ կերպ ասած՝ կորսվելու են ու ջարդվելու գործող անվտանգային երաշխիքները»,- ասաց Մամիջանյանը՝ նշելով նաև՝ եթե իր տեղեկությունները ճիշտ չեն, իշխանությունները կարող են հերքել։