Ժամանակն է, որպեսզի Հայ Առաքելական Եկեղեցին ներողություն խնդրի եւ ապաշխարի հարյուրամյակներ առաջ իր կատարած անիրավ քայլերի համար
Կարծում եմ, ժամանակն է, որ ինչպես Կաթոլիկ եկեղեցին ապաշխարեց միջնադարում իր կատարած չարագործությունների համար, Հայ Առաքելական եկեղեցին եւս ներողություն խնդրի եւ ապաշխարի Հայաստանում քրիստոնեության տարածման, ապաեւ դրանից 5 դար հետո պավլիկյանների հետապնդումների ընթացքում հայ ժողովրդի հանդեպ իրագործած չարագործությունների հրահրման եւ/կամ մեղսակցության համար. տասնյակ հազարավոր նահատակներ եւ գրեթե իսպառ ոչնչացված մշակութային արժեքներ: Եթե մերօրյա եկեղեցու առաջնորդները ճշմարիտ քրիստոնյաներ են եւ հավատում են <մի սպանիր>-ի բացարձակ արժեքին եւ ապաշխարության զորությանը, ապա նման ապաշխարումից եկեղեցին միայն կուժեղանա: Ես բնավ մտադիր չեմ մտնել դավանաբանական վեճի մեջ եւ քննարկել թե դեպի Բացարձակը տանող որ ուղին կամ կրոնն է առավել ճշմարիտ: Սակայն կարծում եմ, որ մեր ազգային համախմբման եւ վերածննդի կարեւոր նախապայմաններից մեկն է հենց հասկանալն ու ընդունելը, որ 1700 եւ 1143 տարի առաջ իրենց հավատքի համար տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների սպանությունը Հայաստանում իրագործված առաջին մեծագույն ոճրագործություններից մեկն էր, եթե անգամ չկիրառենք 20-րդ դարի կեսերին իրավական շրջանառության մեջ մտած ավելի կոշտ եւ կատարվածին ավելի ճշգրիտ բնորոշում տվող եզրը: Բացի այդ, մենք կարիքն ունենք նաեւ այդ ժամանակաշրջաններում նահատակված մեր հայրենակիցների անեծքի տակից դուրս գալու եւ նրանց հոգիների խաղաղմանը նպաստելու: Քանի որ ոչ մի ոճրագործություն, այն էլ նման զանգվածային, չունի ժամկետի վաղեմություն՝ լինի դա 100, 1143 թե 1700 տարի: