▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչեր են գնել Բակո Սահակյանը և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները Ստեփանակերտում

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում արդեն 2-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս անգամ իր մասնակիցներին հյուրընկալել էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Փառատոնի պաշտոնական բացման արարողոթյունը մեկնարկել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքով, որը ներկայացրել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

««Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016», որը «Երևանյան ամառ» ծրագրի հաջողված փառատոներից մեկն է, Ստեփանակերտում անցկացվելով, ևս մեկ անգամ փաստում է, որ մեզ համար ոչ պակաս կարևոր է նաև մշակութային բաղադրիչով համագործակցության ամրապնդումը: Հաջող ընթացք մաղթելով փառատոնին՝ նաև վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակելու է երկուստեք կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը»,- նշված էր ուղերձում:

Առանձնակի կարևորելով «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը Արցախի մայրաքաղաքում անցկացնելու որոշումը, որը ձեռք է բերվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած պաշտոնական վերջին այցի շրջանակներում՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է, որ այդ տեսանկյունից փառատոնը գործընկեր երկու քաղաքների մշակութային և զբոսաշրջային ծրագրերի խթանմանն ուղղված առաջին խոշոր քայլն է:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ այս տարի «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը հյուրընկալվել է մշակութային հարուստ ժառանգություն ունեցող Արցախում: Այս միջոցառումը կլինի մշակութային փոխգործակցության առաջին ծիծեռնակը, որին, վստահաբար, կհաջորդեն համատեղ կազմակերպվող նորանոր և բազմաբնույթ այլ միջոցառումներ», - նշել է Մարիա Բարաղամյանը:

Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանն էլ, ընդգծելով Երևան-Ստեփանակերտ ակտիվ համագործակցությունը, նշել է, որ նմանօրինակ փառատոնի անցկացումը կարևոր է ինչպես գործընկերային կապերը խորացնելու, այնպես էլ զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից:

«Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության շրջանակում իրականացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը, վստահ ենք, ոչ միայն տոնական տրամադրություն կպարգևի բոլոր մասնակիցներին, այլև նոր շունչ կհաղորդի երկու մայրաքաղաքների միջև մշակութային կապի ամրապնդմանը, կնպաստի Արցախի ճանաչելիությանն ու զբոսաշրջային գրավչությանը», - ընդգծել է Սուրեն Թամրազյանը:

Նշենք, որ Վերածննդի հրապարակում տեղակայված երևանյան և արցախյան տաղավարներում ներկայացվել են ավանդական տարազներ, տարազային տարրեր պարունակող ժամանակակից հագուստ և այլ պարագաներ:

Երևանյան 15 տաղավարներում, փառատոնի խորհրդին համահունչ, ներկայացված էին Երևանի պատմության թանգարանի, Մեգերյան կարպետ-թանգարանի ցուցանմուշները, Անահիտ Սիմոնյան նորաձևության տան, ինչպես նաև մի շարք անհատ ստեղծագործողների աշխատանքները: Առանձին տաղավարներով հանդես են եկել նաև Շուշիի գորգի գործարանը, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջը և այլ անհատ վարպետներ:

Միջոցառմանը ներկա են գտնվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ՊՆ նախարար Լևոն Մնացականյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և այլք,ովքեր շրջել են տաղավարներով իբրև հասարակ գնորդներ: 

Փառատոնի մշակութային հատվածը մեկնարկել է Երևանից ժամանած «Միլեն շոու բալետի» խորհրդանշական պարային ելույթ-ողջույնով, միջոցառմանը մասնակցելու են «Մարաթուկ» երգի և պարի համույթը , «Մենք ենք, մեր սարերը» համույթը:

Ուշ երեկոյան ներկայացվել են դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի ու Վահան Խաչատրյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուների անհատական ցուցադրությունները, որոնք ուղեկցվել են «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական համույթի կենդանի կատարումներով:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Ստեփանակերտ, Արցախ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին