▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականում այս ամենի մեղավորը հենց մենք ենք` հասարակությունը

Ծեծել են Արտակ Խաչատրյանին։ Քաղաքական հայտարարություններ, հասարակական ակցիաներ, լրատվական դաշտի կարճաժամկետ «հրաբուխ»... և վերջ։ Հետո բոլորը կմոռանան, ավելի ճիշտ բոլորը միասին կտեղափոխվեն մեկ այլ աղաղակող իրադարձության դաշտ, հետո դա էլ կմոռանան, որովհետև կլինի նորը և այդպես շարունակ։

Սա նոր երևութ չէ։ Այդպես էր մի 20 տարի առաջ, երբ ինչ-որ կենդանիներ, ինչ-որ այլ կենդանիների հրամանով հարձակվեցին Արամ Աբրահամյանի վրա։ Այդպես էր մի 12 տարի առաջ, երբ դաժանաբար ծեծել էին Աշոտ Մանուչարյանին։ Այդպես էր մի 7 տարի առաջ, երբ, եթե չեմ շփոթվում Գագիկ Ծառուկյանին վիրավորական բան ասելու համար, Շահեն Պետրոսյանին սրճարանից առևանգել էին ու տարել գերեցմանների մոտ ծեծել և, գրեթե անգիտակից վիճակում, թողել հենց այնտեղ։ Դեպքերը շատ են եղել , պարզապես ես գրեցի այն ինչ միանգամից միտքս եկավ։

Այս 20-22 տարիների ընթացքում չեմ հիշում դեպք, որ ծեծ ու ջարդերը բացահայտված լինեն, բացառությամբ այն դեպքերի, երբ հանցագործությունը ( պատահական թե ոչ այնքան) նկարահանվել տեսախցիկներով։ Բոլորը հիշում են Սիլվա Համբարձումյանի ծեծը Մարիոտում կամ Արամ Մանուկյանինը` իր բակում։ Էլ չեմ խոսում Պողոս Պողոսյանի դեպքի մասին Պապլավոկում։ Բայց անգամ տեսախցիկներով բացահայտված հանցագործությունների մեղավորները չեն պատժվել։ Կամ պատիժը այնքան մեղմ ու քնքուշ է եղել, որ ավելի լավ է չպատժվեին։

Իրականում այս ամենի մեղավորը հենց մենք ենք` հասարակությունը, որ հետևողական չենք, ի տարբերություն այն «Անասնաֆերմայի», որոնք ինկուբատորներում հետևողականորեն աճեցնում են անասունների, և իրենց հետ ման են տալիս ամենուրեք։
Իսկ այս պահին ես միայն առողջություն եմ ցանկանում Արտակ Խաչատրյանին։ Տա Աստված, որ Արտակը ապաքինվի անհետևանք։

 

Կարեն Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին