▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ պիտի ՀՀ ու Ադրբեջանի մեջ կնքվի խաղաղության պայմանագիր առհասարակ, եթե ՀՀ-ն երբեք չի պատերազմել Ադրբեջանի հետ»

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«ՋԱՀԵԼ ԵՄ
չեմ հասկանում, երևի։ Ժողովուրդ ջան, ինձ ուղղեք, ուղղորդեք, խնդրում եմ, եթե սխալ եմ․
1․ Հայաստանը Ադրբեջանի հետ երբևէ չի եղել պատերազմի մեջ,
2․ ՀՀ ԶՈւ-ները չեն մասնակցել Արցախա-Ադրբեջանական պատերազմին, քանի որ Արցախն ունի սեփական բանակ,
3․ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ չկա,
4․ Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն և ՀՀ իշխանությունը չունի իրավասություն բանակցելու Արցախի փոխարեն
Էդ դեպքում ինչո՞ւ պիտի ՀՀ ու Ադրբեջանի մեջ կնքվի ինչ-որ խաղաղության պայմանագիր առհասարակ, եթե ՀՀ-ն երբեք չի պատերազմել Ադրբեջանի հետ։ Էդ պայմանագիրը պիտի ախր Արցախի ու Ադրբեջանի միջև կնքվի։ Բայց ի՞նչ պայմանագիր էդ դեպքում, եթե պատերազմում պարտվել ենք։ Ո՞նց ենք պարտվել, եթե հրադադար է կնքվել, ոչ թե կապիտուլյացիա։
Ինչպե՞ս կարելի է առհասարակ քննարկել հարցը, թե ՀՀ-ն երբևէ զինուժ է ունեցել Արցախում, եթե Արցախը ունի սեփական զինված ուժեր։ Ինչու՞ միջազգային հանրությունը ուղիղ չի բանակցում Ստեփանակերտի հետ՝ լուծելու Արցախա-Ադրբեջանական հակամարտությունը։ Ի՞նչ անելիք ունի Հայաստանը, եթե ոչ զուտ միջնորդի կարգավիճակ ունենալը։
Հիմա էսպես կարդում եք ու ասում, էս տղեն էս ինչե՞ր է գրել, էս ինչե՞ր ասում։ Մեկը կասի․
- Ո՞նց, Արցախը Հայաստան է և վերջ, ինչպես անելիք չունի։ Ամեն ինչն էլ մեր անելիքն է։
Մյուսը կասի․
- Հօ՜ դու հիվանդ չես, արա, Արցախը անկախ հանրապետությունա, ի՞նչ Հայաստանի մաս։ Ի՞նչ անելիք։ Իրենց գործն է։
Երրորդը կասի․
- Արցախի ինքնորոշմանը ալընտրանք չկա։
- Բայց ի՞նչ ինքնորոշում, ախր Արցախն արդեն անկախա։
- Տօ՜ սուս մնացեք է, Արցախը Հայաստանի մարզա։
- Բա որ Հայաստանի մարզա, ինչի՞ նախագահ ու գյուղնախարար ունի, ոչ թե մարզպետ ու գյուղվարչության պետ։
- Որովհետև հանրաքվե է անցկացրել ու անկախացել Ադրբեջանից, նախագահ ընտրել, գյուղնախարար նշանակել։
- Բա ինչու՞ Հայաստանը էդ հանրաքվեն չի ընդունել։
- Ո՞նց չի ընդունել։
- Է՜ թող անկախություն ճանաչեր, եթե ընդունել է։
- Ի՞նչ եք ամբաղ-զամբաղ խոսում, մենք չէինք կարող ճանաչել անկախությունը։ Բանակցությունները պռավալ կգնային։
- Բայց ի՞նչ բանակցություն, դուք բանակցության հետ ի՞նչ կապ ունեք, եթե պատերազմը եղել է Արցախի ու Ադրբեջանի միջև։
Տղերք, հանգստացեք, սաղդ էլ ճիշտ եք, ուղղակի սաղդ էլ սուտասան եք։ Ու տասնյակ տարիներ էնքան եք խճճվել ձեր փնթի դիվանագիտության, քաղաքականության ու դատարկ պրոպագանդայի մեջ՝ հասցնելով մի օրվան, որ չենք էլ հասկանում, հիմա Արցախը անկա՞խ է, ինչ-որ սուբյեկտ՝ առանց անկախության, Հայաստանի մա՞ս, թե Ադրբեջանում գտնվող ինքնավարություն։ Իսկ գուցե ուղղակի էթնիկ խումբ, որը ապրում է օտար, թշնամական երկրի մեջ, բայց պատմական հողում ու չի համակերպվում էդ ամենի հետ։
Էսքան խաբելուց հետո դեռ հույս ունեք, որ հասարակությունը ադեկվատ ընկալումնե՞ր է ունենալու և՛ խաղաղության, և՛ պատերազմի մասին զրույցներին։
Սա հետևանքն է նրա, որ 1994-ի զինադադարից հետո չկար սահմանված հավաքական մի նպատակ, որն անբեկանելի կլիներ բոլոր եկող ու գնացող իշխանությունների համար։ Չկար մի ինստիտուցիոնալ խնդիր, որի լուծմամբ պետք է զբաղվեին բոլորը, դուրները դա գար, թե ոչ։
25 տարվա ընթացքում աշխարհում գոնե մի պետության կարելի էր համոզել, չէ՞, որ ճանաչեր Արցախն ու դա ընդունել որպես հիմք՝ շարունակելու ճանաչումը։ Բայց զբաղվում էինք ցեղասպանության ճանաչմամբ։ Ողջերին թողած զոհերին էինք ողորմի տալիս։ Ցեղասպանության ճանաչման գործընթացը դույզն֊ինչ անգամ օգնե՞ց մեզ զսպել թուրքերին։ Հա՛, բա՞։
Չէ, ախպեր․ ռուսները չեն հասկանա, ադրբեջանիցները կնեղանան, թուրքերը կհարձակվեն, ֆլանս կլինի, բեֆանս կճչա։
Է՜հ․․․ հիմա ունե՞ք էդ ինստիտուցիոնալ խնդիրը։ Ասենք՝ անջատում հանուն փրկության կամ միացում հանուն արդարության։
ՈՉ, ու նորից` ՈՉ։ Դրա համար էսօր Իրավունքներից ենք խոսում, տարրական անվտանգությունից, իսկ վաղը կխոսենք սիրուց, մյուս օրը` ատելությունից, հետո` կրքից։ Ու ամեն անգամ էս բաները կհռչակենք այս պահի պետական քաղաքականություն։
Մի հատ ինքներս հասկանանք․ մենք ուզում ենք Արցախը միանա մայր Հայաստանի՞ն, Անկախանա՞, պատերազմի՞, վա՞զն անցնի, լռի՞, գոռա՞, ի՞նչ անի, ու՞մ հետ անի։
Մենք մեր ձեռքով ենք մեզ փորձադաշտի վերածել։ Ուրիշի ջանքն էլ պետք չէ։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին