Այսօր կկայանա հանրահավաք ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, որի հիմնական կազմակերպիչն է «Դեմ ենք կուտակային պարտադիր բաղադրիչի կիրառմանը» նախաձեռնող խումբը: Խորհրդարանկան չորս ուժերը` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, պատրաստկամություն են հայտնել մասնակցել այդ հանրահավաքին:
Այս առիթով մամուլում և սոցիալական ցանցերում հնչում են տարբեր կարծիքներ այս ակցիայի, թե´ բուն բովանդակության, թե´ տեսակի , թե´ հնարավոր հաջողությունների և ձախողումների վերաբերյալ: Ոմանք կարծում են, որ սա սովորական քաղաքացիական ակցիա է, ոմանք, որ սա քաղաքացիական ակցիա է, որը փորձում են քաղաքականացնել վերոնշյալ խորհրդարանական չորս ուժերը և փորձել քաղաքական դիվիդենտներ շահել ստեղծված իրավիճակից, ոմանք հույս ունեն, որ այն վերջապես կմիավորի մեր ամբողջ հասարակությանը, իսկ ոմանք հոռետեսորեն են նայում այդ հեռանկարին, և վերջապես կա նաև մոտեցում որ այս ակցիայի ետևում կանգնած է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Եկեք փորձենք հասկանալ, թե ի վերջո ում է «պատկանում» այս քաղաքացիական ակցիան, և ինչ ակնկալիքներ ունենալ այսօր կամ առնվազն մոտ ապագայում: Հունվարի 10-ին խորհրդարանական 4 խմբակցություններ անցկացրեցին համատեղ խորհրդակցություն, որին ըստ Ռուբեն Հակոբյանի մասնակցել են նաև «Դեմ ենք կուտակային պարտադիր բաղադրիչի կիրառմանը» նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ և որոշում է կայացվել հունվարի 18-ին անցկացնել հանրահավաք և պահանջել Սահմանադրական դատարանից կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի կիրառումը մինչև ՍԴ-ի կողմից այդ օրենքի վերաբերյալ որոշման ընդունումը:
Այսպիսով` մի կողմից խորհրդարանական այս ուժերը պնդում են, որ այս նախաձեռնությունը և ացիան որպես այդպիսին լիովին պատկանում է քաղաքացիական նախաձեռնություններին, բայց մյուս կողմից այն հարցին, թե արդյոք նրանք դիմելու են իրենց համակիրներին` ընտրազանգվածին, որպեսզի նրանք միանան այդ հանրահավաքին, հնչում են տարատեսակ պատասխաններ:
ՀՅԴ-ն և Ժառանգություն բացահայտ ասում են, որ նրանք կազմակերպչական աշխատանք կտանեն իրենց համակիրների՝ հանրահավաքի մասնակցության վերաբերյալ, իսկ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն մի քիչ ավելի խուսափոխական պատասխաններ են տալիս այս հարցի շուրջ, չհաշված ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի ոչ պաշտոնական և կտրուկ «Ոչ, մենք չենք դիմելու» պատասխանը:
Ինչևէ, հանրահավաքին ուղղված այսպես կոչված տեխնիկական հարցերն ավարտելուց հետո հասարակության տարբեր շերտեր սկսեցին վերաբերմունք արտահայտել հունվարի 18-ին կայանալիք այդ հանրահավաքին: Մի շարք քաղաքական գործիչներ հույս ունեն, որ մեր հասարակությունն ի վերջո կմիավորվի և հունվարի 18-ից հետո իրավիճակի փոփոխություն կլինի: Օրինակ` Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ կլինեն տեղաշարժեր, քանի որ երկրում կուտակվել է բավական մեծ սոցիալական դժգոհություն և այդ դժգոհությունը չեզոքացնելու նպատակով
Նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ստիպված լինի փոփոխությունների գնալ, մինչդեռ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը թերահավատորեն է մոտենում քաղաքական ուժերի և դրա արդյունքում հասարակության միավորման հավանականությանը` մեջ բերելով Ժառանգությունից Դավիթ Սանասարյանին, ով արդեն իսկ հայտարարել է, որ ինքը չի մասնակցի մի բանի, որտեղ ԲՀԿ-ն կա, բայց այնուամենայնիվ, քախտեխնոլոգի կարծիքով ամեն ինչ կախված է հանրահավաքին մասնակցող մարդկանց քանակից:
Այս քննարկումներին զուգահեռ ակտիվություն են ցուցաբերում նաև հայ մշակութային, հեռուստատեսության և շոուբիզնեսի ոլորտի որոշ ներկայացուցիչներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում այս նախաձեռնությանը: Զուգահեռ այս խառը և տարաբնույք մոտեցումների հիմնական բանախոսների աջակցությունը չվայելող մի փոքր զանգված, խոսում է այն մասին, որ այս ամենը կարող է և կազկապերպված լինել Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Այս վարկածը ճիշտ է մի քիչ անտեսված է, բայց կարծում եմ, որ շատ թերագնահատել չարժե: Վերջին շրջանում Քոչարյանի ակտիվությունն՝ իրար հաջորդող հարցազրույցները, հենց այն հարցերի շուրջ են, որոնք ամենաշատն են մտահոգում մեր հասարակությանը: Այսօր ստեղծված է այնպիսի ներքաղաքական իրավիճակ, որ չի բացառվում այս 4 ուժերի կոնսոլիդացիա ընդդեմ մեկ գաղափարի՝ իշխանափոխության, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն լինելով այս կուսակցություններից ամենահզորը և Քոչարյանի հիմնական քաղաքական հենարանը նրա՝ մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո (համենայնդեպս այս համոզմունքին համակարծիք են փորձագետների մեծ մասը), բնավ չի կարելի բացառել նման սցենարի հավանականությունը:
Հանրահավաքին մնացել է ընդամենը մեկ ժամ և դրանից հետո կա´մ անմիջապես, կա´մ էլ առաջիկա օրերի ընթացքում կամաց-կամաց կստանանք մեզ հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ: Օրինակ կփորձեն արդյոք կուսակցությունները մանիպուլացնել, կամ եթե ավելի մեղ արտահայտվենք, օգտվել ստեղծված իրավիճակից և առաջ տանել նեղ-կուսակցական շահերը, արդյոք սա զուտ քաղաքացիական ակցիա է, որը պետք է համախմբի մեր հասարակությունը այնպիսի կարևորագույն սոցիալական հարցի շուրջ, որպիսին որ սա է, և, ի վերջո, կա այս ամենի շուրջ լուրջ հաշվարկված քաղաքական ենթատեքստ թե ոչ:
Վերջին հնարավո տարբերակն էլ այն կլինի, որ ականատեսը կլինենք մի իրավիճակի որն չափազանց բնորոշ է մեզ` հանրահավաքից հետո հուսալքված, հիասթափված մարդիկ, ովքեր վերադառնում են իրենց տներն առանց արդարության ներկայության զգացումի և վաղվա օրվա հանդեպ հավատի: